ԿԺԴՀ սպառնալիքներն ԱՄՆ-ի նկատմամբ միայն կխորացնեն այդ երկրի մեկուսացումը միջազգային հանրությունից։ Երեկ նման նախազգուշացում է արել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին։ Նա նաև հաստատել է ԿԺԴՀ առաջնորդներին արված ԱՄՆ առաջարկը՝ հետևել նախագահ Բարաք Օբամայի կոչին և որդեգրել հարցերի լուծման խաղաղ ճանապարհ՝ հավատարիմ մնալով միջազգային պարտավորություններին։
ԿԺԴՀ-ն երեկ հերթական անգամ հանդես է եկել կտրուկ հայտարարություններով ԱՄՆ հասցեին, որը Հարավային Կորեայի հետ շարունակում է զանգվածային ռազմական գործողությունները տարածաշրջանում։ Կորեական ժողովրդական բանակի բարձրագույն հրամանատարությունը հայտնել է, որ երկրի ինքնավարությունը պահպանելու նպատակով ռազմական պատրաստության են բերված զինված ուժերը։