Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ծագումնաբանություն, կամ` դեպի մեր արմատները

Ծագումնաբանություն, կամ` դեպի մեր արմատները
21.07.2009 | 00:00

ՎՐԱՑ ՀԻՆ ՄԱՏՅԱՆԸ` ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Հեթանոսական ժամանակները, ինչպես առաքյալներն են հաստատում, մարդկության մոլորության ժամանակներն էին և ոչ թե հոգևոր մեր սկիզբը: Որովհետև ո՛չ Ադամը, որ տեսնում էր Աստծուն, և ո՛չ Աստծո սիրելի Նոյը հեթանոս լինել չէին կարող: Ադամից սկսած տասը սերունդ մոլորվեց մեղքերով ու վայրագ կրքերով, այդպես փչացան, և այդ պատճառով եղավ ջրհեղեղը: Միայն Աստծո խոսքը լսող և կատարող Նոյը փրկվեց իր ընտանիքով: Եվ ամենքն էլ այսօր Աստվածապաշտ նույն Նոյի զարմերն են, ողջ մարդկությունը: Հեթանոսությունը, ուրեմն, Նոյի զարմերի` Աստծուց հեռանալու, տգիտորեն կամ ստվերային կարգով երևույթները քննելու կամ, ավելի հետո, մեծազոր մարդկանց որպես աստվածություն կռապաշտելու հետևանքով եղավ: Կամ արքան մահվան սպառնալիքով հրաման էր տալիս իր վաղամեռիկ որդու արձանը պաշտել, դրան զոհեր մատուցել: Կամ ավելի խայտառակն էլ. աստվածներ էին համարում անբան անասունների արձանները և այլն: Իբրև թե անբան կենդանիներն են իրենց ստեղծել: Դրանք ամենքն էլ Աստծո տված բանականությունից, Բանից, այն է` ճշմարտությունից հեռանալու մեծ մոլորումներ, մեծ շեղումներ էին, որից մեր ժողովրդին հանեց Հիսուս Քրիստոսը` Բանը, որից է բանականությունը և խոսքը: Եվ բանականությամբ ու խոսքով է նաև մարդը տարբերվում անասուններից:
ՀԱՅԸ ԵՐԲԵՎԷ ՀԵԹԱՆՈՍ ՉԻ ԵՂԵԼ
Հետևաբար, ոչ մարդկությունը և ոչ առավել ևս հայը հոգևոր ծագումնաբանությամբ, Նոյ արմատով երբևէ հեթանոս չեն եղել, թեպետ ծանր հեթանոսական շրջան ենք ունեցել, և, պատճառների մասին ասացինք, որոնք մոլորումներ են: Այս ամենը քաջ գիտեր Հոգևոր Նժդեհը, որ ասաց.
«Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն....Այս երկուսի ճակատագիրը նույնացած է»։
Որովհետև հեթանոսությունը միջանկյալ մի երևույթ է, երբ Աստծուց հեռացածները տգիտության մթի մեջ ընկան և մեղքի ու մահվան, բնական երևույթները չճանաչելու վախից կոչեցին աստվածներ իրենցից մի փոքր ավելի զորավորներին, որ ցածր զգայապաշտություն էր և մեղք` Արարչի ամենազորությունն ու մարդաստեղծությունը` մահկանացու արարածներին, անբան կենդանիներին կամ լուսատուներին վերագրելու տեսակետից: Եվ երբ Ամենքն էլ մեկ Աստծուց եղան, մնում են միայն այդ ճանաչողներն ու չճանաչողները: Որ Հայկ Նահապետը ևս մոլորություն ունեցավ` մասնակիցը դառնալով ապստամբ Բաբելոնը կառուցողներին, այդ ակնհայտ է, և այդքան իսկ հեռացավ ճշմարտությունից: Բայց լեզուների խառնակումից հետո Հայկը վերադարձավ իր ծագումնաբանական սկիզբ, այն է` Նոյ Նահապետի մոտ, Արարատի երկիր և դեմ եղավ Բաբելոնի ապստամբությանն ու աստվածընդդեմ թագավորին` Բել Նեբրոթին:
ԽՈՐԵՆԱՑԻՆ` ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ
Նախ, Խորենացին մեր նախնիներին ըստ սերնդաբանության այսպես է դասդասում. «Նոյ, Հաբեթ, Գոմեր, Թիրաս, Թորգոմ, Հայկ»: Հայկի ժամանակի մասին իր վիթխարի տրամաբանությամբ Միքայել Չամչյանն այս խնդիրները վերլուծելիս գրում է. «Նաև որ` աշտարակաշինության ժամանակ Նոյը դեռ կենդանի էր, որովհետև աշտարակաշինության ժամանակը հաշվվում է 114 կամ 200 թվականը` ջրհեղեղից հետո, իսկ Նոյը ջրհեղեղից հետո ապրեց 350 տարի: Եվ հայտնի է, որ Նոյը նրանց հետ չէր, ովքեր աշտարակ էին շինում, որովհետև սուրբ Գիրքն ասում է, թե միաբան չէր չարերին, ուրեմն` չէր էլ գնացել նրանց հետ, այլ մնացել էր Հայաստանում»: Այսինքն, ովքեր Նոյի հետ մնացին Հայաստանում, նրանք ևս չհեթանոսացան, Աստծո դեմ չապստամբեցին: Իսկ Հայկը աշտարակաշինության ամբարիշտությունը և հեթանոսացածների չարիքը հասկանալով, իր տոհմով վերադարձավ Արարատի երկիր, որտեղից գնացել էր: Վերադարձավ Նոյի մոտ և, բնականաբար, նրանից միաստվածության ոչ սակավ դաս քաղեց: Մի բան, որ առավել ակնհայտ տեսնում ենք Վրաց մատյանում, քան Խորենացին է ասում:
«Հայկը,- գրում է մեր Խորենացին,- վայելչակազմ էր, թիկնավետ, գանգրահեր, կրակոտ աչքերով, հաստ բազուկներով»: Հայկը նախանձախնդրորեն պահպանում էր իր եղբայրակից դյուցազունների իրավունքները: Սակայն «Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և բոլոր երկիրը գրավել: Բայց Հայկը չկամեցավ նրան հնազանդվել: Եվ Բաբելոնից, իր Արամանյակ որդին ծնելուց հետո, չվեց դեպի Արարատի երկիրը... իր բոլոր տուն ու տեղով»: Ապա Բելը պատգամավորներ է ուղարկում Հայկի մոտ, որ վերջինս հնազանդվի իրեն և «ապրի խաղաղությամբ»: Հայկը, խստորեն հանդիմանելով պատգամավորներին, հետ է ուղարկում նրանց: Այդ ժամանակ «Տիտանյան Բելը զորք է ժողովում նրա դեմ... հանդուգն ու անճոռնի ամբոխի զորությամբ, ինչպես մի հեղեղ, որ զառիվայրից ներքև է վիժում... Բելը կանգնած էր... մի բլրակի վրա, ինչպես դիտանոցում... Երբ երկու կողմի հսկաներն իրար հասան, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին... Տիտանյան (կեղծ) արքան զարհուրեց և սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև իր բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ տա... Աղեղնավոր Հայկն այս բանը հասկանալով` իրեն առաջ է նետում, մոտ է հասնում (կեղծ) արքային և պինդ քաշում լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը կպչում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի թափանցելով` անցնում, դուրս է գալիս նրա թիկունքի կողմից և գետին է խրվում։ Այս կերպով ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետնին ու շունչը փչում: Իսկ ամբոխը, քաջության այս ահագին գործը տեսնելով, փախչում է` ամեն մեկն իր երեսը դարձրած կողմը»:
Մենք կարճիկարճո մեջբերեցինք Խորենացուց, իսկ վկայությունն ամբողջությամբ կարող ենք նրա մատյանում ընթերցել, որովհետև մեր քննումն այսօր Վրաց մատյանի հիշատակարանն է: Իսկ վրաց ազգը սովորույթ ունի մեր յուրաքանչյուր փառավոր տաճարը կամ մեկ այլ բան իրեն վերագրել, սակայն երբ Հայկի և Հայկով հայոց ազգի գերադաս լինելն իրենց ազգության վրա իրենց հին մատյանում պահել է անխաթար, ապա Աստծո մատի ներկայության վկայությունն ենք այստեղ տեսնում, և արժան է մեզ վկայությունը պատշաճորեն ներկայացնել:
ՎՐԱՑ ՄԱՏՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հայկ Նահապետն ամեն հայի համար կարևոր անուն է: Որովհետև Հայկը Աստծո այն ընտրյալն էր և Նոյի Հաբեթ որդու այն շառավիղը, ում անունով անվանվեց թեպետ փոքր, սակայն ազնվազարմ ու արքայական մի ժողովուրդ:
Հայկի և Բելի պատերազմի մասին պատմող վրացական մայր Մատյանը «Քարթլիս Ցխովրեբա» է անվանվում: Գիրքը նվիրված է վրացիների նախահայրերի ու արքաների վարքին: Մատյանը սկսվում է Թորգոմի` Հայկի ու նրա եղբայրների հոր տոհմաբանությամբ և փառավոր հիշատակարան է մեր ազգի արմատական արժանիքներն ավելի լավ ճանաչելու, մանավանդ մեկ այլ ազգի աչքերով էլ. «Հայոց, վրաց, ռանաց, մովականաց, հերաց և լեզգաց, եգերացոց և կովկասեցոց, սրանց բոլորի նախահայրը մեկն էր` Թարգամոս (Թորգոմ) անվամբ, այս Թարգամոսը Թարշի որդին էր և Նոյի որդի Հաբեթի թոռն էր»: Խորենացին չի հիշատակում, թե Թորգոմն իր տոհմով եկավ Արարատի գոգահովիտը, այլ ասում է, որ «Հայկն իր տոհմով եկավ»: Ըստ վրացական մայր մատյանի` Թորգոմն է իր տոհմով գալիս Արարատի գոգահովիտ, բնականաբար` Հայկն էլ նրա հետ: «Թարգամոսը,- տեղեկացնում է Մատյանը,- քաջ մարդ էր ու ապրեց 600 տարի: Նրա որդիներից 8 մարդ հայտնի դարձավ` առաջինը կոչվում էր Հայոս (Հայկ), երկրորդը` Քարթլոս, երրորդը` Բարդոս, չորրորդը` Մովական, հինգերորդը` Լեկան, վեցերորդը` Հերոս, յոթերորդը` Կովկաս, ութերորդը` Էգրոս: Եվ ութ եղբայրները հսկաներ էին: Թարգամոսը բաժանեց իր երկիրն այս ութ հսկաների միջև ու լավագույն կեսը տվեց Հայոսին (Հայկին), իսկ մյուս յոթին տվեց իրենց բաժինը` ըստ նրանց արժանիքների...»: Այդ հին Մատյանում ստուգորեն նշվում է բաժանված այս երկրատարածքի քարտեզագրությունը, որ քարտեզագիրները կարող են, թե Աստված կամենա, օրերից մի օր հաշվի առնել: «Հայոսը բնակություն հաստատեց իր հոր` Թարգամոսի բնակավայրում» (ահա թե ինչու է Հայաստանն Աստվածաշնչում անվանվում նաև Թորգոմի տուն): «Յոթ հսկա եղբայրները, պատմում է վրացական մատյանը, ենթակա էին Հայկին` (Հայոսին), որ նրանց կառավարիչն ու տերն էր: Եվ այս բոլոր ութ հսկաները միասին ծառայում էին Նեբրոթ (Բել) հսկային, որը ողջ աշխարհի առաջին թագավորն էր»: Որ Նեբրոթ-Բելը մեծազոր էր, այդ է վկայում նաև Աստվածաշունչը` «Նեբրոթի նման զորավոր (ճարպիկ, խորամանկ, խարդախ) որսորդ չկար» արտահայտությամբ: Այստեղ կարճ հիշատակենք նաև Նեբրոթ-Բելի ծննդաբանական վկայությունը, որ ունենք Աստվածաշնչից. «Նեբրոթը Քամի Քուշ անունով որդու որդին էր»: Եվ ինչպես նշեցինք` «Նեբրոթն առաջին թագավորն էր ողջ աշխարհի»: Եվ Քամի շառավիղ Նեբրոթն էր բաբելոնյան չարագործության, Աստծո դեմ ամբարշտության կազմակերպողն ու հրահրողը, իսկ պիղծ Քամն իր ցեղով անիծվել էր իր հայր Նոյի կողմից` «հավիտյան, իր բոլոր սերունդներով, եղբայրներին ծառա լինելու»: Ահա այս անիծված, ծառա դասի պտուղն էր, որ բարձրացավ, դարձավ աշխարհի առաջին թագավոր, այն դեպքում, որ ինչպես Աստվածաշունչն է վկայում` «Իր ժողովրդի մեջ Աստված չէր կամենում, որ որևէ մարմնավոր թագավոր լինի, քանի որ ճիշտը` առաջնորդվելն էր Երկնքի Թագավորից»: Իզուր չէ նաև, որ Նեբրոթի անունը թարգմանվում է «ապստամբ», քանի որ այս Նեբրոթն էր, որ ապստամբեց նաև Աստծո կամքի դեմ, և անարժան լինելով` թագավոր դարձավ: Եվ, ըստ առաջնեկության պարտավորության, ոչ թե Նոյի անդրանիկ որդու` Սեմի շառավիղը, այլ փոքրի` Հաբեթի շառավիղ Հայկը չհաճեց Աստծո դեմ ապստամբած Նեբրոթին իբրև թագավոր ընդունել:
Եվ ինչպես վրացական աղբյուրն է վկայում, մեր Հայկը, կանչելով իր յոթ հսկայազարմ եղբայրներին, այս խոսքերն ասաց. «Բարձրյալն Աստված շնորհել է մեզ զորություն և բազմություն մեր տոհմին, արդ, օգնությամբ Արարչի, չլինենք (այլևս) ոչ ոքի ծառա և ոչ ոքի չծառայենք, բացի Արարիչ Աստծուց»: Հայկի խոսքին հավատացին յոթ եղբայրները և Նեբրոթին այլևս հարկ չտվեցին:
«Այնժամ,- վկայում է վրաց Մատյանը,- Նեբրոթը զայրացավ, հավաքեց իր հսկաներին և իր հպատակների զորքերին, ելավ Թարգամոսյանների դեմ, իսկ Հայոսը ժողովեց իր յոթ հսկա եղբայրներին (իրենց զորքերով) և Թարգամոսյանների բոլոր տոհմակներին, և օգնություն ցույց տվեցին արևմտյան այլևայլ տոհմեր էլ»: «...Հայոսը, որ կանգնած էր հսկաների թիկունքում, քաջալերում ու մխիթարում էր ահարկու ձայնով, որ նման էր կայծակի ճայթյունին: Այնժամ հաղթեցին Թարգամոսյանները և կոտորեցին Նեբրոթի վաթսուն հսկաներին ու նրանց զորքին: Ապա Թարգամոսյան յոթ հսկաները, որ ողջ մնացին, հաղթանակած փառաբանում էին Աստծուն»:
Սկսվում է պատերազմի երրորդ փուլը: Առաջին երկու փուլերին ո՛չ Հայկը և ո՛չ էլ Նեբրոթ-Բելը ֆիզիկապես չէին մասնակցում: «Երբ լսեց Նեբրոթը իր (վաթսուն) հսկաների և զորքի պարտության մասին, բարկացավ և Հայոսի ու նրա եղբայրների դեմ շարժվեց ողջ ուժով: Բայց Հայոսը չուներ Նեբրոթի զորքերի չափ ուժեղ զորք ու ամրացավ Մասիսի քերծերում: Նեբրոթը մոտեցավ ցածի կողմից և ոտքից գլուխ զինված էր երկաթով ու պղնձով»: Նեբրոթը կրկին անցնելով քաղցրալեզու խաբեության, ուզում էր Հայկի հետ խոսել, պահանջելով, որ Հայկը կրկին հպատակ մնա իրեն և իր մոտ դառնա կամովին: Այդ ժամանակ Հայոսը դիմեց իր եղբայրներին. «Ամրացրե՛ք իմ թիկունքի կողմը, որ Նեբրոթին ընդառաջ գնամ»: Եվ գնաց դեմ հանդիման, մոտեցավ Նեբրոթին (Բելին) և իր նետն արձակեց Նեբրոթի կրծքին, որը կրծքի պղնձյա տախտակը ճեղքել-անցնելով, դուրս եկավ նրա թիկունքի կողմից: Այնժամ վայր ընկավ Նեբրոթը, և նրա բանակը փախուստի դիմեց: Եվ բռնատիրությունից ձերբազատվեցին Թարգամոսյան տոհմերը: Այնժամ Հայոսն իրեն արքա հռչակեց իր եղբայրների և իր մերձակա սահմանակից տոհմերի (ցեղերի) վրա, իսկ յոթ հսկաները` յուրաքանչյուրը գնաց իր երկիրը և հպատակ էին Հայոսին»:
«ՈՒթ եղբայրների մասին» վկայաբանությունն իր նուրբ գագաթնակետ անցումներով, լեզվով, շնչով առավել աստվածաշնչյան բխում ունի և Խորենացու Մատյանին այդպես առավել ևս լրացնելով, պատմում է Աստվածապաշտությամբ անհաղթ բազուկ ունեցող, փառավոր մեր արմատական նախնիների մասին: Ինչպես տեսանք, Բել Նեբրոթը աշխարհի առաջին ոչ օրինական թագավորն էր, այսինքն, բռնատեր և այն էլ` հավիտյան ծառա լինելուն իր ծնողից անիծված: Տեղեկատվական դաշտից հայտնի է, որ Սուրբ Գրքի կանխատեսած 666 նշանակիր համաշխարհային Նեռն է այսօր աշխարհ գալիս, որ Հայր Աստծո կողմից է անիծված, ինչպես աշխարհի առաջին անօրեն թագավորը: Եվ Նեռի առաջ ավերիչ նախապատրաստական «ճանապարհն են հարթում» նրան ծրագրավորողները, որ սատանայից դրդված, մարդկությանը փորձանքների միջոցով տկարացնելով` Նեռին բարձրացնեն որպես աշխարհի անօրեն թագավոր, որպես նոր Նեբրոթ-կեղծ արքա և կեղծ քրիստոս: Մի խոսքով, Հովհաննեսի Հայտնության գործոններն ակնհայտ սկսում են երևալ, իրականանալ: Բնականաբար, այս վտանգներից զերծ չէ նաև Հայաստանը: Սուրբ գրքերը Նեռի գործունեությունը մարդկության մեջ անվանում են ընդդեմ կամ հակառակ քրիստոնեության լույսին ու ճշմարտությանը, փրկության աստվածային ճանապարհին` Շնորհալու և մեր բոլոր մեծությունների լուսավոր խոսքին: Ըստ Հովհաննեսի Հայտնության, նեռականները (չարերը) աճպարարի ճարպկությամբ խաբելու և բռնատիրելու են աշխարհի թագավորություններին: Աստծո համբերության սահմանաժամանակն այդ գործընթացները 70 տարի փորձության ժամանակներ է նախօրոք թույլ տվել, իսկ Նեռի թագավոր լինելու ժամանակը` երեք տարի վեց ամիս սահմանել: Եվ Աստված հրահանգում է տեղի չտալ Նեռին մեր մեջ, որ ժողովուրդը փորձանքի չգա: Այնքան էլ շատ ժամանակ չի անցել, երբ նույն ծրագրերով հայերին կամենում էին պարտադրել Նեմրութ (նույնն է` Նեբրովթ, Բել) չարի անունով քարտ, երբ Հայկի գենը` մեր էպոսի Սասունցի Դավթի մանուկ օրերին էլ, Մսրա Մելիքի սրի տակով չանցավ: Աստվածաշնչյան մի հայտնություն է նաև մեր ազգային էպոսը: Ոչ թե հորինվածք է, այլ խորհրդանշանակ բանալի-քաջալերանք: Հովհաննեսի Հայտնության Գիրքը վկայում է, որ Նոր Բաբելոնն Աստծո հայտնության հարվածից փլուզվելու է, իսկ Նեռը սատակելու է Քրիստոսի` երկնքում երևալուց: Սակայն հայերիս, մանավանդ հայ իշխանավորներին հարկ ու պատշաճ է խոր քրիստոնյա լինել ու մնալ, հավատալ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, Աստվածաշնչյան նախազգուշացումներին ակնածորեն ուշք դնելով, որպեսզի կուլ չտան այն խայծերը, որոնցով Աստվածաշնչով զգուշացված համաշխարհային գազանի որոգայթներն են լարվում աշխարհի ժողովուրդների, նաև մեր ժողովրդի դեմ, որպեսզի ազգովի չվնասվենք կամ որքան հնարավոր է` քիչ վնաս կրենք: Իսկ իրեն հավատարմողներին Աստված խոստացել է, որ ամոթի մեջ երբևէ չի թողնելու:
Փոքր այն ժողովուրդներս, որ քրիստոնեական բարձրաճաշակ մշակություն ունենք, հարկ է այդ հաղթական մշակույթին հավատարմենք` ի բարօրություն մեր ժողովրդի հոգևոր ապագայի: Մինչև քրիստոնեական սրբալույս հաղթություն: Հաղթություն, որ պիտի լինի, և որի մասին ապագան դիտելով պատմել է մեզ սուրբ Սահակ Պարթևն իր սքանչելի տեսիլքով:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5342

Մեկնաբանություններ