Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Արևմուտքը նվազեցնում է թուրքական տրանսպորտային ռազմավարության հնարավորությունները

Արևմուտքը նվազեցնում է թուրքական տրանսպորտային ռազմավարության հնարավորությունները
12.09.2023 | 19:03

Օրերս G20-ի գագաթնաժողովին հայտարարված «Մերձավորարևելյան միջանցքի» նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի գեոռազմավարության համար՝ հաշվի առնելով նախագծի լոգիստիկան: Ընդ որում, առաջարկվող նախագիծը կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի տրանսպորտային ճարտարապետության ու դրանում Հայաստանի դերակատարության վրա:

Միջանցքի շրջանակներում նախատեսվում է ապահովել մուլտիմոդալ հաղորդակցություն Հնդկաստան-ԱՄԷ-իսրայելական Հայֆա նավահանգիստ-հունական Պիրեուս նավահանգիստ երթուղով։ Փաստացիորեն ձևավորվում է տրանսպորտային հաղորդակցություն, որը շրջանցում է Թուրքիան։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ավանդաբար դիրքավորվում է որպես Արևմուտքը Ասիային կապող առանցքային տրանսպորտային և էներգատրանսպորտային հանգույց, նման նախաձեռնությունը շատ վտանգավոր կարող է լինել նրա համար։ Այստեղից էլ Անկարայի բավական նյարդային արձագանքը G20-ի շրջանակներում ստորագրված կոմյունիկեին:

Մեծ հաշվով, «Մերձավորարևելյան միջանցքը» TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա) տրանսպորտային միջանցքի նոր լոգիստիկ լուծումներից է: Իր հերթին, TRACECA-ն կոչված է, շրջանցելով Ռուսաստանը, տրանսպորտային կապ ապահովել Արևմուտքի և Ասիայի միջև՝ առավելապես թուրքական ենթակառուցվածքներով:

Այս ամենը հաշվի առնելով՝ որոշակի խնդիրներ են առաջանում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» նախագծի համար։ Հայտնի է, որ Անկարայի և Բաքվի կողմից Հայաստանի հարավով առաջարկվող միջանցքն ապրիորի Արևելք-Արևմուտք տրանսպորտային ռազմավարության մաս է կազմում (վերջինիս շրջանակներում էլ իրականացվում է TRACECA-ն)։ Ստացվում է, որ Մերձավոր Արևելքով նոր հաղորդակցություն առաջարկելով Եվրոպայի և Ասիայի միջև՝ Արևմուտքը՝ ի դեմս Վաշինգտոնի, նվազեցնում է թուրքական տրանսպորտային ռազմավարության դիվերսիֆիկացման հնարավորությունները։

«Մերձավորարևելյան միջանցքը» նաև որոշակի դժվարություններ է ստեղծում «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի հիմնական շահառուների՝ Ռուսաստանի և Իրանի համար: Հիշեցնեմ, որ «Հյուսիս-Հարավ»-ով նախատեսվում է հաղորդակցություն ապահովել Բալթյան տարածաշրջան -Ռուսաստան-Սև ծով-Հարավային Կովկաս-Իրան-Պարսից ծոց -Հնդկաստան երթուղով: Հունաստանի մասնակցությամբ «Մերձավորարևելյան միջանցքի» ձևավորումը կինտեգրի դրան եվրոպական տրանսպորտային ցանցերը։ Ըստ այդմ, ռուս-իրանական «Հյուսիս-Հարավ» ռազմավարության եվրոպական բաղադրիչը փաստացիորեն կարող է զրոյացվել, ինչի արդյունքում միջանցքն ինքնին կօգտագործվի Կասպից ծովով Պարսից ծոցի հետ Ռուսաստանի կապն ապահովելու համար։

Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա, մի կողմից, «Մերձավորարևելյան միջանցքը» էլ ավելի է հետ մղում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» գործարկման հեռանկարը, սակայն, մյուս կողմից, փաստացի նվազեցնում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի միջազգային նշանակությունը, որում Հայաստանը դեռևս համարվում է պոտենցիալ շահառու։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ