ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վերակառուցվում է հազար ու մի եկեղեցիների քաղաքը՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով

Վերակառուցվում է հազար ու մի եկեղեցիների քաղաքը՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով
25.09.2015 | 11:37

Լոկատոր ընկերությունը, իրականացելով Հայաստանի 9 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքները, այժմ ձեռնամուխ է եղել Անի քաղաքի վիրտուալ վերականգման աշխատանքներին:
Անին եղել է մեր պատմական հայրենիքի ամենաչքնաղ մայրաքաղաքներից մեկը, ունեցել է 100 000-ից ավելի բնակիչ, հանդիսացել է մետաքսյա ճանապարհի կարևորագույն հանգուցներից մեկը, ունեցել է հարուստ մշակույթ և ճարտարապետություն և անվանվել է «Հազար ու մի եկեղեցու քաղաք»։ Ցավոք, ներկա պահին քաղաքից մնացել են միայն ավերակներ և լինելով Թուրքիայի տարածքում՝ օրեցօր վերանում է և գուցե ապագայում այն հիմնովին կվերանա թե′ երկրի երեսից և թե′ մեր ապագա սերունդների հիշողությունից։
Լոկատոր ընկերությունը, մտահոգվելով այդ փաստով, արդեն իսկ ներդրումներ է իրականացնում քաղաքի վիրտուալ վերկանգնման աշխատանքներում։ Ունենալով մեծ փորձ եռաչափ մոդելավորման և ինտերակտիվ համակարգերի ստեղծման մեջ` ընկերությունը ջանք չի խնայելու գործն ավարտին հասցնելու համար։
Բարձր տեխնոլոգիաների և ճարտարապետության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների` մասնավորապես 3D մոդելավորման շնորհիվ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ոչ միայն տեսնել վերականգնված Անին, այլև վիրտուալ ճանապարհորդություն կատարել քաղաքում` մտնելով յուրաքանչյուր եկեղեցի, վանք, ամրոց, քայլելու փողոցներում, հանդիպելու հին Անիի բնակիչներին և այլն: Վիրտուալ ճանապարհորդությունը հնարավորություն կտա այցելուին զգալու իրեն հին դարաշրջանում` վայելելով երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի ողջ հմայքը:
Վիրտուալ վերականգնման պլանը կիրագործվի ճարտարապետական, մշակութային, պատմագիտական, արվեստաբանական և այլ ուղղություններով: Մարդը, դիտելով այն, պետք է հնարավորինս լիարժեք պատկերացնի այդ դարաշրջանի ողջ շունչը, տեսնի քաղաքի բնակիչներին իրենց տարազներով, ապրելակերպով:
«Գաղափարի ներդրման համար կարևոր նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ այսօր Անիում չկա որևէ հիշատակում, որ այն հայկական մայրաքաղաք է: Երբ այսօր զբոսաշրջիկները գնում են Թուրքիա, այցելում են Անի, չեն կարող տեղեկանալ, որ այն որևէ կապ ունի հայերի հետ: Բնականաբար, առաջնային խնդիրն այն է, որ մենք աշխարհին ցույց տանք, որ Անին հայկական քաղաք է ու հայկական մշակույթ»,- նշում է Լոկատոր ընկերության համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանը:
Ծրագրի շրջանակներում մի աննախադեպ գաղափարի իրագործման հնարավորություն էլ կա. Անիի հանդիպակաց տարածքում` Հայաստանի սահմանին, կառուցվում են դիտակետեր, որտեղ այցելուներին տրամադրվում են հեռադիտակներ` տեսնելու Անին: Սակայն հեռադիտակը ցույց է տալիս ոչ թե Անիի ավերակները, այլ վերականգնված Անին: Ավելին` հեռադիտակի միջոցով այցելուն հնարավորություն է ունենալու «մտնելու» քաղաքի ամեն մի անկյուն, տեսնելու քաղաքի կենդանի շարժը և տպավորություն է ստանալու, որ շրջում է հին Անիում: Ակնհայտ է, որ նոր զբոսաշրջության վայրը կդառնա Հայաստանում ամենաայցելվողներից մեկը, եթե ոչ ամենաայցելվողը, քանի որ այն իր բնույթով կլինի առաջինն ամբողջ աշխարհում։
Այժմ ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը ներգրավելու է ճարտարապետ հնագետների, արվեստագետների, երաժիշտների, պատմաբանների, մոդելավորողների, անիմատորների և այլ մասնագետների։ Շուրջ 1,5 տարի տևող այս աշխատանքների ինքնարժեքը կկազմի ընդամենը 300-350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Լոկատոր ընկերությունը փնտրում է համախոհներ կամ ներդրողներ այս նվիրյալ գործում:
Անի մայրաքաղաքի վերականգնումը ունի բացառիկ ազգային նշանակություն և մեծ ոգևորությամբ կընդունվի թե′ Հայաստանի, թե′ սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցների կողմից։
Բացի հզոր հասարակական հնչեղությունից և բարի համբավից, նախաձեռնությունը ներդրողների համար հետաքրքի կլինի նաև բիզնես տեսանկյունից։
«Նախատեսվում է տարբեր տիպի ելքային արտադրանք տալ` սկսած հավելվածներից և վերջացրած Blu-Ray սկավառակներով, վեբ հավելվածներով: 7D կինոթատրոններում կարող ենք կազմակերպել դիտումներ, ինչը շատ տարածված է Եվրոպայում», - հավելում է Վլադիմիր Սոֆյանը:
Ընդհանրապես աշխարհում հինավուրց հուշարձանների և օբյեկտների թվայնացման, վերականգնման, ինչպես նաև վիրտուալ ճանապարհորդությունների կազմակերպման փորձ արդեն կա: Հայաստանում այդ ոլորտում առաջին քայլերն անում է «Լոկատորը»: Ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն կատարելու Արցախի պատմական քաղաքներում:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ