Գայի պողոտայում բացված «Մեգամոլ Արմենիա» առևտրի և ժամանցի կենտրոնը իսկական պատուհաս է դարձել Նոր Նորքի բնակիչների համար։ Մինչ բացվելը մարդիկ ուրախանում էին‚ որ վերջապես իրենց վարչական շրջանում էլ ժամանակակից‚ քաղաքակիրթ առևտրի կենտրոն է սկսում գործել‚ և ստիպված չեն լինի առևտուր անելու կամ ժամանցի համար հասնելու քաղաքի կենտրոն կամ այլ վարչական շրջաններ։ Հիմա արդեն Գայի պողոտայում «Մեգամոլի» պատճառով տրանսպորտային այնպիսի խցանումներ են առաջանում‚ որ երկար ժամանակով մեքենաներում նյարդեր քայքայող ուղևորները ստիպված են լինում անիծել այն օրը‚ երբ այս կենտրոնը բացվեց։ Խցանումները հատկապես երկարատև են օրվա պիկ ժամերին‚ երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում։
Թեև «Մեգամոլն» ունի ստորգետնյա կայանատեղի‚ սակայն դա էլ փրկություն չէ‚ հավանաբար այդ հատվածում տրանսպորտային երթևեկությունը չի կանոնակարգվում‚ ինչն էլ դառնում է նշված խնդրի առաջացման պատճառ։ Առևտրի կենտրոնը դեռ իր ամբողջ հզորությամբ չի գործում. շատ խանութներ դեռևս չեն բացվել‚ ու մարդիկ ահները սրտում սպասում են‚ որ ժամանակին զուգընթաց իրավիճակը կարող էլ ավելի ահագնանալ։
Այնպես որ՝ անընդհատ գովազդվող Հայաստանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոնը իր նման մեծ խնդիրներ է առաջացնում շրջակայքում ապրող բնակիչների համար։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ