ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Առաջնորդը նա է, ում ժողովուրդն է ծնում, ոչ թե նա, ով դրածոյի նման գալիս-նստում է ժողովրդի գլխին»

«Առաջնորդը նա է, ում ժողովուրդն է ծնում, ոչ թե նա, ով դրածոյի նման գալիս-նստում է ժողովրդի գլխին»
07.11.2008 | 00:00

«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԸ ՈՐԴԻ ՊԵՍ ԿՐԾՈՒՄ Է ԺԽՏԱԳԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Հայաստանի գրողների միությունը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության դաշտում՝ այստեղ վերջերս ծագած հայտնի կոնֆլիկտի պատճառով: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ հետ:
«ՊԻՏԻ ՄԻԱՄԻՏ ԼԻՆԵՆՔ՝ ԿԱՐԾԵԼՈՎ, ԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ԴՈՒՌ ՈՒ ԼՈՒՍԱՄՈՒՏ ԿԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ, ԻՍԿ ՇՔԱՄՈՒՏՔԸ ԿՓԱԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ»

-Պարո՛ն Անանյան, Ռուսաստանի Դաշնության նախագահի և քաղաքական վերնախավի ներկայացուցիչների այցելությունները Հայաստան ի՞նչ կտան մեր պետությանն ու ժողովրդին. ընդամենը հզոր դաշնակցի կողմից ուշադրության արժանանալու փաստով պայմանավորված համապատասխան բարոյահոգեբանական մթնոլո՞րտ, թե՞ նաև տեղաշարժեր սոցիալ-քաղաքական դաշտում:
-Կարծում եմ՝ հարցը պիտի շրջված ձևակերպենք: Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան քաղաքական մեծ կշիռ ունի, և վստահ եմ, որ դրանով էլ պայմանավորված են արդյունքների հնարավոր չափն ու կշիռը: Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը: Մեր տարածաշրջանի ոչ այնքան միանշանակ իրավիճակում մենք պիտի ճիշտ արժևորենք ՌԴ ղեկավարների այցելությունները Հայաստան: Ի դեպ, հընթացս դա Հայաստանի դերն է շեշտադրում Ռուսաստանի համար՝ որպես ռազմավարական դաշնակցի: Երկու երկրների տնտեսական ոլորտի պայմանագրերն էլ, կարծում եմ, կնպաստեն սոցիալական հարցերի բարելավմանը, կհանգեցնեն դրական տեղաշարժերի։
-Սարգսյան-Գյուլ հանդիպման առիթով չդադարող քաղաքագիտական վերլուծություններում հանդիպում ենք կանխատեսումների, թե Հայաստանի հետ փոխշփումների պարագայում որոշակի սառնություն կմտնի Անկարա-Բաքու հարաբերություններում: Հավատո՞ւմ եք սրան:
-Բնական է, որ Գյուլին ուղղված հրավերը և նրա այցը Հայաստան հակասական, իրարամերժ տեսակետների բախում արձանագրեց: Իհարկե, թուրքական դիվանագիտությունը մեզ համար նորույթ չէ, մեծ փորձառություն ունենք։ Այդ քաղաքականության պտուղները մենք միշտ տեսել ու տեսնում ենք, և պիտի միամիտ լինենք՝ կարծելով, թե Թուրքիան դուռ ու լուսամուտ կբացի Հայաստանի առաջ ու շքամուտքը կփակի Ադրբեջանի դեմ: Քաղաքականությունն առհասարակ բարդ ոլորտ է, իսկ թուրքական դիվանագիտությունն առանձնապես չկանխատեսվողներից է։ Կարծում եմ՝ Թուրքիան հաջողությամբ պիտի շարունակի իր խաղը, իր հարաբերությունները Հայաստանի հետ այնպես, որ դույզն-ինչ չտուժեն Անկարա-Բաքու գործակցությունն ու կապերը, որոնք միևնույն արմատի վրա են սերտաճած։
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՊԻՏԻ ԼԻՆԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԶԳՈՆ Է ՊԱՀՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ»
-Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմությունը մեկ-երկու ամսով դադարեցնում է հանրահավաքները՝ իշխանություններին արտաքին ճնշումներից զերծ պահելու և Արցախի ու հայ-թուրքական հարաբերությունների խնդիրների կարգավորման գործընթացին չխանգարելու նպատակով: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության այս քայլը:
-Մեր ընդդիմության և իշխանության բախումն ուղղակի որևէ միջանցք չէր թողնում, որպեսզի ինչ-որ տեղ համերաշխության, ժամանակավոր զինադադարի հնարավորություն լիներ: Բայց հիմա, անկախ ենթատեքստից, քայլ է արված, և ես ողջունում եմ այն։ Կարծում եմ, որ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից խելամիտ որոշում էր հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելը՝ անկախ այն հիմնավորումներից, թե իբր նա հուսահատվել է և այլևս անելիք չունի։ Այսպիսի շշուկներն ինձ չեն մտահոգում։ Ինձ մտահոգում է մեր ժողովրդի ապագան, մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Մեզանում, թերևս, համազգային թերապիայի պահանջ կա։ Մի շանս, որը թույլ կտա սթափվել և տեսնել, թե ուր ենք գլորվում։
-Առհասարակ, որևէ երկրի ընդդիմության նպատակը պետք է լինի իշխանություններին խանգարե՞լը, թե՞ օգնելն ու ուղղորդելը։
-Կա կառուցողական ընդդիմություն և կա ջարդարար ընդդիմություն։ Վերջերս մի առիթով ասել եմ, որ մեր հասարակության միջուկը որդի պես կրծում է ժխտագարությունը։ Ամեն ինչ հերքելու, ժխտելու մոլուցքը դառնում է համընդհանուր բարդ փսիխոզ։ Հանրության մի մասը փորձում է կայանալ, ինքնահաստատվել ոչ թե ինչ-որ բան ստեղծելով, քարի վրա մի քար դնելով, այլ ուրիշների արածը քանդելով, ուրիշներին ոչնչացնելով։ Սա ուղղակի ազգակործան ուղի է։ Իսկ ընդդիմությունը միշտ պիտի լինի, որովհետև նա զգոն է պահում իշխանությանը։ Առաջադեմ որևէ իշխանություն պետք է շնորհակալ լինի, որ կա ընդդիմություն։ Հակառակ դեպքում կվերադառնանք նրան, ինչ ունեինք ոչ հեռու անցյալում՝ ամբողջատիրական հասարակարգին։ Ընդդիմությունն էլ պիտի սպասի իր ժամին. երբ իշխանությունների ծրագրերն արդեն չեն բավարարում, երբ նրանց նախընտրական խոստումները չեն իրագործվում, ընդդիմությունն ինքնաբերաբար հնարավորություն է ստանում հաղթելու՝ առանց պետականության հիմքերը խախտելու, առանց բնաջնջելու կրքի, այլ խաղաղ մրցակցության ճանապարհով։ Սա չէ՞, արդյոք, ժողովրդավարություն կոչվածը։ Արևմուտքում ինչպե՞ս է արվում։ Իհարկե, այնտեղ էլ առանձնապես թորած վիճակ չէ, բայց գոնե մի իշխանությունից մյուսին անցումը կատարվում է առանց արյունահեղության մարմաջի։ Վերջին հաշվով՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը պիտի պարտադրվի, որ աթոռների համար չէ էս կռիվը, ժողովրդի կյանքը բարելավելու համար է։ Իշխանության եկողը պիտի իմանա, որ իր գերխնդիրը մի քանի տարի իր թիմով կյանքի վայելքներից օգտվելը չէ։ Առաջնորդը նա է, ում ժողովուրդն է ծնում, ոչ թե նա, ով դրածոյի նման գալիս-նստում է ժողովրդի գլխին։ Վաղուց ժամանակն է հասկանալու, որ մենք իրար դեմ չենք ապրում, իրար հետ ենք ապրում։ Մեր առաջընթացն էլ պետք է այդ միասնության մեջ տեսնենք։
-Ժողովրդի գլխին նստած դրածոները, տեղային իշխանիկները, կարծես, առավել ցայտուն են դրսևորվում մարզերում։ Վերջին ՏԻՄ ընտրությունների պատկերն այս իմաստով լավատեսության հիմքեր տալի՞ս է։
-Հանրապետության հյուսիս-արևելյան մի քանի համայնքներում օրեր առաջ ականատես եղա ընտրությունների գործընթացին։ Նկատեցի, որ, վերջապես, դուրս է մղվում փողի, կաշառքի գործոնը։ Ժողովուրդն արդեն ինքն է մերժում այդ երևույթը։ Կարելի է դրածո կամ իշխանիկ կոչել ՏԻՄ նորընտիր որոշ ղեկավարների, սակայն հարկ է խոստովանել նաև, որ առաջադրվող թեկնածուների ցանկում բացակայում են այնպիսի անհատներ, ում հետևից գնալով՝ ժողովուրդն ի զորու է մերժելու նախկիններին։ Իմ տպավորությամբ՝ այնտեղ, որտեղ ընտրողը չէր ուզում տեսնել նախկին ղեկավարին, նրան հանեց՝ շատ համախումբ կերպով։ Որոշ ղեկավարներ էլ մնացին, որովհետև, իրենց թերություններով հանդերձ, եղած թեկնածուների մեջ ամենամրցունակն էին, և առավելությունն էլ նրանց տրվեց։ Գուցե վատի ու վատագույնի միջև ընտրություն կատարեցին, դժվարանում եմ ասել, բայց այս անգամ մի քանի հազար դրամով իրենց ձայնն ու խիղճը չծախեցին։
«ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀՆԴԿԱՑԻԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՓԱԿՎԵԼ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ԹԵ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՆ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ»
-Մեր հանրապետությունում զգալի տոկոս են կազմում սոցիալապես անապահով ընտանիքները։ Այսպիսի հասարակության համար ճի՞շտ լուծում էր 12-ամյա հանրակրթությանն անցնելը։
-Կրթական ոլորտն այնքան կարևոր է, որ չպետք է կապել օրվա հացի հետ, մեր սոցիալական բազմադեմ խնդիրների ու հոգսերի հետ։ Ի վերջո, պիտի հասկանանք, որ կրթությունը և՛ հասարակության, և՛ պետության, և՛ ընտանիքի հիմքն է։ Այլ հարց է, որ 90-ական թվականներից մեր կրթական համակարգն անընդհատ «օպտիմալացվում» ու «բարեփոխվում» է, ցավոք, «Առաջադիմություն կպոռանք, հետ-հետ կքալենք» սկզբունքով։ Ես հանրակրթության մասնագետ չեմ, բայց չպետք է այսքան հաճախ տուրք տալ փորձարարությանը։ Լավ կլիներ, որ ուրիշների փորձի վրա սովորեինք, ոչ թե ամեն անգամ ինքներս հայտնվեինք փորձաճագարի վիճակում։ Կրթական համակարգը մեծապես կապված է ազգային հատկանիշների հետ։ Հայի տեսակը հուշում է կրթական մեր մոդելը մշակել՝ հենվելով կրթական հզոր ավանդույթի վրա։ Իհարկե, չենք կարող հնդկացիական արգելոց սարքել և հայտարարել, թե ազգային ավանդույթներն ենք պահպանում։ Ժամանակները փոխվում են, փոխվում են և միջազգային պահանջներն ու չափորոշիչները։ Մաղթենք, որ այս հերթական փորձարարությունը հաջող անցնի։
-Օրեր առաջ ահազանգ հնչեց, որ Բեռլինի համալսարանում փակման վտանգի առաջ է կանգնած հայագիտության ամբիոնը՝ համապատասխան ֆինանսավորում չունենալու պատճառով։ Խոսքն ընդամենը տարեկան 48 հազար եվրոյի մասին է։ Սա անհաղթահարելի՞գումար է համայն հայության համար։
-Խնդիրը կցանկանայի ավելի լայն դիտարկել։ Վիճակը միայն Բեռլինում չէ տագնապալի։ Վերջերս Սպահանում էի, այնտեղ էլ հիմնահարցերը շատ են։ Ավելին, արտերկրում հանդիպում են հայագիտական ամբիոններ, որոնք ոչ միայն հայանպաստ գործունեություն չեն ծավալում, այլև հակահայկական ուղղվածություն ունեն։ Երբեմն դրանց չլինելը լինելուց լավ է։ Պիտի որոշակիորեն համակարգել այդ կենտրոնների աշխատանքը։ Այս հարցում մեծ անելիք ունեն սփյուռքի և արտաքին գործոց նախարարությունները՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, գրականության ինստիտուտների հետ միասին։ Հաճախ այդ ամբիոնները ղեկավարում են մարդիկ, որոնք ուղղակի իրենց տեղում չեն։ Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնը պահելուց առաջ մենք պիտի տեսնենք, թե այն ինչ արտադրանք է տալիս։ Դրսում հայագիտության բաժանմունքներ կան, որոնք համալրվում են ամենացածր միավորներ հավաքած, մրցույթի նվազագույն շեմը հազիվ հաղթահարած դիմորդներով՝ ընդամենը բարձրագույն կրթության դիպլոմ ստանալու համար։ Այսինքն, դա մութ անտառ է, որում պիտի կարողանանք հստակորեն կողմնորոշվել, հասկանալ, թե ինչին պիտի տեր կանգնել, ինչին միջամտել, ինչից հրաժարվել, ինչպես գործակցել միմյանց հետ։ Այդ կենտրոններն առայժմ ցրիվ-ցրիվ կղզյակներ են հիշեցնում և երկխոսության մեջ չեն միմյանց հետ։ Դրանց կապը Հայաստանի գիտական կառույցների հետ պետք է ամրապնդել և այդպիսով զորացնել հայագիտությունն աշխարհում։
«ԹԻԹԵՌԻ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԵՐՕՐՅԱ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ԸՆԴՈՒՆԵԼ»
-Պարո՛ն Անանյան, Աբգար Ափինյանին Հայաստանի գրողների միությունից հեռացնելու հանգամանքը կարո՞ղ է միության ներսում գրողներին երկու բանակի բաժանելու պատճառ դառնալ։
-Չեմ կարծում, մանավանդ Ափինյանի հեռացումը բնավ էլ պայմանավորված չէ Անանյանի կամքով։ Վեց-յոթ տարի շարունակ, կանոնադրական դրույթները կոպտորեն խախտելով, նա բազում առիթներ է տվել, որ իրեն դուրս դնեն գրողական համայնքից։ Ոմանք ասում էին՝ եթե հեռացնենք, կհերոսանա։ Ի վերջո, հասավ բարոյական անկման մի շեմի, որից հետո այլևս ՀԳՄ շարքերում նրան հանդուրժելը նշանակում էր ոչ թե և ոչ միայն իմ՝ որպես միության նախագահի, այլ հենց միության արժանապատվության ոտնահարում։ Ահա ինչու գրողների միության նախագահությունը միաձայն որոշում ընդունեց, ՀԳՄ վարչությունն էլ գրեթե միաձայն հաստատեց այդ որոշումը։ Ընդհանրապես, մեր շուրջ 400 գրողների թվում երևի հատուկենտ մարդիկ գտնվեն, որ վաշ-վիշ անեն այդպիսի հակագրական երևույթից ազատվելու համար։ Այդ տեսակը հավերժական է, միշտ էլ եղել են աբգարներ։ Եվ թիթեռի կյանք ունեցող այս մերօրյա սկանդալներն էլ, որ հրահրվում են որոշ լրատվամիջոցների կողմից՝ լսարան շահելու նպատակով, չպետք է լուրջ ընդունել։ Եթե կարևորություն տանք աբգարիզմին, ուրեմն պիտի ամբողջ օրը զբաղվենք զրպարտագրերին հակահարված տալով։ Արժե՞ իջնել այդ մակարդակին։ Մանավանդ, շատ անելիք ունենք և մեր գործն ենք անում։ Այնպես որ հերթական փոթորիկ է մի բաժակ ջրում։
-Ձեր բազմազբաղ առօրյան հնարավորություն թողնո՞ւմ է ստեղծագործական աշխատանքի համար։
-Ընկերներս կատակով ասում են, թե իմ աշխատանքային օրը 25 ժամ է։ Վերջերս «Գարունի» խմբագրակազմն ինձ համոզեց վերստին ստանձնել գլխավոր խմբագրի պարտականությունները։ Տեսնենք՝ կհաջողվի՞ հանդեսը ոտքի հանել։ «Գարունում» աշխատել եմ 25 տարի, որից տասը՝ գլխավոր խմբագիր, համաձայնեցի ինչ-որ ժամանակ ՀԳՄ-ում աշխատանքի հետ զուգահեռաբար խմբագրել։ Ավարտել եմ Յուրի Պոլյակովի «Ուլը կաթի մեջ» ծավալուն վեպի թարգմանությունը։ Շուտով Բեյրութում լույս կտեսնի «Գարուն» ամսագրի մատենագրությունը, որ ես եմ կազմել։ Պատրաստ է «Արդի ռուսական արձակը» երկհատորյակի 2-րդ հատորը, որն ընդգրկված է 2009-ի հրատարակչական պլանում։ Եվ, վերջապես, մտադիր եմ լույս ընծայել բանաստեղծություններիս ամբողջական հատորը։
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4644

Մեկնաբանություններ