«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Կառուցեք վերադարձի պատը

Կառուցեք վերադարձի պատը
11.06.2013 | 01:18

Չեմ հաշվել ու չգիտեմ` քանի՞ էջ է գրվել Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսու» մասին 20-րդ դարում, քանի՞սը կգրվի 21-րդ դարում, հաստատ գիտեմ, որ կգրվի, որովհետև այդ սև քառակուսին հաստատուն խրվել է մարդկանց գիտակցության մեջ, ու ամեն սերունդ անհրաժեշտ է համարում իր բացատրությունը բերել: Ճիշտ այնպես, ինչպես ամեն սերունդ գալիս ու ժամանակի մեջ պարտավորվում է պատասխանել արմատական երեք հարցերի` ովքե՞ր ենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում: Եվ մնում է կամ չի մնում պատմության մեջ իր պատասխաններով ու այն մարդկանց անուններով, որ պատասխանել են այդ հարցերին, ավելի ստույգ` ձևակերպել են ընդհանրական պատասխանները: Չեք ժխտի, որ մեր անցյալի անհաշվելի ու հաշվելի տասնամյակներում շատ քիչ անուններ ու պատասխաններ են մնացել: Չեք ժխտի, որ ոչ բոլոր սերունդներն են հարցերը գիտակցել: Նրանց առաքելությունը դարձել է ընդամենը վերարտադրությունն ապահովելը` ոսկե կամուրջը պահելը, որը պակաս կարևոր ու անհրաժեշտ չէ, քան այդ կամուրջը կառուցելն է:
Ի՞նչ էր նկարում Մալևիչը և ի՞նչ խնդիր էր լուծում իր սև քառակուսիով: Բնավ նպատակ չունեմ արվեստագիտական ու արվեստաբանական, գեղագիտական ու տեխնիկական խնդիրներ արծարծել: Ի թիվս առաջադրված տարբերակների ու վարկածների հավելում եմ ևս մեկը` Մալևիչը նկարում էր ազգային երազը` գոյություն ունեցող վիճակով, եթե ոչ ոք չի նախաձեռնում ոչինչ, եթե բոլորն ընդունում են իրերն ու իրադարձությունները, դեպքերն ու դեմքերը իբրև մեկընդմիշտ տրված ու անփոփոխ մեծություն, այսինքն, եթե մարդիկ անտարբեր ու անհաղորդ են դարձել իրենք իրենց ու իրենց մերձավորների ու հեռավորների կյանքին: Սև քառակուսին դառնում է մարդկության ընդհանրական դիմանկար` առանց պատմության ու առանց հեռանկարի: Գրավիչ պատկեր է: Առանց դույզն-ինչ հեգնանքի, որովհետև ծիածանի հայտնի յոթ գունապնակում սև գույն չկա, սևը համադրում է` ինչ համադրում ես, այն էլ ստանում ես: Ազգային երազը, իհարկե, պայմանական անվանում է, նույնքան պայմանական կարելի է անվանել համազգային գաղափար: Ո՞ր նպատակն է այսօր ի վիճակի միավորել հայերիս` սահմաններից ներս ու դուրս: Ո՞ր խնդիրն ենք այսօր ի վիճակի լուծել հայերս` սահմաններից ներս ու դուրս: Կա՞ ընդհանրական խորհրդանիշ, որ լինի բոլորինս` անկախ տարիքից, սեռից, կրթությունից, բնավորությունից ու տրամադրությունից: Չինացիներն ունեն իրենց պարիսպը, որ դարերի մեջ բացարձակապես կորցրել է նախնական` պաշտպանական նշանակությունը, բայց շարունակում է մնալ վիթխարի պետության` իբրև միասնական ու միասնությամբ` ամբողջական էության խորհրդանիշը: Հրեաներն ունեն իրենց Սողոմոնի տաճարը, որ ցանկացած պահի կարող են վերականգնել, բայց համազգային աղոթքով սպասում են, որ Աստված վերադարձնի` հակառակ նույնիսկ մասոնների տաճարը կառուցելու մտադրությունների: Ամերիկացիներն ունեն բարեկեցության իրենց ամերիկյան երազը, որի իրականացման համար պատրաստ են աշխատել, աշխատել, աշխատել` խտրականություն չդնելով սեռերի, ազգերի ու մարդկանց տարաբաժանումների մեջ: Իտալացիներն ունեն իրենց Վատիկանն ու Հռոմի պապը, որ միայն նորին սրբություն չէ, այլև բացարձակ սրբություն բոլորի համար: Թվարկումը երկար է, շարունակելն անիմաստ է, որովհետև բացի տարբեր ժողովուրդների արժեքային համակարգի չափանիշներից, այլ բացատրություններ չի բերում: Ի՞նչն է հետաքրքրում բոլոր հայերին անխտիր, որ վեր է նրանց սոցիալական, քաղաքական, կրթական ու անձնական առանձնահատկությունների տարբերակիչ ներկայությունից: Մի շտապեք ասել` ոչինչ: Եթե չկա ոչինչ, պետք է ստեղծել:
Ամենայն հայոց բանաստեղծը 1915-ին միայն իրեն վերապահված իրավունքով հոգեհանգիստ կարդաց ու ասաց. «Իզուր են հուզմունք, իզուր և անշահ»: Իսկ 1909-ին նա ուղղակի ճչում էր մեր «մեծ ցավի» մասին. «Երկիր ունենք-չենք ճանաչում, պատմություն ունենք-չենք ճանաչում, ժողովուրդ ունենք-չենք ճանաչում, գրականություն ունենք-չենք ճանաչում, լեզու ունենք-չենք իմանում»: Հովհաննես Թումանյանին զուգահեռ Վահան Տերյանը 1915-ին հարցնում էր` «Մի՞թե վերջին պոետն եմ ես», բայց 1914-ին գրում էր փառահեղ «Հոգևոր Հայաստանն» ու «Հայ գրականության գալիք օրը»` ծրագրային, փիլիսոփայական, միստիկ ու կանխատեսումներով լի. «Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունալի զոհաբերումը»:

Նույն 1914-ին Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի, Հակոբ Քյուֆեճյանի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոնի ստորագրությամբ «Մեր հանգանակն» է հրապարակվում Կոստանդնուպոլսի «Մեհեան» ամսագրի անդրանիկ համարում. «Կ’ըսենք. Առանց Հայ Հոգւոյն չկայ հայ գրականութիւն և հայ արուեստ: Ամէն ճշմարիտ արուեստագէտ` իր ցեղին հոգին միայն կ’արտայայտէ: Հայ հոգին, դարբնուած մթին եւ մեծաշուք պատկերներով լի անցեալի մը, լուսաւորուած տխրօրէն սեւ արեւէ մը, թրծուած կեանքի մը մէջ զոր Գողգոթայի ճամբաներ կ’ակոսեն, մեր օրերուն կը թուի ըլլալ հրաշք մը որուն խորհուրդները պէտք է արտաբերել: Հայ Հոգին իմացական տիեզերքին մէջ տարր մըն է, որուն յայտնութիւնը պիտի զարմացնէ խորհող մարդկութիւնը»: «Արուեստին համար» հանգանակների մեջ դարձյալ 1914-ին Կոստան Զարյանը, որ հետո պիտի գրեր «Հայոց լեռներում հայոց աստվածները քայլում են զայրացած», գրում էր. «Արուեստը ըմբոստութիւն է Աստուծոյ դէմ»: Չեք հավատա, բայց ասեմ` նույն 1914-ին Կարա Դարվիշը գրում էր «Ֆութուրիզմի սկզբունքները»` Մարինետիից ընդամենը 6 տարի հետո և հաստատում էր. «Ֆութուրիզմի սկզբունքն է մարդկային զգացողականութեան լիաբուռն նորոգութիւնը գիտութեան մեծ գիւտերի ազդեցութեան տակ»: Արդեն 1920-ին Դերենիկ Դեմիրճյանը բացատրում էր` ինչ է ու ով է հայը։ «Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին,- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացեք, ապրեք խաղաղ ու երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը»: Հետո պիտի գար ու հաստատվեր Եղիշե Չարենցի իշխանությունը: Գերիշխանությունը: Այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում նա միայն խիզախություն ու հանդգնություն պիտի ունենար «Գիրք ճանապարհի» գրելու: ՈՒ շատ հետո, առանց նրա, Գուրգեն Մահարին էր այրելու իր այգեստանները: Շահան Շահնուրն էր նահանջելու առանց երգի: Վազգեն Շուշանյանը հիշեցնելու էր. «Արուեստը անսահման է: Չաշխատինք պարփակել զայն մեր ցեխէ ուղեղներուն բութ ծալքերուն մէջ»: Հետո Պարույր Սևակը պիտի գար, որ մարգարտահատիկ առ մարգարտահատիկ հավաքեր մեր արվեստի, գեղարվեստի մանյակը, փորձեր քաղաքակիրթ, դարավայել տեսքի բերել ու բերեր: Բացվող էպոխայի ու փակվող էպոխայի արանքում հայտնված Հրանտ Մաթևոսյանը հանճարեղորեն պիտի տեր դառնար անցյալին, ներկային ու ապագային, հետո տեր դարձներ մի ամբողջ ժողովրդի: Ամբողջ 100 տարվա այս հպանցիկ հետահայացը հիմնավորում է, որ հայ գեղարվեստական ու գեղագիտական միտքը և՛ բարձրացրել է հարցերը, և՛ պատասխաններն է տվել, բայց տե՞ր ենք մենք մեր ժառանգությանը, ավելին` տեղյա՞կ ենք: Պետրոս Դուրյանը կասեր` իցիվ թե: Նրանք բոլորը և նրանց ժամանակակիցները իրենց ժամանակի սև քառակուսին լցնում էին ու լցրել են գույներով: Այդ մենք ենք, որ խճճված ու շվարած մեր ժամանակի մեջ` սև ենք դարձրել մեր ազգային երազի քառակուսին: Այդ մենք ենք, որ քննարկումների ու իմաստավորումների մեր ժամանակը վատնում ենք դեռ պարզելու` կա՞ այդ քառակուսին, թե՞ միֆ է, զառանցանք, ուղեղային մորմոք:
1915 թվականը մեր պատմական հայրենիքի իրավական կորստի թվականն է: 98 տարի մենք այդ իրավիճակին որոնել ու ընդհանրական ձևակերպում չենք գտել: Հուզական ու գեղարվեստական հարթությունները եղել են հիմնականը, որտեղ պարփակվել ենք մենք` համարելով ազգային երազը գլխատված, ու Տեր Զորի անապատներում ցրված սպիտակ ոսկորների մեջ անապատի քամու ոռնոցն է եղել մեր ցավի ձայնը: Առավելագույնը` հնչեցրել ենք «Անլռելի զանգակատունը» ու պեղել «Մեծամորի» շերտերը` թուխ հիքսոսներից մինչև մեր օրերը: 98 տարի մենք էներգիա ենք քամել ցավից ու տառապանքից: 98 տարի մեր հարցը եղել է ինչու-ն ու ինչպես-ը: Հարցը փոխելու ժամանակն է: Հիմա մեր հարցը պիտի լինի` հետո՞ և ե՞րբ: Երբ պատասխանենք հետո-ին, կունենանք երբ-ն էլ: Հետո ի՞նչ: Հետո այն, որ ողբերգական անցյալից իր գոյության էներգիան քամող ժողովուրդը հեռանկար չունի: Հետո այն, որ ողբերգությունը մեկնակետ է, որտեղից կարելի է ընտրել տարբեր ու ներհակ տարբերակներ` ողբ, նզովք, ինքնակեղեքում ու ինքնախարազանում` մեկ, և երկու` «Այլևս այսպես չի լինելու, ու ես ամեն ինչ անելու եմ, որ իմ ուզածը լինի»: Մեր առաջին տարբերակը մենք ըմպել ենք ցմրուր, երկրորդ տարբերակին նոր ենք ընտելանալու: Ազգային երազի մեր պատը ¥մարդիկ պարզապես սովոր են շոշափելի խորհրդանիշների, որոնք առավել առարկայական են դարձնում իրենց ցանկությունների ու երազների իրականացման հնարավորությունները¤ պիտի կոչվի Վերադարձի պատ: Առանց հաստատուն ու անփոփոխ բանաձևումի: Պարզապես Վերադարձի պատ, որտեղ մենք լաց չենք լինելու, մենք քար ենք ավելացնելու: Ով` ինչից, ինչպես, ինչով կկարողանա: Եթե հուսո դռները բացելու ցանկություն ունենք, պիտի սկսենք մեր տանը տեր լինելուց: Տունը կարգի բերելուց: Այնպես ու այնքան, որ մեր տունը դադարի մեծ աշխարհի փոքր անկյունը լինել: Նույնիսկ եթե այդ անկյունում փոքր ածուներս հիշատակելի գործեր ենք անում: Քիչ է: Կհավասարվե՞նք: Տնտեսապես: Քաղաքականապես: Բարոյապես: Հոգեբանորեն: Կդադարե՞նք մեզ զգալ սպանված ու բռնաբարված, թալանված ու հայրենազրկված սերնդի ժառանգներ: Կսկսե՞նք ապրել իբրև խելացի, ուժեղ, արդար ժառանգների նախնիներ: Չէ, իհարկե, հազար, բյուր հազար անգամ հեշտ է ողբալն ու կոծելը, բայց քարը քարին դնելը ավելի խելամիտ է: Աշխարհը վաղուց, շատ վաղուց դադարել է ողբ ու կոծից զարզանդել: Խելամիտ աշխարհը ողբն էլ, տառապանքն էլ, կռիվն էլ օգտագործում է իր շահերի համապատասխան: Աշխարհի օգտագործման առարկան լինելուց աշխարհն օգտագործող պետք է դառնալ: Քայլ առ քայլ: Բայց շատ հստակ ծրագրով: Բոլոր հայերի միասնական ազգային ընդհանրական նպատակով, որն այնքան պարզ ու այնքան ընդգրկուն է, որ մի քանիսի դավաճանությունն ու մի քանիսի էլ դասալքությունը ավելի ամրապնդելու է մտադրությունը: Աշխարհը հարգում է ուժը և սիրում է հաղթողներին: Վերադարձի մեր պատը 21-րդ դարի մեր պատասխանն է լինելու 20-րդ դարին ու բոլոր այն դարերին, երբ շագրենի կաշվի տիրոջ պես ապրեցինք` մեր մանկամիտ ու թուլամիտ պահվածքով կրճատելով մեր կենսատարածքը: Վերադարձի մեր պատը բոլորովին էլ պետք չէ վարդագույն տուֆից կամ սև գրանիտից, մոխրագույն բազալտից կամ ճերմակ մարմարից կառուցել աշխարհագրական ինչ-որ կոորդինատներում: Մեր պատը լինելու է մեր ուժի ու հզորության սահմանը, մի քանի սանտիմետր, առավել ևս մետր տեղաշարժելը դեպի նպատակակետ պատիվ է որևէ սերնդի համար: Ազգի կենսական էներգիան անմտություն է վատնել պահածոյացման կամ քացախումի վրա: Հայտարարեք ճանապարհ դեպի տուն ու վերադարձը սկսեք ինքներդ ձեր մեջ գաղթականից տանտեր դառնալով: Քանի՞ սերունդ այս պատը կկառուցի, և ո՞րերորդ սերունդը վերադարձը կփաստի, ժամանակի հարց է, եթե ունեք ընդհանրական նպատակ ու միասնական եք քայլում դեպի նպատակակետ: Տեղապտույտից ու իմուքո-ի անպտուղ պատերազմից շահում են նրանք, ովքեր սահմանից այն կողմ սպասում են իրենց սահմանները մի քիչ դեպի այս կողմ բերելու հնարավորությանը: Այս մասին մտածեք: Իշխանություն-ընդդիմություն-այլընտրանք կուսակցախաղը արժանավորագույն զբաղմունք է մտավոր հետամնացների համար, ովքեր ուզում են տեղները տաք լինի, չոր ու մեկ էլ կուշտ մնան:
Ազգային երազի ձեր անկյունը բացեք սև քառակուսու մեջ, սկսեք սուր անկյունից, և մի օր քառակուսին կդադարի սև լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Կազիմիր Մալևիչի (1879-1935) սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա ունի 79,5x79,5 չափսեր, նկարվել է 1913 թվականից, ավարտվել է 1915-ի հունիսի 8-ին: Մալևիչը նույն շարքում էր համարում ևս երկու կտավ` կարմիր և սպիտակ քառակուսիները. «Սուպրեմատիկ երեք քառակուսիները որոշակի աշխարհընկալումների ու աշխարհաշինության դրսևորում են` սևը տնտեսության նշանն է, կարմիրը հեղափոխության ազդանշանը, սպիտակը` մաքուր գործողությունը»: Սև քառակուսու Վենետիկի 1923 թ. բիենալեում ներկայացված տարբերակը մասն էր եռանկարի` «Քառակուսի», «Շրջան», «Խաչ»: Ի վերջո, երկրաչափությունն էլ միջոց է քաղաքականությունը կարգավորելու, թե չէ Լիցկա-միցկա, ՀԱԿ-մԱԿ, Ժառանգություն-մառանգություն, ԲՀԿ-մՀԿ, կուսակցություն-մուսակցություն, կգա-չի գա, գնաց-մնաց` չե՞ք ձանձրանում: Ազգի հավաքական միտքը ներկայում պիտի աշխատի ազգի ապագայի համար` քառակուսի առ քառակուսի:

Դիտվել է՝ 2540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ