Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթի քննարկումները չեն դադարել: Խոսվել է ամեն ինչի մասին` սկսած առաջին նախագահի կողմից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին արված մեծ պատվից` Բիձինա Իվանիշվիլու հետ համեմատությունից, վերջացրած Հայաստանի` ՄՄ մտնելու «անշրջելիության» մասին գնահատականով: Իհարկե նաև` մարտիմեկյան այդ օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը չհիշատակելու մասին: Բայց սրան, կարծում ենք, արժե կրկին անդրադառնալ` միայն մեջբերելով Լևոն Տեր-Պետրոսյանի` 2008թ.-ի մայիսի 2-ի համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ունեցած ելույթի որոշ հատվածներ: Եվ այսպես, վեց տարի առաջ ՀՀ առաջին նախագահն ասել էր, որ.
«Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջեւ: Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի «իրավական» հիմնավորման հանցավոր գործին»: Եվ ուրեմն. «… Վարկածի հեղինակը, եթե կուզեք՝ դիրիժորը կամ ռեժիսորը, բնականաբար, ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քոչարյանը»: Ապա` Տեր-Պետրոսյանը գնահատական է տվել Քոչարյանի գործունեությանն ընդհանրապես. «…Ի դեպ, Քոչարյանի ձեռագիրը վերջին տասը տարվա ընթացքում բոլորովին չի փոխվել. մարտի 1-ի իրադարձությունները գնահատելիս, նա, ըստ էության, դրսևորում է նույն անպարկեշտ վարքագիծը, որի ականատեսն ենք եղել նրա կողմից 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետքերը կոծկելիս: Մերկապարանոց հայտարարություն անողի դերում չհայտնվելու համար այժմ մեկ առ մեկ դիտարկենք Քոչարյանի վերոհիշյալ ասուլիսներում առկա բացահայտ ստերը, փաստական սխալներն ու տրամաբանական հակասությունները, որոնք ոչ միայն լիովին բացահայտում են նշված անձի բարոյական կերպարը, այլև մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտումը»: Ի վերջո եզրահանգել է. «Փաստերի համակողմանի քննությունն, այսպիսով, ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների և ոստիկանության միջև, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա: Նա էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և նրանց գնդակոծելու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները՝ բանակը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ»:
Ի՞նչ է փոխվել այս վեց տարիների ընթացքում, որ առաջին նախագահը Քոչարյանին «մոռացել» է հիշատակել իր վերջին ելույթում, իսկ նրա քաղաքական սանիկին հատուկ ժեստեր արել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ