«Տնտեսական հատվածի զարգացման ֆինանսավորման բեռի մեծ մասը ընկել է առևտրային բանկերի վրա»
29.11.2019 | 02:00
«Էսպես բա՞ն կլինի. հայտարարում են մի տոկոսադրույք, գնում ես բանկ, պարզվում է ուրիշ տոկոսադրույք է գործում»,- բողոքում են մարդիկ` իրենց խաբված զգալով։ Ի դեպ, այս խնդիրը իսկապես կա և նոր չէ, տարիներով ավանդաբար շարունակվում է։ Ի՞նչ պետք է անել այս ոլորտում, որ խոսքը գործից չտարբերվի։ Այս և տնտեսություն-բանկ փոխհարաբերության շուրջ զրուցեցինք Հայաստանի բանկերի միության նախագահ ՄՀԵՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։
-Նախ պետք է հիշենք, որ բանկային պրոդուկտները բաղկացած են լինում մի քանի բաղադրիչներից։ Վարկերի մեջ հաշվարկվում են տոկոսադրույքը, միջնորդավճարները, կանխիկացման, հայտերի ուսումնասիրման, սպասարկման վճարները։ Երբ հայտարարվում է վարկի անվանական տոկոսադրույքը, ապա այն հանդիսանում է էֆեկտիվ տոկոսադրույքի տարրերից մեկը։ Օրինակ, եթե վարկառուն հիպոթեքային վարկ է վերցրել և դրա արդյունավետ տոկոսը կազմում է 12 %, ապա դա նշանակում է, որ հաճախորդի վրա գնագոյացումը նստելու է 12 %։ Սակայն, եթե այդ ամբողջը բացված ներկայացվի, ապա կարող է անվանական տոկոսադրույքը կազմել 10 %, կանխիկացման վճարը 0,2 %, սպասարկման վճարը 1000 դրամ և այլն։
-Այո, սակայն դրանք այնքան փոքր գումարներ են կազմում, որ ասենք 12 % վարկը չի կարող դառնալ 18 %։
-Իրավացի եք, նման տարբերություն կարող է առաջանալ, երբ տրամադրվող գումարը փոքր է, իսկ մարման ժամկետները՝ կարճ։ Վերը նշված վճարները կարող են էական նշանակություն ունենալ տոկոսադրույքի վրա։ Բոլոր դեպքերում, ուզում եմ նշել, որ Ձեր նշած խնդիրը կարգավորված է օրենսդրությամբ։ Օրենքը պարտադրում է բանկերին, որ հաճախորդների հետ հարաբերություններում այդ բոլոր մանրամասները, որոնց մասին խոսեցի, բացահայտվեն։ Բանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոքր վարկերի դեպքում պարտավոր է հաճախորդին ներկայացնել վարկի պայմանները, բացատրելով հաճախորդին, թե ինչքան կկազմի վարկի էֆեկտիվ տոկոսադրույքը։ Դրանով իսկ հաճախորդին հնարավորություն է տրվում ճիշտ կողմնորոշվել, համեմատել տարբեր բանկերի կողմից տրվող վարկերի պայմանները։ Ի վերջո, վարկ վերցնել-չվերցնելու որոշումը հաճախորդինն է, այսինքն վարկառուինը։
-Դուք շատ գեղեցիկ եք շարադրում, սակայն կարծում եմ, որ ինքներդ էլ տեղյակ եք իմ բարձրացրած խնդրին։ Տեսեք, Դուք ասացիք, որ որոշ դեպքերում 12 %-անոց վարկը կարող է դառնալ 18 %։ Այդ դեպքում ավելի ճիշտ չի՞ լինի, առևտրային բանկերի կողմից, որ նրանք իրենց գովազդերում ներկայացնեն հենց այդ 18 %-ը, և ոչ թե 12 %։ Ինչի արդյունքում հաճախորդն իրեն խաբված է զգում։
-«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում հստակ ասված է, որ առևտրային բանկերը պարտավոր են աշխատել իրենց կողմից հայտարարված էֆեկտիվ տոկոսադրույքով, ինչը պարտադիր նշվում է գովազդի տեքստում։
-Պարտավոր են, սակայն այդպես չէ։ Ի դեպ, Ձեր վերջին ասուլիսի ժամանակ այդ խնդրին անդրադարձավ նաև իմ կոլեգաներից մեկը։ Չե՞ք կարծում, որ այստեղ մի բաց կա, որը պետք է կարգավորել, վերահսկել։
-Հավատեցեք, որ բանկային համակարգից ավելի խիստ կարգավորված և վերահսկվող ոլորտ գրեթե չկա։ Եվ դա արդարացված է, որովհետև բանկերը գործ ունեն հազարավոր մարդկանց անձնական գումարների հետ։ Այդ իսկ պատճառով բանկային ոլորտն ամբողջ աշխարհում խիստ վերահսկվող և կարգավորված ոլորտ է։
-Պարոն Աբրահամյան այս թեմայի շուրջ մեր զրույցն անվերջ կարող է շարունակվել, որովհետև մենք երևի թե տարբեր կողմերից ենք հարցը դիտարկում։ Եվ դրա համար փորձենք զրուցել մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարցի շուրջ` բանկ և տնտեսություն փոխկապակցվածությունից։ Ես միշտ ասել եմ, որ առևտրային բանկերը տնտեսության բարոմետրն են, սրանից ելնելով հետաքրքիր է, թե ինչպես է, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տասը տարում կտրուկ անկում ապրեց, Հայաստանի բանկային համակարգը, սակայն, ըստ վիճակագրության, այդ տարիների ընթացքում զարգացում ունեցավ։ Ինչո՞վ է պայմանավորված այս ֆենոմենը։
-Եթե դիտարկենք վերջին տասը տարիների կտրվածքով, ապա իրոք, բոլոր ցուցանիշների մասով` ավանդների, վարկերի, ակտիվների աճ է գրանցվել։ Անգամ եղել են տարիներ, որ այդ աճը երկնիշ է եղել, չնայած տնտեսության աճը զրոյին մոտ է կազմել։ Վերը նշված ցուցանիշների աճը պայմանավորված է նրանով, որ տնտեսական հատվածի զարգացման ֆինանսավորման բեռի մեծ մասը ընկել է առևտրային բանկերի վրա։ Այն պարզ պատճառով, որ պետական և օտարերկրյա մասնավոր ներդրումներ քիչ են եղել, այդ բացը լրացվել է բանկային ռեսուրսների հաշվին։ Միևնույն ժամանակ չեմ կարող ասել, որ նշված տարիների ընթացքում բանկերը բարգավաճել են։ Եթե ուսումնասիրենք բանկերի շահութաբերության ցուցանիշները, ապա կտեսնենք, որ դրանք նվազել են։ Այսինքն, այնպես չէ, որ տնտեսությունը եղել է շատ վատ վիճակում, իսկ բանկերի շահութաբերությունն աճել է։
-Իսկ ինչպիսի՞ դինամիկա է նկատվում այս վերջին երկու տարում, որոշակի դրական փոփոխություն կա՞։
-Այո, տնտեսությունում դրական փոփոխություն կա։
-Կկոնկրետացնե՞ք, թե ինչով է արտահայտվում այդ դրականը։
-Բանկերն ավելի լավ են կառավարում իրենց ռիսկերը, արդյունավետությունը։ Արձանագրվող տնտեսական դրական դինամիկան նպաստում է, որ բանկերի շահութաբերությունն աճի։
-Այդ դեպքում պետք է խոսենք նաև ավանդների տոկոսադրույքներից, քանի որ նշեցիք` տնտեսությունում դրական դինամիկա կա։ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները միշտ ավելի բարձր են, քան ավանդներինը։ Առաջիկայում ե՞րբ հնարավոր կլինի բարձրացնել ավանդների տոկոսադրույքները ինչպես ազգային, այնպես էլ արտարժույթով։
-Հարցը պետք է դիտարկենք ընդհանուր տնտեսության՝ մակրո տեսանկյունից, քանի որ ավանդն ընդհանուր խնայողության տեսակ է։ Ավանդի տոկոսադրույքը, ըստ էության, այդ խնայողության գինն է։ Հիմա եթե տնտեսությունում կա խնայողության ավելցուկ, ապա այն այլ հավասար պայմաններում կարող է բերել տոկոսադրույքի նվազման։ Եթե խնայողությունները քիչ են, այսինքն` ավելի շատ են ներդրումներ արվում, քան ունենք հնարավորություն, ապա այդ դեպքում ռեսուրսի գինն ավելանալու է։ Հիմա եթե ժամանակի ընթացքում Հայաստանում ներդրումների ծավալներն աճեն, ապա նպաստավոր պայմաններ կստեղծվեն ավանդների տոկոսադրույքների բարձրացման համար։
Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ