Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Շուրջբոլորը նայեք

Շուրջբոլորը նայեք
21.12.2018 | 00:39

Եթե հավատանք հայ լրագրողներին` Պուտինը քնելուց առաջ աղոթում է, որ գիշերն անփորձանք անցնի, ու Հայաստանը նոր օյին չբերի իր ու խեղճ ՀԱՊԿ-ի գլխին, Լուկաշենկոն էլ հայհոյում է նույն թեմայով, Նազարբաևը շփում է ձեռքերն ու ուրախանում` Ալիևին զանգելուց առաջ ու հետո: Այս մակարդակով ու՞ր ենք հասնելու: Պրիմիտիվիզմը ինքնաբու՞խ է, թե՞ անխուսափելի: Թե՞ նպատակային է` ամեն ինչ փակուղի տանելու համար: Վերջապես` ի՞նչ է կատարվում մեր շուրջբոլորը, երբ մենք ներսում պարզում ենք` լուսավո՞ր ենք, թե՞ բարգավաճ, լավ իմանալով, որ հավարտ երկուսն էլ քաղպայմանագիր են կնքելու:
Մինսկում ռուս լրագրողների հետ Լուկաշենկոյի հայտնի «ցերեկույթից» հետո Մոսկվայում «անկեղծացավ» Բաքվից վերադարձած ԱԳ նախարարը ու ասաց, որ Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը: Պարզվեց` խոսքը Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ու Երևանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին է. «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»: «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողին շատ էր հետաքրքրում, թե ինչու է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այդքան մեծ, իսկ ՌԴ-ինը` փոքր, լավ է` չհարցրեց` ինչու՞ է ՌԴ դեսպանատունը քաղաքի կենտրոնում, իսկ ԱՄՆ դեսպանատունը օդակայանի ճանապարհին, այսինքն` ԱՄՆ վերահսկում է Երևանի մուտքը:

Իրականում տարօրինակը ոչ թե կենսալաբորատորիաների շուրջ սկանդալային հայտարարությունն էր, այլ այն, որ «Ռուսաստանը միշտ էլ աշխատել է Հայաստանի համակարգային ընդդիմության, այդ թվում «Ելք» խմբակցության 9 պատգամավորների հետ»։ Այդ հայտարարությունը պետք է մանրամասնել, գուցե հենց այստեղ է «Ելքի» տրոհման պատճառը և 3 կուսակցությունների տարբեր ճանապարհներ ընտրելը` մեկ տարի անց, երկու կուսակցությունների ղեկավարների արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետների 180 աստիճանի շրջադարձի բացատրությունը: Բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ինչպես չի հետաքրքրում, որ նույն հարցազրույցում Լավրովը խոսել է «փափուկ ուժի» մասին՝ ասելով, որ Ռուսաստանը շարունակում է համագործակցել հայաստանյան բոլոր ուժերի հետ: Այո՞, և ո՞ր: Ինչու՞ ենք Հայաստանի քաղաքական ուժերի ու Ռուսաստանի համագործակցության մասին իմանում Մոսկվայից ու Լավրովից: ՌԴ ԱԳ նախարարի հարցազրույցի հաջորդ օրը ասուլիս տվեց ու Հ1-ում հարցազրույցի գնաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Անատոլի Կոպիրկինը: Թվում էր` ամենաանբարենպաստ պահն է հրապարակային ելույթի` Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողին հերթական սպանության մեջ կասկածով հետաքննության պահին ու նախարարի սկանդալային հայտարարություններից հետո: Դեսպանը գնաց ինքնազոհողության, որ այնքան էլ չստացվեց` ամեն երկրորդ հարցին պատասխանելով` «Այս պահին պատրաստ չեմ» կամ «Դա իմ կոմպետենցիան չէ»: Թերևս հիմնականը, որ դեսպանը ուզում էր ասել` «Ո՞վ, ու՞մ, ի՞նչ կարող է արգելել։ Խոսքը երկու սուվերեն, հավասար իրավունքներ ունեցող պետությունների համագործակցության մասին է: Հարաբերությունները հենց այս հենքի վրա էլ կառուցվում են»-ն էր։ Լաբորատորիաների մասին. Լավրովն ասում է` համաձայնագիրը ավարտին ենք հասցնում: Կոպիրկինը հաստատում է` «Իմ տպավորությամբ` հայկական կողմի հետ երկխոսությունն ընթանում է բավականին կառուցողական։ Այսինքն` կա փոխըմբռում այդ հարցերում, և ես չեմ բացառում, որ որևէ փուլում մենք կհասնենք ընդհանուր փոխըմբռնման ու պայմանավորվածության»: Ապշեցրեց Նիկոլ Փաշինյանը` հաջորդ օրը հայտարարելով. «Նման ինչ-որ պայմանագիր նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել»: Ապշեցուցիչը ոչ թե հայտարարությունն էր, այլ այն, որ նրան չէր հետաքրքրել` բա Լավրովը ի՞նչ է ասում:

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանեց` կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական են: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճշտեց. «Խոսքը Հայաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին է, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»: Պարզվում է` Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրություններ` խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները պահելով: Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների հետ: Ի՞նչ կասկածամտություն է ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Ինչու՞ է Մոսկվան ամեն տեղ իր դեմ դավադրություն որոնում: Ինչու՞ են համառորեն տպավորություն ձևավորում, որ Հայաստանում գործում են ԱՄՆ-ի գաղտնի լաբորատորիաներ, եթե այդ լաբորատորիաները գտնվում են ՀՀ ենթակայության տակ: Տրամաբանական կլիներ, եթե լաբորատորիաները ստեղծված լինեին ռուսական աջակցությամբ ու Լավրովը համաձայնագիր նախաձեռներ, որ այլ երկրի զինվորականներ մուտք չունենան: Կամ` նման առաջարկ աներ ԱՄՆ պետքարտուղարը: Հարցը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը: Ստացվում է` հերթական անգամ Հայաստանին փաստի առաջ են կանգնեցնում` իր անունից հայտարարություններ անելով: Լաբորատորիաները թեև Հայաստանինն են, նախկին իշխանությունն է Ռուսաստանին թույլ տվել մուտք գործել լաբորատորիաներ` համոզվելու, որ իր դեմ դավադրություն չկա: Նիկոլ Փաշինյանն էլ ամռանը գնաց նրանց նվիրական ոտնահետքերով` հայտարարելով, որ ռուս մասնագետները կարող են մտնել լաբորատորիաներ: Եթե լաբորատորիաները բացառապես Հայաստանինն են և քաղաքացիական են` զինվորականներ չկան, ինչի՞ շուրջ են եղել հայ-ռուսական բանակցություններն ու համաձայնագիրը: Ինչու՞ պիտի Հայաստանը սահմանափակի համագործակցությունը այլ երկրների հետ:


Հայաստանում ՌԴ դեսպանը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական դիրքորոշումն անփոփոխ է. «Մենք շարունակում ենք աշխատել Մինսկի խմբի ֆորմատով։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է ու ելնում է հակամարտության խաղաղ կարգավորման անփոխարինելիության սկզբունքից՝ երկու կողմերի համաձայնության պայմանով», և հավելել, որ այս առումով իրենց աշխատանքի առաջնահերթություններից է կողմերի ուղիղ երկխոսության խթանումը: Իսկ դա խաղից դուրս է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, նպատակ, որ վերջին տասնամյակում իր քաղաքականության առանցքն է դարձրել Բաքուն: Հայաստա՞նը ևս կողմ է Բաքվի հետ ուղիղ երկխոսությանը: Հատկապես Դուշանբեից հետո: Ինչու՞ են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բառապաշարից դուրս մնացել Վիեննայի պայմանավորվածությունները: Մինչև Դուշանբեն` հայկական կողմը բովանդակային բանակցությունների վերադառնալը պայմանավորում էր հրադադարի երաշխավորման համար Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ու Ժնևում հնչած առաջնահերթություններով: 2016-ի մայիսին Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անմիջական մասնակցությամբ կայացավ պայմանավորվածություն, որ 1994-1995-ի հրադադարի համաձայնագրերը պետք է հարգել, քայլեր ձեռնարկել մշտադիտարկման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ավելացման` հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար: Եթե անհրաժեշտ էր դիտվում 1994-ի հրադադարի պահպանումը, իսկ պայմանագիրը ստորագրել է նաև Ստեփանակերտը, հետագա պայմանագրերը ևս պետք է ունենան Ստեփանակերտի ստորագրությունը, այն` ինչ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, հիմնավորելով, որ ինքը չունի Արցախի մանդատը` Արցախի անունից բանակցելու: Համանախագահները ցանկանում էին երաշխավորել շփման գծի անվտանգությունը տեխնիկական սարքերով և ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները: Դուշանբեն տվեց միայն Ալիևի «ազնիվ խոսքը»: Այն Ալիևի, որ մի քանի օր առաջ հայտարարեց. «Ադրբեջանական բանակի սպառազինությունը թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդի ցանկացած օբյեկտ, սակայն Ադրբեջանը կշարունակի նորանոր զինատեսակների ձեռքբերումը»` վստահեցնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական գործոնը հզոր ռազմական ներուժն է. «Այսօր մեր տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշտությամբ ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտ»: «Այս տարի ստորագրվել են բազմաթիվ կարևոր պայմանագրեր, որոնց շրջանակներում երկիրը կստանա ամենաժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան»։ Այն Ալիևի, որ պնդում է` Բաքուն վերահսկողության տակ է վերցնել 11000 հեկտար հող Նախիջևանի ուղղությամբ, ռազմավարական բարձունքներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ վերահսկել ռազմավարական նշանակության ճանապարհները, հաղորդակցությունը Հայաստանի տարածքում: Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը տեղեկացրել է, որ ռազմական արդյունաբերության ծավալները 11 տարում ավելացել են 33 անգամ։ Փոխնախարար Յախյա Մուսաևի խոսքով՝ ռազմական նշանակության արտադրության ծավալների 80 տոկոսը պաշտպանական և հատուկ նշանակության զինատեսակներն են: Բաքուն սկսում է Yalquzaq դիպուկահար հրացանի և թեթև գնդացիրների արտադրությունը: Այս իրավիճակում ո՞րն է նախընտրելի Վիեննայի՞, թե՞ Դուշանբեի պայմանավորվածությունը: Փաստացի` Բաքուն առժամանակ չկրակելու ու ուղիղ կապ հաստատելու պայմանավորվածության իմիտացիայով տապալում է Վիեննան, արգելակում է ԵԱՀԿ-ի լիազորությունների ընդլայնումը, իմանալով, որ մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների տեղակայումը, մնայուն մշտադիտարկման առաքելության իրականացումը ենթադրում է փաստացի սահմանների ճանաչում: ՈՒ Հայաստանը համաձա՞յն է: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում հարցին` «Հայաստանի համար Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները առաջնահե՞րթ են ու պնդելու՞ է, որ կատարվեն», պատասխանեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ հենց սկզբից Ադրբեջանը պնդել է, թե նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: Ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգեր են, որոնք տեղի են ունեցել համանախագահների ներկայությամբ: ՈՒզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես և մեր կառավարությունը պաշտոնական բանակցային որևէ պրոցեսի չենք մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»: Բացի Իլհամ Ալիևի հետ զրույցից Նիկոլ Փաշինյանը հանդիպել է համանախագահներին, որ լավատեղյակ են իրենց նախորդների հանդիպումների մասին, կարող էր նրանցից ճշտել` ի՞նչ է ասում Ալիևը, եթե չի ուզում հանդիպել Սերժ Սարգսյանին ու հասկանալ` ստու՞մ է Ալիևը, թե՞ ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ մենք Սասուն Միքայելյանի անհեթեթությունները քննադատելու համար ԼՂՀ ՊՆ նախարար ենք փոխում ու հայտարարում ենք` Արցախում ևս հեղափոխական բարեփոխումներ են: ՈՒ գոհ ենք մեզնից: ՈՒրախ ենք, որ Բաքուն Տավուշի հետ սահմանից հեռացնում է զորքը ու սահմանապահներ տեղակայում: Իսկ գուցե 707-րդ մոտոհրաձգային բրիգադը և հրետանային ուժերը Լեռնային Ղարաբա՞ղ են ուղղվում և բնավ էլ զորքերի վերախմբավորում չէ, այլ հայկական կողմի զգոնությունը շեղելու փորձ: Բաքուն Դուշանբեով փակեց Վիեննան և փորձում է Մոսկվայի աջակցությամբ հարցը մտցնել հայ-ադրբեջանական շրջանակ: Մնացածը` ինչպես Լուկաշենկոն է ասել: Մենք համաձա՞յն ենք:

Դիտվել է՝ 2776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ