ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Այդ սխալ ճանապարհով չի կարելի գնալ և ընկնել ծուղակը»

«Այդ սխալ ճանապարհով չի կարելի գնալ և ընկնել ծուղակը»
02.10.2009 | 00:00

«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՄԵԶ «ԴԵՄ ԵՆ ՏՎԵԼ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ՀՅԴ)
-Պարոն Հովհաննիսյան, Թուրքիայի խորհրդարանում հոկտեմբերի 10-11-ին տեղի կունենա հայ-թուրքական հայտնի արձանագրությունների քննարկումը։ Չե՞ք կարծում, որ Թուրքիան մի տեսակ շտապում է:
-Շտապում է, քանի որ հայկական կողմի մոտ հրաժարվելու տրամադրություններն ուժեղանում են, ու նրանք վախենում են, որ մենք հետ կկանգնենք այդ ամենից: Թուրքիան շտապում է, որովհետև ինքն այդ արձանագրություններով ամեն ինչ ձեռք է բերում (շատ բան արդեն ձեռք է բերել), իսկ մենք ոչինչ ձեռք չենք բերում։ Բա, իհարկե, Թուրքիան պետք է շտապի:
-Իսկ նույն այդ քննարկումների ընթացքում «շտապող» Թուրքիան կվավերացնի՞ արձանագրությունները:
-Ես չգիտեմ, թե նրանց խորհրդարանային կանոնակարգն ի՞նչ պրոցեդուրաներ է ենթադրում` հանձնաժողովներով և կամ այլ ատյաններով անցնելու խնդիր կա՞, թե՞ ոչ, ուստի այդ հարցին պատասխանել չեմ կարող:
-Իսկ ի՞նչ եք կարծում` Հայաստանի խորհրդարա՞նն ինչ ընթացակարգով կվավերացնի այդ արձանագրությունները. սահո՞ւն կլինի ընթացքը, թե՞ «ո՜հ, փշոտ է ճանապարհը»: Հիշենք, որ Սերժ Սարգսյանը տեսակետ է հայտնել, որ «կարող է պատահի վավերացվի, կարող է` չպատահի»:
-Միանշանակ կարծում եմ, որ մենք չե՛նք վավերացնելու այդ արձանագրությունները, և դա կատարվելու է շա՜տ սահուն: Սահուն կերպով չվավերացնելը, կարծում եմ, ամենաճիշտն է:
-Բայց մեկ է` մինչև տարվա վերջ սահմանը բացվելու է:
-Սահմանը կարող է և բացվել, սահմանի բացվել-չբացվելը չպետք է ընդհանրապես կապվի այս խնդրի հետ։ Բացատրեմ` ինչու։ Տեսեք` արձանագրության անվան տակ մեզ «դեմ են տվել» պայմանագիր, այնինչ ցանկացած դիվանագետ գիտի, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը կամ սահմանի բացումը երկրների միջև պայմանագրի հետ կապ չունեն: Կան բազմաթիվ, ընդ որում` շատ քաղաքակիրթ երկրներ, ինչպիսիք Անգլիան և Իսպանիան, Ամերիկան ու Կանադան են, որոնք ունեն տարածքային վեճեր, սակայն, այնուամենայնիվ, դիվանագիտական հարաբերություններ, բաց ճանապարհներ էլ ունեն: Իսկ պայմանագիրն ուրիշ բան է. պայմանագրի վրա աշխատանքը կարող է տևել տարիներ, տասնամյակներ: Դրա համար էլ, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, թե ճանապարհը կբացվի մինչև տարեվերջ, «բռա՛վո», թող բացվի, բայց եթե այդ ճանապարհի բացումը պայմանավորված է անպայման այս արձանագրությունները մեր վզին փաթաթելով, ուրեմն պետք է հասկանալ, որ դա սխալ ճանապարհ է, և այդ սխալ ճանապարհով չի կարելի գնալ և ընկնել ծուղակը:
-Սերժ Սարգսյանը գնում է գաղթօջախներ` սփյուռքի հետ հանդիպման, այնտեղ բացատրական աշխատանք տանելու առ այն, որ դա «ծուղակ» չէ: Ի՞նչ եք կարծում` կհասկացվի՞:
-ՈՒշացումով է գնում, շատ ուշացումով: Մեր ազգային անվտանգության ռազմավարությունն արձանագրում է` համայն ազգին վերաբերող բոլոր կարևորագույն հարցերի նկատմամբ պետք է սփյուռքի հետ քննարկումներ տեղի ունենան: Այն քննարկումները, որոնց համար նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է սփյուռք, խիստ անհրաժեշտ են, սակայն դա պետք է կատարվեր մինչև այս փաստաթղթերի հրապարակումը, մինչև փաստաթղթերի նախաստորագրումը, քննարկումներն այդ ժամանակ արժեք կունենային: Ես կարծում եմ` դրանք այսօր ժամանակավրեպ, հետին թվով ինչ-որ միջոցառումներ են, որոնց նկատմամբ ինքս գոնե շատ անտարբեր եմ:
-«Նշանակո՜ւմ է»` չի հասկացվի: Իսկ ի՞նչ եք կարծում, այդ դեպքում ի՞նչ է տեղի ունենում Հայաստան-սփյուռք տանդեմում:
-Տանդեմը դադարում է տանդեմ լինելուց:
-Ի՞նչ «դեմի» է վերածվում:
-Օտարվո՜ւմ է սփյուռքը Հայաստանի քաղաքական կյանքից, համազգային նշանակություն ունեցող հարցերի քննարկումից` օ-տար-վո՜ւմ է:
-Բայց, դե, մյուս կողմից էլ, պարոն Հովհաննիսյան, օրերս ՌԱԿ-ի` Միացյալ Նահանգների և Կանադայի շրջանային կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, թե «մենք երբեք չենք պարտավորվել գործել դաշնակցության օրակարգի համաձայն» և այդպես շարունակ:
-Ես կարդացել եմ ռամկավար ազատական կուսակցության ղեկավարների հայտարարությունները, որոնցում իրենք բազմիցս հայտարարել են, թե համաձայն չեն այս ընթացքի հետ և բավականին կոշտ արտահայտություններով զգուշացնում են իշխանություններին` այդպիսի քայլեր չկատարել:
-Իսկ հնչակնե՞րը:
-Մի քանի հնչակյաններ կան. հնչակներն էլ համաձայն չեն այս ամենի հետ:
«ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՈՐՆ ԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, «ՊՈՒՊՈՒՇՈՒԹՅԱՆ» ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՉԻ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ»
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ժառանգություն»)

-Պարոն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանը մեկնում է սփյուռք` լսելու մեր հայրենակիցներին. ինչպիսի՞ն է «Ժառանգության» վերաբերմունքը սպասվող «տուռնեին»:
-Այցը հերթական իմիտացիան է: Իբր Հայաստանում ավարտել են քննարկումները, հիմա էլ փորձում են դրսի հայրենակիցներին ծանոթացնել գործընթացին: Որևէ քննարկում ոչ այստեղ կա, ոչ էլ այնտեղ կլինի: Հենց միայն մեկ օրինակ. երբ հայ-թուրքական հարցով որևէ մամուլի ասուլիսի մասնակցում է «Ժառանգությունը», որևէ հեռուստաընկերություն չկա: Բացարձակ չկա։ Ի՞նչ հանրային քննարկումների մասին կարող է խոսք լինել:
-Իսկ չե՞ք ասի` «Ժառանգություն»-ՀՅԴ միակցությո՞ւնն ինչպես ստացվեց:
-«Միակցությունը» շատ հզոր բառ է: Կարծում եմ` համագործակցության, որոշակի պայմանավորվածությունների մասին է խոսքը, կա դիրքորոշումների ընդհանրություն հայ-թուրքական հարաբերությունների հարցում:
-Երկար ժամանակ «Ժառանգությունը» «բեմին վրա կքալեր ՀԱԿ-ին հետ», ինչո՞ւ հանկարծ այսպիսի կտրուկ անցում կատարեցիք:
-Մենք քայլում ենք ժողովրդի հետ, տվյալ պահին ինչ խնդիր առաջնահերթ է, այդ խնդիրն ենք փորձում լուծել: Այս պահին, կարծես, հայ-թուրքական հարցը մի փոքր սրացել է (թեև կարծում եմ` մնացյալ, ներքաղաքական խնդիրները ևս իրենց ակտուալությունը չեն կորցրել), իսկ հայ-թուրքականի հետ կապված, ինչպես արդեն ասացի, մեր դիրքորոշումներն առավել մոտ են ՀՅԴ-ի դիրքորոշումներին, և այդ առումով հնարավոր են համատեղ գործողություններ:
-«Ժողովրդական ալի՞ք»:
-Գործողությունները, կարծում եմ, տեսանելի կլինեն, երբ քայլեր կանենք։ Դեպքերից առաջ չընկնեմ:
-Իսկ երբ «ժողովրդական ալիքը» բարձրանա, այդ «ալիքի» վրա կլինի՞ պարոն Օսկանյանը:
-Օսկանյա՞նը...
-Ըհը՛:
-Օսկանյանը, կարծես, հայ-թուրքական այս ողջ գործընթացի ճարտարագետներից է: Չմոռանանք նաև, որ ապրիլի 22-ի հայտնի հայտարարությունից հետո նա ասաց, թե պետք չէր բարձրաձայնել այդ փաստաթղթի մասին. գաղտնի անեիք` հուշեց, ինչպես, ըստ էության, վարվել են իրենք` անցած տասը տարիների ընթացքում:
-Բա հիմա ի՞նչ անի պարոն Օսկանյանը. իշխանությունում չէ, ընդդիմության ոչ մի թև նրան «վերցնել» չի ցանկանում։ Թե՞ էլի գաղտնի ինչ-որ պրոցես է ընթանում:
-Ես չեմ կարող պարոն Օսկանյանի փոխարեն պատասխանել:
-Բայց, դե, մի ժամանակ էլ դաշնակցության հետ չէիք ցանկանում համագործակցել, «տեսա՞ք ինչ եղավ»: Հետաքրքիր է` իսկ այլ ուժերի հետ բանակցո՞ւմ եք` համատեղ գործողությունների «հաշվով»:
-Այլ ուժերի հետ այս պահին բանակցություններ չեն ընթանում, սակայն շատ հնարավոր է նման բան` դիրքորոշման ընդհանրություն ունեցող ուժերի հետ:
-Սամվել Բաբայանի հե՞տ:
-Նմանատիպ որևէ քննարկում տեղի չի ունեցել, որ կարողանամ Ձեզ պատասխանել:
-Իսկ որքանո՞վ է հայ-թուրքականում ֆորս-մաժորը հնարավոր:
-Ֆորս-մաժոր պատկերացնում եմ միայն ներքաղաքական մասով, և դա այն դեպքում, երբ բոլոր ուժերը, որոնք նախաստորագրված այս արձանագրություններին դեմ են, համախմբվեն և միասնական ճակատով պայքարեն այն իրականություն չդառնալու համար:
-Ախր, դաշնակցությունը չի ուզում Սերժ Սարգսյանին «հրաժարեցնել»:
-Ես չեմ կարող դաշնակցության փոխարեն պատասխանել, չգիտեմ, թե դաշնակցությունն ինչ է ուզում:
-Դաշնակցությունն ուզում է, որ Սերժ Սարգսյանի հրաժականը բարձրաձայնի ոչ թե ինքը, այլ դուք` «նորացված» «Ժառանգությունը», ուզում է, որ վերադառնա Քոչարյանը։ Ի դեպ, Դուք բացառո՞ւմ եք` ազգային-ազատագրական-«ժողովրդավարական ալիքը» ներկայացնող այդ ուժերի գլխին կանգնի անձամբ ինքը` հարգարժան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը;
-Որպես ազատ մտածող լրագրող, կարող եք շատ վարկածներ առաջ քաշել. մանավանդ որ Ձեր ստեղծագործական երևակայությունը դա թույլ է տալիս, բայց ես մի «փոքրիկ» վերապահում ունեմ Ձեր ասածի առնչությամբ. կարծում եմ` քաղաքական որևէ հիմնավորում չկա Քոչարյանին նման դերում տեսնելու համար: Դա ես ուղղակի բացառում եմ:
-«Ոգևորեցիք»... ստեղծագործական երևակայության հաշվով։ Եվ, ուրեմն, եթե այս ամենի արդյունքում Սերժ Սարգսյանն ավելի՞ է ուժեղանում, կարո՞ղ է նման բան պատահել:
-Արտաքին քաղաքականության առումով, բնական է, ասելու են` ինքը «պուպուշ» տղա է, ինքը լա՜վ տղա է...
-«Պուպուշ» չի՞:
-Ես չգիտեմ` մեր քաղաքական ճաշակներն իրար համընկնո՞ւմ են, թե՞ ոչ:
-Մի՞թե բան կա այս հին ու նոր աշխարհում, որ «Ժառանգությունը» չգիտի. ախր, «Ժառանգությունը» գիտի` աշխարհի քո՞ւնն է տանում, թե՞ աշխարհը սոված է, «Ժառանգությունն» արձագանքում է աշխարհում, մեզանում տեղի ունեցող ամեն ինչին` առանց բացառության:
-Ես ընդամենը քննարկում էի «գեղեցկությանն» առնչվող իմ և Ձեր տեսակետները, ու այդ տեսանկյունից ինձ համար գործընթացը, որն այժմ իրականացնում է Սերժ Սարգսյանը, «պուպուշության» սահմաններում չի տեղավորվում: Եթե ինքը փորձեր թուրքերի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ես միգուցե և կիսեի Ձեր տեսակետը, որ այդ գործընթացները հաջողությամբ պսակվելու դեպքում նա կկարողանար անցնել ներքին-համակարգային բարեփոխումների, սակայն առկա իրողություններն այդպիսի «տեսլականներ» չեն ներշնչում։
-Ափսո՜ս: Իսկ թվաց, թե Սինգապուրի հրաշքի նախակարապետ Խուան Յունը Հայաստան էր եկել այդ կարգի «բաների» համար:
-Չէ՜, չեմ կարծում, որովհետև ինքը շատ պարզ ֆորմուլա առաջ քաշեց` վերացնել կաշառակերությունը, օլիգարխիկ համակարգը, մեր վարչապետն էլ ասաց` դա մեր ուժերից ոնց որ թե վեր է:
-«Կործանվո՜ւմ» ենք:
-Չէ, ինչո՞ւ, փառք Աստծո, որ մոխիրներից հառնելու հայ ժողովրդի գենետիկ ներուժը շատ հզոր է։ Պատմության խորքից ջարդվելով, տրորվելով, մասնատվելով` գալիս ենք, եկել ու այդպես հասել ենք 21-րդ դար:
-Բանաստեղծական-նկարչական մտքեր եք հայտնում, պարոն Մարտիրոսյան, բանաստեղծություն գրելիս կլինեք:
-Ժամանակին, էդ հեչ, գրում էի:
-Նկարո՞ւմ էլ եք:
-Չէ:
-«Լա՜վ չի, լա՜վ չի»: Իսկ պարո՞ւմ եք:
-Պարել ոչ միայն սիրում, այլև լավ պարում եմ:
-Կեցցե՛ք:
Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ