Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
27.05.2011 | 00:00

ՄԱՅԻՍԻ 28-Ը ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

«ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ Է»
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Հայաստանի երրորդ Հանրապետությունն ի՞նչ դասեր պիտի քաղի առաջին հանրապետության կարճատև «կենսագրությունից»։
-Առաջին հանրապետության կենսագրությունից դասեր քաղելն անհրաժեշտություն է, որովհետև պատմությունը շատ հաճախ կրկնվելու սովորություն ունի։ Չնայած համաշխարհային զարգացումների համատեքստում շատ երևույթներ փոխվել են, սակայն այսօր էլ տարածաշրջանում դերակատարությունների բաշխման գործընթացը բավականին ընդհանրություններ ունի 20-րդ դարի առաջին կեսի հետ։ Ե՛վ պետականաշինության, և՛ հանրապետության աշխարհաքաղաքական դիրքի, դերակատարության առումով խնդիր ունենք հաշվի առնելու առաջին հանրապետության ձևավորման ընթացքում Հայաստանի վարած քաղաքականությունը, թեկուզ դրա մասշտաբային նշանակությունը շատ մեծ չի կարող լինել։ Իմ գնահատմամբ` առաջին հանրապետության տարիներին սխալներ եղել են, որոնք հանգեցրին բարդ հետևանքների` ներքաղաքական անհանդուրժողականություն, պերմանենտ հեղափոխական իրավիճակ, արտաքին քաղաքական սխալներ և այլն։ Սակայն, ի պատիվ հայ ժողովրդի ու նրա որոշ հեղինակավոր զորավարների, հնարավոր եղավ, թեկուզ փոքր տարածքի վրա, պահպանելու Հայաստանի Հանրապետությունը` այն դարձնելով սոցիալիստական երկրորդ, իսկ 91-ից հետո անկախացած երրորդ հանրապետություն։ Չնայած երրորդ հանրապետությունն ունի քսանամյա պատմություն, բայց բավականին փորձառու է արդեն։ Ե՛վ այսօր, և՛ ապագայում պիտի կարողանանք զերծ մնալ անցյալի բոլոր թերություններից, որպեսզի ավելի արագ, շոշափելի, էական, արդյունավետ լուծումների հասնենք։
-Առաջին հանրապետությունը կորցրինք կուսակցական տարբեր շահերի բախման ու ոչ ճիշտ ղեկավարման պատճառով։ Այսօր նման վտանգ չկա՞։
-Կուսակցական շահեր ու հակասություններ միշտ էլ կարող են լինել։ Ցավոք, մեզանում և՛ առաջին հանրապետության ժամանակ, և՛ այսօր կան անձնական ամբիցիաների վերածվող խնդիրներ, որոնք ցանկալի չեն ու դուրս են գալիս կառուցողական շրջանակից։ Սա, անշուշտ, դրական հետևանք չի կարող ունենալ։ Սակայն մեր երկրում կարողացան կայանալ առանցքային դերակատարություն ունեցող կուսակցություններ (ի դեմս ՀՀԿ-ի), որոնք ի զորու եղան ներքաղաքական ծանր իրավիճակները հաղթահարելու, պահպանելու Հայաստանի ներքին ու արտաքին ուղենիշերը, բարեփոխումներ իրականացնելու` ապահովելով ներքաղաքական կայունությունը։
-Որո՞նք են այն ձեռքբերումներն ու բացթողումները, որ ունեցանք վերջին քսանամյակի ընթացքում։
-Առաջին ձեռքբերումը հայկական բանակն է, ինչպես նաև սահմանադրությունը, պետական ինստիտուտները, որոնք կայացան ժողովրդավարական համակարգի հիմքի վրա։ Կարևոր ձեռքբերում են նաև ներքաղաքական կայունությունը պահպանելու բավարար և անհրաժեշտ ռեսուրսները։ Մնացածներն ընթացակարգային խնդիրներ են։
-Էական ձախողումներ չունե՞նք։
-Չկա այնպիսի ձախողում, որը վճռորոշ նշանակություն ունենա Հայաստանի համար։

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱԼԻ ՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՈՒՐՃԻ ԱՐԱՆՔՈՒՄ»
ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ (ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար)

-Ինչո՞ւ կործանվեց առաջին հանրապետությունը։
-Դա երկու նախադասությամբ կասվի՞։
-Մի քանի նախադասությամբ ասեք։ Շատերը փաստում են` դաշնակցության սխալ քաղաքականությունը հանգեցրեց դրան։
-Ասողները կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ էլ հայկական էությունից շեղված մարդիկ են։
-Այսօրվա պետական, քաղաքական ուժերն ի՞նչ դասեր պիտի քաղեն առաջին հանրապետությունից։
-Անմնացորդ սիրել հայրենիքը և ծառայել ոչ թե սեփական շահերին, այլ հայրենիքին։
-Եթե դաշնակցականներն այդքան անմնացորդ էին սիրում հայրենիքը, ինչո՞ւ այդքան արագ կործանվեց հայոց պետականությունը, իսկ իրենք էլ` «հայդե Փարիզ»։
-Որովհետև ինտերվենցիա տեղի ունեցավ, որովհետև, ինչպես Վրացյանն էր ասում, Հայաստանը մնաց թուրքական սալի ու ռուսական մուրճի արանքում։

«ԵՐԲ ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՆԱՐՆՋԻ ՀՅՈՒԹ ԷԻՆ ԽՄՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ»
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը «Իրատես de facto»-ում հայտարարեց, թե իրենք ժողովրդին դեպի պայծառ սոցիալիզմ էին տանում, և հռետորական հարց հնչեցրեց` իսկ ո՞ւր էր տանում Նժդեհը։ Ո՞Ւր էր տանում, պարոն Կարախանյան։
-Ցավում եմ Թովմասյանի տված գնահատականի համար, քանի որ գոնե այսօր հայտնի է բոլորին, թե Նժդեհն ինչ է արել հայ ժողովրդի համար։ Այն եզակի հայորդիներից էր, որ կարողացավ ապահովել Զանգեզուրը Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մեջ թողնելու փաստը։ Նժդեհի մասին բազմաթիվ գրականություն կա, չցանկանալով ընդարձակ ներկայացնել այդ հայորդու ողջ սխրագործությունը, միայն փաստեմ` քաղաքական, ռազմական գործիչ և մեծ գաղափարախոս։ Իսկ ինչ են արել կոմունիստներն այդ տարիներին, բոլորին քաջ հայտնի է` մղձավանջ, տեռոր, համատարած աքսոր, հայ ինքնության դեմ պայքար։ Երևի այս ամենի մասին Թովմասյանն անգամ տեղյակ էլ չէ։ Նժդեհի հրապարակում նրա արձանի տեղադրումն ամենալավ որոշումն է։
-Կոմկուսի քարտուղարը կասկածի տակ է դնում այսօրվա քաղաքական մեծամասնության զգալի անդամների` Նդժեհի գաղափարախոսությանը տեղյակ լինելու փաստը։
-Իհարկե, չեմ բացառում, որ ՀՀԿ-ի հարյուր հազարից ավելի անդամներից ոմանք լիարժեք տեղյակ չեն Նժդեհի գաղափարախոսությանը։ Բայց որ կուսակցության ակունքներում կանգնած այն ռահվիրաները, որոնք նախկինում ու հիմա էլ առաջնորդվում են ազգի ու հայրենիքի հավիտենական արժեքներով, կասկածից վեր է։ Թովմասյանին ուզում եմ հիշեցնել, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո էլ շատ կոմունիստներ Նժդեհին անվանարկում են, սակայն, նրա գաղափարախոսության հավերժությունն ու ճշմարտացիությունն ապացուցվել են։
-Առաջին հանրապետության սխալներից ի՞նչ դասեր պիտի քաղենք։
-Մենք դեմ ենք վարակը նշտարով հեռացնելուն, բոլորն էլ կարող են սխալվել, բայց եթե կյանքի էվոլյուցիոն շրջանում չեն կարողանում ճիշտն ու սխալը զատորոշել, կարելի է միայն ցավել դրա համար։ Միշտ պետք է զգոն լինել, որ պետությունը սխալ ուղիով տանող ուժերը չկարողանան իրագործել իրենց նպատակը։
-Դաշնակցական Վահան Հովհաննիսյանը հարցնում է` ի՞նչ են արել այս իշխանությունները, որ ուզում են իշխանությունը պահել։
-Հարգանք ունենալով Վահան Հովհաննիսյանի անձի նկատմամբ` ասեմ, որ ՀՀԿ-ն այն եզակի կուսակցություններից է, որը, դեռևս խորհրդային տարիներին, ընդհատակյա պայքար էր մղում անկախության համար։ Երբ դաշնակցությունն արտասահմանում նարնջի հյութ էր խմում, մենք մեր ընկերներով աքսորավայրերում էինք, ոմանք էլ գնդակահարվեցին։ Իսկ թե ինչու է ՀՀԿ-ն այսօր իշխանություն, պարզապես ընդգծեմ` արցախյան ազատամարտի առաջին ճակատում հանրապետականներն էին։ Ի տարբերություն ՀՅԴ-ի, մենք չենք ժխտում, որ հերոսամարտին մասնակցել են նաև դաշնակցականները։ Գաղափարական հենքում, այս իմաստով, որոշակի նմանություններ ունենք ՀՅԴ-ի հետ։ Բայց սա նրանց իրավունք չի տալիս ասելու` ինչու ենք մենք իշխանության ղեկին։ Չէ, պարոն Հովհաննիսյան, այդ իրավունքը մենք վաստակել ենք` մեր պայքարի ճանապարհով, ղարաբաղյան ազատամարտի հարյուրավոր զոհերով, դեռ 60-ականներից գնդակահարվածներով, տառապանքի ու աքսորի ճանապարհն անցած հայորդիներով։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ