Երանի նրան, ով տեսել է 1992-ի ազատագրված Շուշին, զենք ու դեղորայք տեղափոխող ինքնաթիռով չի թռչել Ստեփանակերտ, որն այլևս չէր հրթիռակոծվում քյոսալարի, ջանհասանի, թշնամու մյուս հենակետերից:
Ի՜նչ երանություն էր, մարդ կարող էր ուրախությունից մեռնել:
Ասես՝ պատերազմն ավարտվել էր, մինչդեռ, ավաղ, այն նոր էր սկսվում... Բայց դա արդեն կարևոր չէր:
Ժողովուրդն ապաստարաններից դուրս էր եկել փողոցներ, ամեն երկրորդը «թռչում» էր Շուշի՜, շնչակտուր, արտասվում ու փարվում Ղազանչեցոցի կիսավեր պատերին, գրկում ազատարարներին, լացում ու ծիծաղում:
Հայի դարավոր երազանքն ի կատար էր, թուրքի յաթաղանից ազատագրված էր պատմական Շուշին:
92-ն էր, հորս խոստացել էի գնալ ու տեսնել իր սիրելի կրթօջախը՝ Շուշիի ռեալական ուսումնարանը, գտնել նրա տնօրեն Արսեն Խաչատրյանի տունը, իրենց:
Ավաղ, ուսումնարանի շենքն ավերված էր. քարուքանդ տներ, փողոցներ, չգտա մեծ շուշեցուն, նրա ընտանիքը:
Տունը, որտեղ նրանք ապրում էին, լիովին թալանված, ավերված էր:
Նա հեռացել էր Շուշիից՝ երեխայի պես արտասվելով:
Ավերված էին Սուրբ Ղազանչեցոցը, Օրիորդաց դպրոցը, Ժամհարյանների հիվանդանոցը, հայկական գերեզմանները, սրբավայրերը…
Կարևորը՝ Շուշին արդեն մերն էր. երևի բոլորն էին այդպես մտածում, ավերների մեջ՝ փայլում էին հայերը: Ավերվածը վերականգնելի է:
Շուշիի ազատագրումը սփոփում էր այս ամենը, թեթևացնում այն վիշտը, որին ամեն քայլափոխի ականատես էի լինում:
Քանիսիս սրտերը վատացան երջանկությունից, Շուշիի հաղթանակից, բայց դա չէր հուզում. թող որ մեռնեինք ազատագրված Շուշիի պատերի տակ, փույթ չէր:
Երանի նրան, ով թշնամուց մաքրված Շուշին առաջին տեսնողներից էր. կատարյալ էր թուրքից մաքրված, ոչ մի թաքստոցից թշնամին չէր կարող կրակել, հարամել հաղթանակի ուրախությունը:
Թուրքի ոտքն իսպառ էր կտրված Շուշիից, միայն ազատարարներն էին, բնիկ շուշեցիները, որ շտապել էին հայրենի քաղաք: Հայերով էինք:
Երանի ազատագրումը տեսնողներին, որ հազիվ են դիմանում այսօրվա Շուշիի ողբերգությանը:
Ո՞նց ենք դիմանում էսչափ չարին:
Ո՞նց դիմանար Շուշիի մեծ ազատարարի, լեգենդար զորավար Արկադի Տեր-Թադևոսյանի սիրտը…
Երանի նրան, ով դառնացած հոգով չի հեռանա աշխարհից:
Այն ոգին, որ ես եմ տեսել ազատագրված Շուշիում, իրավունք չունի կորչելու:
Երկնքից լինի, թե գետնի տակից՝ մեզ բա՛ց չթողնես, Զորավար:
Պատուհասած դժբախտությունը բոլորիս անպաշտպան է դարձրել, ուշքդ հետ պահիր:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս
Լուսանկարը՝ հեղինակի ֆեյսբուքյան էջից