«Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճախրենք» մրցույթին, որը տևել է շուրջ 6 ամիս, մասնակցել են 6-13 տարեկան երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից: Ներկայացված ավելի քան 400 աշխատանքներն ընտրել է հեղինակավոր ժյուրին` կազմված կերպարվեստի և դիզայնի ոլորտի հեղինակավոր մասնագետներից: Մրցույթն անցկացվել է 4 անվանակարգում. գեղանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակ, «Ֆեյսբուքի համակրանք» ինտերնետ-քվեարկություն:
Այս մասին տեղեկացնում են «Տաթևի դարպասներ» նախագծի լրատվության հետ կապերի բաժնից:
Մրցանակակիրները ստացել են «Հայաստանի հրաշալիքները» գիրքը, ինչպես նաև մասնակցության վկայականներ, դիպլոմներ: Մրցույթի հաղթողներին հանձնվել է հատուկ այս միջոցառման համար «Բաղդասար ստուդիո»-յի պատրաստած ձեռակերտ մրցանակները, ինչպես նաև ժյուրիի անդամների հատուկ նվերները: Մրցանակակիրները հնարավորություն են ստացել հոկտեմբերի 14-ին ուղևորվելու Տաթև:
«Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևիկի կերպարը» մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանի խոսքով` այս մրցույթը լավ հնարավորություն էր երեխաների համար, որպեսզի ստեղծեն իրենց ժամանակների հերոս, իրենց պատկերացմամբ ստեղծեն գեղեցիկը, բարին ու ընթացքը խորհրդանշող փերուն: «Տաթևիկն իսկապես ճախրում է ստեղծագործություններից յուրաքանչյուրում: Այս մրցույթը լավագույնս արտահայտեց նաև «Տաթևեր» ճոպանուղու միավորման գաղափարը, քանի որ մրցույթի միջոցով միավորվել էին Հայաստանի մարզերի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի երեխաները»,- նշել է նա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ