Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ժամանակն է, որ մենք էլ մեջտեղ բերենք պատմական պայմանագրեր

Ժամանակն է, որ մենք էլ մեջտեղ  բերենք պատմական պայմանագրեր
06.09.2013 | 11:35

Այն, որ աշխարհաքաղաքական աղետների ժամանակ չափազանց ակտիվանում են տարատեսակ փորձագետներն ու կանխատեսողները, ըստ էության, միանգամայն բնական բան է։
Այն, որ մայր երկրները, կարևոր չէ, իրական թե թվացյալ, ազդեցության կորստյան ցանկացած սպառնալիքի դեպքում, դարձյալ կարևոր չէ, իրական թե երևակայական, «պատասխանատվության գոտիներում» ոչնչի առջև կանգ չառնելով անցկացնում են բնակչության տրամադրությունների զանգվածային «ճշգրտումներ», նույնպես վաղուց հայտնի փաստ է։ Ընդ որում, նախկին Խորհրդային Միության լրագրողների ու վերլուծաբանների այդ ճիգերը, կարծես, քիչ բան են որոշում։ Չէ՞ որ, երևի, դեռ հեռու է այն իրավիճակը, երբ «պատերազմները տանուլ են տրվում հեռուստատեսությունում», և շատ բան այստեղ հասարակական կարծիքն է որոշում։ Այնպես որ, անօգուտ է ուշադրություն դարձնել, առավել ևս բանավեճի մեջ մտնել Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին տարբեր անկյուններից դուրս սողոսկած գործիչների հետ։ Սակայն շարքային «գրչի զինվորների» մեծ բանակում, որոնք իրենց հացն են վաստակում առանց առանձնակի ոգևորության ու հնարամտության, կան սահմանափակ թվով մարդիկ ու հրատարակություններ, որոնց դիտարկումները, ռուս վերլուծաբաններից մեկի դիպուկ արտահայտությամբ, շատ հաճախ ծառայում են իբրև «փորձագիտական դիվանագիտություն» և «ավանդաբար փորձագիտական դաշտի մաս են կազմում, որտեղ փորձարկվում են պաշտոնական դիվանագիտության հնարավորություններն ու միտումները»։ Մասնավորապես, այդպիսին է Ռուսաստանի հայտնի էլեկտրոնային լրատվական «REX» գործակալությունը, որն ունի կայուն «վեհապետական» գուներանգ, բայց միաժամանակ մոտեցումների նորությամբ շահեկանորեն առանձնանում է ռուսաստանյան հայրենասիրական կառույցների սովոր սահմանափակությունից։
Սկզբում այստեղ, ինչպես ռուսական և զանգվածային շատ այլ լրատվամիջոցներում, բարեխղճորեն մշակվում էր «կրեմլյան նախագիծը»` «Եվրամիության հետ ասոցացման դիմաց Հայաստանն առայժմ հատուցում է միայն Ղարաբաղով», «Երևանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին», «Երբ և որտեղ Ալիևը կընդունի Սարգսյանի կապիտուլյացիան»։ Դրանցում պաթոսով պնդվում էր, որ Հայաստանն այդ համաձայնագիրը կստորագրի իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, առանց Ղարաբաղի, որ նրանց միջև պետք է սահմանվի մաքսային անցակետ, և որ Երևանն զբաղվում է այդ գործողության քաղտեղեկատվական ապահովմամբ։ Սակայն, հեղինակների ամբողջ «համոզվածությամբ» հանդերձ, դժվար է չնկատել, որ այդ բոլոր թեզիսները ոչ միայն մերկախոս են, այլև հեքիաթային, և գլխավորը` դրանք բացարձակապես անապացուցելի են անգամ հենց իրենց` ագիտատորների համար։ Հիշեցնենք, որ «REX»-ի «դուստր» ձեռնարկությանը` «Regnum» գործակալությանը, չնայած գործադրած ջանքերին, չի հաջողվել ձեռք բերել «Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի» տեքստը, ինչի մասին նրանք պաշտոնապես հայտարարել են։ Եվ կարելի է կասկած չունենալ, որ եթե իրոք Մոսկվայի ձեռքն ընկած լինեին «Ղարաբաղի հանձնման» վավերագիր փաստեր, ապա միարժեքորեն դրանք մեջտեղ կբերվեին ու արդյունավետորեն կօգտագործվեին։
Ինչևէ, միառժամանակ հետո գործակալության փորձագետները, միգուցե հիշելով իրենց համբավը և չցանկանալով «մաղով ջուր կրել», «երևանյան դավաճանության» մասին միտքը, գուցե ժամանակավորապես, կարծես դեն են նետել, ինչպես նաև դադարել են տարբեր կարգի սպառնալիքներ հնչեցնել։ Նրանք անցել են փորձագիտության նոր, չափազանց հետաքրքիր մակարդակի։ Այսպես, հայ ընթերցողին հայտնի և կրեմլյան շրջանակներին մոտ կանգնած Մոդեստ Կոլերովը պնդում է այն «հիմնարար փաստը», որ Հայաստանն իր ընտրությունն արդեն կատարել է, «այն գտնվում է Եվրամիության քաղաքական, տնտեսական և պաշտպանական պատասխանատվության ոլորտում, ուր Հայաստանի անցումը, փաստորեն, կատարված է և վերանայման ենթակա չէ», իսկ դա, համապատասխանաբար, «ստիպում է գործնական նոր հետևություններ անել աշխարհաքաղաքական հեռանկարներից, որոնց հավանականությունը բացվում է այն ջանքերով, որ այժմ գործադրում է ռուսական դիվանագիտությունը, և այն հույսերով, որ այժմ ունի ռուսական արտքաղաքական իշխանությունը»։
Որո՞նք են այդ «հայտնությունները»։ Այս տարվա հուլիսին հայտնի քաղաքագետ, նախկին խորհրդային տարածքի և աշխարհի նորագույն պետությունների գծով փորձագետ, նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հանկարծ անսպասելիորեն հիշեց` «Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ Ռուսական կայսրության կազմում», և «ժամանակը չէ՞, որ Ռուսաստանն իր ինքնիշխան իրավունքները ներկայացնի Ղարաբաղի, Բաքվի, Գյանջայի նկատմամբ, որպես 200 տարի առաջ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանից Ռուսաստանի ստացած և ռուսների արյան գնով ու ռուսական զենքի ուժով ձեռք բերված հողերի»։ Ճիշտ է, պատմությանն անդրադառնալ նրան, իբր թե, ստիպել է ադրբեջանցիների նկատմամբ հոգատարությունը. «Այսօր միայն խելագարը կարող է դիմել ղարաբաղյան հարցի հնարավոր ուժային լուծման։ Բաքվի համար ղարաբաղյան պատերազմը կնշանակի ամենակարճ հեռանկարում Ադրբեջանի անկախության կորուստ` տարածքի հետագա մասնատմամբ»։ Իսկ քանի որ հայտնի պայմանագրերը «ոչ ոք չի չեղարկել», ապա, փորձագետի կարծիքով, «Գուցե այդ դեպքում, վերջապես, Բաքվում սառեն այն տաքգլուխները, որոնք այսօր Ադրբեջանը մղում են աղետի»։
Սկզբում սա թվաց մի աներևակայելի ու ոչինչ չպարտավորեցնող «մտավարժանք»։ Սակայն կարճ ժամանակ անց սկսեց հրապարակվել մի ամբողջ հոդվածաշար «Գյուլիստանի 1813 թ. պայմանագրի բացահայտումները» ընդհանուր խորագրով, որի հեղինակը տարածաշրջանի հարցերի նշանավոր մասնագետ Ստանիսլավ Տարասովն էր («Ռուսաստանը, Պարսկաստանն ու Ղարաբաղը», «Ինչպես էր գեներալ Երմոլովը կռիվ տալիս հանուն Ղարաբաղի», «Երմոլովն ընդդեմ Աբբաս Միրզայի», «Աբբաս Միրզան ու հայկական նախագիծը» և այսպես շարունակ)։ Հնարավոր է, դա տուրք է այն բանի, որ այս տարվա հոկտեմբերին նշվելու է հայտնի պայմանագրի 200-ամյակը։ Սակայն բավական օրախնդիր մտորումների է հանգեցնում հեղինակի այն պնդումը, թե «Գյուլիստանի պայմանագրի հետ կապված իրադարձություններն անհրաժեշտ է ընկալել ավելի լայն աշխարհագրական, քաղաքական և աշխարհաքաղաքական ծավալով»։ Ներկա աշխարհաքաղաքական վերաձևումների լույսի ներքո օրախնդիր է թվում այդ պատմության հետ կապված ևս մեկ զուգահեռ։ Ինչպես գրում է Տարասովը, «Ալեքսանդր Առաջին կայսրին հայտնի էր, որ 1814 թվականին Անգլիան Պարսկաստանի հետ ստորագրել էր մի պայմանագիր, որի հոդվածներից մեկի համաձայն, Լոնդոնը պարտավորվել էր «միջնորդություն» իրականացնել ռուս-իրանական սահմանը որոշելիս»։ Նա Գյուլիստանի պայմանագիրը համարում էր «միջանկյալ», քանի որ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև սահմանի որոշումը, որպես կանխապայման, հատուկ նշված էր պայմանագրի հավելված «Սեպարատ ակտում»։ Ինչո՞վ է պակաս Ռուսաստանի ու Եվրոպայի ներկա դիմակայությունից։ Խիստ բազմանշանակ է նաև հեղինակի պնդումը. «Քաղաքական կրքերը, որոնք «պատվաստվել են» պատմական նյութին, հայտնի պատճառներով դեռ շուտ չեն հարթվի։ Առավել ևս, որ բուն պետական հողն էլ է լայն բանավեճերի հիմքեր պահպանում»։
Այնպես որ, «բանավեճի» հայտը ներկայացված է, իսկ մեզ, իհարկե, չի կարող անտարբեր թողնել այն հանգամանքը, որ հիմնական շեշտը դրվում է կարծես վաղուց մոռացված «ռուսական Ղարաբաղ» բառակապակցության վրա։ «Ռուսաստանի մեծ օրակարգն Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղը (Պուտինի Բաքու կատարած այցի արդյունքներն ու նոր հնարավորությունները)» հոդվածում Մոդեստ Կոլերովը Մարտինովի հույզերից ու Տարասովի պատմական զուգորդումներից անցնում է Կրեմլի համար կոնկրետ քաղաքական խնդիրներին։ Առաջնահերթներից մեկը, նրա կարծիքով, այն է, որ «Մոսկվան կարող է գործուն կարգավիճակ պահանջել Լեռնային Ղարաբաղի համար` նույնքան որոշակիորեն, ինչպես պահանջեց խնդրի հույժ քաղաքական լուծում»։ Հանուն արդարության հարկ է նշել, որ դա հար և նման է մյուսներին` «Մոսկվան չի բացառում ռազմավարական ռազմաքաղաքական համագործակցությունն Ադրբեջանի հետ և կարող է Թուրքիայի տեղը գրավել նրա աշխարհաքաղաքական դաշնակիցների շարքում», «Մոսկվան կարող է դուրս գալ Հայաստանի կողմից հռչակվող «հավասար հեռակայություն» քաղաքականության սպեկտրից», այսինքն, Երևանի դաշնակիցների թվից։ Այնուհետև, փորձագետը զարգացնում է Ղարաբաղի թեման. «ԼՂՀ-ի ռուս բարեկամների նոր գործն այն է, որ բացառվի ԼՂՀ-ի վերածումը Հայաստանի և Եվրամիություն-ԱՄՆ երկկողմ սակարկության առարկայի` նրա համար ապահովելով ծանրակշիռ արտքաղաքական ինքնիշխանություն։ Թող որ այսօր Մոսկվայում և, հնարավոր է, Բաքվում պատրաստ են խոսելու Ադրբեջանի ու ԼՂՀ-ի հարաբերությունների դաշնայնության կամ համադաշնայնության մասին. Եվրամիության օգտին Հայաստանի քաղաքական ու տնտեսական ինքնիշխանության գալիք կորստյան դեմ հանդիման, ԼՂՀ-ի բարեկամները պետք է ապահովեն լեռնային Ղարաբաղի պետականության ամենաբարձր նշաձող»։ Այնպես որ, երևանցի «թանկագին բարեկամներ», ներեցեք, «նեղ արեք` տեղ արեք», «Ղարաբաղը մերն է` ռուսներինը» ու մենք ենք այնտեղ ամեն ինչ որոշելու։ Հետաքրքիր է նաև այն, որ Կոլերովն ու Մարտինովը, փաստորեն, միաձայն գոչում են. «Ոչ ոք ադրբեջանցիներին թույլ չի տա պատերազմել ռուսական զենքով», իսկ «խելամիտ Ալիևը», նրանց կարծիքով, չի ցանկանա արժանանալ «Սաակաշվիլու աննախանձելի ճակատագրին»։ Այսինքն, «ո՛չ «Օղակ» գործողությունն է եղել, ո՛չ Օմարի լեռնանցքի ահեղ մարտերը և ո՛չ էլ Ղարաբաղի տարածքների կորուստները` Մոսկվայի օրհնությամբ»։ Նոր մոտեցումներին միանգամայն համահունչ է «REX» -ի կայքերում Բաքվից տրված փորձագիտական գնահատականների շարքը, որոնցում հայտարարվում է, որ Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած այցի նպատակը եղել է ոչ թե Ալիևին աջակցելը կամ նույնիսկ տնտեսական շահ քաղելը, այլ «Պուտինի հիմնական պահանջը ռուսական զորքերի տեղակայումն է Լեռնային Ղարաբաղում», որովհետև դա նրան հնարավորություն է տալիս «վերահսկողության տակ պահելու Հարավային Կովկասն ու Միջին Ասիան»։
Հասկանալի է, որ այս ամենն առայժմ տրամադրությունների շոշափման փորձեր են։ Սակայն Մոսկվային ժամանակը սեղմում է, և չի կարելի բացառել, որ «ռուսական Ղարաբաղի» մասին, Լեռնային Ղարաբաղի պետականության պահպանման և միջազգային երաշխիքների, ինչպես նաև «չեղյալ չհայտարարված պայմանագրերի» մասին խոսակցությունները Ռուսաստանի համար ամենևին էլ պատահական չեն։ Մնում է ավելացնել. «Դե, ուրեմն, ժամանակն է, որ մենք էլ մեջտեղ բերենք այլ, ոչ պակաս բախտորոշ պատմական պայմանագրեր»։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ