Այն, որ աշխարհն այսօր միասնական է ու փոխկապակցված, ինչպես երբեք, օբյեկտիվ իրականության անհերքելի դրսևորում է։ Սակայն, դրանով հանդերձ, վերջին շրջանում ակնհայտորեն ուժգնանում են քաղաքակրթական բնույթի ինտեգրացիոն միավորումներ ստեղծելու միտումները, որոնք էլ միգուցե ոչ հեռավոր ապագայում որոշելու են նոր դարաշրջանի քաղաքական քարտեզների սահմանները և ազդելու են համաշխարհային աշխարհաքաղաքականության զարգացման միտումների վրա։
Ժամանակին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերածնված «թուրքական միասնության» գաղափարը շատ քաղաքական գործիչներ դիտարկեցին իբրև մտացածին ու հատուկ ծառայությունների (կարևոր չէ` ռուսական, թե արևմտյան) կողմից դիտավորյալ փչված փուչիկ։ Պանթուրքիզմի գաղափարախոսությունից ու դրա գործնական իրականացումից բխող վտանգները, թեկուզ և պարբերաբար քննարկվում էին, սակայն հիմնականում դիտարկվում էին իբրև պատրանքային։ Շահագրգիռ կողմերն այդպես էլ հատուկ անհանգստություն չցուցաբերեցին ո՛չ 1992-ին Անկարայում գումարված թրքալեզու պետությունների ղեկավարների առաջին գագաթաժողովի, ո՛չ էլ դրան հետևած կանոնավոր այլ հանդիպումների, թուրքական մշակույթի և արվեստի համատեղ զարգացման կազմակերպություն ստեղծելու առնչությամբ, կազմակերպություն, ուր ընդգրկված են ոչ միայն անկախ պետություններ, այլև Ռուսաստանի թրքախոս հանրապետություններից Թաթարստանը, Բաշկորտոստանը, Յակուտիան և այլն։ Մտահոգիչ էին նաև թրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի ստեղծումն ու այդ պետությունների հատուկ ծառայությունների մշտական կոնֆերանսների կանոնավոր հրավիրումը։
Եվ ահա այս օրերին «թուրքական երազի» իրագործումն ընդունեց նոր ու հարձակողական բնույթ, և պանթուրքիստական ինտեգրացիոն գործընթացներում ի հայտ եկան նոր նախաձեռնություններ։ Նախիջևանում անցկացվեց թրքալեզու պետությունների ղեկավարների 9-րդ գագաթաժողովը, որը, մասնակիցների կարծիքով, պետք է ձևավորի «համագործակցության իրական լծակներ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում»։ Հանդիպման արդյունքներից ելնելով` ստորագրվեց նախիջևանյան հռչակագիրը, իբրև ծրագրային և գործողությունների հեռանկարային պլան։ Ճիշտ է, այս անգամ գագաթաժողովին չէին ժամանել ՈՒզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները (նրանք բացակայում էին նաև Բաքվում «թուրքական խորհրդարանի» օգոստոսյան նիստին)։ Չնայած Աշգաբադը, այնուամենայնիվ, ներկայացված էր փոխվարչապետի մակարդակով, որը հռչակագիրը չստորագրեց, իսկ Տաշքենդի մասնակցության կապակցությամբ հույս հայտնվեց, որ նա մոտ ապագայում կմիանա «համաթուրքական երկխոսությանը»։
Շատ բնութագրական է, որ մասնակիցները, անկասկած, հատուկ ենթատեքստով էին միջոցառումը Նախիջևանում կազմակերպել։ Նրանց կարծիքով` նախիջևանա-թուրքական սահմանի 11 կիլոմետրերը ոչ միայն միմյանց են միացնում Ադրբեջանն ու Թուրքիան, այլև «շաղկապում են ողջ թուրքական աշխարհը, որ տարածվում է տաք Միջերկրական ծովի ափերից մինչև Արևելյան Սիբիրի ցուրտ երկրամասեր»։ Ընդ որում, այս կարծիքը, փաստորեն, ընդունելի էր նաև ոչ միայն ԱՊՀ-ի, այլև ՀԱՊԿ-ի անդամ հանդիսացող Ղազախստանի ու Ղրղզստանի համար։ Այս տրամադրություններն ավելի ամրապնդելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չալարեց ավելացնել. «Ժամանակին Ադրբեջանի պատմական տարածքը (նկատի ունի Զանգեզուրը) պոկվել է նրանից և հանձնվել Հայաստանին։
Դրա արդյունքում ոչ միայն Նախիջևանը կտրվեց Ադրբեջանից, այլև ողջ թուրքական աշխարհն աշխարհագրորեն տարաբաժանվեց։ Խորհրդանշական է, որ մենք այսօր Նախիջևանում ընդունեցինք որոշում, որը վերականգնում է թուրքական ժողովուրդների բարոյաքաղաքական միասնությունը»։ Այս շատ թափանցիկ և բազմախոստում ակնարկը պետք է ոչ միայն զգուշության կոչի Հայաստանին, այլև ներկաների` Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների «լուռ համաձայնությունը» կարող է վերածվել լուրջ դիվանագիտական գործիքի, նկատի ունենալով տարածաշրջանում նոր բաժանումների ներկա իրավիճակը։
Եվ այսպես, հանդիպման բոլոր մասնակիցները հանգեցին եզրակացության, որ «թուրքական աշխարհը պետք է ծանրակշիռ դեր խաղա միջազգային քաղաքականության մեջ»` վերածվելով կապակցող օղակի Եվրոպայի և Ասիայի, նույնիսկ իսլամի ճյուղերի միջև։ Այս մասով հատուկ նշանակություն է տրվում այն հանգամանքին, որ ԵԱՀԿ-ում և Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում 2010-ին նախագահելու է Ղազախստանը։ Հանդիպման մասնակիցների կարծիքով` բոլոր, այդ թվում` արտաքին, քաղաքական խնդիրներում համախմբված դիրքորոշմամբ հանդես գալուն նպաստելու են թուրքական պետությունների միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում։ Նախիջևանյան հանդիպման ժամանակ, փաստորեն, հայտարարվեցին ընդհանուր մոտեցումներ «Իրաքի տարածքային ամբողջականության» վերաբերյալ, ներկաները վերահաստատեցին իրենց նվիրվածությունն Աֆղանստանի հետ կապված «Բիշքեկյան նախաձեռնությանը», որը ենթադրում է Ղրղզստանի մայրաքաղաքը վերածել աֆղանական «դաշնային հրամանատարների» հաշտեցման հրապարակի և նույնիսկ այնտեղ ստեղծել մշտական մարմին բոլոր վիճելի հարցերի լուծման համար։ Միաժամանակ հանդիպման մասնակիցները որոշում ընդունեցին աջակցել Ադրբեջանի և Ղրղզստանի թեկնածությունները 2012-13-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների կազմում առաջադրելու վերաբերյալ։ Եվ, իհարկե, անդրադարձան ղարաբաղյան թեմային` «տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության» սկզբունքի շրջանակներում։ Իլհամ Ալիևը ողջ գագաթաժողովի ընթացքում հաճախ էր անդրադառնում հայ-ադրբեջանական հակամարտության թեմային` շարունակ շեշտելով, թե կարգավորման գործընթացն ավարտական փուլում է։ Միաժամանակ Թուրքիայի նախագահի հետ երկուստեք նախաճաշի ժամանակ քննարկման առարկա դարձավ հայ-թուրքական հաշտեցման ներկա գործընթացը։
Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա կողմերը դրանց անդրադարձան դարձյալ քաղաքական ենթատեքստով։ Գագաթաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ էներգետիկ ոլորտում կարողացել են ստեղծել սերտ կոոպերատիվ կապեր ու համագործակցություն, հայտարարեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թողունակությունը մեծացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև կայուն կապ ապահովելու ղազախական Ակատու նավահանգստի հետ` ղազախական նավթի արտահանումն ապահովելու նպատակով։ Ընդգծվեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթգծի կառուցումը կդառնա Արևելք-Արևմուտք աշխարհաքաղաքական միջանցքի կարևորագույն բաղադրիչներից մեկը և «հնարավորություն կստեղծի Աստանայի, Բաքվի ու Անկարայի համար հանդես գալու իբրև թուրքական աշխարհի ողնաշար, որն ընդունակ է իր շուրջը համախմբելու տարածաշրջանի այլ պետություններին»։ Շատ հանգամանալից խոսակցություն տեղի ունեցավ համաթուրքական նախագծերի գաղափարախոսական բաղադրիչի շուրջ, և այդ «լուսավորչական-դաստիարակչական» մասը հատկապես պետք է զգուշության կոչի, եթե նկատի ունենանք Ղազախստանի նախագահ Նազարբաևի հետևյալ հայտարարությունը. «Թուրքական աշխարհը դեռևս լիովին ուսումնասիրված չէ։ Մեր մեծ նախնիները տիրել են Մեծ տափաստանին Ալթայից մինչև Սպիտակ ծով։ Այդ պատճառով էլ պետք է ստեղծել թուրքական ժողովուրդների պատմության ու մշակույթի ուսումնասիրման հատուկ կենտրոն` ուսումնական և լուսավորչական գործունեության համակարգման համար»։ Վերջինս նաև առաջարկեց ստեղծել թուրքական ակադեմիա, թուրքական պատմության և մշակույթի, լեզվի ուսումնասիրման հատուկ կենտրոններով, ինչպես նաև թուրքական գրադարան և համաթուրքական թանգարան։ Այդ ակադեմիան առաջարկվեց տեղակայել կա՛մ Աստանայում, կա՛մ էլ «թուրքալեզու աշխարհի սրբազան հողում` Թուրքմենստանում»։ Իլհամ Ալիևն իր հերթին առաջարկեց ստեղծել հատուկ ֆոնդ այն պատմական հուշարձանների վերականգնման ու պահպանման համար, որոնք համաթուրքական նշանակություն ունեն։ Բանակցող կողմերն աչքաթող չարեցին նաև սպորտի բնագավառը և պատրաստվում են օլիմպիական խաղեր կազմակերպել, ուր պետք է ներկայացված լինեն սպորտի ավանդական թուրքական ձևերը։ Գագաթաժողովի որոշումով ստեղծվեց նոր կառույց` թրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը։
Այսպիսով, դատելով Նախիջևանում անցկացված գագաթաժողովի տրամադրություններից ու որոշումներից, հազիվ թե իմաստ ունի նախկին սկեպտիցիզմով վերաբերվել «համաթուրքական գաղափարի» իրագործման մտադրություններին ու ներուժին։ Ակնհայտ են առաջին քայլերը` թրքալեզու երկրների միջև մինչ այժմ գոյություն ունեցող հարաբերությունների «խորհրդատվական ձևաչափը» վերածելու ավելի լուրջ ինտեգրացիոն միավորման։ Հաջորդ տարի Բիշքեկում այդ ամենը պետք է ստանա վերջնական ձևակերպում ու իրավական կարգավիճակ։ Եվ, բնականաբար, հարց է առաջանում, թե որքանո՞վ է սա ինքնուրույն նախաձեռնություն կամ ճիշտ հակառակը` իր ներսում ունի՞ ավելի լուրջ աշխարհաքաղաքական ենթատեքստեր կամ ուղղակի պատվերներ։ Եթե փորձենք պարզաբանել այդ խնդիրը, ապա ակնհայտ է, որ պանթուրքիզմի գաղափարները և դրանց իրագործումը բացարձակապես անընդունելի են Չինաստանի և Իրանի համար։ Երկու պետությունների ներսում էլ թուրքական էթնիկ տարրի ակտիվացումը եթե ոչ տարածքային ամբողջականությանը, ապա առնվազն ներքին կայունությանն ուղղված լուրջ վտանգ է։ Ընդ որում, եթե այլ ուղղություններով արտաքին քաղաքական բարդություններն առայժմ խանգարում են Թեհրանին` բացեիբաց իր բացասական վերաբերմունքն արտահայտելու «թուրքական միասնության» նկատմամբ, ապա Չինաստանն իրեն բնորոշ նպատակաուղղվածությամբ և անվրդով հանգստությամբ պարբերաբար վեր-վեր թռչողների քթին է հասցնում։ Ինչ արժեր միայն ՈՒրումչիից Թուրքիայի պետնախարարի ստորացուցիչ արտաքսումը` թուրքերի «նախահայր» ույղուրների բարձրացրած բունտից հետո, որին հետևեցին Պեկինի կտրուկ հայտարարությունները Թուրքիայի վարչապետ Էրդողանի հասցեին, ով ոչ ավելի, ոչ պակաս սկսել էր խոսել Չինաստանում «ույղուր բնակչության ցեղասպանության» մասին։
Թուրքական չարաճճիությունների վրա առայժմ աչք է փակում Արևմուտքը, թեկուզ և այդ «ջինին» շշից բաց թողնելը բոլորովին էլ չի բխում արևմտյան տերությունների շահերից։ Արդեն այսօր ակնհայտ է, որ ԱՄՆ-ն իր աշխարհաքաղաքական ձգտումներում և տարածաշրջանային ծրագրերում Թուրքիային չի դիտարկում իբրև դաշնակից և փորձում է իրականացնել շատ հավասարակշռված քաղաքականություն։ Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա անկասկած է, որ նրան չի կարող չանհանգստացնել էներգետիկ նախագծերը «թուրքական խողովակի» մեջ ներառելու Անկարայի քաղաքականությունը, այսինքն` տրանզիտային հանգույց դառնալու Թուրքիայի ձգտումը։ Որոշակի իրավիճակում Եվրամիությունը կնախընտրի լեզու գտնել ռուսների հետ, քան տոն տալ թուրքական «էներգետիկ էքսպանսիային»։ Կարելի է ենթադրել նաև, որ բոլոր այս գործոնները, ինչպես նաև ներգործության բավականին զորեղ այլ բաղադրիչներ են ստիպել Աշգաբադին ու Տաշքենդին` անտեսելու «ընդհանուր համաթուրանական շահերը»։
Այս ամենով հանդերձ, Ռուսաստանի դիրքորոշումը ոչ միայն մտահոգիչ է, այլև թվում է շատ վտանգավոր, առաջին հերթին, հենց իր համար։ Կորցնելով ազդեցությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում և տուրք տալով «արևմտյան սպառնալիքի» մտագարությանը, ռուսները միանգամայն գիտակցաբար վերջին ժամանակներս սկսել են թուրքական ազդեցությունը գնահատել իբրև փոքրագույն չարիքի։ Ղազախստանի և Ղրղզստանի ներգրավվածությունն այս դաշտում միգուցե թվում է գործընթացի վերահսկելիության երաշխիք, բայց դա պարզ միամտություն է։ Հետևողականորեն որոշ «կրեմլյան իմաստունների» տեսական նախապատրաստական աշխատանքները նույնպես ուղղված են վերոնշյալ գաղափարի ամրապնդմանը։ Այսպես, ռուսական «եվրասիականության» կարկառուն դեմքեր Ալեքսանդր Դուգինը և Հեյդար Ջամալն առաջարկում են ձևավորել Մոսկվա-Բաքու-Անկարա աշխարհաքաղաքական առանցք։ Թուրքական աշխարհի «կազմակերպումը» իրենց հսկողության ներքո որոշ ռուս տեսաբաններ դիտարկում են իբրև ներքին խնդիրների լուծման երաշխիք` «Դու` ինձ, ես` քեզ» սկզբունքով։ Սակայն ցանկացած այդպիսի պայմանավորվածություն կարող է լինել միայն կարճաժամկետ, որովհետև արդեն այսօր թրքալեզու ժողովուրդները Ռուսաստանի բնակչության նշանակալի մասն են (2002-ին` 15 տոկոս, չհաշված աճի բարձր տեմպերը)։ Հետաքրքիր է և այն, որ Մոսկվայում ռուսներից հետո (31 տոկոս) թուրքական էթնիկ խմբերն ամենաբազմաքանակն են (ադրբեջանցիներ` 14 տոկոս, թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ` 10 տոկոս, ուզբեկներ, ղազախներ, ղրղզներ` 5 տոկոսից ավելի)։ Այսինքն, Մոսկվայում ավելի շատ ադրբեջանցիներ են ապրում, քան Բաքվում ու ավելի շատ թաթարներ, քան Կազանում, իսկ ռուսները փոքրամասնություն են։ Կան ոչ անհիմն տեսակետներ, որ բուն Ռուսաստանն էլ այսօր վերածվում է թուրքական աշխարհի օրգանական մասի, և այդ միտումը գնալով աճում է։ Թուրքական խնդիրների լավագույն ռուս գիտակներից մեկը` Վիկտոր Նադեին-Ռաևսկին, ժամանակին գրել է. «Մեծ Թուրանը հիշեցնում է կոմունիզմը, որը կառուցել հնարավոր է, ավարտել հնարավոր չէ»։ Զվարճալի նկատառում է, եթե մի կողմ թողնենք, թե ինչքան դժբախտություններ, արյուն ու տառապանք «նստեց» բազմաթիվ ժողովուրդների վրա կոմունիզմի կառուցումը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ