Կարևորը առողջ ու կրթված աշխատուժի ստեղծումն է
20.03.2020 | 04:08
Համաշխարհային բանկի նոր զեկույցն ուսումնասիրում է միգրացիայի և փոխանցումների մակրոտնտեսական երկարաժամկետ հետևանքները, որոնք 2010-ից ի վեր կազմում են ՀՆԱ-ի ավելի քան 10%-ը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի 4 երկրներում: Նաև վերլուծում է, թե ինչ նշանակություն ունեն միգրացիան և տրանսֆերտները միգրանտ ուղարկող երկրների տնտեսությունների արտաքին մրցունակության և կառուցվածքի համար։
Այս երկրներից մի քանիսում‚ ըստ վերլուծության‚ մեկ աշխատողի թողարկած տնտեսական արդյունքը դեռևս ցածր է՝ համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ. դրա վառ օրինակն է արտադրողականության ընդհանուր ցածր‚ արտագաղթի բարձր մակարդակն ու ՀՆԱ-ի դանդաղ աճը։
Իմանալու համար‚ թե ինչու է այդպես՝ Համաշխարհային բանկն ուսումնասիրել է նախկին Խորհրդային Միության չորս երկրներ՝ Հայաստան‚ Վրաստան‚ Ղրղզստան և Տաջիկստան։
Վերլուծության հեղինակները մի քանի կարևոր միտումներ են արձանագրել։ 2000-ականների սկզբից բոլոր չորս երկրներում գրանցվել է նշանակալի զուտ կուտակային միգրացիա՝ իրենց աշխատուժի չափի համեմատությամբ։ Վրաստանում, օրինակ, զուտ կուտակային միգրացիայի ծավալը կազմել է երկրի 2018-ի աշխատուժի մեկ երրորդը։ Հայաստանի պարագայում միգրացիայի ծավալը կազմել է ավելի քան մեկ քառորդը։ Ղրղզստանում և Տաջիկստանում զուտ միգրացիայի ծավալն ավելի փոքր է եղել, սակայն սա, թերևս, պայմանավորված է նրանց աշխատանքային միգրացիայի սեզոնային և ժամանակավոր բնույթով։
Բոլոր չորս երկրների տնտեսություններում առանցքային դեր են կատարել դրամական փոխանցումներն արտերկրից։ Անցած տասնամյակում Ղրղզստան և Տաջիկստան արտերկից կատարված դրամական փոխանցումները կազմել են այդ երկրների ՀՆԱ-ի 30 և ավելի տոկոսը։ Հայաստանում և Վրաստանում արտերկրից կատարված դրամական փոխանցումները միջինում կազմել են ՀՆԱ-ի 11 և 18 տոկոսը։
Մեկ այլ տարածված առանձնահատկություն է մեկ աշխատողի հաշվով ցածր ՀՆԱ-ն, ինչը զարմանալի է, եթե դիտարկենք այդ երկրների մարդկային կապիտալի մակարդակը։ Սա նշանակում է, որ բազմաթիվ աշխատողներ նախընտրում են արտագաղթել՝ դուրս տանելով իրենց մարդկային կապիտալը և ավելի մեծ գումարներ վաստակելով արտերկրում։
Այս երկրներում կարևոր մակրոտնտեսական ազդեցություն ունի աշխատուժի նվազումը, որի պատճառն աշխատողների միգրացիան է՝ զուգակցված արտերկրից ստացվող դրամական փոխանցումներով։ Նրանց տնտեսություններն աստիճանաբար անցնում են ոչ արտահանելի ապրանքների արտադրության, ներառյալ ծառայությունների ձևավորման, որը կբավարարի մեծացող պահանջարկը, և հրաժարվում են արտահանելի ապրանքներից, որոնք կարելի է հիմնականում ներկրել և ֆինանսավորել արտերկրից փոխանցումների հաշվին։
Մենք գիտենք, որ երբ որևէ արժույթ արժևորվում կամ ամրապնդում է իր դիրքերն այլ արժույթների նկատմամբ, ապա ներկրումն էժանանում է։ Սա կարող է հանգեցնել իրական ՀՆԱ-ի աճի դանդաղեցման, որի պատճառը զուտ արտահանման ծավալների անկումը և ներկրվող ապրանքների պահանջարկի աճն է։ Հայաստանում, Վրաստանում և, ավելի մեծ չափով, Ղրղզստանում ու Տաջիկստանում որոշ փաստեր կան իրական փոխարժեքի արժևորման վերաբերյալ, թեև այս միտումները վերջին երկու երկրներում մասամբ շրջվել են 2015-18 թվականներին, ինչը պայմանավորված է Ռուսաստանից և Ղազախստանից կատարվող դրամական փոխանցումների արժեքով՝ նավթի համաշխարհային գների անկման ազդեցությամբ։
Ազդակներ կան նաև առ այն, որ Ղրղզստանում և Տաջիկստանում գրանցվել է արտաքին գների մրցակցայնության կորուստ, ինչը նպաստել է արտահանումների մասով համեմատաբար թույլ կատարողականին։ Տաջիկստանը տուժել է՝ կորցնելով ապրանքների արտահանման գլոբալ շուկայում իր մասնաբաժնի մեծ մասը, իսկ Ղրղզստանը գրանցել է ապրանքների արտահանման գլոբալ շուկայում իր մասնաբաժնի համեստ ընդլայնում, իսկ ծառայությունների արտահանման մասով ավելացում գրեթե չի ունեցել։
Ի՞նչ կարող ենք քաղել այս չորս երկրներում առկա միտումներից։
ՀԲ վերլուծությունում նշվում է‚ որ մարդկային կապիտալը լիարժեք օգտագործելու իմաստով կարևորագույն նշանակություն ունի ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականությունը։ Սա ենթադրում է համակարգային բարեփոխումների իրականացում և կառույցների հզորացում՝ ավելի լավ ղեկավարման և հաշվետվողականության նպատակով։ Սա նշանակում է մասնավոր ներդրումների խթանում և ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղերի ստեղծում, որպեսզի մարդկանց համար գրավիչ լինի հայրենիքում մնալն ու աշխատելը։ Սա նաև նշանակում է օգնել տնտեսավարողներին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին, աճելու և առաջ մղելու տեխնոլոգիաներն ու նորարարությունը։
Բայց ամենից կարևորն առողջ ու կրթված աշխատուժի՝ ծաղկման և ներառական տնտեսական աճին ու աշխատատեղերի ստեղծմանը նրանց լիարժեք մասնակցության հնարավորությունների ստեղծումն է։
Պատրաստեց Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ
Մեկնաբանություններ