Խոհանոցով զարմացած կանայք ու նարդի խաղացող տղամարդիկ
31.03.2020 | 01:29
Չգիտեմ՝ Հայաստանում իրականում քանի մարդ է անսացել իշխանության կամ պարետի կոչ-հորդորին ու մնացել տանը, բայց որ հասարակության մեծամասնությունը լուրջ չի վերաբերվում «կարանտին» կոչվող երևույթին, անվիճելի փաստ է: Բակերում միջին ու տարեց տարիքի տղամարդիկ շարունակում են նարդի խաղալ, երիտասարդներն իրար կողքի կանգնած արևածաղկի սերմ են ուտում ու թղթախաղ խաղում, իսկ խանութներում իրար գլխի հավաքված բազմությունը կարծես ապոկալիպսիսի մասին է գուժում: Չնայած, կարծում եմ, որ այդ ամենը բնական է, քանզի սոցիալականությանը սովոր մարդուն տանը փակելու միայն մեկ ձև կա՝ եթե պարետային ժամ է: Թեև պարետը որոշել է, որ տնից պետք է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, դուրս գալիս էլ հատուկ նմուշի լրացրած ձևաթուղթ ու անձնագիր ունենալ, բայց հստակ չէ՝ փաստաթղթերի առկայությունն ինչ է տալու պետությանը: Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ոստիկանները տուգանում ձևաթուղթ չունեցող մարդուն, բայց դրան զուգահեռ, օրինակ, մեր բակի տաղավարում իրար կողքի նստած մարդիկ հիմա էլ շարունակում են քննարկել կորոնավիրուսի վտանգավորության հարցը: Կարճ ասած՝ այս օրերին աշխատանքի գնացող մարդկանց համար հայտնի անեկդոտի սցենարն է գործում՝ ամեն ինչ նույնն է, ուղղղակի թղթաբանությունն է ավելացել: Եթե փողոցներում լռություն է, անաղմուկ խուճապ, ապա խանդավառ էմոցիաների տարափ է թևածում Facebook սոցիալական ցանցում: Երեխաներով ու թոռնիկներով հիացող ծնողներն ու տատիկ-պապիկները տարածում եմ առցանց դասերի տեսագրությունը, ոգևորվում, հիանում, հպարտանում իրենց որդիներով: Կարծես պատեհ առիթ էին ման գալիս, որ ի լուր աշխարհի ասեն, թե ինչ լավ ժառանգներ ունեն: Բոլոր այն մարդիկ, որ երբեք էլ աչքի չեն ընկել առանձնակի աշխատասիրությամբ, տանը մնալն այժմ բանտարկության հետ են համեմատում ու Աստված կանչում, թե երբ են գնալու այնքան սիրելի աշխատավայր: Աշխատանքի չգնալու մտքից գլուխը կորցրածներին խորհուրդ եմ տալիս ցանկացած մարզ մեկնել, օգնել գյուղացիներին, օրինակ, հող փորել: Բայց եթե բահ վերցնելը Facebook-ում բացառապես նոր լուսանկար ավելացնելու նպատակ է հետապնդելու, ապա ավելի լավ է շարունակել տանը մնալ, գրկել սմարթֆոնն ու դժգոհել անարդար բախտից: Առանձնակի ծանր, ոչ նախանձելի է այն կանանց վիճակը, որ այս օրերին են բացահայտել՝ ինչ լավ բան է խոհանոցը: Անգամ իրենք են զարմանում, թե ինչպես են կարողացել ինչ-որ ուտեստ պատրաստել ու զարմացնել ամուսնուն, երեխաներին: Անչափ հետաքրքիր է, թե իրենց իսկ վրա զարմացող կանայք մինչև կորոնավիրուսն ինչպե՞ս են կերակրել ընտանիքը:
Ըստ երևույթին՝ սա կարանտին է հայկական ձևով: Պետք է րոպե առաջ վերջ տալ արհեստական այս ներկայացմանն ու լծվել պետությունը շենացնելու գործին: Կա՛մ պարետային ժամ սահմանել ու տնից դուրս գալը պատժել օրենքով, կա՛մ վերացնել ամեն տեսակի արգելք ու կյանքը շարունակել բնականոն հունով:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ