Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար է ընտրվել արգենտինացի կարդինալ, Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլոն, այսուհետև՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջին։ Նա առաջին լատինամերիկացի հոգևորականն է, ով ընտրվել է որպես կաթոլիկ եկեղեցու հովվապետ:
Հռոմի 266-րդ Պապը ծնվել է 1936թ. Բուենոս Այրեսում՝ երկաթուղային աշխատողի ընտանիքում, ունի իտալական ծագում։ Հոգևորական է ձեռնադրվել 1969-ին, որից հետո շարունակել է ուսումը հոգևոր ճեմարանում` դառնալով աստվածաբանության պրոֆեսոր, այնուհետև` ճեմարանի ռեկտոր: Նա դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Գերմանիայում, որից հետո շարունակել է հոգևոր ծառայությունն Արգենտինայում:
2001թ. ձեռնադրվել է կարդինալ: Խորխե Մարիո Բերգոլոն հայտնի է իր համեստությամբ, պահպանողական հայացքներով։ Մինչ օրս նա ապրում էր համեստ բնակարանում` հրաժարվելով եպիսկոպոսի շքեղ նստավայրից և երթևեկում էր հասարակական տրանսպորտով, նաև անձամբ էր պատրաստում իր կերակուրը:
76-ամյա Խորխե Մարիո Բերգոլոյի ընտրությունը միանգամայն անսպասելի էր։ Շատերին նա անծանոթ էր։ Հայտնի է, որ նա դեմ է արտահայտվում էվթանազիային, հղիության արհեստական ընդհատմանը, քննադատում է համասեռամոլությունն ու միասեռ ամուսնությունները։