Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մենք Հայրենիք ենք կորցնում` ժամում մեկ գյուղ արագությամբ»

«Մենք Հայրենիք ենք կորցնում` ժամում մեկ գյուղ արագությամբ»
14.04.2023 | 10:57

Հրապարակման վերտառությունը մեր անմահացած հերոսներից մեկի ծնողի բնորոշումն է։ Եվ սա վաղուց արդեն մեր իրականության մաթեմատիկական բանաձևն է, որը փոխելը թվում է անհնար, քանի դեռ կա հայրենիքի ամբողջական պատկերն իր հոգում չկրող անհայրենիքների մի ստվար զանգված։

Բայց անգամ նրանք չեն մեր ամենավտանգավոր գերխնդիրը։ Ամենասարսափելին այն է, որ դեռ կան իբրև թե «քաղաքականությամբ չզբաղվող մտավորականներ», որոնք առիթի դեպքում չեն զլանում հարցազրույցներ տալ, ասել, որ «պոզիտիվ տրամադրությամբ» են գնում Եռաբլուր` այն Եռաբլուրը, որի ցավի ծանրությունից արդեն Ծիծեռնակաբերդն էլ է ամաչում, այնքա՜ն մարած լույսեր կան:
Մի «հռչակավոր» դեմք էլ շարունակում է ցեղասպանին և հայաջինջին համեմատել անտիկ աշխարհի փիլիսոփաների հետ։
Մինչդեռ այդ ասողը կյանքի 90-րդ տարվա շեմին գտնվող ակադեմիկոս է։ Միշտ լսում եմ և մտածում` մի՞թե այսպիսի «հանճարեղ» մտորումների հանգելու համար արժեր ապրել իննը տասնամյակ ու կարդալ աշխարհի բոլոր հնարավոր գրքերը` սկսած նույն անտիկ աշխարհի փիլիսոփաներից։
Բայց դեռ մի կողմ թողնենք այսպիսի կերպարներին, որոնց պետք է անդրադառնալ մեկ առ մեկ։ Փոխարենը ուշադիր նայեք այս ծնողների աչքերին:
Նրանց որդիներն անմահացան, որ մեր ազգի հաջորդ սերունդները ևս հայրենիք ունենան։ Եթե ոչ որևէ ընդդիմադիր գործչի, ապա գո՛նե հերոսածին ծնողների շուրջ պիտի լինի համախմբումը, որ պայքարում մենակ չմնան։ Ես վաղուց չեմ ակնկալում, թե լիարժեք պայքարի համար պիտի ձևավորվի «կրեատիվ զանգված», ինչպես հաճախ ասում են։ Չի լինելու, քանի որ հայրենիքի համար իրական պայքարողների թիկունքին կանգնած չեն լինելու դրսի ուժեր, ինչը տրամաբանական է։ Սա լինելու է փոքրաթիվ ազգային ուժերի պայքարը, որը եթե կառավարման ճիշտ տեխնոլոգիաներով կազմակերպվի, կարող ենք հույս ունենալ պահպանել եղած այս վերջին սրբազան բեկորը. սա գո՛նե սկզբի համար։
Իսկ հերոսածին ծնողները հենց այդ ազգային ուժերից մեկն են։ Ո՞վ ավելի լավ գիտի Հողի, Հայրենիքի արժեքը, եթե ոչ այն հայրը կամ մայրը, ում զավակը Հայոց Եռագույնը և Արցախի դրոշը գրկեց հավիտյան:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ