«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքից տեղեկանում ենք, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել է Արմավիրի մարզի մի քանի համայնքներ, որոնք վերջին օրերին ուժգին կարկտահարության պատճառով մեծ վնասներ են կրել: Գ.Ծառուկյանը ծանոթացել է գյուղացիների հոգսերին։
Վերջիններս ԲՀԿ նախագահի հետ զրույցում ներկայացրել են իրենց ծայրահեղ վիճակը, պատմել, թե ինչ դժվարին կացության մեջ են հայտնվել`վայրկյանների ընթացքում կորցնելով տարվա ամբողջ բերքն ու ապրուստը: Նրանք նշել են, որ մարզի ավելի քան 43 համայնքներում բերք գրեթե չի մնացել:
ԲՀԿ առաջնորդը, լսելով գյուղացիների մտահոգությունները՝ նշել է, որ լավ է գիտակցում բոլոր խնդիրներն ու գիտի, թե ինչ ահռելի վնասներ են կրել բազմաթիվ ընտանիքներ: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինքնարժեքով հատկացված ավելի քան 200 միլիոն դրամի արժողության պարարտանյութերի և դեղորայքի գումարը գյուղացիներն այլևս ստիպված չեն լինելու վճարել: Գագիկ Ծառուկյանը հենց տեղում հանձնարարել է նաև կարկուտից առավել շատ տուժած հինգ գյուղերում հնարավորինս սեղմ ժամկետներում հակակարկտային կայաններ տեղադրել:
Գագիկ Ծառուկյանը խոստացել է, որ խորհրդարանական առաջիկա քառօրյա նիստին ԲՀԿ խմբակցությունն անպայմանորեն կբարձրացնի նաև գյուղացիների բարձր տոկոսադրույքով վարկերի հետ կապված հարցը: Վերջիններս կրած վնասների դիմաց պետությունից փոխհատուցում են պահանջում: ԲՀԿ նախագահը նշել է, որ առաջին հերթին պետք է լուծել գյուղացիական վարկերի տոկոսների իջեցման և դոտացիաների տրամադրման խնդիրները:
«Ես ձեզանից մեկն եմ, ձեր հոգսերն ու խնդիրները նաև իմն են»,- նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ գյուղացիների թիկունքին է մշտապես և ցանկացած խնդրի պարագայում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ