ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԵՍ ԱՅՍՕՐ ԷԼ ԹԱՄԲԻ ՎՐԱ ԵՄ»

«ԵՍ ԱՅՍՕՐ ԷԼ  ԹԱՄԲԻ ՎՐԱ ԵՄ»
31.01.2012 | 00:00

Ամանորից առաջ խմբագրություն այցելեց ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԸ, նախորդ դարի հայկական և, առհասարակ, խորհրդային ֆուտբոլի ամենայուրօրինակ աստղերից մեկը, և ցանկացավ խոսել իրեն անհանգստացնող մի շարք խնդիրների մասին, որոնք այնքան էլ կապված չեն ֆուտբոլի հետ:

«ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԿԱ՞Ն ԱՅՍՔԱՆ «ՀԱ-ՀԱ, ՀԻ-ՀԻ» ԵՎ ԱՅՍՔԱՆ ԱՍՏՂ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ»

-Սարգիս, Դուք, որ այնքան էլ հակված չեք հրապարակային ելույթների, ցանկացաք «կիսվել» ընթերցողի հետ Ձեզ հուզող մի շարք խնդիրների շուրջ: Ինչո՞ւ հենց հիմա՛։
-Կյանքում, ինչպես և սպորտում, կան պահեր, որ պետք է ճիշտ օգտագործել: Այդպիսի պահ էր Սերժ Սարգսյանի կողմից Գյուլի հրավերը, այսպես ասած, ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը: Եվ ահա արդյունքը` Ֆրանսիայի սենատը հանդես եկավ հայտնի օրինագծով, որը կտարածվի նախ Եվրոպայում, հետո` աշխարհում: Սա հաղթանակ է արտաքին քաղաքականության բնագավառում, և «Սերժ, հեռացի՛ր» ասողները պիտի այլ բան ասեն. «Մնա ու շարունակիր», եթե բերանները չի բռնում ասելու` կեցցե՛ս:
Մեր մշակույթի մասին եմ վերջերս հաճախ մտորում: Երևի Պանթեոնի սահմանները պիտի ընդարձակել, որ տեղավորեն բոլոր «արժանավորներին»: Շոու բիզնեսը, իր հերթին, գրավել է հանրապետությունը: Դժվար է պատկերացնել, կա՞ այսքան «հա-հա, հի-հի» որևէ այլ երկրում:
-Շոուն, իսկապես, տիրակալություն է հաստատել և ընդարձակվում է լայնքով ու երկայնքով: Ի՞նչ դեղատոմս է առաջարկում Հովիվյանը:
-Ասածս կարող եք ընդունել և՛ լուրջ, և՛ հումորով, ես, սակայն, միանգամայն լուրջ առաջարկ եմ անում: Մի ընդարձակ տարածք հատկացնենք նրանց, ասենք, Նուբարաշենի աղբանոցի կողմերում: Յուրաքանչյուրին` հիսուն քառակուսի մետր: Թող կարգի բերեն, չէ՞ որ ունևոր մարդիկ են: Թող այդ տարածքում յուրաքանչյուրն ունենա իր դամբարանը` կից լողավազանով, բուխարիով, թոնրով ու բեմով: Աշխարհի չորս ծայրերից տուրիստները Հայաստան կլցվեն, կզարգանա մեր զբոսաշրջությունը: Առանց ճապոնական վարկի Նուբարաշենի աղբանոցը կծառայի պետությանն ու ժողովրդին:
-Դառնանք ֆուտբոլին։ Ինձ զարմացրեց այն, որ Խորեն Հովհաննիսյանն արժանացավ «Խորենացու» անվան մեդալի և ճանաչվեց տարվա լավագույն խաղացող: Որքան էլ նրա արդյունքները տպավորիչ են, նրա անվան հետ է կապված 80-ականների կեսերի «Արարատի» երկրորդ վերելքի խաթարումը: Փայլուն մարզիչ Արկադի Անդրեասյանը մարտունակ և բարձրակարգ թիմ էր ձևավորում, Խ. Հովհաննիսյանը ողջ թիմը ծառայեցնում էր իր եսակենտրոնությանը: Այսինքն` կար գորշ, անդեմ կատարողների ֆուտբոլային համույթ, և կար մեկ շողշողուն աստղ` նա: Այնինչ Անդրեասյանի կառուցած թիմում շատ էին անհատականությունները. Աշոտ Խաչատրյան, Մկրտիչ Մարգարյան, Պողոս Գալստյան, Արտյուշա Մովսիսյան, Սամվել Պետրոսյան, Արսեն Չիլինգարյան, Համլետ Մխիթարյան: Մկրտիչ Մարգարյանին հրավիրում են ԽՍՀՄ հավաքական, հարցնում են Խորենի կարծիքը, պատասխանում է, թե վնասվածք ունի, լավ մարզավիճակում չէ:
-Դուք պատասխանեցիք Ձեր հարցին: Այո, Խորեն Հովհաննիսյանը խաղադաշտից դուրս լավ «խաղեր էր տալիս», գուցե հենց այս պատճառով էլ ճանաչվեց լավագույն խաղացող, ո՛չ ֆուտբոլիստ: Այսօր էլ խաղերի մեջ է:
-«Արարատի» ճակատագրում ծանր դերակատարում ունեցավ ֆուտբոլային մեկ այլ ան-կրկնելի վարպետ` Էդուարդ Մարգարովը: 1976-ին «Արարատը» մի գիշերվա մեջ պատանեկացավ: Արդյունքը` տարիների անհույս մաքառումներ բարձրակարգ թիմ դառնալու ճանապարհին: Գուցե Մարգարովի փո՞րձն էր անբավարար:
-Դուք հարց եք բարձրացնում, որն առնչվում է առհասարակ մեր կյանքին: Ֆուտբոլի օրինակով անդրադառնամ դրանց, հաշվի առնելով այդ խաղաձևի սոցիալական նշանակությունն ու իմ անցած ճանապարհը: Ե՛վ 1976-ի, և՛ հատկապես Արկադի Անդրեասյան-Խորեն Հովհաննիսյան առճակատման արմատները հեռուներում պիտի փնտրել: 1959-1960-ին մենք հրաշալի թիմ ունեինք: Դա մեծ ճանապարհի սկիզբն էր: Արդեն 1963-ին երկու բան տեղի ունեցավ. մեկը` շատ լավ, մյուսը` շատ վատ: Երևանի «Սպարտակն» անվանակոչվեց «Արարատ», և թիմը լքեց «Ա» խումբը: Այն ժամանակ էլ մարդիկ կային, որոնց շատ էր պետք «Արարատին» իջեցնել «Բ» խումբ, հետո հանրապետությունով մեկ փող հավաքել և թիմը հետ բերել: Փող էին հավաքում, իբր այս, այն ատյանում չլուծվող հարցեր լուծելու համար: Դա սարսափելի մի բան էր: Եվ այդ նույն մարդիկ նախադրյալներ ստեղծեցին թիմի մարզիչ Հայկ Անդրեասյանին «Արարատից» հեռացնելու: Իսկ Հայկ Արշակովիչն այն տարիների լավագույն մարզիչներից մեկն էր, ի դեպ, նաև Արկադի Անդրեասյանի ֆուտբոլային կնքահայրն ու հորեղբայրը: Նրան փոխարինեց մանկահասակ ֆուտբոլիստների հետ աշխատած Ղազարոս Թեքնեջյանը, ով չուներ «Ա» խմբի թիմ մարզելու ունակություններ, ընդհանուր առմամբ, բավականին ցածր մակարդակի մարզիչ էր։ Նրանք փողեր աշխատեցին, այսօր էլ կան այդ մարդիկ, անունները չեմ տալիս, տարիքն առած մարդիկ են: Իսկ ի՜նչ ֆուտբոլիստներով էր «Արարատը» հանդես գալիս` Զատիկյան, Համբարձումյան, Սեմերջյան, Անտոնյան, Փոլադյան, Գրիգորյան: Բոլորն էլ ԽՍՀՄ-ում ճանաչում ունեցող վարպետներ, որոնց նշանավոր ակումբները չէին դադարում գայթակղելուց` ընդգրկելու համար իրենց թիմում: Ապարդյուն։
-Հայաստանի ազգային հավաքականն այսօր վերելք է ապրում: Ո՞րն է մարզչի դերը:
-Ազգային հավաքականի կորիզը և հաջողությունների գրավականը լեգեոներներն են, Վարդան Մինասյանն ընդամենը համախմբում է նրանց, մի երկու օր մարզում և խաղադաշտ մտցնում: Ես, իհարկե, շատ ուրախ եմ հավաքականի հաջողություններով, բայց սա ընդամենը սկիզբն է, և կարիք չկա դեռևս երիտասարդ մարզչին երկինք հանելու: Երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Ռուբեն Հայրապետյանը, խոստացավ ամեն բան անել հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Իռլանդիայի հետ խաղում, սակայն, պահը բաց թողնվեց, հաշվի առնելով նրա ամուր կապերը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահների հետ։

«ԱՄԵՆԵՎԻՆ ՉԷԻ ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ՔԱՂԱՔԻ ՍՊՈՐՏԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿԱԴՐԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԻՆՁՆԻՑ, ԱՅԼԵՎ ԽՇԽՇԱՆ ՓՈՂԵՐ»
-Այսօր «աստղային պատերազմներ» են երկրում: Եվ հասարակության աչքի առաջ համեստ կարողությունների տեր «աստղերը» բավականին շռայլ կյանքով են ապրում: Դուք, Զատիկյանը, մյուսները որքա՞ն էիք վաստակում, ի՞նչ սոցիալական դիրք ունեիք հասարակության մեջ:
-Ստանում էինք 1600 ռուբլի, 160` նոր փողով: Վարորդներն ու քարտաշներն ավելի շատ էին վաստակում:
-Այն տարիներին մեծահասակներից լսել եմ, թե Հովիվյանն այսինչ մարդուն օգնեց այնինչ հարցում, Զատիկյանը, մեր մյուս նշանավոր վարպետները ևս յուրահատուկ բարեգործներ էին: Այդպե՞ս էր իրականում։
-Անծանոթ մարդիկ մեր տուն էին գալիս ու դիմում ամենատարբեր հարցերով: Մեկը դիմում էր, օրինակ, երեխայի քննությունը նշանակելու հարցով, երեխան կտրվել էր քննությունից: Մյուսին սառնարան էր պետք, երրորդին` ավտոմեքենա: Մի անծանոթ մարդու համար ձեռք բերեցի հյուրասենյակի կահույք: Այն տարիներին դա շքեղ բան էր համարվում: Գիտեք, երկրում շատ ապրանքների դեֆիցիտ էր, և մենք այդ բացը լրացնում էինք: Երբեմն պետք էր լինում միլիցիայից մի սայթաքած ջահելի դուրս բերել: Կարևորն այն է, որ որևէ ատյանում մեզ չէին մերժում, ամեն կերպ ընդառաջում էին: Այսինքն, մեր ճանաչումը ծառայեցնում էինք ժողովրդին, ում համար էլ դաշտ էինք դուրս գալիս: Ի դեպ, մեզ դիմողների մեջ կային մարդիկ, ովքեր ընդհանրապես հեռու էին ֆուտբոլից:
-Այսօր ինչո՞վ եք ապրում ու ինչպես:
-Մեկը բանվորություն է անում, մյուսը պահակ է: Վիրավորական է: Ես 1959-ին, եթե հիշում եք, մերժեցի Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարության առաջարկը` հաստատվելու «Սպարտակի» կազմում և ԽՍՀՄ-ի հավաքականում։ 1963-ին մերժեցի Թբիլիսիի «Դինամոյի» առաջարկը` խաղալու իրենց թիմում, հարձակման կենտրոնում, Սլավա Մետրևելու և Միշա Մեսխիի հետ, ովքեր այն տարիներին մեծ ճանաչում ունեին, մերժեցի 500 ռուբլի աշխատավարձը և այլն: Գոհ եմ, այսօր էլ ժողովուրդը չի մոռացել ինձ ու խաղընկերներիս: Բայց պետության նշանակած թոշակը 35 հազար դրամ է, իսկ ես աշխատելու մեծ եռանդ ու ցանկություն ունեմ:
-Որտե՞ղ:
-Ես այսօր էլ թամբի վրա եմ, կարող եմ որակյալ կադրեր պատրաստել: Բայց, ինչպես ամենուր, այստեղ էլ խուսափում են մասնագետների ծառայություններից:
-Այո, հիշեցի Հովիվյանի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցը:
-Բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետ, երջանկահիշատակ Գրիգոր Հասրաթյանի աջակցությամբ ստեղծվեց դպրոցը: Նա, ի դեպ, 1964-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր: 1973-ին ֆուտբոլի դպրոցը բացեց և ինձ նշանակեց տնօրեն: Պարապում էի 1959-ին ծնված տղաների հետ: Չորս տարում միայն «Արարատի» հիմնական կազմին երեք ֆուտբոլիստ տվեցի` Սամվել Պողոսյան, Աղաջան Սարգսյան և Մկրտիչ Մարգարյան: Հայաստանի մյուս թիմերին ևս տվել եմ գրագետ ֆուտբոլիստներ: Բայց այստեղ էլ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Աշխատում էի ինքնամոռաց, առավոտից երեկո ու ամենևին չէի մտածում, որ քաղաքի սպորտկոմիտեի նախագահը ոչ միայն բարձրակարգ կադրեր է ակնկալում ինձնից, այլև խշխշան փողեր: Երբ սա անտանելի դարձավ, ինքս դիմում գրեցի ու դուրս եկա (Գրիգոր Հասրաթյանն այլևս չէր պաշտոնավարում): Իսկ ես այսօր էլ հրաշալի կադրեր կարող եմ պատրաստել:
Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ