Հայաստանում տնային տնտեսություններում 2018-ին կատարված հետազոտությունները փաստել են, որ շատ լավ ապրելու համար մարդիկ ամսական մեկ շնչին բաժին հասնող մոտ 600 հազար դրամ եկամուտ են ցանկանում ունենալ: Հետազոտությունը ներառվել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում:
Հարցման մասնակիցները պատասխանել են հարցերին՝ ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար:
Հարցվածները նշել են, որ շատ լավ ապրելու համար մեկ շնչի հաշվով 588 965 դրամ գումար է անհրաժեշտ, ինչը հավասարազոր է մոտավորապես 1 220 դոլարի: Լավ ապրելու համար նշել են 245 515 դրամը՝ 509 դոլար, իսկ գոյատևելու համար, ըստ հարցվածների, մեկ անձի հաշվով անհրաժեշտ է 99 039 դրամ կամ 205 դոլար:
Հարցվածների մի ստվար զանգված կարծում է, որ իր կենսամակարդակը պետք է բարելավի կառավարարությունը: Հետազոտության ընթացքում կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսության 16 և բարձր տարիքի անդամներից 36.2%-ը նշել են՝ «ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով»: «Պլաններ չունեմ», պատասխանել է հարցվածների 21.7%-ը, «փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում», նշել են 15.1%-ը, «իմ կենսամակարդակն ինձ համար ընդունելի է»,- ասել են 9.7%ը: Հարցվածների 8.8%-ը նշել են, որ չգիտեն ինչպես դուրս գալ այս իրավիճակից, իսկ 3.0%-ն ասել են, որ փնտրում են եկամտաբեր աշխատանք Հայաստանից դուրս: Ընդհանրապես Հայաստանի հետ հույս չի կապում հարցվածքների 2.8%-ը, նրանք նշել են՝ «սպասումներ չունեմ ընդհանրապես, ստիպված եմ հեռանալ Հայաստանից»:
Հարցվածների 2.2%-ը նշել է, որ ցանկանում է սկսել սեփական գործ Հայաստանում, իսկ Հայաստանից դուրս սեփական գործ ուզում է սկսել միայն 0.5%-ը:
Հարցումների արդյունքում պարզվել է՝ առավել առաջնային խնդիրներն են ոչ պարենային առաջնային կարիքները և բնակարանային հիմնահարցը: Հարցվածների 27.6%-ը բնակարանի խնդիր ունի:
Թեև զեկույցը փաստում է, որ 2018-ին Հայաստանում աղքատությունը մեղմվել է 2.2 տոկոսով՝ կազմելով 23.5 տոկոս, տնային տնտեսությունների հարցումների արդյունքում պարզվել է, որ իրեն աղքատ է համարել բնակչության 9.4 %-ը (2008թ.-ի 17.0%-ի համեմատ): Իսկ հարցվածների 45.9%-ի կարծիքով՝ իրենց կենսամակարդակը միջինից ցածր է: Միջին կենսամակարդակ ունեցել են հարցվածների 40.6%-ը, 4.0%-ը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ` 2008-ի 4.2%-ի համեմատ: Իրենց հարուստ են համարել հարցվածների 0.1%-ը:
2018-ին սննդի ապահովման հարցը հիմնական խնդիր համարող տնային տնտեսությունների անդամների մասնաբաժինը 2017-ի համեմատ 1.2%-ով նվազել է՝ 9.1%:
Տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների 29.7%-ի գնահատմամբ՝ ոչ պարենային առաջնային կարիքներից բավարարվածությունը համարվում է կարևոր հիմնախնդիր: 2018-ին հարցվողների համար կարևոր հարցերից մեկը բնակարանային հիմնահարցն է:
Տնային տնտեսությունների 7.7% անդամների համար ամենաառաջնային խնդիրն առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելն է: Հարցվողների 2.9%-ը որպես առաջնային խնդիր նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 23.0%-ը նշել է այլ առաջնային խնդիրներ:
Բնակչության սպառողական ծախսերի մեջ մեկ շնչի հաշվով սննդի վրա կատարված ծախսերը 2004-ի 56.1%-ից նվազել և 2018-ին կազմել է 40.4%:
Տնային տնտեսությունների անվանական սպառողական ծախսերի կառուցվածքը հետևյալն է՝ սպառողական ծախսերը 2004-ի 19 251 դրամի փոխարեն 2018-ին կազմել են 45 788, որից 18 496 -ը 2018-ի կազմել է սնունդի ծախսը:
Սննդի համար կատարված ծախսերի մասնաբաժինը գյուղաբնակ տնային տնտեսությունների ընդհանուր սպառողական ծախսերի կազմում շարունակում է ավելի մեծ լինել քաղաքաբնակների համեմատ: 2004-ի համեմատ 2018-ին գյուղաբնակ տնային տնտեսություններում սննդի ձեռք բերման ծախսերը 62.5%-ից նվազել են մինչև 43.8%: 2018-ին հիմնական սպառվող սննդամթերքը հացամթերն է, հաջորդում են ձուն ու բանջարաբոստանային մթերքները:
2018-ին մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտը կազմել է 61 047 դրամ՝ 2008-ի 26 866-ի փոխարեն: Դրամական եկամուտների մեծ մասը գոյանում է վարձու աշխատանքից: