Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Այս հայը նույնիսկ իմ գերեզմանին է թամաշա սարքում»

«Այս հայը նույնիսկ  իմ գերեզմանին է  թամաշա սարքում»
13.07.2012 | 01:36

Ասում են` նրա ֆիլմերն ամենայն նրբանկատությամբ պատկերում են մեր ամենօրյա կյանքը, առօրեական այնպիսի դրվագներ, որոնք մենք անուշադրության ենք մատնում և որոնց վրա մոռացել ենք ծիծաղել:

Էլդար Շենգելայան ոչ թե ծաղրում է, այլ ասես հայելու առաջ է կանգնեցնում ոչ միայն խորհրդային իրականության մարդկանց, այլև ողջ մարդկությանը: Նրա ֆիլմերը որքան ծիծաղելի են և զվարճալի, այդքան էլ լուրջ են, իսկ որոշ տեսարաններում` նույնիսկ թախծոտ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակում ցուցադրվեցին վրաց հայտնի ռեժիսոր Էլդար Շենգելայայի լավագույն ֆիլմերը` «Արտասովոր ցուցահանդես», «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն», «Խելառները»: Ռեժիսորին շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Կինոփառատոնի պատվավոր հյուրը դատարկաձեռն չէր եկել. նա Սերգեյ Փարաջանովի թանգարանին նվիրաբերեց Վարպետի կոլաժը` նվիրված ռեժիսոր Թամազ Մելիավային:
Իսկ փարաջանովյան կոլաժի ստեղծման պատմությունն այսպիսին է: Բանտից ազատվելուց հետո Փարաջանովն իմանում է, որ Մելիավան վախճանվել է: Որոշում է անձամբ այցելել գործընկերոջ շիրմին, սակայն դա անում է արտասովոր ձևով. գերեզմանոցում կազմակերպում է իսկական թատերական ներկայացում: «Եթե Թամազը տեսներ սա, կասեր` այս հայը նույնիսկ իմ գերեզմանին է թամաշա սարքում»,- իր արարքն այսպես է գնահատում Փարաջանովը: Այդ օրվա լուսանկարներն էլ կոլաժի հիմք են դառնում:
Բանտից Փարաջանովի ազատվելուց հետո, երբ շատերը վախենում էին անգամ այդ անունն արտաբերելուց, Էլդար Շենգելայան կազմակերպում է նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը, ինչը չի վրիպում ՊԱԿ-ի ուշադրությունից: Փարաջանովը ելքը գտնում է. հատուկ ցուցահանդեսի համար պատրաստում է Լենինի կոլաժը: «Մեզ հետաքրքիր չէ, թե ինչ կա այստեղ, բայց քանի որ Լենինը կա, թող լինի ցուցահանդեսը», հատուկ ծառայության աշխատակիցներն այսպես են եզրափակում իրենց ստուգայցը: Դրանից հետո ծագում է մյուս խնդիրը. Փարաջանովին արգելում էին ֆիլմ նկարահանել, կրկին միջամտում է Շենգելայան: Եվ եթե չլինեին վերջինիս ու նրա ընկերների ջանքերը, գուցե չստեղծվեին «Սուրամի ամրոցի լեգենդն» ու «Աշուղ Ղարիբը» ֆիլմերը:
Շենգելայայի հայրը` Նիկոլայ Շենգելայան, վրաց կինոյի առաջին վարպետներից էր, մայրը նշանավոր դերասանուհի Նատո Վաչնաձեն էր, ով իր առաջին կինոդերերից մեկը խաղացել է Համո Բեկնազարյանի «Անարգանքի սյան մոտ» (1923 թ.) ժապավենում: Ի դեպ, վրացի ռեժիսորը շատ է հավանել «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը` «Շոր և Շորշորը»: «Նրանք իբրև թե ոչ մի տեղ չեն սովորել, բայց այսօր մենք կարող ենք սովորել նրանցից»,- նկատում է նա:
Հայ ժամանակակից կինոյին Շենգելայան ծանոթ չէ։ Ինչ վերաբերում է վրացական կինոյին, ռեժիսորը փաստում է, որ քիչ ֆիլմեր են ստեղծվում այսօր: Ստալինն ասում էր` նկարահանեք քիչ, բայց լավ կինո: Շենգելայան այլ կարծիքի է. «Պետք է շատ ֆիլմեր ստեղծել, որ մի քանիսը հաջողված լինեն»:
Վրաց ռեժիսորը կարոտում է հին Երևանին: «ՈՒրախ եմ, որ շատ բաներ են արվել այստեղ, բայց, ինչպես Թբիլիսիում, ամեն ինչ չէ, որ լավ է,- նկատում է նա:- Այդ ահռելի բարձրահարկերը, հասկանո՞ւմ եք, խանգարում են: Հրաշալի կլիներ, եթե կարողանային պահպանել այն, ինչ եղել է»: Խոսքը, իհարկե, միայն քաղաքի նորօրյա ճարտարապետության մասին չէ, պահպանել է պետք քաղաքի հոտը, մարդկային հարաբերությունները, նախկին ջերմությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ