Որն է մեր ճանապարհը
04.02.2020 | 00:39
Նեոլիբերալ քաղաքական-տնտեսական-ֆինանսական համակարգի կապիտալիստական տնտեսավարմանը զուգահեռ և այդ համակարգի գոյության համար հիմքեր ստեղծող կարևորագույն գործոնն է իր գաղափարախոսությունը։ Դա սպառողականության գաղափարախոսությունն է կամ մշակույթը։
Աշխարհը, որպես ամենաարդյունավետ տնտեսավարման էտալոն, ընդունում է մասնավոր կապաիտալիստական մոդելը։ Իրականում դա մի մեծ խաբկանք է, որն ստեղծել են մարդկանց աչքերին թոզ փչելու համար։ Մասնավոր կապիտալիստական տնտեսությունը տնտեսավարման ամենաանարդյունավետ եղանակն է պետական նպատակների հետապնդման և պետական շահի սպասարկման տեսանկյունից։ Այն աշխատում է միայն կապիտալիստի շահույթի համար։ Բոլոր մնացած առումներով այդ մոդելը գերծախսատար, գերվնասաբեր և գերկորստաբեր է։ Այն զուգակցվում է սպառողականության համատարած ներդրման հետ։
Սպառողական գաղափարախոսության ամենագործուն միջոցը գովազդն է։ Գովազդի տեղադրման համար օգտագործվում են տպագիր մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը, էլեկտրոնային կայքերը, ընդհանրապես ցանցերը։ Այսինքն` բոլոր միջոցները։ Գովազդային քաղաքականության նպատակը հնարավորինս շատ ապրանքի իրացումն է, անկախ դրա անհրաժեշտությունից։ Այն զուգակցվում է բանկային համակարգի կողմից մատուցվող վարկային որոգայթների հետ։ Երկու դեպքում էլ դրույքն արվում է ոչ ամբողջական տեղեկատվական խայծի գործադրման վրա, ինչը քաղաքացու կամ սպառողի մոտ ստեղծում է անհրաժեշտության և հասանելիության պատրանք, որին դիմակայել խորհուրդ չի տրվում։ Տոտալ գովազդի միջոցով դրանց պատվիրատուները ստեղծում են մի երևութական իրականություն՝ մտածողության, աշխարհընկալման, կենցաղի, նպատակների, շարժառիթների կաղապարներով, որոնք, ըստ էության կապ չունեն մարդու իրական պահանջմունքների հետ։ Այդ կաղապարները մարդուն ուղեկցում են դեպի սպառում՝ այն չափանիշներով և մեթոդաբանությամբ, որով գործում է ապրանքային միջավայրը։
Արտադրությունները կազմակերպվում են այնպես, որ որքան հնարավոր է շատ ապրանքատեսակներ դառնան մեկանգամյա օգտագործման։ Մնացած ամեն ինչն արագ փոփոխությունների են ենթարկում չնչին նորամուծություններով, մարդկանց համոզում հրաժարվել հնից և գնել նորը։ Այդ նպատակով հսկայական միջոցներ են ծախսվում գովազդի վրա, սակայն մարդկանցից վերցնում են տասնապատիկ ավելին։ Մյուս կողմից, անզեն աչքով էլ տեսանելի է, որ շեշտակիորեն ընկնում են անգամ բրենդային և գերթանկ ապրանքների որակական ցուցանիշները։ Նույնիսկ մեքենաներն արտադրվում են երկու-երեք տարվա համար։ Ամենակարևորն այստեղ այն է, որ արտադրություններն իրենց սկզբունքով օգտագործում են տասնապատիկ ավելի ռեսուրսներ, որոնք կարճ ժամանակ անց հայտնվում են աղբանոցում։ Ստեղծվում և ներդրվում են այնպիսի ֆինանսական գործիքներ, որոնք մարդկանց հարկադրում են գնալ իրենց նշած ուղիով։ Սպառել ավելի շատ, եթե անգամ նրանք այդ միջոցները չունեն։
Նեոլիբերալ տնտեսական մոդելի մեջ մնալով մենք չենք կարող ունենալ արդյունավետ տնտեսավարում։ Շարունակվելու են բնակչության ունեզրկումը, հասարակության բևեռացումը։ Պետական կառավարման արդյունավետությունն այս դեպքում իրենից ներկայացնում է անընդհատ և շարունակաբար նվազող մեծություն։
ՀՆԱ-ի աճի, բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի աճի, տնտեսական ակտիվության աճի, նույնիսկ հարկային մուտքերի աճի ցուցանիշները ուղղակիորեն կապ չունեն քաղաքացու բարեկեցության և երկրի առաջընթացի հետ։ Դրանք ավելի շուտ թաքցնում են, թե որքանով են հարստացել հարուստները։
Եթե խնդրին նայենք բավարար հեռավորությունից, ապա գոնե մոտավոր կերպով կարող ենք ընդգրկել այս տնտեսական քաղաքականության կործանարար հետևանքները ոչ միայն մարդկային կենցաղի, այլև բնության վրա։ Աշխարհաքաղաքական առումով դրանք գլոբալացման գործընթացներն են, որոնք պահանջում են վերացնել ոչ միայն ազգերին ու ժողովուրդներին բաժանող պետական սահմանները, այլև այն պատմական, կրոնական, դավանանքային, մշակութային, կրթական, բարոյական և այլ տարբերությունները, որոնք օրինաչափորեն առաջացել են տարբեր ժողովուրդների մոտ վերը թվարկված և չթվարկված համակարգային արժեքների նկատմամբ ունեցած և դրսևորած մոտեցումների տարբերությամբ։ Իսկ դրան ուղեկցող սպառողական մշակույթի գաղափարախոսությունն իր հերթին ավերում է այն արժեհամակարգը, որը դարերի ընթացքում ձևավորվել է մարդկային համակեցության փորձի, ինքնապահպանական բնազդի ու խելամտության հիման վրա։ Այդ արժեհամակարգային ավերմունքի մեջ, երբ մարդը կորցնում է իր ազգային պատկանելության, ընտանեկան կապերի, բարոյական պարտավորությունների կարևորության գիտակցումն ու դրանց համար պատասխանատվության զգացողությունը, կարելի է ասել, որ նա կորցնում է իր հենարանները և հեշտությամբ գնում է դեպի բարոյական սանձարձակություն, սեռական այլասերվածություն, դեպի, այսպես ասած, «ազատ», իրականում՝ անպատասխանատու մարդը։ Այդպիսի քաղաքացին (նրան անհատ անվանել էլ չի կարելի), հեշտությամբ ենթարկվում է այն բոլոր հնարքներին (գովազդային, ֆինանսական, աղանդավորական, այլասերական), որոնց ցանցն արդեն հյուսված է իր շուրջը։ Այդ միջավայրին կրթված, գրագետ մարդը պետք չէ։ Դրա համար մեթոդաբար կործանում են կրթական համակարգը, մշակույթը փոխարինվում է փոփ մշակույթով, որի մեջ գերակշռողը ծախու և հիմնականում էժան բարքերն են։
Պետությունը, որը հավակնում է ինչ որ դերակատարություն ունենալու գոնե տարածաշրջանային առումով, պետք է ունենա իր գաղափարախոսությունը։ Այն, բաղկացած լինելով մի քանի հիմնական բաղադրիչներից, իր ամբողջության մեջ հնարավորություն է տալիս տվյալ պետությանը, այն ներկայացնող ազգին ներկայանալու սեփական դեմքով, պահպանելու և պաշտպանելու ինքնությունը, դիմակայելու այն սպառնալիքներին, որոնք ուղղված են այդ պետությունը ներկայացնող ժողովրդի ազգային դիմագծի խաթարմանը, նրա կեցության հիմնական սկզբունքների քայքայմանը։
Ո՞րն է մեր որոնած գաղափարախոսությունը, ինչպիսի՞ն պետք է լինի դրա դերը պետության, ապա հասարակության և քաղաքացու համար։ Այդ բանի ամենապարզ ձևակերպումը գուցե թե կարելի է անել հետևյալ կերպ. դա պետության, հասարակության, քաղաքացու կայացման և զարգացման վերաբերյալ պատկերացումների այն ամբողջությունն է, որը հնարավորություն է տալիս քաղաքացու, հասարակության տարբեր խմբերի նպատակներն ու գործունեության շարժառիթները համադրելու այնպես, որ դրանք միաժամանակ ծառայեն պետական նպատակների իրականացմանը։ Նաև հակառակը. սահմանվում են այնպիսի պետական, ազգային նպատակներ, որոնց իրականացման ճանապարհին քաղաքացին, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները հասնում են իրենց նպատակների իրականացմանը։ Պետության տնտեսական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը պետք է լինի համերաշխ հասարակության կառուցումը, այսինքն, հասարակության հարուստ և աղքատ խավերի միջև բևեռացման հաղթահարումը։ Մեր կարծիքով` դրա հնարավորությունը ոչ այնքան արդեն ստեղծված արդյունքի նկատմամբ իրավունքների վերաբաշխման մեջ է, որքան այդ արդյունքի ստեղծման գործընթացներում հասարակության տարբեր խմբերի մասնակցության աստիճանի, հետևաբար նաև դրանց նկատմամբ իրավունքի ձևավորման մեջ։
Հասարակության բոլոր խմբերը պետք է կարողանան դրսևորել իրենց կարողությունները պետության կյանքի տարբեր ոլորտներում և ըստ այդմ վաստակեն իրենց ապրուստի միջոցը։ Մասնավորին չենք կարող համակել գործազուրկ քաղաքացու հոգսերով և լուծել նրա աշխատանքի հարցը։ Ճանապարհը մեկ այլ տնտեսություն ստեղծելու մեջ է, որը կգործարկի այնպիսի ծրագրեր, որոնք կընդգրկեն տարբեր խավերի, մասնագիտությունների, կարողությունների տեր քաղաքացիներին այդ ծրագրերի իրականացման գործընթացներում` հնարավորություն տալով և՛ պետական խնդիրները լուծելու, և՛ դրանց միջոցով մարդկանց կենսական խնդիրների լուծումը գտնելու։
Այլ տնտեսություն, որը չի ենթարկվի մասնավոր կապիտալի ազդեցություններին, որը կարող է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ մասնավորը հարկադրված կլինի ենթարկվել խաղի փոփոխվող կանոններին, կարող է ստեղծել միայն պետությունը։ Դա կնշանակի փոխել ներկայիս տնտեսության գաղափարախոսությունը, փոխել պետական կառավարման համակարգը, փոխել տնտեսության գործունեության սկզբունքները, փոխել ֆինանսական միջոցների շրջանառության տրամաբանությունը։
Պետությունը պետք է կարողանա վարել այնպիսի տնտեսություն, որը կարող է ապահովել առավելագույն շահույթ, բայց գերնպատակը պետք է լինի ոչ թե գերշահույթը, այլ այն պետական կարևորության խնդիրների լուծումը, որոնք կանգնած են պետության և հասարակության առաջ։ Սկսած ժողովրդագրությունից, գործազրկությունից, անվտանգությունից, բնապահպանությունից, կրթությունից, առողջապահությունից, և այդպես շարունակ։ Այդպիսի տնտեսության արդյունավետության գնահատումը պետք է կատարվի օգտագործված ռեսուրսների և ստացված արդյունքի, այդ գործընթացներում ներգրավված մարդկանց և նրանց ստացած եկամուտների, բնությանը հասցված վնասի և դրա վերականգնման համար ծախսված միջոցների հարաբերակցությամբ։
Գաղափարախոսության ձևավորման համար առանձնահատուկ կարևորություն և նշանակություն ունեն տվյալ երկրի, ազգի պատմությունը, հասարակական կեցության մեջ պատմականորեն ձևավորված այն արժեքներն ու դրանց գործադրման մեխանիզմները, որոնք ծառայել են այդ հանրույթի պահպանմանն ու գոյատևմանը։ Պետական գաղափարախոսության կենտրոնում պետք է լինի ընտանիքը, որպես այդ պետության և ազգի գոյության երաշխավոր։
Մենք պետք է ճանաչենք, նորովի գնահատենք մեր պատմությունը, մեր ազգի, էթնոսի տեղն ու դերը այս քաղաքակրթության ստեղծման և ձևավորման գործում։ Այս առումով կարևորագույն նշանակություն ունի հայագիտության, հայոց լեզվի ուսումնասիրության նոր դպրոցների ստեղծումը։ Մենք ունենք մեր լեզուն և պատմությունն ուսումնասիրող ժամանակակից փայլուն մտածողներ, որոնք իրենց դժվարին և կարևոր աշխատանքում պետական որևէ օժանդակություն չեն ստանում։ Այդուամենայնիվ, նրանք կարողացել են այնպիսի արդյունքներ ստեղծել, որոնք հիմքում փոխում են մեր լեզվի, մեր ազգի, մեր պատմության վերաբերյալ օտարների կողմից մեզ պարտադրված պատկերացումները`նոր դռներ բացելով պատմության հայտնի և անհայտ անցքերի նորովի ընկալման ու մեկնաբանման համար։ Շատ չեն այն էթնոսները, որոնք կարող են ներկայանալ այդպիսի քաղաքակրթական դերակատարությամբ։ Մենք ամենայն լրջությամբ պետք է գնահատենք այդ գործի կարևորությունը, պատշաճ կերպով արժևորենք այդ ուղղությամբ մեր նոր ձեռքբերումները և կարողանանք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները այդ ճանապարհն անխոտոր անցնելու համար։ Իսկ խոտորվելու բազմաթիվ պատճառներ կան և դեռ կլինեն թե՛ ներսից, թե՛ առավելապես, դրսից։
Օրինակ, դժվար է գերագնահատել, թե ինչպիսի կարևորություն ունեն Պարիս Հերունու կողմից Զորաց քարերի ուսումնասիրությունը և արված հիմնավոր եզրահանգումներն առ այն, որ մենք գործ ունենք վաղնջական ժամանակնեում ստեղծված և հազարամյակներով գործած աստղադիտարանի հետ, որի ընթացքում մեր նախնիք կարողացել են հիմնավորապես ուսումնասիրել երկնային մարմինների դիրքերը, հաշվարկել նրանց տեղաշարժն ու դրանց փուլերը, ստեղծել կենդանակերպի նշանները, տոմարն ու օրացույցը։ Այդ նույն երևույթի վերաբերյալ մեր մի քանի այլ գիտնականներ կարծիք են հայտնում, թե մենք գործ ունենք ընդամենը բնակատեղիի և դամբարանադաշտի հետ։ Նույնիսկ հիմա, երբ տեղաշարժման հնարավորություններն անհամեմատ մատչելի են և արագ, գիտական հետազոտությունների կենտրոնների ստեղծմանը զուգահեռ և նրանց կողքին ստեղծվում են կոմպակտ բնակավայրեր, որոնք բնակեցվում են այդ կենտրոնների աշխատակիցներով։ Եվ բոլորովին էլ զարմանալի չպետք է լինի այդ աստղադիտարանի կողքին բնակավայրի ու դամբարանադաշտի առկայությունը, որտեղ պետք է հազարամյակներով ապրեին ու աշխատեին աստղադիտարանի կառուցողներն ու նրանց հետնորդները։ Մյուսները փորձում են հիմնավորել, թե երկնային մարմինների տեղաշարժերն ուսումնասիրելու նպատակով որոշ քարերի վրա արված անցքերը իրականում ծառայել են այդ քարերը կապելու և տեղափոխելու նպատակին։ Մինչ օրս էլ քարի հետ աշխատող մարդու համար այն կապելու լավագույն միջոցը պարագծով խեղդակապ անելն է, և եթե նրան առաջարկեն դրա համար քարի վրա անցք անել , նա մատը կտանի քունքին։ Այդ առումով խորհուրդ կտանք այդ գիտնականներին իրենց ուղեղի տանիքում փոքրիկ անցք բացել, որպեսզի լույսի մի շող ընկնի այդ խավարի մեջ։
Մեր պատմության գնահատման առումով կարող ենք բերել մեկ այլ դիտարկում ևս։ Երկնային մարմինների դիրքի, դրանց փոխադարձ դասավորության, տեղաշարժերի վերարտադրության կարողություն ունեցողը արդյո՞ք պետք է մի քանի հազարամյակ սպասեր, ասենք՝ Պյութագորասի կողմից, ուղղանկյուն եռանկյան վերաբերյալ երկրաչափական օրինաչափությունների հայտնագործմանը։ Արման Ռևազյանը, վերծանելով Կրետե կղզում գտնված կավե սկավառակի վրա սրանից երեք հազար հինգհարյուր տարի առաջ արված պատկերագրերը, հիմնավորել է, որ դրանցում գրանցված է բևեռային աստղի՝ երկնակամարում տեղաշարժի կայացած իրողությունը, արձանագրելով նաև անկյունաչափի ստեղծման փաստը, միաժամանակ փաստելով, որ դրանք, ինչպես նաև շատ այլ կարևորագույն իրողություններ, որոնց հայտնագործման, ստեղծման դափնիները վերագրվել են այս կամ այն ժողովրդին, վերծանել և մեկնաբանել հնարավոր է միայն հայոց լեզվով։
Առանձնահատուկ կարևորություն ունի մեր լեզվի, գրի՝ որպես աշխարհաճանաչման բացառիկ միջոցի դերի ընկալումը, մեր լեզվի ու գրի մեջ ամբարված մարդկային փորձի ու բազմաբնույթ գիտելիքների կորզումն ու գնահատումը։ Լեզվի իմացությունը միայն առանց տառասխալների գրելու կամ ճիշտ խոսելու կարողություն չէ։ Լեզվամտածողությունը ուղղակիորեն արտացոլում է մարդու կապը իր հայրենիքի, հայրենի բնության, ազգային արժեքների հետ։
Այս ցանկը երկար կարելի է շարունակել, բայց բավարարվենք այսքանով։ Այսքանն էլ բավական է համոզվելու համար, որ մենք պարտավոր ենք անհրաժեշտ ջանքն ու միջոցները ներդնել, որպեսզի կարողանանք վերականգնել մեզ համար կարևոր նշանակություն ունեցող պատմական իրադարձությունների իրական պատկերը, զանազանենք այն պատմական աղբից, ինչը ոմանք ստեղծել են մեր ունեցվածքի նկատմամբ իրենց իրավունքները հաստատելու նպատակով։
Պետական գաղափարախոսության կարևորագույն բաղադրիչ է տվյալ ժողովրդի մշակույթը։ Մշակութային մեր քաղաքականության հիմքում պետք է լինի հակադրությունը գլոբալիստական համահարթեցմանը, մեր մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը, ոչ թե նրանց նետած թափոնները մեկս մյուսիցս առաջ ընկնելով բռնելն ու գլխներիցս վեր որպես մշակութային արժեքներ ծածանելը։
Իրականում մենք մեր մշակութային ժառանգության ճանաչման և գնահատման առումով նույն մակարդակի վրա ենք, որքան մեր լեզվի։
Նույնը կարելի է ասել նաև մեր կրոնի մասին։ Թե՛ քրիստոնեության, թե՛ այն կրոնի, որը նախորդել է քրիստոնեությանը։ Անգամ անընդունելի թվացող խնդիրների առկայության դեպքում մենք պետք է պահպանենք այն որպես ազգի միասնականության ապահովման հզոր միջոց, որպես պետականության հիմքերը քայքայելուն ուղղված բազմաթիվ աղանդների ու այլասերական ոտնձգությունների առաջն առնելու հնարավորություն։
Տեր կանգնելով մեր պատմությանը, իմաստավորելով և գնահատելով այն քաղաքակրթական դերակատարությունը, որ ունի մեր ազգը, մենք ինքնաբերաբար կստեղծենք այն ատաղձը, որի վրա կամբողջանան գալիքի վերաբերյալ մեր պատկերացումների դրվագային, հատվածական, բայց ուղենիշային դրույթները։
Այս ամենի վերաբերյալ մեր փոքրիկ քաղաքացու մեջ սկզբնական և հիմնարար պատկերացումներ ձևավորելու պատիվն ու պատասխանատվությունը դրված պետք է լինի դպրոցի վրա։ Հանրակրթական դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որտեղ պետք է դաստիարակվի երեխան, ձևավորվեն նրա աշխարհայացքը, քաղաքացիական դիրքորոշումը։
Եթե պետությունը հետամուտ չէ իր ազգային, պետական շահերին համապատասխան համակարգային արժեքների ձևավորման և պահպանման քաղաքականությանը, ապա այն արագ լցվում է սպառողականության գաղափարախոսությամբ։
Պետության՝ հզոր և կայացած լինելու և քաղաքացու՝ բարեկեցիկ ապրելու և իր հնարավորություններն իրացրած լինելու գաղափարները պետք է զուգամիտեն։ Եվ ոչ թե հեռավոր ապագայում, այլ մեկ մարդկային կյանքի ընթացքում, յուրաքանչյուր մարդկային կյանքի ընթացքում։ Պատկերացնու՞մ եք, թե որքան բան հնարավոր կլինի ստեղծել յուրաքանչյուր սերնդի ուժերով, եթե այդ սերունդը հնարավորություն ունենա իրացնելու իր աշխատանքային, կազմակերպական, ստեղծագործական, նյութական ռեսուրսները հնարավորինս արդյունավետ։ Ի՜նչ հարստություն կհորդա մեր երկրում, եթե պետությունը կարողանա ստեղծել այդպիսի միջավայր։ Եթե կարողանանք պատկերացնել դա, ապա անմիջապես կընկալենք, թե որքան անարդյունավետ, կորստաբեր, կործանարար իրականություն է մեզ շրջապատում։ Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա դրսևորելու իրեն որպես բանվոր, հողի աշխատավոր, մտավորական, գիտնական, մշակույթի գործիչ, գործարար, պետական ծառայող, զինվոր... Կյանքի բոլոր ոլորտներում քաղաքացին պետք է ստեղծի այն, ինչ գտնվում է իր կարողությունների ծիրում։
Այսօր մարդը, ապրելով երկրի վրա, տնտեսական գործունեության հիմքում դնելով իր շահը, ավերում է բնությունը, եղծում այն միջավայրը, որը ծնել է իրեն։ Միաժամանակ նա հույսը դնում է տեխնոլոգիական զարգացման ճանապարհին իր ձեռքբերումների վրա, կարծելով, թե իր ստեղծած միջոցները բավարար կլինեն տիեզերքում բնակության համար պիտանի միջավայր ձևավորելու և այնտեղ իր կենսագործունեությունը շարունակելու համար, երբ վերջնականապես կապականի Երկիր մոլորակը։
Սա ֆրուստրացիա է, խաբկանք։ Ավելի մեծ խաբկանք, քան կապիտալիստական տնտեսության արդյունավետության մասին ստեղծված գաղափարաբանությունը։
Արդյոք համեմատելի կարո՞ղ են լինել այն միջոցները, որոնք մարդկությունը, խելամտության դեպքում, կարող է ներդնել իր հարազատ տանը, ինչպես գյուղացին իր տնամերձն է մշակում, նույն տրամաբանությամբ քրտինք թափել ավերվածի վերաստեղծման վրա։
Մենք կարող ենք ունենալ օրինակելի տնտեսությամբ և գաղափարախոսությամբ երկիր, որը կդառնա աշխարհի փոփոխության փոքր նմուշը։ Մենք երկրորդ անգամ պետք է կառուցենք Տապանը՝ բառի ուղղակի և փոխաբերական իմաստով։
Եթե մարդկությունը չգնա այնպիսի փոփոխությունների, որոնք սկզբունքորեն կփոխեն մարդու գործունեության և կեցության միջավայրը, նրա կենսական պահանջների նկատմամբ վերաբերմունքը, բնության հանդեպ պատասխանատվության և դրա գործնական դրսևորման բովանդակությունն ու մասշտաբները, ապա Արարիչը մեզ երկրորդ անգամ, և գուցե անվերադարձ, դուրս կհանի Դրախտից։
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ
«Գալիք» կուսակցության նախագահ
Մեկնաբանություններ