«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Երկիրը հզոր է, եթե ունի գյուղական հզոր բնակավայրեր»

«Երկիրը հզոր է, եթե  ունի  գյուղական հզոր բնակավայրեր»
09.06.2015 | 11:05

Համայնքային ռեսուրսները կենտրոնացնելու և ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել է «Համայնքների խոշորացման փորձնական ծրագիր»: Վերջինիս շրջանակներում բնակչության զարգացմանն ու բարեկեցությանը ուղղված մոդելների ներդրումից բացի, նախատեսվում է իրականացնել նաև համայնքների կենտրոնացում` գյուղական բնակավայրերի միջև եղած հեռավորության, բնակչության թվաքանակի ու համատեղելիության համաձայն:
Ծրագրի առաջին փուլն արդեն մեկնարկել է Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում, Տաթևում: Հաջողված արդյունքներից հետո այն կիրականացվի նաև մյուս համայնքներում: Այդ նպատակով մշակվել են թվով 14 համայնքային փնջեր:
«Ի՞նչ է իրենից ներկայացնում համայնքների խոշորացումը, և այդ գործընթացին նպատակաուղղված ծրագրի իրականացումը ի՞նչ կտա գյուղացիներին»,- այս և մյուս հարցերը պարզաբանելու նպատակով զրուցեցինք «Ֆերմերային շարժում» գյուղացիական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության նախագահ ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ հետ:

-Համայնքների խոշորացման գործընթացը մի քանի գյուղական բնակավայրերի կենտրոնացումն է, որոնք մնալով իրենց տարածքում` միավորվելու են համայնքային մեկ փնջի մեջ: Խոշորացված համայնքը միասնաբար ընտրելու է մեկ համայնքապետ, որի նստավայրը լինելու է կենտրոնատեղի համարվող ամենամեծ բնակավայրում: Համայնքապետը, իր հերթին, յուրաքանչյուր բնակավայրում կնշանակի որոշակի լիազորություններ ունեցող վարչական ներկայացուցիչ:
Խոշորացման արդյունքում մյուս գյուղերի նախկին համայնքային աշխատողների (աշխատակազմի ղեկավար, գործավարուհի, հաշվապահ, գանձապահ, հավաքարար և այլն) հաստիքները ինքնաբերաբար կվերանան, ինչի արդյունքում կտնտեսվեն ՀՀ պետբյուջեից աշխատավարձի տեսքով վերջիններիս հատկացվող գումարները: Նշված գումարները, նախկին հասցեատերերից ձերբազատվելուց հետո, կհավաքվեն համայնքային բյուջեում և հաշվարկ-վերլուծությունների համաձայն, կնպատակաուղղվեն փնջի մեջ մտնող բնակավայրերում կատարվելիք ծառայությունների ծախսերի մարմանն ու գյուղական մյուս ծրագրերի իրականացմանը:
Ըստ իս, ծրագրի հիմնական նպատակը հենց վերոնշյալ միջոցների խնայողությունն է և ոչ թե այդ միջոցների արդյունավետ օգտագործումը: Իմ կարծիքով, եթե կառավարությունը իրոք ցանկանում է միջոցներ խնայել, ապա թող բարի լինի փակել անիմաստ շռայլությունների ճանապարհը: Խոսքս շքեղ և թանկարժեք ծառայողական մեքենաների կամ արտասահմանյան ավելորդ ուղևորությունների վրա բյուջեից ծախսվող այն գումարների մասին է, որոնք հատկացվում են նախարարներին և կառավարության մյուս անդամներին: Թող վերջիններս երթևեկեն համեմատաբար պակաս ծախսատար մեքենաներով և բավարարվեն «էկոնոմ» դասի ինքնաթիռի տոմսերով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայված միջոցների մի փոքր մասն ուղղել գյուղական բնակավայրերի զարգացմանը:
-Ստացվում է, որ ծրագրի իրականացման ծախսերը տնտեսվելու են համայնքների մի քանի հազար վարչական աշխատողների գործազրկության հաշվին:
-Այո: Խոշորացման արդյունքում Հայաստանում այդ գումարներով մի կերպ գոյատևող գյուղաբնակները կամ մի քանի հազար համայնքային աշխատողները, օրվա հացի համար աշխատած գումարներից զրկվելուց հետո, ստիպված կլինեն լքել առանց այն էլ բնակչությունից նոսրացած իրենց բնօրրանները` բռնելով արտագաղթի անվերադարձ ճամփան:
- Ձեր կարծիքով` այդ ձևով խնայված գումարներով հնարավոր կլինի՞ լուծել գյուղի այսօրվա բազմաբովանդակ խնդիրները:
-Իհարկե ոչ: Տնտեսված ֆինանսների մեծ մասը առաջին հերթին կուղղվի մեծ համայնքներում եղած խնդիրների լուծմանը, որոնց համայնքապետերը, բնականաբար, տեղի բնակիչներ են: Փոքր համայնքներին համարյա ոչինչ չի մնա: Այս պարագայում փոքր համայնքը էլի կլինի տուժողը, մեծը` շահողը: Ասեմ, որ ամենաշատը կտուժեն (կանտեսվեն) հատկապես լեռնային բնության հեռավոր անկյուններում ծվարած շուրջ 270 գյուղական բնակավայրերը կամ համայնքները:
Ծրագրի իրականացման գաղափարը, որն արդեն քննարկվել է համայնքների մեծ մասում, լուրջ դժգոհություններ և դիմադրություն է առաջացրել բնակչության մեջ: Փոքր համայնքները գիտակցում են, որ խոշորացման դեպքում իրենց իրավունքները կանտեսվեն, և ընդհանուր բյուջեն հիմնականում կծախսվի մեծ համայնքի կարիքների համար: Փոքր համայնքների բնակիչները նաև անհանգստացած են, որ համայնքների խոշորացման դեպքում իրենք այլևս չեն կարողանա համայնքապետ ընտրել, և իրենց ձայնը համայնքապետի ընտրության ժամանակ որևէ ազդեցություն չի ունենա: Այս հանգամանքը դժգոհություն է առաջացրել նաև համայնքապետերի շրջանում, որոնցից շատերը զրկվելու են նաև պաշտոնից:
Ասեմ, որ գյուղացիները նախընտրում են իրենց համագյուղացի համայնքապետին, ում դիմում են նույնիսկ անձնական հարցով, քանի որ վերջինս հնարավորության սահմաններում, անգամ այդ սահմաններից դուրս, փորձում է օգնել համագյուղացուն կամ համայնքի բնակչին: Գյուղացիները համոզված են, որ իրենց գյուղից ընտրված համայնքապետը առաջին հերթին կմտածի հայրենի գյուղի մասին` ստացված ծրագրերն ու դոտացիաները առաջին հերթին ուղղելով վերջինիս հարցերի լուծմանը, հետո` մյուսների:
Մտավախություն կա, որ համայնքների խոշորացման դեպքում միացված համայնքների միջև կստեղծվեն ավելորդ լարվածություն և ներհամայնքային թշնամություն, քանի որ այդ գործընթացից հետո գյուղացուն դժվար կլինի բացատրել, թե ինչու համայնքապետ ընտրվեց ամենամեծ բնակչությամբ գյուղի թեկնածուն, այլ ոչ թե իրենց գյուղինը: Վախ կա նաև, որ այս պարագայում մի քանի համայնքներ կարող են իրար հետ միավորվել` ընդդեմ մյուսների:
Համայնքների խոշորացումից հետո վարչական ներկայացուցիչները բնակչի հարցերը լուծող ֆինանսական նախկին հնարավորություններն ու օժանդակման իրավունքներն այլևս չեն ունենա: Գյուղացին իր խնդրի լուծումը համայնքապետից ստանալու համար ստիպված է լինելու օրերով, շաբաթներով սպասել` այդ ընթացքում իրեն զգալով ավելի լքված և ավելի հեռու իշխանությունից:
Ըստ իս, կշատանան նաև բյուրոկրատական քաշքշուկները, օրինակ` մի փաստաթղթի համար, ինչը հեշտությամբ տրամադրում էր գյուղապետը, գյուղացին ստիպված կլինի մինչև համայնքապետարան մի քանի անգամ ոտքով գնալ ու գալ:
Գյուղերի խոշորացումով բարդություններ կառաջանան նաև անասունների արոտի դուրսբերման, գարնան գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի, խմելու ջրի, հողային սահմանների և այլ կազմակերպական հարցերի հետ կապված: Ի թիվս այլ բացասական գործոնների, գյուղապետերը նշում են, որ բնակիչների միջև կոնֆլիկտային իրավիճակների պատճառ կարող են դառնալ նաև հողային ռեսուրսների, մասնավորապես` արոտավայրերի բաժանման խնդիրները, որոնք համայնքների խոշորացումից հետո ընդհանուր են լինելու: Համայնքների խոշորացման պատճառով կդժվարանա նաև հարկերի-հարկատվության հետ կապված խնդիրների լուծման-պարզաբանման գործընթացը:
Իշխանության այն հավաստիացմանը, որ այս բարեփոխումների արդյունքում գյուղացին ապրելու է ավելի հարմարավետ գյուղում, քանի որ խնայված միջոցները կուղղվեն ավելի լավ ջրամատակարարման, աղբահանության, գիշերային լուսավորության, բարեկարգ ճանապարհների ստեղծմանն ու համայնքային մյուս խնդիրների լուծմանը, գյուղացիները չեն հավատում, քանի որ նրանք իշխանությունից երբևիցե լավ բան չեն տեսել և հիմա էլ ավելի քան համոզված են, որ ավելի վատ է լինելու, և իրենց խեղճ ու քայքայվող գյուղերին նոր աղետ է սպասում:
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը մայիսի 4-ին` խորհրդարանական լսումների ժամանակ, լսեց նշված թեմայի վերաբերյալ մարզպետարանների, համայնքների ներկայացուցիչների կարծիքները: Խոշորացման վերաբերյալ ելույթ ունեցողների արտահայտած տեսակետներից հանձնաժողովի անդամները հասկացան, որ ընդունած օրենքը այնքան էլ կատարյալ չէ, և հիմա ինչ-որ հիմք են ստեղծում այն փոխելու համար:
-Եթե գյուղացին չի հավատում և դեմ է համայնքների խոշորացմանը, այս պարագայում ո՞ւմ է ձեռնտու այդ ծրագիրը:
-Ակնհայտորեն պարզ է, որ կառավարության անդամներին ու մարզպետներին: Վերջիններիս կողմից այս ծրագիրն ակտիվորեն պաշտպանելու նպատակը արդեն ստացված մի քանի միլիոն դոլարանոց դրամաշնորհային (գրանտային) ծրագրերը գործողության մեջ դնելն է: Արդեն հայտնի է, որ համայնքների միավորման ծրագրի համար պետությունը փող է ստացել և այն պետք է գործողության մեջ դնի: Այս պարագայում սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ այդ գործընթացը մոտ ապագայում կբերի շատ գյուղերի (հատկապես փոքր) ուղղակի ամայացմանը, որոնք, տարրալուծվելով խոշորների մեջ, կվերանան: Չմոռանամ նշել, որ մի քանի տարի առաջ նույն իշխանությունները խոստանում էին, որ գյուղերը ստիպողաբար չեն միավորելու, սակայն այսօր արդեն ականատես ենք լինում հակառակ մոտեցման:
Նշեմ, որ անհեթեթություն են նաև համայնքներում անցկացվող հանրաքվեները, որոնց արդյունքները ոչ մի դեր չեն ունենալու գյուղական համայնքների խոշորացման գործընթացի վրա: Զարմանալի է նաև, եթե հանրաքվեի արդյունքից անկախ կառավարությունն ինքը պետք է որոշի՝ համայնքի խոշորացման կամ չխոշորացման հարցը, էլ ինչո՞ւ է փող ծախսում հանրաքվեի վրա (ԿԸՀ-ին հատկացնելով 42,587 մլն դրամ, իսկ ոստիկանությանը` 1,957 մլն), մանավանդ որ գյուղերը զարգացնելու ֆինանսական բազմաթիվ ծախսերի կարիք ունեն, իսկ երկիրը` 6 մլրդ դոլարի արտաքին պարտք:
Միով բանիվ պարզ է, որ հայրենի կառավարությունը հերթական անգամ հոնքն ուղղելու փոխարեն աչքն է հանելու` այս անգամ դրամաշնորհային մղումներից ելնելով: Իսկ խեղճ ու քայքայվող գյուղերի գլխին սարքվող այս նոր փորձանքը ավելի կարագացնի երկրի ամայացումը:
-Իսկ այս գործընթացում չե՞ք տեսնում նաև քաղաքական ենթատեքստ:
-Անշուշտ, իմ կարծիքով, համայնքների խոշորացման գործընթացը ունի նաև քաղաքական վտանգավոր ենթատեքստ: Համայնքների խոշորացումով ավելի կհեշտանա իշխանությունների կողմից գյուղական բնակավայրերում անցկացվող ընտրությունների կեղծման գործընթացը, զգալիորեն կտնտեսվեն այն ֆինանսական միջոցները, որոնք իշխող քաղաքական ուժը նախատեսել է ծախսել ընտրակաշառքներ բաժանելու վրա: Այսպես, հանրապետության ներկայիս 915 համայնքները, որոնք նախատեսվել է դարձնել 300, բնականաբար, հնարավորություն կստեղծեն նաև մի քանի անգամ հեշտացնելու ընտրությունների կեղծման գործընթացը:
- Որպես մասնագետ ի՞նչ կառաջարկեք:
-Առաջարկս մեկն է. քանի դեռ ուշ չէ, անհապաղ պետք է դադարեցնել «Համայնքների խոշորացում» անվանումով սկսված գյուղաքանդ գործընթացը` լուծարելով մարզերը և վերականգնելով գյուղական նախկին շրջանները` ձեռք չտալով (չխոշորացնել) գյուղական համայնքներին: Երկիրը հզոր է, եթե այն ունի գյուղական հզոր բնակավայրեր:
Այսօր, մասնավորապես, գյուղական բնակավայրերի միջև կապը պահպանելու և ծառայությունները մատչելի դարձնելու համար առաջնահերթորեն պետք է վերականգնել ինչպես միջհամայնքային, այնպես էլ մյուս բնակավայրերին և մեծ մայրուղիներին կապող գյուղական ճանապարհները` դրան զուգահեռ տրամադրելով նաև տրանսպորտային երթևեկության միջոցներ:
Գյուղի համար առաջնային է վառելիքի, որակյալ սերմացուի, ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական երկարաժամկետ վարկերի, պետական սուբսիդիայի, գյուղտեխնիկայի տրամադրումը և ցանքաշրջանառության ապահովմամբ կերի կայուն բազայի ստեղծումը: Շատ կարևոր և առաջնային է նաև դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան, հիվանդանոցի առկայությունը:
-«Ֆերմերային շարժում» կազմակերպությունը նշված գործում գյուղացուն օգնելու նպատակով ի՞նչ աշխատանքներ է իրականացրել:
-Մենք հարցումներ ենք անցկացրել ինչպես մեր կազմակերպության անդամ գյուղաբնակների, այնպես էլ բազմաթիվ այլ գյուղացիների շրջանում: Պատասխանը նույնն է` բոլորը միանշանակ դեմ են կառավարության նախաձեռնած այդ «բարեփոխմանը»: Նրանք պնդում են, որ այդ գործընթացի հեղինակները կամ գյուղից ոչինչ չեն հասկանում, կամ էլ գյուղերն առավել աղքատացնելու և ամայացնելու դիտավորություն ունեն:
Ձևական հանրաքվեներ անցկացնող և այդ նախաձեռնությունը գյուղացու վզին փաթաթողները, եթե իրոք, ազգասեր են և հայրենիքի ապագայի մասին են մտածում, ավելի ճիշտ կլիներ առաջին հերթին գյուղին և գյուղացուն հարցնեին, թե ինչն է առաջնային նրանց համար, ինչի կարիք ունեն, հետո նոր գյուղը մահացումից փրկելու ծրագրեր առաջարկեին` ձեռնամուխ լինելով դրանց իրականացմանը:
Նշեմ, որ ճիշտ նույն եղանակով ու սպասելիքներով, խորհրդային տարբեր ղեկավարներ (1960-ականների կեսերին) 2-3 անգամ միացրին-խոշորացրին մանր գյուղերը, սակայն համոզվելով, որ նշված գործընթացից միայն տնտեսական անկում է արձանագրվում, նորից տրոհեցին դրանք` վերադառնալով ղեկավարման նախկին ակունքներին: Եվ դա այն դեպքում էր, երբ պետությունը աներեր կանգնած էր գյուղի թիկունքին` վերջինիս հատկացնելով ահռելի դոտացիաներով գյուղմեքենաներ, պարարտանյութ, քիմիկատներ, գիտատեխնիկական միջոցներ, բացարձակ անվճար ոռոգման ջուր` կատարելով նաև պլանավորված սերմնափոխություն և այլն: Նշված փաստերի մասին տեղեկանալու և համոզվելու համար, առանց ամբիցիաների, կարելի է հարցում անել խորհրդային հին տնտեսությունների նախկին ղեկավարներին` օգտագործելով նաև նրանց գիտելիքները, փորձը, առաջարկներն ու բարի մտահղացումները:
Ասեմ, որ համայնքների խոշորացումով բազմաթիվ կիսաամայի գյուղեր, ժամանակի ընթացքում, իսպառ դատարկվելով կվերածվեն պատմական նախկին բնակավայրերի, իսկ այդ լքված գյուղերի արդեն չմշակվող հազարավոր հեկտար հողատարածքներ, վատթարանալով կամ դեգրադացվելով, կավելացնեն սակավահող Հայաստանի կիսաանապատային տարածքները, կամ էլ կդառնան մի քանի խոշոր ֆեոդալ-կալվածատերերի սեփականությունը:
Այսօր գյուղում ապրելու և աշխատելու նորմալ պայմաններ չկան, սակայն, փա՜ռք Աստծո, դեռևս մեծ ներուժ կա, և մարդիկ աշխատելու մեծ ցանկություն ունեն: Ներդրումային քաղաքականության զարգացումից և կազմակերպական հնարավորությունից է կախված պահանջվելիք աշխատատեղերի ստեղծումը, որը կշենացնի գյուղը` զուգահեռաբար կանխելով արտագաղթը:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ