Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Չինաստանի պատասխանը Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի

Չինաստանի պատասխանը Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի
24.07.2009 | 00:00

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԻԱԿԱՏԱՐ ԵՐԵՍՊԱՇՏԻ ԴԻՐՔԵՐԻՑ»
Հարութ Սասունյան, հրատարակիչ
(Harut Sassounian, Publisher)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, կարծես, ցեղասպանություն գործելու մեջ զանազան երկրների պարբերաբար մեղադրելու վատ սովորություն է ձեռք բերել: Այդպես վարվելով` Թուրքիայի առաջնորդն անփութորեն նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային լրատվամիջոցների համար` բարձրացնելու Հայոց ցեղասպանության հարցը:
Այս տարվա հունվարին Թուրքիայի վարչապետը ցեղասպանության մեջ մեղադրեց Իսրայելին` Գազայի վրա կատարած հարձակման ընթացքում: Իսրայելի մի շարք ղեկավարներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ պատասխանեցին` մատնանշելով, որ թուրք պաշտոնյաները վերջինն են, որ կարող են խոսել ցեղասպանության մասին` հաշվի առնելով իրենց երկրի մեղավորությունը Հայոց ցեղասպանություն գործելու մեջ: Իսրայելի կառավարության որոշ անդամներ այնքան վիրավորված էին, որ սպառնացին հակահարված տալ` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Այս ամսվա սկզբին վարչապետ Էրդողանը վերադարձավ իր սիրելի թեմային` այս անգամ ցեղասպանության մեջ մեղադրելով Չինաստանին: Նա խիստ բարկացած էր, որ մի քանի տասնյակ մահմեդական թյուրքախոս ույղուրներ էին զոհվել Սինցզյան նահանգում, չինացիների (ինքնանվանումը` հան) հետ ունեցած բախումների ժամանակ, որոնց արդյունքում շատ ավելի մեծ թվով չինացիներ էին տուժել:
«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ` հուլիսի 10-ին Էրդողանն ասել է. «Չինաստանում տեղի ունեցած դեպքերը պարզապես ցեղասպանություն են: Այլ կերպ դրանք մեկնաբանելն անհնար է»: Էրդողանի ոչ խելամիտ բառերն անմիջապես արձագանք ստացան միջազգային լրատվամիջոցներում, որոնք ընդգծեցին այլոց ցեղասպանության մեջ մեղադրելու հարցում Էրդողանի հիմարությունը` հաշվի առնելով նրա երկրի` փոքրամասնությունների իրավունքների մասով տխուր համբավը և Հայոց ցեղասպանության հարցում պատասխանատվությունը:
«Էկոնոմիստ» ամսագիրը հաղորդում է, որ «արդեն քանի օր է` չինական համացանցային ֆորումներում մարդիկ իրենց եռանդուն աջակցությունն են հայտնում քուրդ անջատողականներին»` թեմա, որի մասին Չինաստանում գործնականում խոսք անգամ չի եղել նախքան ցեղասպանության մասին Էրդողանի հնչեցրած մեղադրանքները: Ամսագրում նաև ասվում է, որ Թուրքիան «այժմ հայտնվել է կրակի տակ»:
Անդրադառնալով Չինաստանում տեղի ունեցած բախումները ցեղասպանություն որակելու Էրդողանի հայտարարությանը` «Ասոշիեյթեդ Պրես»-ը մի ամբողջ պարբերություն է նվիրել Հայոց ցեղասպանության խնդրին: «Թուրքիան ինքը խիստ զգայուն է «ցեղասպանություն» եզրի գործածման նկատմամբ: Հայաստանն ասում է` օսմանյան թուրքերը 1,5 միլիոն հայ են կոտորել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. հայերն ու մի շարք այլ երկրներ դա ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
«Ռոյթերզ»-ը ևս լուսաբանել է Էրդողանի` ցեղասպանություն իրագործելու մեջ Չինաստանին ներկայացրած մեղադրանքը, ընդգծելով, որ «ցեղասպանություն պիտակի հանդեպ հատկապես զգայուն են Թուրքիայում, որը խստորեն հերքում է հայերի պնդումները, թե Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան թուրքերի իրականացրած կոտորածները ցեղասպանություն են»:
Հոնկոնգում լույս տեսնող «Էյշա Սենթինլ» (Asia Sentinel) թերթի սյունակագիր Սիլվիա Հույը ծաղրել է Էրդողանին` ցեղասպանություն եզրն անմտորեն գործածելու համար: Նա գրում է. «Այս մեղադրանքի առումով հետաքրքիր է ոչ միայն այն, թե ինչպիսի տհասությամբ, գրեթե անփութությամբ է այն արտասանվել (հատկապես հաշվի առնելով, թե որքան զգայուն է Թուրքիան այդ բառի նկատմամբ` կապված հայերի մեղադրանքների հետ, որ օսմանյան թուրքերն իրականացրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը), այլև այն, թե ինչպես է դա հակասում նույն առիթով Էրդողանի մյուս ասածներին… Ամեն դեպքում, Թուրքիայի առաջնորդը հանդես է գալիս լիակատար երեսպաշտի դիրքերից, կամ էլ այնքան շատ էր ցանկանում հաճոյանալ ույղուրներին, որ չի կշռադատել իր խոսքը` նախքան նման խիստ մեկնաբանություն անելը»:
Թուրքական «Ռադիկալ» ազատական թերթը միացավ վեճին` մեջբերելով Բոստոնում լույս տեսնող «Արմենիան ՈՒիքլի» պարբերականի խմբագրականից մի հատված Չինաստանի հասցեին Էրդողանի հնչեցրած անհեթեթ մեղադրանքի վերաբերյալ. «Ապակե տներում ապրող մարդիկ չպետք է քարեր նետեն»: Խմբագրականն Էրդողանին պախարակեց այն բանի համար, որ նա «խիզախություն է ունեցել մի քանի տասնյակ ույղուրների սպանությունը ցեղասպանության հետ համեմատելու, մինչդեռ Թուրքիան շարունակում է միլիոններ ծախսել մեկուկես միլիոն հայերի կոտորածը ժխտելու նպատակով»: «Ռադիկալ»-ն ամփոփում է` մեջբերելով «Արմենիան ՈՒիքլի»-ի խմբագրականի հեգնական վերջաբանը. «Ի վերջո, նույնիսկ թուրքական հաշվարկներով, 1915 թվականին 150-ից ավելի մարդ է սպանվել»:
Բնականաբար, Էրդողանին առավել շատ քննադատել է Չինաստանի պետական մամուլը: Հուլիսի 14-ին «Փիփլզ Դեյլի»-ն (The People’s Daily) գրել է. «Չինաստանի շատ քաղաքացիներ վիրավորված են Թուրքիայի գործողություններից և առաջարկում են Չինաստանին` փոխել իր վերաբերմունքը քրդական բանվորական կուսակցության նկատմամբ և պաշտպանել անկախության համար վերջինիս հայտը, որպեսզի Թուրքիան ստիպված լինի ծանր քաղաքական գին վճարել… Մի ժամանակ Արևմուտքը մեղադրում էր Թուրքիային Հայաստանում իրագործած ցեղասպանության մեջ, իսկ քրդական բանվորական կուսակցության ճնշումը նաև բազմաթիվ վիճաբանություններ է առաջ բերել»: «Փիփլզ Դեյլի»-ն հրապարակել է նաև Թուրքիային քննադատող մի շարք նամակներ. նրանցից մեկում ասված է. «Քրդերի կոտորածները Թուրքիայում ցեղասպանության և նացիզմի մի տեսակ էին: Չինաստանին ցեղասպանության մեջ մեղադրելը նույնն է, թե գողը բղավի` բռնե՛ք գողին»:
Չինական մեկ այլ թերթ` «Չայնա Դեյլի»-ն (China Daily), «Մի՛ շրջեք փաստերը» վերտառությամբ խմբագրականում հորդորում է Էրդողանին` «հետ վերցնել իր խոսքերը…, որոնք միջամտություն են Չինաստանի ներքին գործերին»:
Չինաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լինել Էրդողանի հիստերիկ մեղադրանքներին ուղղված Չինաստանի ամենաարդյունավետ պատասխանը:
«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Համաձայն լինելով հարգելի Հարութ Սասունյանի եզրակացություններին, մասնավորապես, Չինաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ցանկալիությանը, այդուամենայնիվ նկատենք, որ դա ամենևին Թուրքիային չինական հակահարվածի ամենաարդյունավետ միջոցը չէ: Չինական լավագույն պատասխանը Թուրքիային կարող է լինել Հայաստան-Չինաստան ռազմավարական կապերի ամրապնդումը, Չինաստանի կողմից Հայաստանին ռազմական մեծածավալ օգնության տրամադրումը և, իհարկե, Արցախյան հիմնախնդրում հայամետ դիրքորոշման որդեգրումը: 1992-93 թթ. Չինաստանի առաջին դեսպանը Հայաստանում հայ պաշտոնյաների հետ անձնական զրույցներում սիրում էր կրկնել, որ այս անգամ Չինաստանը կառուցելու է իր նոր Չինական պարիսպը Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով, ակնարկելով հենց այն պանթուրքական վտանգը, որն այսօր առավել ցցուն կերպով է ի հայտ եկել Չինաստանի Սինցզյան նահանգում: Արդյոք այսօր այդ պարիսպը կառուցելու ճիշտ ժամանակը չէ՞:
«Արարատ» ազմավարագիտական կենտրոնի արտասահմանյան մամուլի տեսություն էջից
http://artmamul.ararat-center.org

Դիտվել է՝ 2453

Մեկնաբանություններ