Օրեր առաջ հայաստանյան լրատվամիջոցները տեղեկացրին, թե պաշտոնական Բրյուսելը զգուշացնում է Հայաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտու պայմանագրի հետ, պատճառաբանելով, թե դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: Այս մասին ասել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը: Վերջինս հայտարարել էր, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք ևս ուզում են միանալ ԵՄ առաջարկած ազատ առևտրի գոտուն, պետք է ընտրություն կատարեն այս երկուսի միջև:
Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի ղեկավար Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը կանգնած չէ երկընտրանքի առջև: Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Մաքսային միությունում մեզ չեն սպասում, հետևաբար մեր երկրի նկատմամբ չեն կարող լինել ճնշումներ: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ճիշտ քայլ է Հայաստանի կողմից Եվրամիության ասոցացման պայմանագիրը ստորագրելը, որի մի մասն էլ ազատ առևտրի գոտուն միանալն է:
Ստեփան Գրիգորյանը նշեց նաև, որ Ռուսաստանի համար այս պահին կարևորություն է ներկայացնում ոչ թե Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելը, այլ` Ուկրաինայի, որն ունի մեծ շուկա և սահմանակից է ԵՄ անդամ երկրներին: Այդ պատճառով էլ, ըստ Ստեփան Գրիգորյանի, ՌԴ-ն ճնշումներ է բանեցնում Ուկրաինայի նկատմամբ, որպեսզի վերջինս անդամակցի Մաքսային միությանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ փոքր շուկա ունեցող երկրի անդամակցումը Մաքսային միությանը չի կարող լինել հրատապ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ