Ըստ երևույթին, Ֆրանսիայի մուսուլմանացման գործընթացն արդեն համարելով անշրջելի, ռուսաստանյան լրատվամիջոցները ուշադրությունը կենտրոնացրել են Մեծ Բրիտանիայի վրա: Եթե Ֆրանսիային «մնացել է» մոտ երեք տասնամյակ (ֆրանսիական ընտանիքների մեկ երեխային տեղի մուսուլմանները հակադրում են առնվազն չորսը, գումարած անվերահսկելի ներգաղթը), ապա Բրիտանիայի «կիսալուսնացումը» կանխատեսվում է այս դարի երկրորդ կեսին: Եվ սրանք հիվանդ երևակայության արդյունք չեն: Հայերիս համար այս երևույթները հրատապ են այն իմաստով, որ մեր հեռանկարային զարգացումներում մենք կողմնորոշվում ենք դեպի «քաղաքակիրթ» Եվրոպան ու նրա «անանց» արժեքները: Սակայն ինքն իրեն կործանող այդ մեղկ աշխարհամասը ինչքանով կարող է օրինակ ծառայել հայությունից դատարկվող մեր երկրի համար:
Վերջերս ռուսաստանյան հեռուստաալիքները հետաքրքրական մի տեսաժապավեն ցույց տվեցին Մեծ Բրիտանիայից: Լոնդոնի մուսուլմանական թաղամասերից մեկի փողոցներով օրինապահության ռեյդ են անում… շարիաթի հետևորդ-պարեկները: Կանգնեցնում են մի բրիտանացի երիտասարդի և արգելում են նրան ալկոհոլ օգտագործել շշից: Կարճ շրջազգեստով բրիտանուհուն սպառնում են նրա իսկ ընկերոջ ներկայությամբ: Բնիկների երկչոտ առարկությունը, թե սա Անգլիան է և ոչ թե որևէ իսլամական երկիր, շարիաթականների կողմից կասեցվում է ամենաբիրտ ձևով: Ավելին, բրիտանացիները վախից սսկվում են:
Իսկ ինչու է թիրախ դարձել Բրիտանիան և ոչ թե, ասենք, Գերմանիան, որտեղ հենց միայն թուրքերի թիվն անցնում է երեք միլիոնից: Որովհետև գոնե կանցլեր Անգելա Մերկելը անհանգստություն է հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իսկ բրիտանացի «իրավապաշտ» լիդերները լռում են. նախկին վարչապետ Թոնի Բլերը նույնիսկ առավելագույնս հեշտացրել էր ներգաղթի պայմանները:
Պարադոքսն այն է, որ խոսքը վերաբերում է մոլորակի արիստոկրատ երկրներից մեկին, եթե ոչ ամենաարիստոկրատին, որի ինքնագոհ բնակիչները հազիվ թե երբևէ մտածեին, որ իրենց աշխարհակենտրոն մայրաքաղաք Լոնդոնում իրենք կարող են բնակչության կեսն էլ չկազմել` ընդամենը 45 տոկոսը: Սակայն փաստերն անողոք են:
Այսօր Լոնդոնը զավթել են մեկ միլիոն աֆրիկացիներ ու կարիբյան երկրներում լույս աշխարհ եկածներ, 1,5 միլիոն ասիացիներ, 100 հազար արաբներ, 405 հազար խառնածիններ և այլք: Ընդ որում` ներգաղթածների 24 տոկոսը չի էլ համարվում Բրիտանիայի քաղաքացի: Եվ ընդամենը 3,7 միլիոն տակավին սպիտակամորթ բրիտանացիներ «քարշ են տալիս» իրենց գոյությունը:
2011 թվականին երկրում բնիկները կազմել են 86 տոկոսը` 5 տոկոսով պակաս դարասկզբի համեմատ: Ամենամեծ համայնքը հնդիկներինն է: Ընդսմին պահպանողական բրիտանացիների «հանդուրժողականությունը» հասել է այն աստիճանի, որ Բուկինգհեմյան պալատը պահպանող շոտլանդացի հրաձիգների մեջ հայտնվել է նաև միրուքավոր սինհ, խաթարելով դարավոր ավանդույթը:
Այդուհանդերձ ամենամեծ վտանգը ներկայացնում են Բրիտանիայի մուսուլմանական հանրությունն ու առաջին հերթին նրա բազմացման դինամիկան: Եթե դարասկզբին նրանք ընդամենը 1,5 միլիոն էին, ապա ներկայումս նրանց թվաքանակն անցնում է 3 միլիոնից: Այսինքն, երկրում մուսուլմանական բնակչության բաժինը 2 տոկոսից բարձրացել է 5-ի: Էլ չենք ասում, որ որոշ քաղաքներում նրանք սկսել են կազմել բնակչության մոտ կեսը: Այդ նույն Լոնդոնում, Մանչեստրում մուսուլմանները ապահովել են 14 տոկոսը: Փաստացի իսլամը երկրորդ կարևորագույն կրոնն է ժամանակակից բրիտանական «կայսրությունում»: Զարմանում ես, թե ինչու է անտեսվում անցյալ դարի մեծագույն քաղաքագետներից մեկի` ՈՒինսթոն Չերչիլի կարծիքը. իր «Երկրորդ համաշխարհային պատերազմ» գրքում նա Ղուրանը համարել է իսլամական «Մայն Քամպֆ»:
Եվ այս խառնապատկերի ֆոնի վրա հառնում են նաև այնպիսի երևույթներ, որոնք ավելի են մթագնում սպիտակամորթ բնակչության գոյության հեռանկարները: Անգլիայում և ՈՒելսում սրընթաց նվազում է քրիստոնեական կրոնին դավանող մարդկանց թիվը` 2001 թվականի 72 տոկոսից մինչև 2011 թվականի 59 տոկոսը: Նույն ժամանակահատվածում 10 տոկոսով նվազել է նաև այն անձանց թիվը, ովքեր առհասարակ ոչ մի կրոնի հետևորդ չեն: Ահա և նորաթուխ աթեիստներին շրջապատում են հավակնոտ մուսուլմանները: Սրանք ագրեսիվ են, մոլեռանդ, համակված եվրոպական խալիֆաթի գաղափարներով, ճարպկորեն են օգտագործում եվրոպացիների կողմից մարդու, հավատի և զառամախտի հասցված մյուս «իրավունքները»:
Քանի որ քրիստոնեական եկեղեցիները բառի բուն իմաստով պարապուրդի են մատնվում, մուսուլմաններին ոչինչ չի մնում անել, քան գնել կամ վարձակալել դրանք, ընդամենը գմբեթի խաչը փոխարինելով կիսալուսնով: Բրիտանական օրենսդրության մեջ արդեն կիրառվում են շարիաթի որոշ նորմեր:
Ռուս լրագրողները որպես բրիտանական ազգային-քաղաքական թերի մտածողության նմուշ են բերում հետևյալ փաստը: Հորդանանի իշխանությունները Լոնդոնից պահանջում են բրիտանաբնակ մի իմամի, որն այնտեղ մեղադրվում է ահաբեկչության մեջ: Խղճառատ ու գերմարդասեր բրիտանացիները մերժում են այդ պահանջը (հանկարծ նրան այնտեղ մահապատժի չենթարկեն, ոտնահարելով մարդու պայծառ իրավունքները): Ավելին, Լոնդոնում իմամին տնային կալանքի են ենթարկում քաղաքի արվարձաններից մեկում: Սակայն նախկին ահաբեկիչը դժգոհում է ապրելու «ծանր» պայմաններից, և գթությունից նվաղած բրիտանացիները քաղաքի կենտրոնական հարգաշատ թաղամասերից մեկում նրան ու նրա չորս ժառանգներին են տրամադրում կես միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ մի ապարանք, ապահովում նրա շուրջօրյա անվտանգությունը:
Անշուշտ, չի կարելի ասել, թե Բրիտանիայում ոչ ոք չի տեսնում երկրի մուսուլմանացման իրական վտանգը: Բայց բերենք բրիտանացի մի սոցիոլոգի կարծիքը և տեսնենք, թե ավելի շատ ինչ լիցք է պարունակում նրա տեսակետը` լավատեսակա՞ն, թե՞ հոռետեսական. «Ողջ Արևմուտքի «հակադարձ գաղութացման» գործընթացը բացատրվում է քաղաքական հանդուրժողականության ու նրբանկատության դիկտատուրայով: Մենք առավելագույն հանդուրժողականություն ենք պահանջում մեզնից, բայց դա չենք անում ներգաղթողների ու նրանց ժառանգների նկատմամբ: Ամենատարբեր մակարդակների չինովնիկները սարսափում են նացիոնալիզմի մեջ մեղադրվելուց: Անցած Ամանորը և Սուրբ ծնունդը նշելիս Լոնդոնի շատ շրջաններում և ուրիշ քաղաքներում մուսուլմանների «նվիրական» զգացումները չվիրավորելու համար բրիտանացիները հրաժարվեցին տոնածառից, Սանտա Կլաուսից, Քրիստոսի Ծննդյան ավանդական դպրոցական հանդիսություններից: Եթե այսպես շարունակվի, Եվրոպան կարող է կորցնել իր ինքնությունը: Եվ նման տագնապալի կանխատեսումը չի կարելի բացառել: ՈՒ եթե դա տեղի ունենա, ապա մեղավորը կլինեն ոչ այնքան արմատական իսլամիստները, որքան իրենք` եվրոպացիները»:
Ավելացնենք, մուսուլմանական աշխարհը ոչ միայն խժռում է եվրոպական քրիստոնեական քաղաքակրթությունը, նրա քաղաքներն ու բնակավայրերը, այլև իր աշխարհաշրջանը, ավելի կոնկրետ Մերձավոր Արևելքը մաքրազարդում է քրիստոնյաներից, ավա՜ղ, Արևմուտքի աջակցությամբ: Մերձավորարևելյան աշխարհամասը վերաձևելու ամերիկյան ու եվրոպական ծրագրերը ուժեղացրին քրիստոնյաների արտահոսքն արաբական երկրներից: Իրաքի երբեմնի բարգավաճ 1,5-միլիոնանոց քրիստոնեական հանրությունից մնացել է մոտ 100 հազարը: Այսօր Սիրիայից ճողոպրում են նույնիսկ արաբ քրիստոնյաները: Կիսալուսնաձև սուր է կախվել Եգիպտոսի հնագույն խաչապաշտ ժողովրդի` ղպտիների գլխին:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա