«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ԲՀԿ-ն իր սև գործն արեց ու անցավ ընդհատակ

ԲՀԿ-ն իր սև գործն արեց ու անցավ ընդհատակ
06.05.2013 | 19:38

Երևանի ավագանու ընտրություններն էլ «լմնցան»: ՀՀԿ-ն` 41, ԲՀԿ-ն` 17 ու «Բարև, Երևանը»` 7 անդամներով մտան ավագանի: Ընտրություններից առաջ ընտրակեղծիքների դեմ պայքարի համար բանակցությունների սեղանի շուրջ հավաքված երեք ուժերից երկուսը` ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, չհաղթահարեցին անցումային շեմը, իսկ երրորդը` ԲՀԿ-ն, վատ չդիրքավորվեց: Թերևս, հնարավոր լիներ ֆիքսել, որ ընդդիմադիր կամ, ինչպես վերջերս են օգտագործում, ոչ իշխանական ուժերից գոնե մեկը ներկայացված կլինի ավագանիում` «Բարև, Երևանին» չհաշված, վերջինիս ձայները 7-ն են ընդամենը: Բայց հարց է, թե ԲՀԿ-ն որքանով է ընդդիմություն:
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վելուծությունից հետո ընդդիմադիրի ռևերանսներ անող ԲՀԿ-ն կարողացավ հերթական անգամ խաբել ՀԱԿ-ին, շրջանցել պայմանավորվածությունները` ընտրակեղծիքների դեմ համատեղ պայքարի շրջանակներում, անտեսեց իր անդամների բոցաշունչ ելույթները` հանուն երկրում արդարության հաստատման և հավատարիմ մնաց իր հին գործելաոճին: Եթե ԲՀԿ-ն այսուհետ ոչինչ էլ չանի, միայն ՀԱԿ-ից` նախ մեկ տարի առաջ, ապա և երեկ ձայներ փախցնելը լիուլի հերիք է իշխանության մոտ տաքուկ տեղ ունենալու ու Ծառուկյանի բիզնեսի բարգավաճման երաշխիքներ ապահովելու համար: Բարգավաճումը բարգավաճում է, ինչ տարբերություն, թե ջանքերն ինչին են ուղղված: Մանավանդ, որ դեռ մեր պապերն են ասել` եղունգ ունես, գլուխդ քորի: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին թուլացրեց այնպես, ինչպես չէր հաջողվել երբևէ դա ՀՀԿ-ին: Վաղուց հայտնի մեթոդ է` թշնամուդ ծնկի բերելու համար ավելի արդյունավետ է գայթակղիչ բարեմասնություններով սիրուհուդ օգտագործես, քան քաջ սպարապետիդ: ԲՀԿ-ն այդ «խայծն» էր ՀԱԿ-ին ուղարկված: Վերջինս, կարծես, դեմ էլ չէր ու, սեփական անխոցելիության համոզվածությամբ, անսխալականի ու աղվեսը պոչից ճանաչելու վստահությամբ, ընդառաջ էր գնում բարգավաճական հմայիլներին:
Ի՞նչ կանի ՀԱԿ-ը: Այս պահի դրությամբ ընտրատեղամասային հանձնաժողովներ են ուղարկվել վերահաշվարկի դիմումները: Ինչ է հետևելու սրան` դժվար է ասել: Հասկանալի է, որ ՀԱԿ-ը միայնակ ոչինչ անել չի կարող, դրա մասին Լևոն Տեր-Պետրոսյանը վաղուց է ասել: Կմիանա՞ն ՀԱԿ-ին մյուս երկու ուժերը` ՀՅԴ-ն ու «Բարգավաճը»: Առաջինն արդեն մի «փափուկ» հայտարարություն է տարածել` «Ինչ եղավ, եղավ» անատամ կոնտեքստում: ՀՅԴ-ն ուզո՜ւմ էր, ժողովո´ւրդ, բայց դե, ի՞նչ արած, չստացվեց` մոտավորապես այսպես: ԲՀԿ-ն ընդհանրապես չի էլ խոսում: Նա զանգվածային ընտրակաշառքներով իր տեղն ամրացրեց ավագանիում, երկրորդ ուժն է նաև խորհրդարանում և հիմա իշխանության հետ բազարների մեջ կմտնի հնարավորինս շատ բան պոկելու համար: Գուցե ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չկազմի պաշտոնապես, քանի որ ոչ իշխանականի շապիկը յուր մարմնին խիստ հարմար է գալիս բոլոր առումներով, բայց որ ապագա կառավարության ձևավորման գործում որոշակի դերակատարություն կստանձնի, ավելի քան հավանական է:
Հետընտրական «մանթրաժի» ֆոնին «Բարև, Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում պահանջում ու խնդրում է, որ ԲՀԿ-ն և «Բարև, Երևանը» ամբողջ կազմով հրաժարվեն մանդատներից և ավագանին ամբողջությամբ հանձնեն ՀՀԿ-ին ու Տարոն Մարգարյանին: Կանսա՞ն Սիմոնյանի ձայնին իր թիմակիցները: Մինչև հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքական գործունեության մեջ աչքի չի ընկել կոշտ և կտրուկ քայլերով: Բացի այդ, ավագանիում երրորդը կամ, ավելի ճիշտ, երեքից մեկը լինելու հանգամանքը կարող է խիստ պատվելի երևալ «Ժառանգության» առաջնորդի աչքին, մանավանդ որ, այդպիսով կուսակցությունը հնարավորություն կունենա ժողովրդին որպես ընդդիմադիր ներկայանալ նաև մայրաքաղաքի ավագանիում իր ապագա գործունեությամբ: Այսօր «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանն ասել է, թե «Բարև, Երևանը» մտադիր է բողոքարկել ընտրության արդյունքները, բայց չի մանրամասնել` ինչպես, և դաշինքը դեռևս այս մասին պաշտոնական հայտարարություն չի արել:
Վերադառնալով ԲՀԿ-ին, արժե նկատի ունենալ, որ նրա լռության երկարատև երաշխիք կարող է դառնալ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դեմ հարուցված քրեական գործը` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեղադրանքով: Ծառուկյանը նման լռություններին պարզապես վարժված է: Ի դեպ, բացառված չէ նաև, որ նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործի արդյունքում ԲՀԿ առաջնորդը կարող է մոռանալ իր նկրտումների մասին` նախարարական պորտֆելների առումով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ