Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հրավիրած «Ինչպես կարող են միջազգային և միջկրոնական համաձայնությունները Եվրասիական տարածաշրջանում դառնալ խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ղազախստանի դինամիկ զարգացման երաշխավորը» թեմայով սեմինարին մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այմդոս Բոզժիգիտովը, ազգային փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների և մեծամասնությունների միջև առկա է հանդուժողականություն: Նա հիշեցրեց Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, որում նշված էր, որ ազգային փոքրամասնությունները ՄԻՊ-ին դիմել են ամենևին էլ ոչ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն կիրառելու հարցերով: Ըստ Է. Վարդանյանի՝ խնդիրներ են ծագում միայն տեղական ինքնակառավարման մարմինների չինովնիկների հետ հարաբերություններում, քանի որ վերջիններս չեն կարողանում նորմալ հարաբերվել իրենց դիմող քաղաքացիների հետ: Վրացական համայնքի ներկայացուցչին հետաքրքրում էր, թե ինչու վրացական համայնքի կողմից հրատարակվող մամուլը չի հասնում Ազգային գրադարան: Էլինար Վարդանյանը խոստացավ անպայման ԱԺ-ում արծարծել այդ հարցը:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նշեց, որ ինքը քսանվեց տարի աշխատել է Գերմանիայում, և այնտեղ լսել է երկու գեղեցիկ բառ՝ ինտեգրացիա և հանդուրժողականություն:
«Ես հիշում եմ նաև մի գեղեցիկ դարձվածք՝ «Ես կարող եմ պահանջել այն, ինչ տալիս եմ»: Ես կցանկանայի, որ դուք ձեր երկրից պահանջեք այն, ինչը մեր երկրից եք պահանջում»,- դիմելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Նա հիշեցրեց, որ հայ ժողովուրդը միշտ էլ եղել է հանդուրժող, և Հայաստանում գործող հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի ամուսինն էլ հայ է: Անդրադարձ կատարելով պատմական անցյալին՝ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հիշեցրեց, որ դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից Իսրայելից Հայաստան են ներգաղթել մեծ թվով հրեաներ, իսկ 430 տարի անց հրեաները մեծամասնություն կազմեցին տեղաբնիկների նկատմամբ:
Ղազախստանի հանրապետության ռազմավարական հետազոտությունների Ղազախստանի ինստիտուտի տնօրենի տեղակալ Լեսի Կարատաևան հանգամանալից ներկայացրեց Ղազախստանում պետական ինստիտուտների, ազգային փոքրամասնությունների, կրթական հաստատությունների վիճակը: Ըստ տիկին Կարատաևայի՝ Ղազախստանն այսօր ապրում է կրոնական և էթնիկ վերածնունդ: Նա նշեց, որ, որպեսզի ազգային փոքրամասնությունները չունենան խնդիրներ, կրթօջախներում ուսուցանում են յոթ լեզուներ: Կան դպրոցներ, որտեղ երեք լեզվի ուսուցումը պարտադիր է: Լեսի Կարատաևան նշեց նաև, որ մեծահասակների համար գործում են լեզվագիտական կենտրոններ, որպեսզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն այնտեղ չբախվեն հաղորդակցման խնդիրների: Ղազախ ներկայացուցչի խոսքերով՝ իր երկիրը վերջին տարիներին զարգացում է ապրել կրթության, բնակչության աճի տեսանկյունից:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ