ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Իշխանություններն ինչու՞ հենց հիմա հիշեցին, որ ծառ հատելը մեղք է

Իշխանություններն ինչու՞ հենց հիմա հիշեցին, որ ծառ հատելը մեղք է
19.07.2019 | 01:45

Ծառահատումը պետք է արգելել, ու օրենքը պետք է տարածվի բոլորի վրա, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ամեն անգամ, երբ կարդում եմ, որ ապօրինի ծառահատման համար ինչ-որ մեկին պատասխանատվության են կանչել, մտածում եմ՝ փայտահատը հատված ծառը վաճառելու՞ էր, թե՞ դրանով երեխաներին էր տաքացնելու: Քաղաքի տաքուկ անկյուններում նստած անչափ հեշտ է որոշել` գյուղացին ինչպես տաքանա ձմռանը՝ փա՞յտ վառի, աթա՞ր, թե՞ գազ կամ էլեկտրաէներգիա օգտագործի: Վերջին երկուսի համար մարդկանց գումար է պետք, գումարի համար` աշխատանք, և այսպես շարունակ: Իմ ծննդավայր Ախթալայում ընտանիքս 2010-ից տունը գազով կամ հոսանքով է տաքացնում, բայց քիչ չեն մարդիկ, որ մի քանի տարի գազ օգտագործելուց հետո նորից փայտին են անցել, որովհետև այն ավելի մատչելի է, ջերմությունն էլ երկար է պահում: Փափուկ աթոռներին բազմածները նաև տեղյակ չեն, թե ձմռանը տաքանալու, օրվա կերակուր պատրաստելու, հաց թխելու կամ էլ ձմռանն անհրաժեշտ պահածոների պատրաստման համար գյուղի երեխաներն ինչպես են վաղ առավոտից անտառ գնում ու վնասելով բնությանը՝ հարցականի տակ են դնում իրենց դեռ չապրած կյանքը: Թեմայի շուրջ խորհելիս հաճախ եմ ինքս ինձ հետ կռիվ տալիս, բայց միշտ գալիս եմ այն եզրահանգման, որ քանի դեռ մարդկանց համար անհրաժեշտ պայմաններ չենք ապահովել, աղքատության ու սոցիալական անապահովության հարցը չենք լուծել, գյուղաբնակ երեխաներին չենք պարգևել մանկությունն ու պատանեկությունն անհոգ ապրելու բերկրանքը, վերամբարձ տոնայնությամբ խոսելու իրավունք չունենք: Ի՞նչ խոսք, ծառահատմամբ կոնկրետ մարդիկ բիզնես են անում, գաղտնիք չէ նաև, որ փայտանյութի բիզնեսով զբաղվողները կա՛մ անտառապահներն են, կա՛մ նրանք ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ են բիզնեսմենների հետ ու իրենց «փայն» ունեն:

Պատկան մարմինների հայտարարությունները, թե մարդիկ հատուկ կտրոնով կարող են տանել անտառի քամատապալ ու փտած ծառերը, բարի հեքիաթ են հիշեցնում: Շատ լավ գիտենք, որ այդ կտրոնների անվան տակ հատվում են կանգուն ծառերը, ու տարիներ ի վեր այդ գործում հմտացած անտառապահի անմիջական միջնորդությամբ բեռնատարը լքում է անտառը: Ինձ հետաքրքրում է, թե ինչու են իշխանություններն այժմ հիշել, որ ծառ հատելը մեղք է: Գուցե խաղի կանոններն ու դրա կազմակերպիչնե՞րն են փոխվել: Սրանք հարցեր են, որոնց համար արդարացի պատասխան ստանալու մղումով նախ և առաջ պետք է պայքարեն օրենքի երկիր կառուցելու մասին վերամբարձ հայտարարություններ անողները: Պետք է ամեն բան անել, որ մարդիկ գիտակցեն, հասկանան, ընդունեն՝ անտառ հատելը սխալ է, պետք է մտածել բնության մասին, սիրել, փաղաքշել ու խնամել անտառը, ամեն հատվող ծառի դիմաց 10 ծառ տնկել: Եվ վերջապես պահանջել, հսկել, որ փայտի գործ անող մի բիզնեսմենը մեկ ուրիշով չփոխարինվի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ