Մենք պիտի խիզախ ուսուցիչներ դառնանք ու պատմենք մեր իրական պատմությունը մեր երեխաներին, նրանց ծնողներին:
Մենք պիտի խոսենք մաքրամաքուր հայերենով, լինենք հայ և սիրենք մեզ՝ մեր լավագույն կերպարով:
Պատմենք հայոց պատմության լավագույն մարդկանց մասին այնպես, որ փշաքաղվելու աստիճան զգաստանան:
Պատմենք նաև հայոց պատմության դավաճանների՜ մասին, որոնց անունները կան, բայց երբեք չեն հիշվում:
Պատմենք Անդրանիկ Օզանյանի՝ Շապինանդի մասին, ով իր կյանքի գրեթե երեք տասնամյակն անցկացրել է պայքարում և անտառներում՝ չկերած ու չքնած, մրսած ու անհանգիստ:
Ով ամեն գյուղից իր պես անձնվեր ու անշահախնդիր հայրենասերներ էր պեղում և տանում իր հետևից:
Ով ամեն հայ որբի համար իր և զինակիցների կյանքը վտանգելով ճանապարհ էր շեղում դեպի թուրքի և քրդի տուն, որպեսզի մեկ հայի կյանք փրկի, որպեսզի հայկական գեները շարունակվեն և չպղծվեն:
Ով սոված և բոբիկ «մեկ ոսկի-մեկ հայ» ծրագիրն էր իրականացնում, հայթայթած ոսկիներով հայ որբ երեխաներ էր գնում թուրքերից ու քրդերից, փախցնում Արևելյան Հայաստան, հանձնում Թումանյանի հոգածությանը:
Պատմենք Հովհաննես Թումանյանի մասին, ով հայ բազմահազար որբերին կրթություն և սնունդ էր հայթայթում, մի մասին իր տանը պահում և մտածում հայկական իրական ապագայի մասին:
Պատմենք բոլոր այն ֆիդայիների մասին, ովքեր իրենց տաք տունը թողնելով Արևելյան Հայաստանում, անցել էին Անդրանիկի պաշտպանական ջոկատներ ու անձնվիրաբար փրկում էին հայ անմեղ կյանքեր:
Պատմենք նաև, որ հետո, բոլշևիկյան իշխանություն իրականացնող հայերի ճնշման տակ, լռելյայն ու շրջապատում առկա սրտացավ հայերի պաղատանքների արդյունքում՝ Անդրանիկը հեռացավ Հայաստանից և մինչև կյանքի վերջին օրը կոշկակարությամբ էր զբաղվում, որպեսզի պահեր իր գոյությունը:
Այլապես շատ այլ ֆիդայիների նման փտելու էր բանտերում կամ անհայտ պայմաններում մահանալու էր:
Պատմենք նաև, որ Աղբյուր Սերոբին թուրքերի վարձած հայ է թունավորել, ում անունը կա, բայց ոչ ոք չի հիշում:
Պատմենք նաև, որ հետո Աղբյուր Սերոբի կինը, ամուսնուն և որդիներին կորցնելուց հետո նույնիսկ, դեռ երկար ժամանակ հայ զինվորների համար մայր է եղել և շատ թուրքերի վերացրել:
Վերոնշյալ հայրենասերներից և ոչ մեկը երբևէ չի՜ մտածել, թե ով ինչը իմացավ կամ տեղեկատվական պայքարում ով հաղթեց:
Անդրանիկը մեկ հայ փրկելիս գիտեր իր արածի նշանակությունը և չէր սպասում ամբոխային ծափահարությունների:
Թումանյանն իր երեխաների հետ որբ երեխաների կերակրելիս չէր մտածում՝ արդյոք նրանք կամ նրանց մահացած ծնողները շնորհակա՞լ են իրեն, թե՝ ոչ:
Հայ որբերի համար ոսկիներ նվիրաբերող հայերի անունները չկան պատմության մեջ, քանի որ նրանց դա չի հետաքրքրել:
Մենք պիտի լինենք շատ,
լինենք անսասան,
լինենք ամուր,
լինենք ազնիվ,
լինե՛նք․․․
Մենք պետք է սիրենք մեզ համար այս պահին կատարյալը՝ մեր զինվորին, մեր զինվորի ոգին, մեր երեխաներին, մեր հայրենիքը:
Եվ թույլ չտանք թեկուզ մեկին արժեզրկել այդ գաղափարները:
Բայց մենք ի՜նչ ենք անում…
Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ