«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵԾ ԱՌՅՈՒԾԸ ԿՈՒՏԵՐ, ԲԱՅՑ ՁԱԳՆ ԷՆՊԻՍԻՆ Է, ՈՐ ԷՇԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՏԵԼ»

«ՄԵԾ ԱՌՅՈՒԾԸ ԿՈՒՏԵՐ, ԲԱՅՑ ՁԱԳՆ ԷՆՊԻՍԻՆ Է, ՈՐ ԷՇԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՏԵԼ»
30.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի զրուցակիցն է ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ
«ԱՅԼ ԵՐԿՐԻ ԵՎ ՈՒՐԻՇ-ՈՒՐԻՇ «ՊԱՅՔԱՐԻ» ՄԵՋ ԽՈՐԱՄՈՒԽ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷԻ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՆԱՑԵԼ»
-Պարոն Ծառուկյան, Սերժ Սարգսյանն ավարտեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», Դուք սկսեցիք. նկատի ունեմ հանգամանքը, որ վերջերս ՈՒկրաինա կատարած այցի ընթացքում` Դոնեցկում, Վիկտոր Յանուկովիչի հետ համ էլ ֆուտբոլ եք դիտել:
-Յանուկովիչի հետ մենք միջկուսակցական համագործակցության պայմանագիր ունենք ստորագրած, բացի այդ, մենք նաև ընկերներ ենք, իսկ մենք մեր ընկերներին երբեք չենք դավաճանում, մենք միշտ մեր ընկերների կողքին ենք, մեր ընկերների հետ, մենք «համ էլ միասին ֆուտբոլ ենք նայում»:
-Բայց չէ՞ որ Յանուկովիչն ընդդիմադիր լիդեր է. էդ ո՞նց է լինում, որ Դուք, ՀՀ իշխանական վերնախավում գտնվելով, ուկրաինական ընդդիմության հետ «համ էլ ֆուտբոլ եք նայում»:
-Ո՛չ մի կերպ էլ չի լինում, ո՛չ մի խնդիր էլ չկա, որովհետև Յանուկովիչի և նրա Ռեգիոնների կուսակցության հետ մենք միշտ ենք համագործակցել:
-ՈՒկրաինայում, «համ էլ ֆուտբոլին» զուգահեռ, նախագահական ընտրությունների թեժ պայքար է ընթանում, Մայդանում կրկին գերլարված իրավիճակ է։ Ինչպե՞ս տեսաք ՈՒկրաինան:
-Որևէ գերլարվածություն ես չզգացի: Եղանք Դոնեցկում, որը Յանուկովիչի աշխատած ժամանակներից ծաղկում է, ապահովում տնտեսական զարգացում, այցելել ենք աղի, քարածխի հանքեր, հրուշակեղենի, խմիչքների գործարաններ, դրանք բոլորն էլ աշխատում են առանց ընդհատման, մարդը գեղեցիկ կազմակերպել էր նաև համագումարը, հեռուստաընկերություններում բոլորը ողջունում էին այդ համագումարը, որովհետև մարդն աշխատել է, փորձ ունի, ձեռագիր ունի, ինչի պատճառով էլ մարդիկ, այո՛, ուզում են, որ Յանուկովիչը դառնա ՈՒկրաինայի նախագահ:
-Ինչպե՞ս եք գնահատում Յանուկովիչի շանսերը:
-Դե, այնտեղ Յանուկովիչի շանսը 38 տոկոս է, Յուլյայինը` 28-30 տոկոս:
-Յուլյայի և Յանուկովիչի միջև կրկին թեժ պայքար է, նաև` կոմպրոմատների ոլորտում, նկատի ունեմ «Արտեկի» շուրջ (Յանուկովիչի թևը Տիմոշենկոյի բլոկի 3 պատգամավորների մեղադրում է շատ ծանր հանցագործության մեջ, Տիմոշենկոյի բլոկն էլ մեղադրանքներ է հնչեցնում հակառակ բևեռի հասցեին) տեղի ունեցած «անցուդարձը»:
-Այլ երկրի և ուրիշ-ուրիշ «պայքարի» մեջ խորամուխ լինելու համար չէի ՈՒկրաինա գնացել, այլ մասնակցելու Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության համագումարին։ Մասնակցեցինք բարձր մակարդակով, ծանոթացանք նրանց կատարած աշխատանքներին, վերադարձանք Հայաստան:
«ԲԱ ԱՆՀԱՐՄԱՐ ՉԵՍ ԶԳՈ՞ՒՄ` ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ԵՍ ԱՍՈՒՄ»
-Դե, որ արդեն Հայաստանում եք, ուրեմն` հայաստանյան հարցեր։ Պարոն Ծառուկյան, ի՞նչ եք կարծում` վերջին շրջանում առյուծիկներին առնչվող այդ «միջադեպն» ինչո՞ւ կապվեց Ձեր անվան հետ, և հետո` ինչո՞ւ ո՛չ մեկ, ո՛չ երկու, տեսանյութը հայտնվեց այդքան հայտնի կայքում` Youtube-ում:
-Ով այդպիսի բան է արել, կարելի է ասել, մարդ է, որը բարոյականության հետ խնդիրներ ունի: Դրա համար էլ ես բոլոր լրագրողներին հրավիրել եմ, որ իրենք կարող են գալ և նայել, թե որևէ բան համապատասխանո՞ւմ է ցուցադրվածի հետ, եթե` ոչ, այն ժամանակ ասեն, թե ինչ նպատակ են այդ մարդիկ հետապնդում:
-Կարելի՞ է անկեղծ:
-Այո՛-այո՛-այո՛:
-Բայց, պարոն Ծառուկյան, հնարավոր չէ՞, որ, ասենք, առյուծիկներին տանեք ուրիշ տեղ, ու անհնար լինի իմանալ...
-Բա անհարմար չես զգո՞ւմ` նման բաներ ես ասում: Եթե էդ մարդիկ «դաժը» ուղեղ ունենային և հասկանային, որ հնարավոր չէ առյուծի ձագը էդ «եքա» էշին ուտի, էլ ի՞նչ խոսես էդ մարդկանց հետ։ Էդքանը գոնե պիտի հասկանային: Հա՜, մեծ առյուծը նրան կուտեր անմիջապես, բայց ձագը էնպիսին է, որ էշին չի կարող ուտել: Էդ «վիդիոն» ինձ ցույց են տվել, անկեղծ ասած, ես փնտրում եմ էդ մարդուն:
-Գիտե՞ք ով է:
-Դե, որ իմանայի, ականջներն արդեն կտրած կլինեի ու առյուծի փայ արած կլինեի:
-Իսկ ինչո՞ւ Youtube-ին, մնացած կայքերին դատի չեք տալիս:
-Տալիս եմ:
-Տվե՞լ եք արդեն:
-Տալիս ենք, տալիս, արդեն գործերն ենք նախապատրաստում: Ո՜չ միայն. հիմա մենք Ազգային ժողովում օրենք ենք առաջարկելու` ով սխալ տեղեկություն տվեց, պետք է տասը միլիոն տուգանք վճարի կամ գնա տասը տարի նստի, որ մարդու անձնականի ու բարոյականի հետ նման կարգի բաներ չանի: Ա՜յ, էդ տեսակ լուրերն են պատճառը, որ մենք էդպիսի օրենք պիտի ընդունենք: Եվ եթե դու ինչ գրում ես, ճիշտ ես գրում, քո ցավը տանեմ, բայց եթե գրածդ չհամապատասխանեց իրականությանը, տասը միլիոն դրամ (ամա՜ն-հեղ.) պիտի վճարես կամ պիտի պատասխանատվության ենթարկվես տասը տարի (ա՜յ հարա՜յ- հեղ.):
-Դա, պարոն Ծառուկյան, մեղմ ասած, եվրոպական կառույցների և բոլոր լրատվամիջոցների կողմից կհամարվի ազատ խոսքի նկատմամբ մեծ բռնաճնշում:
-Չհասկացա, ուրեմն, եթե ես Ձեզ զրպարտեմ, Ձեզ ասեմ, չէ՛, լավ, մի ուրիշ լրագրողի ասեմ, որ ինքը... «էս-էս-էս» (փոքրիշատե ասվեց` ցույց տալով մեկ այլ լրագրողի-հեղ.)... է՛, ես պատասխանատվության չպիտի ենթարկվե՞մ: Կլինի՞ էդպես, լրագրողները կհամաձայնե՞ն: Ո՜վ գրել է առյուծների մասին, պետք է հասկանա, թե ինքն ի՜նչ է գրել, հո էդպե՞ս չի... Դրա համար էլ օրենք ենք ընդունում:
-Եվ, այնուհանդերձ, պարոն Ծառուկյան, Դուք այդ ամենում քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում:
-Ես ամեն ինչ էլ տեսնում եմ, բայց, նախ և առաջ, տեսնում եմ լրագրողների մեղավորությունը, անբարեխղճությունը, որոնք ամեն ինչի պատրաստ են և ո՛չ մի բանի մեջ ընտրություն չեն դնում: Բայց ինձ վատ բանը չի կպնում, հասկացի, ու թող բոլորը հասկանան, ինձ ո՛չ մի վատ բան չի կպնո՜ւմ, որովհետև ես մաքուր ապրող մարդ եմ... Ասում է` կարող է դու փոքր առյուծներին հանել ես, տարել ես ուրիշ տեղ, որ չիմանա՜ն։ Բա լավ, բա տարա՞ծքը, բա վանդա՞կը, բա դրա՞նք ինչ եմ արել, հո էդ տարածքը հնարավոր չի՞ փոխել։ Դու, որ էդ ասում ես, էդ տարածքը տեսե՞լ ես։ Որ տեսնեիր` էդպիսի բան կյանքում չէիր ասի:
«ԲՈԼՈՐԸ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ՉԵՆ ՔՆՈՒՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ԴԱՐԴԻՑ». ԹՈՂ ԷԴՊԵՍ ԴԱՐԴՈՏՎԱԾ ԷԼ ՄՆԱՆ»
-Պարոն Ծառուկյան, ես պարզապես օգտվում եմ իմ ազատ արտահայտվելու իրավունքից։ Կարելի՞ է:
-Կարելի է:
-Ահա։ Եվ, ուրեմն` ԲՀԿ պատգամավորներից մեկի` Կարո Կարապետյանի հետ վերջերս տեղի ունեցավ միջադեպ: Ե՞վ...
-ՈՒրեմն, ասեմ իմ մոտեցումը։ Կարո Կարապետյանը հարգարժան մարդ է, որը, ասենք, այսօր էն է եղել, որ կենսագրություն ունի, ճամփա ունի անցած, մարդու զենքը գրպանն է եղել, մարդը գումար է տվել, մարդը էդքան տարի համբերել է, մարդու գլխին դիմացինը հարվածել է, մարդու գլուխը ջարդված է մի քանի տեղից, հասկանո՞ւմ ես։ Կարո՞ (Ծառուկյանը ցույց տվեց դռների մեջ` ողջ ԲՀԿ թիմի հետ հարցազրույցի ընթացքին կանգնած հետևող Կ. Կարապետյանի գլուխը- հեղ.), ահա` զենքն անօրինական դրել, հետևը նստած, հարձակվել, խփել է, հիմա համապատասխան իրավապահ մարմինները զբաղվում են:
-Պարզ է, ուզում եք ասել, որ Կարո Կարապետյանն ինքնապաշտպանվել է:
-Բա ի՞նչ է արել, չհասկացա, մարդն այդ հարվածից հետո չի հիշում, թե ինչ է կատարվել, նույնն է նաև նոկաուտի ժամանակ, մարդը զարթնում է և երկար ժամանակ չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ, թե ինքը որտեղ է։ Հասկանո՞ւմ ես:
-Հասկանում եմ: Կարելի՞ է անկեղծ:
-Կարելի՛ է:
-Պարոն Ծառուկյան, բայց, այնուհանդերձ, շատ փայլուն ձևով տիրաժավորվեց այդ միջադեպը` Կարո Կարապետյանի մասնակցությամբ, հեռուստաընկերություններով:
-Ա՜, որ բարգավաճ Հայաստան այսպես չի կարելի կառուցել, հա՞:
-Հա՛:
-Բոլորը, չգիտես ինչու, չեն քնում Ծառուկյանի «դարդից». թող էդպես դարդոտված էլ մնան, ես իրենց դարդով չեմ այրվում:
«ԵԹԵ ԻՐԵՆՑ ՁԵՌ Է ՏԱԼԻՍ, ՀԱՐՑ ՉԿԱ, ԲԱՑԵՆՔ ՈՒ ԱՇԽԱՏԵՆՔ, ԻՍԿ ԵԹԵ ԻՆՉ-ԻՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՌԱՋ ՔԱՇԵՆ, ՉԻ՛ ԸԼՆԻ»
-Եվս մի «դարդից», որպես համերաշխ վերջաբան, ու ավարտենք մեր «համատեղ-դարդիման» զրիցը։ Պարոն Ծառուկյան, հայ-թուրքական սահմանը որ բացվեց, Դուք բիզնես բացելո՞ւ եք Թուրքիայում:
-Իմ հիմնական առաջարկը եղել է հետևյալը. եթե թուրքերը պիտի սահմանը բացեն, ապա երկուստեք պետք է այնպիսի պայմաններ լինեն հայ-թուրքական բիզնես հարաբերություններում, որ թուրքական գործարարներն ինչ իրավունք ունենան մեր երկրում, այդ նույն իրավունքները հայ գործարարներն ունենան Թուրքիայում: Ինչո՞ւ ենք մտածում, որ մենք ավելի շատ բան չենք կարող անել Թուրքիայում, ավելի լավ ու կազմակերպված չենք անի դա, քան իրենք կանեն Հայաստանում։ Ասեմ` իմանաս. ավելի լավ կանենք:
-Կոնկրետ ի՞նչ բիզնեսի հեռանկարներ եք մտմտում:
-Ինչի պահանջարկը եղավ, այն էլ անելու ենք:
-ՈՒսումնասիրո՞ւմ եք թուրքական շուկան:
-Երբ սահմանը բացվի, անպայման, բայց դեռ խնդիր է` կբացվի՞, թե՞ չի բացվի:
-Կասկածնե՞ր ունեք:
-Իհարկե, ունեմ, ողջ աշխարհն ունի, համենայն դեպս, մենք պատրաստակամ ենք և՛ ճանապարհը բացելու, և՛ դեսպանատներ ստեղծելու-աշխատացնելու խնդիրներում, մնացածում մենք պատրաստակամ չենք։ Եթե իրենց ձեռ է տալիս, հարց չկա, բացենք ու աշխատենք, իսկ եթե ինչ-ինչ պայմաններ առաջ քաշեն, չի՛ ըլնի:
- Ասում եմ, չէ՞, «ֆուտբոլային դիվանագիտությամբ» եք զբաղված վերջերս:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ