Մարդու իրավունքների պաշտպանը գիշերը Ֆեյսբուքում գրել է.
«Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը: Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։ Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»:
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում նաև գրել է. «ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայուն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների: Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար: Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»: