21-րդ դարի պատերազմի կանոնները, գործիքները, զինատեսակները նույնը չեն, ինչ նախորդ դարերում։ Պատերազմները փոխվել են, դարձել տեխնոլոգիական. ձեռնամարտերն ու հետևակային պայքարն անցյալում են։ ՈՒ սա, թերևս, գիտեին բոլորը, մասնագետները զգուշացնում էին այս մասին տարիներ առաջ. կոչ էին անում Հայաստանում զարգացնել ռազմարդյունաբերությունը՝ շեշտը դնելով գիտելիքահենք, տեխնոլոգիական ճյուղերի վրա։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարները տարիներ շարունակ բարձրաձայնում էին, որ ժամանակի հրամայականն է՝ Հայաստանում զարգացնել ռոբոտացված զինատեսակների, հարվածային անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը։
Արդեն այսօր էապես նվազել է հետևակի, մարտական մեքենաների, տանկերի դերը պատերազմի դաշտում։ Այս պատերազմում հիմնականում տեսնում ենք հրթիռային զենքի, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, հրետանու կիրառում. մեր դեմ օգտագործվում են ամենաառաջատար տեխնոլոգիաներ։
Հայաստանը, որի վրա միշտ կախված է եղել պատերազմի վտանգը, վաղուց պետք է մտածեր այս հարցերի շուրջ։ Թեկուզ ապագայի համար պետք է արձանագրվի, որ անհրաժեշտ է մեծացնել գիտության ֆինանսավորումը, զարկ տալ գիտատար ռազմարդյունաբերությանը։ Ընդ որում, ռազմարդյունաբերությունը լոկոմոտիվ է տեխնոլոգիական (և ոչ միայն) բոլոր առաջատար ճյուղերի համար։ Մեզ պետք են գիտահետազոտական համալսարաններ, որոնք կզբաղվեն ամենաարդիական խնդիրների լուծմամբ։
Այսօր պատերազմում հաղթում է նա, ով ունի ինտելեկտուալ զենք։ Բարձր տեխնոլոգիական զենքը կարող է ճանաչել հակառակորդին, կարող է բարձրացնել կրակող զենքի նշանառության մակարդակը, սեփական կապի միջոցները դարձնել անառիկ, իսկ հակառակորդինը՝ հեշտությամբ խոցելի։
Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հսկայական ներուժ կա. մենք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենատարբեր խնդիրներ լուծող ընկերություններ, բարձր որակավորմամբ ինժեներներ, ՏՏ մասնագետներ։ Այս նախադրյալներին զուգահեռ, անհրաժեշտ է նաև պետական հստակ ռազմավարություն և քաղաքական կամք։ Հերթապահ հայտարարություններից ու «կենացներից» պետք է քայլ կատարել դեպի իրական արդյունք։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ