08.05.2013|
13:08
Մայիսի 6-ին Երևանի Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, «Հայ ժողովրդից՝ արաբ ժողովրդին» երախտիքի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն։ Այն նվիրված էր Սիրիայի ու Լիբանանի մեծ ողբերգությանը։ 1916-ի մայիսի 6-ին թուրք Ջամալ փաշան, ով Կոստանդնուպոլսից գործուղվել էր Սիրիա, կախաղան հանեց արաբ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչների՝ ազգային-ազատագրական պայքարի մարտիկների։ Արաբները մինչ օրս հիշատակում են այս օրը և ոգեկոչում զոհերի հիշատակը։ Մայիսի 6-ին Հայաստանում բնակվող սիրիահայերը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին թուրքերի կողմից սպանված արաբների հիշատակին։ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի հանդիսապետությամբ կատարվեց արարողություն։ Նշենք, որ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը ժամանակին եղել է Սիրիայի թեմի առաջնորդ։