ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նոյեմբերի 5-ին ամերիկացիները կընտրեն իրենց 47-րդ նախագահին

Նոյեմբերի 5-ին ամերիկացիները կընտրեն իրենց 47-րդ նախագահին
13.10.2024 | 19:03

Չորս տարին մեկ՝ նոյեմբեր ամսվա առաջին երեքշաբթին, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների օրն է: Դա անփոփոխ օր է և ամերիկյան քաղաքական կյանքի թիվ մեկ իրադարձությունը: Այն, մեծ հաշվով, նաև գլոբալ քաղաքական նշանակություն ունի, որովհետև ընտրվում է հզոր գերտերության ղեկավարը: ԱՄՆ-ի օրենսդրությամբ նախագահն ունի լայն լիազորություններ, շատերը նույնականացնում են միապետի իշխանության հետ: Այս տարի նոյեմբերի 5-ն է 60-րդ նախագահական ընտրությունների օրը, երբ ամերիկացիները կընտրեն իրենց 47-րդ նախագահին: Եվ այսպես՝ Դոնալդ Թրամփ և Քամալա Հարիս, որպես երկկուսակցական քաղաքական համակարգում առաջադրված երկու կուսակցությունների՝ ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուներ: Ով՞ կհաղթի՝ այս հարցը աշխարհի բոլոր երկրների փորձագիտական և հետազոտական կենտրոններում և քաղաքական վերնախավերում, կուլիսների հետևում և նեղ շրջանակներում թաքնահարույց կանխատեսումներով քննարկվող հիմնական հարցն է՝ մինչև նոյեմբերի հինգը: Իհարկե, տարածված մոտեցում է այն, որ ճիշտը սոցիոլոգիական հարցումների վրա հիմնվելն է, բայց ես այդ կարծիքին չեմ: Օրինակ՝ Թրամփ-Հիլարի Քլինթոն 2016 թ. ընտրությունների ժամանակ սոցհարցումները միանշանակ հաղթող էին նշում Քլինթոնին, սակայն ընտրվեց Թրամփը, և սոցիոլոգները հայտնվեցին, մեղմ ասած, բավականին անհարմար դրության մեջ: Ներկա հարցումների տվյալներով՝ թեկնածուների վարկանիշը շատ մոտ է, և, բնականաբար, անորոշության չափաբաժինն էլ մեծ է: Եթե դեմոկրատների թեկնածուն մնար Բայդենը, կարելի էր չկասկածել Թրամփի հաղթանակին, բայց կուսակցական ղեկավար այրերը ժամանակին ճիշտ կողմնորոշվեցին և փոխեցին թեկնածուին: Հիմա Հարիսը լուրջ հակառակորդ է և ընտրազանգվածի նոր հատվածներ կարող է իր կողմը գրավել: Իմ դիտարկումներով թվեմ դրանք.

1. ԱՄՆ-ը երբեք չի ունեցել կին նախագահ, գերմանացիներն ունեցան Անգելա Մերկել, անգլիացիները՝ Մարգարետ Թետչեր, Թերեզա Մեյ և Լիս Տրանս, իտալացիները հիմա վայելում են Ջորջիա Մելոնիին և այլն: Հարիսի կին լինելը կարող է կողմնորոշիչ լինել իգական սեռի ընտրողների համար:

2. Ավանդաբար ԱՄՆ-ի ազգային և ռասայական փոքրամասնությունները քվեարկում են դեմոկրատների օգտին, օրինակ, այդ գործոնը կար Բարաք Օբամայի հաղթանակի գործում: Հարիսի դեպքում դա բացառված չէ: 3. ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական ընկերությունները հսկայական շահույթներ են ստանում ուկրաինական պատերազմի հետևանքով եկող ռազմական պատվերներից, և նրանց օգտին չէ պատերազմին վերջ տալու Թրամփի հռետորաբանությունը:

4. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, հատկապես գազի և նավթի արտահանման դեմ, մեծ եկամուտներ են ապահովում ամերիկյան խտացված/հեղուկ գազը Եվրոպայի վրա վաճառողներին, հասկանալի է, որ այս սեգմենտը ևս ձգտում է երկարաձգել առկա իրավիճակը:

5. Ռուսական էներգակիրների վրա դրված արգելանքը և գազատարների պայթեցումը նպաստում են ԵՄ առաջատար արդյունաբերական երկրների դեինդուստրալիզացիային, էներգակիրների թանկությունը ստիպում է կրճատել արդյունաբերական հզորությունները և կապիտալն արտահանել ԵՄ-ից դուրս: Լսեք Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Շոլցին կոշտ քննադատող ընդդիմադիր պատգամավորների ելույթները ԳՖՀ բունդեսթագում: Այս հանգամանքը ուղղակիորեն մեծացնում է ԵՄ կախվածությունը ԱՄՆ-ից, որը ևս որոշակի ամերիկյան շրջանակների շահերի աճին համապատասխան հանգամանք է:

Իհարկե, Թրամփը և նրա հանրապետական գործընկերները ևս ունեն որոշակի առավելություններ: Դեմոկրատների վարչակարգը քննադատվում է ուկրաինական և արաբա-իսրայելական պատերազմների սանձազերծման, Իրանի հետ հարաբերությունների փչացման, հասարակ ամերիկացիների սոցիալական խնդիրների լուծման փոխարեն միլիարդավոր դոլարների ռազմական օգնության, անօրինական ներգաղթի դեմ թույլ պայքարի , Չինաստանից եկող տնտեսական ծավալապաշտության դեմ անզորության և ռուսակենտրոն ու չինակենտրոն գլոբալ կառույցների (ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՏՄ) ամրապնդման համար: Քանի որ Քամալա Հարիսը գործող փոխնախագահն է, նա ևս կիսում է Բայդենի վարչակազմի քաղաքական անհաջողությունների պատասխանատվությունը: Այս իրողությունները նախընտրական քարոզարշավում դրական ազդեցություն կունենան հանրապետական թեկնածուի ընտրազանգվածի մեծացման վրա:

Սպասենք նոյեմբերի 5-ին:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 6868

Մեկնաբանություններ