ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Քողարկված գործընթաց

Քողարկված գործընթաց
13.03.2009 | 00:00

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ինչպես և սպասելի էր, առաջիկա ներքաղաքական զարգացումները Հայաստանում հիմնականում ընթանալու են Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների շուրջ։ Որքան էլ իշխանությունը ձգտի չքաղաքականացնել այս ընտրությունները, և ջանքեր գործադրվեն ներկայացնելու դրանք զուտ իբրև համայնքային նշանակության միջոցառում, այլևս փաստ է, որ դրանք լինելու են խիստ քաղաքականացված, և ընթանալու է թեժ պայքար։
Հիմնական լեգալ նորությունն այս դաշտում առայժմ «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակն է, որի առաջին համարն արդեն հայտնի է` առողջապահության նախարար Հարություն Քուշկյան։ Կարելի է ասել, որ սա ռացիոնալ ընտրություն է. ԲՀԿ-ն ցուցակը գլխավորելու համար առաջադրել է մի մարդու, ով բավականաչափ կիրթ է, բավականաչափ ճանաչված իր բնագավառում և միաժամանակ այս պահին տիրապետում է որոշակի վարչական ռեսուրսի։ Հայկական ավանդույթներից ելնելով, անկասկած է, որ գործող նախարար հանդիսանալու հանգամանքը հնարավորություն է տալու Հարություն Քուշկյանին հնարավորինս օգտագործել վարչական ռեսուրսը` հօգուտ իր կուսակցության։ Սրանում դատապարտելի բան չկա այն իմաստով, որ բոլոր մյուս կուսակցություններն էլ, բնականաբար, իրենց ռեսուրսներն են օգտագործելու։ Սակայն միաժամանակ ԲՀԿ-ի ցուցակի առաջին ազգանվան հրապարակումը բավարար չէ դատողություններ անելու համար, թե ինչպիսին կլինեն կուսակցության որդեգրած մարտավարությունը, քարոզչությունը, ֆինանսական ներդրումները, ինչի հնարավորությունն ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս իմաստով պարզաբանումները դեռ առջևում են։
Միաժամանակ իշխանական մյուս կուսակցություններն ակնհայտորեն բարդույթներ չունեն ՀՀԿ-ի հետ մրցապայքարի մեջ մտնելու առումով։ Արդեն իսկ շրջանառվում են ոչ անհիմն խոսակցություններ, որ անխտիր բոլոր իշխանական կուսակցությունները սկսել են համախոհների հավաքագրման գործընթաց` առաջին հերթին Երևանի թաղային համայնքների «հեղինակությունների» և ազդեցություն ունեցող բիզնեսմենների շրջանում։ «Չար լեզուները» պնդում են, որ այս իմաստով բացառություն չեն նաև ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, թեպետ, ի տարբերություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, այս երկու իշխանական կուսակցություններն առայժմ խաղում են «Չ ՑպՎվց՚»։ Այսինքն, նրանք առայժմ չեն հրապարակել գոնե իրենց ցուցակները գլխավորող անձանց ով լինելը, սակայն դա բնավ չի խանգարում աշխատել ռեսուրսների ձեռքբերման ուղղությամբ։ Այլ կերպ ասած, իշխանական կուսակցությունների համար այս ժամանակաշրջանը, մոտավորապես մինչև ապրիլի կեսը, «ինվենտարիզացիայի» փուլ է։ Նախապատրաստվելով մտնել ընտրարշավի մեջ, յուրաքանչյուրը զբաղված է իր ունեցած վարչական, տեղական, ֆինանսական, քարոզչական ռեսուրսները հաշվառելով և հնարավորինս դրանք ավելացնելով։ Ավելի որոշակի հստակեցումներ կլինեն, թերևս, ապրիլի կեսերին, երբ պարզ կդառնա ընտրական ցուցակների ամբողջ կազմը, և ըստ դրանց էլ հնարավոր կլինի որոշակի նախնական ենթադրություններ անել յուրաքանչյուր իշխանական ուժի իրական հավակնությունների ու հնարավորությունների մասին։
Ի տարբերություն իշխանական կուսակցությունների, արմատական ընդդիմության խնդիրն ավելի հեշտ է, և տվյալ պարագայում այնքան էլ կարևոր չէ, թե ընդդիմադիր կոնգրեսի շրջանակներում վարվող բանակցություններն ընտրական ցուցակի կազմավորման վերաբերյալ ինչ արդյունքների կհանգեցնեն։ Հայտնի է, որ հրապարակի վրա են արդեն երեք թեկնածուներ` Րաֆֆի Հովհաննիսյան, Ստեփան Դեմիրճյան և նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյան։ Սկզբունքորեն բոլոր երեքն էլ մայրաքաղաքում ունեն որոշակի վարկանիշ։ Եթե նկատի ունենանք, որ ընդդիմությունն ընտրությունների է գնալու ոչ թե քաղաքային իշխանությունը վերցնելու, այլ առհասարակ իշխանափոխություն իրականացնելու կարգախոսով, ապա վերոնշյալ երեք գործիչներից յուրաքանչյուրն էլ կարող է գլխավորել ցուցակը։ Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ տնտեսական իրավիճակից դժգոհ երևանցիների ստվար զանգվածի մի մասը պատրաստ է մասնակցելու ընդդիմության միջոցառումներին, կան ոչ անհիմն կանխատեսումներ, որ մինչև մայիս այդ զանգվածը դարձյալ որոշակի աճ կարձանագրի, հետևաբար ընդդիմության հաջողությունը պայմանավորված է լինելու նրա դիրքորոշման արմատականությամբ և իրավիճակը բևեռացնելու կարողությամբ։
Եվ վերջապես` հայրենի օլիգարխները։ Բացարձակապես թյուր է այն կարծիքը, թե լուրջ կարողություն ունեցող բոլոր անձինք Հայաստանում միանշանակ այնքան են ինտեգրացված իշխանությանը, որ, այսպես թե այնպես, աջակցելու են իշխանական որևէ կուսակցության կամ կուսակցությունների հաղթանակին։ Օլիգարխներն ամենից առաջ խոշոր տնտեսավարողներ են, նրանցից յուրաքանչյուրը մայրաքաղաքի հետ կապված շատ որոշակի բիզնես-հետաքրքրություններ ու շահագրգռություններ ունի։ ՈՒ թերևս պատահական չեն արդեն իսկ շրջանառվող լուրերը, որ լուրջ ֆինանսական միջոցների տիրապետող, բայց միաժամանակ առանձնապես չկուսակցականացված խոշոր տնտեսավարողներն արդեն իսկ մասնավոր հանդիպումներ են ունենում իշխանական կուսակցությունների վերնախավի հետ` վերջիններիս մտադրությունները, ծրագրերը, մոտեցումները, քաղաքային ավագանին գլխավորելու դեպքում նրանց հնարավոր քաղաքականության «նրբերանգները» ճշտելու և դրանք իրենց բիզնես-հետաքրքրությունների հետ համադրելու համար։ Ըստ այդմ, բոլորովին չի բացառվում, որ լինեն անսպասելի զարգացումներ, և առանձին խոշոր տնտեսավարողներ քողարկված և նույնիսկ բացահայտ աջակցություն ցուցաբերեն ոչ այն իշխանական կուսակցությանը, որի հետ իրենց կապերը մինչ օրս կասկած չէին հարուցում։
Մի խոսքով, մայրաքաղաքի շուրջ մեծ խաղն արդեն գործնականում սկսված է, խաղալու պատրաստակամություն ունեն բոլոր կողմերը։ Ըստ ավանդույթի, յուրաքանչյուր ուժ գոնե հանրությանը փորձում է ներկայանալ այնպես, ասես ունի նաև ընտրապայքարը շահելու իրական հնարավորություններ։ Շահելո՞ւ է, արդյոք, դրանից ժողովուրդը, մասնավորապես երևանցին, այս պահին շատ դժվար է կանխատեսել, որովհետև կանխատեսելի ընտրություն անցկացնելու թեզն ինքնին արդեն չի գործում։ Կառավարող կոալիցիան ընտրություններին է մասնակցելու մասնատված, իշխանական յուրաքանչյուր կուսակցություն պայքարելու է թե՛ դաշնակիցների, թե՛ ընդդիմության դեմ։ Դրան գումարած խորհրդարանում չներկայացված ուժերի հավակնությունները, որոնք նախընտրական գործընթացը դարձնելու են ավելի անկանխատեսելի։ Թեպետ դա միգուցե լավ է` իրո՛ք ժողովրդի ակտիվ մասնակցությամբ ընտրված ավագանի ու քաղաքապետ ունենալու համար։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ