«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հարկավոր է իրերին նայել` ինչպես կան

Հարկավոր է իրերին նայել` ինչպես կան
13.02.2013 | 16:17

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Թբիլիսիում մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության՝ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին, ասել է, որ նախևառաջ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ, որը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը: «Ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և որևիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու այդ հարցը: Ադրբեջանն է իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում, ուստի խախտում է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առաջ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նալբանդյանը հիշեցրել է, որ համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: «Ոչ Հայաստանը և ոչ էլ Ղարաբաղը երբևիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ադրբեջանը սպառնացել և շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ` խախտելով համանախագահների առաջ այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա: Նալբանդյանը հիշեցրել է նաև, որ համանախագահները գտնում են, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: «Ոչ Հայաստանը, ոչ Լեռնային Ղարաբաղը երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով. «Բազմիցս Հայաստանում, ի միջի այլոց Լեռնային Ղարաբաղում նույնպես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար և քաղաքացիական նպատակներ: Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես կան, և չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին»։

Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ