ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Սահմանագծում», կամ` Հայաստանի հերթական մասնատումը

«Սահմանագծում», կամ` Հայաստանի հերթական մասնատումը
25.09.2009 | 00:00

Մեր օրերում մամուլի և հասարակական շրջանակների ակտիվ քննարկման նյութ է դարձել հայ-վրացական կամ, ավելի ճշգրիտ, ՀՀ-Վրաստան սահմանային վեճերի խնդիրը։ Այն որոշ դեպքերում հասարակական քննարկումների դաշտից տեղափոխվեց անգամ գիտական-ակադեմիական դաշտ, և խնդրին արձագանքեցին նաև գիտնականներ, քարտեզագիրներ և այլն։
Սույն հոդվածի շրջանակներում անդրադառնալով խնդրի իրավական կողմին` բացահայտելու ենք մի շարք դրույթներ, որոնք մինչ օրս թյուրըմբռնումների տեղիք են տվել ոչ միայն հասարակական շրջանակների, այլ նաև քաղաքագետների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների շրջանում։ Ի վիճակի չլինելով դուրս գալու խարխափումներից և չունենալով համապատասխան մասնագիտական պատրաստվածություն` խնդրո առարկա սահմանագծմանն առնչվող մի շարք ներկայացուցիչներ իրենց քայլերով ոչ միայն փոքրացնում են իրական Հայաստանի տարածքը, այլ նաև բախտի քմահաճույքին են մատնում իրենց իսկ ձեռքով սահմաններից դուրս թողնված մեր հայրենակիցներին։
Նախ` անդրադառնանք այն հարցին, թե ո՞րն է հայ-վրացական պատմական-իրավական այն փաստաթուղթը, որի վրա հենվելով` մեր նոր սերնդի մասնագետներն այդպես ինտենսիվորեն «գծում են» ՀՀ-Վրաստան սահմանը։ Հպանցիկ հայացք նետելով այսօրվա գծվող սահմանների քիչ թե շատ «ավարտուն տեսք տված» մասերին և լսելով մասնագետների հայտարարությունները, դժվար չէ կռահել, որ ներկա ՀՀ-Վրաստան պետական սահմանի սահմանագծման հիմքում ընկած է 1921 թ. նոյեմբերի 6-ի Թիֆլիսյան պայմանագիրը, որը կնքվել է Հայկական ՍՍՀ-ի և Վրացական ՍՍՀ-ի միջև, և որը ստորագրել են Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Ալ. Մյասնիկյանն ու Վրաստանի հեղկոմի նախագահ Բուդու Մդիվանին։
1921 թ. նոյեմբերի 6-ի պայմանագիրը չունի իրավական ոչ մի ուժ` հաշվի առնելով հետևյալ անառարկելի իրողությունները։
Առաջին. գտնվելով ԽՍՀՄ պետության իրավասության ներքո` ՀԽՍՀ-ն ու ՎԽՍՀ-ն երբեք չեն համարվել միջազգային կարգավիճակ ունեցող իրավունքի սուբյեկտներ, հետևաբար, վերջիններիս սահմանները, որոնք ինչ-որ առումով հիմք են հանդիսանում ներկա սահմանագծման կամ ներկայումս փաստացի գոյություն ունեցող և հետզհետե իրավական կարգավիճակ ստացող սահմանների, երբեք չեն ունեցել միջազգային իրավական կարգավիճակ և չեն ճանաչվել ոչ մի երկրի կամ միջազգային կազմակերպության կողմից: Ավելին` այդ սահմաններն առաջացել են 1921 թ. նոյեմբերի 6-ին, երբ այդ առթիվ կնքված պայմանագրի երկու կողմերը նույնպես չեն հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտներ և չեն ճանաչվել ոչ մի երկրի կողմից: Նրանք, ենթարկվելով անեքսիայի միջազգայնորեն չճանաչված երրորդ երկրի` ՌՍՖՍՀ-ի կողմից, վերջինիս կուսակցական մարմինների 1921 թ. հուլիսյան որոշումներով, «բաշխել են» միմյանց միջև տարածքները և այդ հիմքի վրա մի քանի ամիս անց սահմաններ գծել:
Երկրորդ. անկախացած Վրաստանն ինքն է մերժել 1921 թ. նոյեմբերի 6-ի ՀՍՍՀ-ՎՍՍՀ սահմանային պայմանագիրը։ 1990-ականներին անկախացող ՎԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. մարտի 9-ի` «Վրաստանի սուվերենության պաշտպանության երաշխիքների մասին» որոշման մեջ կարմիր բանակի 1921 թ. մուտքը Վրաստանի տարածք անվանեց անեքսիա և օկուպացիա: ՎԽՍՀ Գերագույն խորհրդի` այս հողի վրա կատարած հաջորդ քայլն էր 1990 թ. հունիսի 20-ի որոշումը, որով վերջինս անօրինական ճանաչեց պետական այն բոլոր պայմանագրերը և ստեղծված կառույցները, որոնք կնքվել էին «Վրաստանի օկուպացումից»` խորհրդայնացումից հետո: Դրանով ուժը կորցրած հայտարարվեց նաև 1922 թվի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը:
Ի՞նչ էր այս ամենը։ Փաստորեն, ինքնաբերաբար մատնանշվում էր այն իրողությունը, որ Վրաստանը, հրաժարվելով խորհրդային ժառանգությունից, մերժում է ինչպես խորհրդային շրջանում առաջացած վարչատարածքային կազմավորումները, այնպես էլ սահմանային ձևավորումները։
Երրորդ. ներկայումս գոյություն չունեն ո՛չ պայմանագիրը կնքող պետությունները, ո՛չ էլ վերջիններիս իրավահաջորդ որևէ այլ պետական կազմավորում։ Անկախանալով` Վրաստանը լիովին իրավահաջորդ դարձավ ոչ թե խորհրդային, այլ 1918-1921 թթ. Դեմոկրատական Հանրապետության, և մինչև 1995 թ. օգոստոսի 24-ի նոր սահմանադրության ընդունումը Վրաստանում գործում էր 1921 թ. փետրվարի 21-ի սահմանադրությունը։ Այն ընդունված էր, փաստորեն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության օրոք։ ՀՀ-ն նույնպես իրավահաջորդն է 1918 թ. առաջին հանրապետության, չնայած մինչ նորանկախ պետությունը 1995 թ. կընդուներ իր նոր սահմանադրությունը, երկրում գործում էր 1975 թ. ՀԽՍՀ Սահմանադրությունը։ Հետևաբար, ներկայումս աշխարհում չկա մի պետություն, որը ճանաչի և որի համար իրավական ուժ ունենա 1921 թ. նոյեմբերի 6-ի հայ-վրացական, այսպես կոչված, սահմանագծման մասին պայմանագիրը։
1921 թ. նոյեմբերի 6-ի պայմանագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ ոչինչ։ Եթե մենք այսօր մերժում ենք, օրինակ, 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում վերջնականորեն «վավերացված» հայ-թուրքական սահմանը, ապա ի՞նչ տրամաբանությամբ ենք ընդունում նույն պայմաններում և ընդամենը երեքուկես շաբաթ անց կնքված համանման սահմանագծման մեկ այլ պայմանագիր։
Հետևաբար, ո՞րն է այն իրավարար փաստաթուղթը, որի վրա հենվելով միայն հարկավոր է իրականացնել ներկա հայ-վրացական սահմանագծումը։ Այն «թաքնված է» 1919-1920 թթ. Փարիզի վեհաժողովում։ Վկայակոչենք 1920 թ. օգոստոսի 10-ին ընդունված Սևրի պայմանագրի 92-րդ հոդվածը` «Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ։ Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին» (ՀՄԴ և ՍԱՔՓ, Ե., 1972, էջ 677)։ Սույն փաստաթուղթն ստորագրել է 18 երկիր։
Նախքան պայմանագրի ստորագրումը Փարիզի վեհաժողովն իր 1920 թ. փետրվարի 24-ի «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկների զեկույցում», որը ստորագրել են Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, հայտարարում է. «Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ։ Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային հանձնաժողով` տեղում որոշելու վերոնշյալ սահմանները, հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»։ Սույն փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ (Պապյան Ա., Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները, Ե., 2007, էջ 61)։
Այս փաստաթուղթը (զեկույց-առաջարկը), որի գոյությանը, փաստորեն, բացի Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Ճապոնիայից, իրավական ուժ է հաղորդել նաև ԱՄՆ-ը, Հայաստանի և Վրաստանի սահմանազատման պատմության մեջ միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթն է, որի ստեղծման պահին գոյություն ունեցած անկախ պետությունների (Հայաստանի Հանրապետություն և Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն) օրինական ժառանգորդներն են համարում իրենց ներկա ՀՀ-ն և Վրաստանը։
Սույն փաստաթղթի գոյության և այսպիսի իրադրության պայմաններում է ԱՄՆ-ը 1920 թ. ապրիլի 23-ին ճանաչել Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը, ի տարբերություն Վրաստանի, որի առաջին հանրապետության անկախությունն այդպես էլ չճանաչեց ԱՄՆ-ը (ԱՄՆ-ը չի ճանաչել նաև Ադրբեջանի առաջին Հանրապետության անկախությունը)։
Չնայած նորանկախ երկու պետությունները` ՀՀ-ն և Վրաստանը, 1990-ականների սկզբներին ճանաչել են միմյանց անկախությունը և տարածքային ամբողջականությունը, սակայն մինչ այժմ չկա իրավարար վճիռ ունեցող մի փաստաթուղթ, որը մատնանշի ճշգրտված սահմանագծումների արդյունքում երկկողմանի ճանաչված սահմանների մասին։
Հետևաբար, եթե նորանկախ երկու պետությունները` ՀՀ-ն և Վրաստանը, մինչ այսօր չեն կարողացել իրականացնել սահմանազատման աշխատանքները` չխախտելով արդարությունը, ապա միանգամայն անհրաժեշտ է, որ ներկա ՀՀ-Վրաստան սահմանազատման հարցը դրվի Ազգերի լիգայի իրավահաջորդ կազմակերպության` ՄԱԿ-ի և, մասնավորապես, վերջինիս Անվտանգության Խորհրդի վրա։ Իսկ վերջինս իր հերթին պարտավոր է սահմանազատումն իրականացնել ազգագրական այն պատկերի հիման վրա, որը գոյություն ուներ 1920 թ. աշնանը։ Այս հիմքի վրա ներկայիս հայաբնակ Սամցխե-Ջավախք-Ծալկայի և սահմանագծման ժամանակ քաշքշուկի մեջ հայտնված Հյուսիսային Լոռու հայկական և հայաթափ բոլոր բնակավայրերը կմնան ՀՀ-ի կազմում։ Հատուկ նշում ենք «հայաթափ» բառը, քանի որ ողջ նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանում Վրաստանը Սամցխե-Ջավախք-Ծալկայի և Հյուսիսային Լոռու տարածքում իրականացրել է հայաթափման քաղաքականություն, և 1920 թ. աշնանը հայապատկան այս գավառներում պատկերը բոլորովին այլ էր, քան ներկայումս։ Իսկ նույն գավառներում խորհրդային և հետագա շրջանում ավելացած վրացական (Սամցխե-Ջավախք-Ծալկա) և մահմեդական (Հյուսիսային Լոռի) տարրը չի կարող ազդեցություն ունենալ ներկայիս սահմանագծման վրա։
Մի հետաքրքրական հանգամանք ևս։ Վերջին օրերին շրջանառության մեջ դրվեց հայ-վրացական սահմանազատման վերաբերյալ պայմանագրի կնքման բոլորովին անհեթեթ մի թվական` 1942։ Հայ քաղաքագետների և գիտնականների (պրոֆեսոր Ա. Ա. Մելքոնյան) կողմից այն արագորեն և հիմնավորապես մերժվեց։ Սակայն զարմանալին ու ցավալին այն է, որ հայ հասարակությունը, չնայած հավատաց այս թվականի անհեթեթությանը, այնուամենայնիվ (գոնե վերջինիս քիչ թե շատ գիտակ մասը), հավատով լցվեց մյուս անհեթեթության` 1921 թ. նոյեմբերի 6-ի պայմանագրի նկատմամբ։
Եզրակացություններ.
• Այն սահմանագծումները, որոնք կատարվում են ներկայիս ՀՀ-Վրաստան հատվածում, չեն կարող ունենալ իրավական ուժ, քանի որ հիմնված են իրավական ուժը վաղուց կորցրած պայմանագրի, ինչպես նաև այդ պայմանագրով գծված և երկրներից մեկի` Վրաստանի կողմից մերժված, իսկ մյուսի` ՀՀ-ի կողմից երբեք չհաստատված սահմանների վրա։
• Սահմանագծման բոլոր այն քաշքշուկները, որոնք ներկայումս տեղի են ունենում «սահմանի» այս կամ այն կողմում մնացած հայ բնակչության ընդվզումների հետևանքով, ինչպես պատմական արդարությունը, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու հետևանք են։ Այդ քաշքշուկների դեմ հայ բնակչության արդարացի բողոքի ձայնը չի լռելու այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են այդպիսի խախտումները։
• Չնայած ուշացած, այնուամենայնիվ, ժամանակն է, որ դադարեցվեն ՀՀ-Վրաստան, այսպես կոչված, «սահմանազատման» աշխատանքները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ տգիտության ու հայրենիքի շահը կենցաղայինին ստորադասելու դրսևորումներ։ Այդ տգիտության արդյունքում այսօր և առհավետ մասնատվելու է ինչպես Հայաստանը, այնպես էլ վերջինիս վրա արդեն հազարամյակներ ի վեր արարող հայ ժողովուրդը։
• ՀՀ-Վրաստան սահմանագծումը պետք է իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` հաշվի առնելով 1920 թ. աշնանն առկա ազգագրական տեղաբաշխումները։
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոն

Դիտվել է՝ 2275

Մեկնաբանություններ