Մենք կյանքի մշտնջենական հորինվածքների հլու կամակատարներ ենք, խելացի կամ՝ ոչ:
Եվ դա ոչ ոք մեզ չի պարտադրում:
Մենք, պարզապես, չենք մտածում այդ մասին:
Կյանքի բոլոր չարչարանքները նրա համար են, որ մենք չնչին անձնական բաներից օգտվենք՝ սնունդ, հանգիստ, քուն, վարձատրություն...
Մարդկային ողբերգությունները չնչին բաների մեջ են՝
մեծ ողբերգություններից ոչնչով չտարբերվող:
Մենք տիեզերքի անկատարյալ մասն ենք՝ անհաջող, թերի իրացված, սակայն այլ կերպ լինել չէր կարող, որովհետև դա է կյանքի տրամաբանական մեխանիզմը:
Մեր բնազդները, առավելս, կոմֆորտի ու ինքնահաշտեցման են տանում:
Մեմք չգիտակցված ամբողջի մասնիկներ ենք, սակայն ամբողջը մեզ չի պատկանում, որովհետև մենք չենք ձերբազատվում ողբերգական չնչինից:
Մենք տեղյակ չենք ու չգիտենք՝ թերաճ են մեզ ամբողջացնող զգայարանները:
Էվոլյուցիա տեղի է ունեցել ավելի պարզունակից-պարզունակ: Մենք միշտ էլ խարխափել ենք անզգայականության բանտում:
Մարդն իր գոյատևման համար պարտական է ընդամենը ծնունդի ֆենոմենին:
Հիմա հոգնող բիոն հորինում է սմարթ բանականություններ՝ արդարացնելու և բավարարելու մարմնական ու մտավոր ծուլությունը:
Սակայն մենք ինքնաբուխ ենք և վստահեցնում ենք, թե Աստված է մեզ սարքել: Ու քայլելով մեր գիտակցական ծուլությունը՝ այդպես էլ չենք կարողանում լսել աստվածային լռությունը:
Չի բացառվում, որ մի օր մենք կամովին ենք զիջելու մեր տեղը նրան՝ մեր սարքածին:
Եվ, քանի որ տիեզերքում լուսատարիներ կարող են անցնել միայն գերարհեստականները ու շփվել այլերին, մենք մեզ փորձելու ենք վերամարմնավորել: Մենք դա կանենք, որովհետև մեր կյանքը շատ կարճ է:
Թերևս աշխարհի երեսին տարերայինը միայն մարդն է, մնացած ամեն ինչ ճշգրիտ է ու բնականոն:
Սակայն մեզ վիճակված չէ իրականացնել արհեստական մարդկային գենեզիս, որովհետև տեսակը չի կարող իրենից բարդ տեսակ ստեղծել, դա կարող են անել մեր սարքածները՝ շատ-շատ հետո, երբ մենք դրա ցանկությունը, հնարավոր է, էլ չենք ունենա:
Բայց նրանք կունենան՝ մեր սարքածները: Ցավոք:
Վահունի Հովակիմյան