ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Այն, ինչ կատարվեց Սումգայիթում 21 տարի առաջ, ցեղասպանություն էր

Այն, ինչ կատարվեց Սումգայիթում 21 տարի առաջ, ցեղասպանություն էր
27.02.2009 | 00:00

ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԻ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Տարիներ առաջ տարբեր ելույթներում, հրապարակումներում ու հոդվածներում անհերքելի փաստերի, փաստաթղթերի, լուսանկարների և ականատեսների վկայությունների հիման վրա բազմիցս ներկայացրել ենք 1988-ի փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության նկատմամբ իրականացված ոճրագործությունը, որը Խորհրդային Միության այն օրերի ղեկավարության թույլտվությամբ (կամ՝ հովանավորությամբ) կազմակերպել էին Ադրբեջանի ղեկավարները։ Քանի որ սումգայիթյան հանցագործությունն ուղղված էր հայ ժողովրդի դեմ, ուստի բնական, տրամաբանական և օրինական կլիներ, եթե Հայաստանի բարձրագույն իշխանության մարմինը՝ Գերագույն խորհուրդը, հանդես գար որպես հիմնական մեղադրող ու պահանջատեր։ Սակայն մինչև հիմա գոյություն ունի ընդամենը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թ. հունիսի 15-ի որոշումը՝ «Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ ուղղված ոճրագործությունները դատապարտելու մասին»։ Եվ ոչ մի խոսք` այդ հանցագործությանը քաղաքական գնահատական տալու, այն որպես ցեղասպանություն ճանաչելու և ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու համար միջազգային դատարան դիմելու մասին։
Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը գնահատական տալու համար անհրաժեշտ ենք համարում հիշեցնել 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում ընդունված «Ցեղասպանության հանցանքը կանխելու և այդ հանցանքի համար պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածը. «Սույն կոնվենցիայում ցեղասպանություն ասելով հասկացվում են հետևյալ այնպիսի գործողությունները, որոնք կատարվում են ազգային, ազգացեղական, ռասայական կամ կրոնական որևէ խումբ որպես այդպիսին լիովին կամ մասնակիորեն ոչնչացնելու դիտավորությամբ.
ա) այդպիսի խմբի անդամների սպանությունը,
բ) այդպիսի խմբի անդամներին մարմնական վնասվածքներ կամ մտավոր խանգարում պատճառելը,
գ) որևէ խմբի համար կանխամտածված կերպով կենսական այնպիսի պայմաններ ստեղծելը, որոնց նպատակն է այդ խմբի լիովին կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը...»։
Իսկ այժմ դիմենք պաշտոնական փաստաթղթերին, որոնք հաստատում են, որ Սումգայիթում իրականացված հանցագործությունն ուղղված էր հայերի դեմ։
ՏԱՍՍ-ի թղթակցի հետ հարցազրույցում ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևն ասել է. «Փետրվարի 27-ին Վ. Ի. Լենինի անվան հրապարակում հավաքվել էր բազմաքանակ ամբոխ, հիմնականում երիտասարդություն։ Սկսեցին հայազգի անձանց վրա հարձակվելու կոչեր հնչել... Սանձազերծ հռետորների ազգայնական (նացիոնալիստական) լոզունգները ներգործություն ունեցան. քաղաքի տարբեր շրջաններում երիտասարդ մարդկանց խմբերը սկսեցին ջարդել խանութների ցուցափեղկերը, ծեծել ազգությամբ հայ քաղաքացիներին... Հաջորդ օրը՝ փետրվարի 28-ին, իրադարձությունները հասան իրենց գագաթնակետին։ Հասարակական կարգի խախտումները ստացան առանձնապես չարանենգ բնույթ։ Ադրբեջանցի քաղաքացիների խմբերը, զինված փայտերով, քարերով և այլ առարկաներով, սկսեցին հարձակվել հայերի բնակարանների վրա, իրականացնել բռնության դաժան ակտեր, ոչնչացնել գույքը... Հետևանքները հայտնի են. սպանվել է 32 մարդ, նրանց մեջ՝ 26 հայ։ Ավերված են մոտ 200 բնակարաններ...» («Իզվեստիա», 20 օգոստոսի, 1988 թ.)։
Ահա մեկ այլ փաստաթուղթ՝ ԽՍՀՄ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի՝ Ա. Ահմեդովի և ուրիշների նկատմամբ մեղադրական դատավճիռը. «ԽՍՀՄ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան բացահայտել է. մեղադրյալ Ահմեդովը 1988 թ. փետրվարի 29-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում կազմակերպել և անմիջական մասնակցություն է ունեցել 41ա թաղամասում զանգվածային անկարգությունների մեջ, որոնք ուղեկցվել են ավերներով, ջարդերով, սպանություններով, հրկիզումներով և այլ հանցագործություններով... Վերցնելով հետաքննությամբ չբացահայտված անձնավորությունից մեգաֆոնը` նա սկսել է ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ դատաստան տեսնելու կոչ անել։ Իր շուրջը հավաքելով ջարդարարների բազմաքանակ խումբը... մեգաֆոնի միջոցով, մյուս ձեռքում կացինը բռնած, նա համարյա երեք ժամվա ընթացքում ղեկավարել է ջարդարարների գործողությունները, առաջարկելով բնակիչներին՝ ցույց տալ այն բնակարանները, որոնցում հայեր են ապրում, կոչ արել ավերել նրանց բնակարանները և գույքը, սպանել ազգությամբ հայ անձանց... Ահմեդովը, օգտագործելով մեգաֆոնը, ջարդարարներին կոչ էր անում զոհերին սպանել, գոռալով հետևյալ բառերը՝ «Ծեծե՛ք, սպանե՛ք, վառե՛ք»։ Ահմեդովի ղեկավարած խմբի հանցավոր գործողությունների արդյունքում սպանվել են Մելքումյանների ընտանիքի հինգ անդամներ` Մ. Համբարձումյանը և Ա. Առաքելյանը, լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել սպանված Ա. Առաքելյանի կինը՝ Ասյա Առաքելյանը և Ա. Բաբայանը, ավերվել են 17 բնակարաններ...»։
Ահա ևս մեկ փաստաթուղթ՝ N18/60232-88 գործի դատավճիռը. «1988 թ. դեկտեմբերի 20-ին Վորոնեժի շրջանային դատարանը Սումգայիթի քաղաքային ժողովրդական դատարանում քննելով Ա. Հ. Մեհդիևի և ուրիշների մեղադրական գործը, բացահայտել է. «1988 թ. փետրվարի 27-29-ին Ադր. ԽՍՀ ք. Սումգայիթում խուլիգանություն կատարած անձանց կողմից իրականացվեցին զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում իրականացվեցին ջարդեր, հրկիզումներ, հայազգի քաղաքացիների ծեծ, բռնաբարություններ, սպանություններ։ Այսպես, զանգվածային անկարգությունների ժամանակ նշված օրերին սպանվել է 32 մարդ, ավելի քան չորս հարյուր մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ենթարկվել են հարձակման, ավերվել է ավելի քան երկու հարյուր բնակարան, վնասվել են հիսունից ավելի առևտրի և կուլտուր-կենցաղային նշանակության օբյեկտներ, քառասունից ավելի ավտո-մոտոտրանսպորտ, որոնց մի մասը հրդեհվել է... Իմանալով Սումգայիթում հայազգի քաղաքացիների նկատմամբ ջարդերով, ավերածություններով, հրկիզումներով և նման այլ գործողություններով ուղեկցվող զանգվածային անկարգությունների մասին, Ա. Հ. Մեհդիևը 1988 թվականի փետրվարի 28-ին, ժամը 21-ի մոտ, Սումգայիթում, Լենինի և Բարեկամության փողոցների հատման մոտ, իր շուրջը հավաքելով բազմաքանակ անձանց խումբ՝ կազմված հիմնականում տեղացի ադրբեջանցիներից, վարել է բանավոր քարոզչություն այդ անձանց մեջ ադրբեջանցի և հայազգի քաղաքացիների միջև թշնամանք և երկպառակություն հրահրելու նպատակով՝ ելույթ ունենալով կանխահայտորեն զրպարտչական հերյուրանքներով այն մասին, որ իբրև թե հայ ժողովուրդը Հայկական ԽՍՀ տարածքում ծաղրուծանակի է ենթարկում այնտեղ բնակվող ադրբեջանցիներին, նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառում, արտաքսում է բնակարաններից, սպանում է նրանց, բռնաբարում կանանց։ Միևնույն ժամանակ Սումգայիթում հայերը զբաղեցնում են լավագույն պաշտոններն ու բնակարանները, իսկ ադրբեջանցիներն աշխատում են վնասակար պայմաններով հիմնարկներում, ապրում են նկուղներում և ինքնաշեն ու ոչ հարմարավետ հյուղակներում՝ «նախալստրոյում»։ Դրանից ելնելով՝ Մեհդիևը կոչ արեց նրանց ջարդերի միջոցով Սումգայիթ քաղաքի տարածքում բնակվող հայերից վրեժ լուծել, նրանց դուրս վռնդել իրենց զբաղեցրած բնակարաններից, ավերել դրանք, ոչնչացնել, այրել նրանց գույքը...
Մեհդիևն իր կազմակերպած՝ խուլիգանություն իրականացնող անձանց բազմաքանակ խումբը բերեց 4-րդ թաղամաս, Լենինի փ. N12/21 տան մոտ և կրկին կոչ արեց ջարդել հայազգի քաղաքացիների բնակարանները... Մեհդիևը, կազմակերպելով զանգվածային անկարգությունները, հանցավոր գործունեության մեջ է ընդգրկել մարդկանց մեծ խումբ... Նրա կազմակերպած Բաբաևների և Ավանեսյանների բնակարանների ջարդերի արդյունքում իրականացվել են ծանր հանցագործություններ, բռնաբարություններ, Ավանեսյան եղբայրների մտածված սպանություն...»։
Իսկ այժմ ներկայացնենք մի փաստաթուղթ, որում ջարդերի կազմակերպիչը... կին է։
«Վոլգոգրադի շրջանային դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան 1989 թ. փետրվարի 22-ին ք. Սումգայիթում բաց դատական նիստում քննելով մեղադրվող Սևիլ Ղարաքիշի կըզը Ասկերովայի քրեական գործը, պարզեց.
...Ասկերովան... կազմակերպել է զանգվածային անկարգություններ իր բնակավայրում՝ ք. Սումգայիթի 17-րդ միկրոշրջանում...
Բնակարան ներխուժելով, Խիդիրովը և երեք չբացահայտված անձինք, համոզվելով, որ Մելքումյանը հայուհի է, նրանից պահանջել են Քոչարյանի տեղը ցույց տալ (Մելքումյան Փիրուզան 17-րդ միկրոշրջանի ԲՇԳ-ի նախկին ղեկավար Գեղեցիկ Քոչարյանի 70-ամյա սկեսուրն է- Հ. ՈՒ.)։ Մերժում ստանալով և հայտարարելով, որ այդ դեպքում ինքը կսպանվի, Խիդիրովը, իր ձեռքում եղած կացնով մի քանի հարված հասցրեց Մելքումյանի դեմքին, գլխին, վզին, մեջքին, նրան պատճառելով՝ աջ քունքոսկրի բազմաբեկոր ջարդվածք, այտոսկրի և ճակատային ոսկրի ջարդվածքներ, վզի 3-րդ ողնոսկրի, լեզվատակի և կոկորդի ոսկորների ջարդվածքներ։ Կյանքի հետ անհամատեղելի այդ վնասվածքներից Մելքումյանը տեղում մահացել է»։
Կարծում եմ՝ բերված փաստերը բավարար են ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի ա) կետի համապատասխան Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը ցեղասպանություն որակելու համար։ Հոդվածը չծավալելու համար սահմանափակվեցինք միայն ա) կետով, սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել բ) կետին համապատասխանող լուրջ վնասվածքներ ստացած հայերի բժշկական տեղեկանքները։
Վերջաբանի փոխարեն
Ադրբեջանի ղեկավարությունը, միջազգային կառույցների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումներին (բանակցություններին) մասնակցելով, միաժամանակ երբեք չի մոռանում այդ բանակցություններից դուրս կատարել երկու բան.
1. ռազմատենչ հայտարարություններ այն մասին, որ չի բացառվում Ղարաբաղի հարցի լուծումը ռազմական ճանապարհով, ինչն էլ հաստատում են սահմանամերձ գոտում երբեմն-երբեմն կրակոցներ արձակելով հայկական կողմի վրա՝ ինչպես սահմանապահների ուղղությամբ, այնպես էլ խաղաղ բնակչության.
2. միջազգային կառույցներին ու հանրությանը Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելն է, որը, իբր թե, և՛ Խոջալուում է ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ, և՛ ադրբեջանական 7 շրջան է գրավել։
Եթե առաջին կետի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը՝ «մենք կռվելուց չենք վախենում, բայց մենք պատերազմ չենք ուզում», և՛ հասկանալի, և՛ ընդունելի է, ապա երկրորդ հարցի վերաբերյալ հայկական կողմի բացահայտ պասիվ ու պարտվողական դիրքորոշումն «անհասկանալի» և անընդունելի է։ «Անհասկանալին» այստեղ չակերտներով է, որովհետև մեզ համար շատ էլ հասկանալի է, որ հայկական կողմը պարտվում է, որովհետև չի կարողանում օգտագործել ո՛չ ներքին ռեսուրսները (հայ մասնագետների իրավաբանական մշակումները Ղարաբաղ-Արցախի և Հայաստանի սահմանների վերաբերյալ), ո՛չ էլ միջազգային կառույցների ընձեռած հնարավորությունները, տվյալ դեպքում` համապատասխան փաստաթղթերը բնիկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ցեղասպանության վերաբերյալ: ՄԱԿ-ի վերոհիշյալ կոնվենցիայի 9-րդ հոդվածն ասում է. «Սույն կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ կատարման հարցերով պայմանավորվող կողմերի միջև ծագող վեճերը, ներառյալ գենոցիդի 3-րդ հոդվածում թվարկված մյուս արարքներից որևէ մեկի կատարման համար այս կամ այն պետության պատասխանատվության առթիվ ծագող վեճերը, վիճող կողմերից որևէ մեկի պահանջով հանձնվում են միջազգային դատարանի քննարկմանը»:
Կասկած չունենք, որ Ազգային ժողովում գոնե մի քանի հայրենասեր պատգամավորներ կան, և հուսով ենք, որ հենց նրանք էլ կփորձեն ԱԺ-ում սումգայիթյան ոճիրը որպես ցեղասպանություն ճանաչելու հարց բարձրացնել և, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, այն ներկայացնել միջազգային դատարան՝ ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3283

Մեկնաբանություններ