ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՈՒլտրամարինը կարմիր չէ, իսկ «de facto»-ն՝ «իսկական»

ՈՒլտրամարինը կարմիր չէ, իսկ «de facto»-ն՝ «իսկական»
15.07.2008 | 00:00

«ԲԱՐԵՇՐՋՈՒՄ»
Չնայած ընդամենը 1,5 ամիս է, ինչ «Իրավունք de facto»-ն ոտք է դրել լրատվական դաշտ, բայց նրա խմբագրակազմն արդեն շահել է հին և նոր ընթերցող լայն շրջանակների համակրանքը, զուգահեռ հարուցել չար ու չկամների թշնամանքը՝ ի դեմս ծայրահեղ իշխանամետ «Իսկական իրավունքի»։ Անցած այդ կարճ ժամանակահատվածում հիշյալ թերթի ղեկավարն արդեն հասցրել է բողոքով դիմել ոչ միայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), այլև հայտարարել ԶԼՄ-ներով, թե «գործ ունեն անբարեխիղճ մրցակցության հետ», թե իբր իրենց «բրենդը փորձում են օգտագործել շուկա մտնելու համար»։
Եթե բարձրացված խնդիրը դիտարկենք իրավական հարթությունում, ապա ցանկացած իրավաբան կփաստի, որ հիշատակված հայտարարությունը, մեղմ ասած, գրագետ և կոռեկտ չէ, բացի այդ, կարձանագրի, որ բրենդից խոսողը նախ պարտավոր է լավ պատկերացնել, թե բրենդն ինչ է. իրականում այն իրավաբանական փաթեթ է, որն իր մեջ ներառում է տվյալ դեպքում թերթի շպիգելը, գույնը, չափերը, դիզայնը և, իհարկե, գաղափարական ուղղվածությունը։ Ասել է՝ թերթից չհասկացող ամեն մեկն էլ անմիջապես կնկատի, որ «Իրավունք de facto»-ն նշված պարամետրերով բոլորովին նման չէ «Իսկական» և այլ իրավունքներին։
Ինչ վերաբերում է մրցակցությանը, թերևս փաստենք, որ «Իսկական իրավունքին» մենք մրցակից չենք համարում, որովհետև իշխանամետ թերթը չի կարող մրցակից դառնալ ընդդիմադիր կեցվածք ունեցող մամուլին, քանզի նրանք, ինչպես ընդունված է ասել, տարբեր «նոմինացիաներում» են հանդես գալիս։ Իհարկե, ինչպես կռահում է ընթերցողը, սույն գործընթացի իսկական պատճառներն այլ են և ջրի երեսին են. առկա է իշխանությունների հստակ պատվերը՝ լռեցնել «Իրավունք de facto»-ն ու որքան շուտ, այնքան լավ, քանի որ համար առ համար այն ավելի մարդաշատ լսարան է նվաճում և վտանգավոր դառնում։ Ինչպես ասում են՝ նպատակն արդարացնում է միջոցները և՞... Իշխանությունները գտել են բազմիցս օգտագործված «միջոցին» ու...
Առակս զի՞նչ ցուցանե... Այն, որ ընդդիմադիր լրատվամիջոցի հերթական «լռեցման» գործընթացին լծվել են պետական չինովնիկները` ի դեմս ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի, որն ուսումնասիրությունից հետո «պարզել» է, թե «Իրավունք de facto»-ի «անվանումը շփոթելու աստիճան նմանեցված է «Իրավունք» թերթի անվանմանը և արտաքին տեսքին, ինչը սպառողների մոտ կարող է առաջացնել շփոթություն»։
Ստիպված ենք արձանագրել. հավանաբար չարաբաստիկ այդ «շփոթության» և «տարօրինակ» անգործության պատճառով է տարիներ շարունակ պարոն Ազիզյանի տեսադաշտից սպրդել Հայաստանը պատուհասած «պիրատությունը», որի մետաստազները հափռել-կլլել են մեր երկիրն ու միջազգային մակարդակում մղել վերջին հորիզոնականներից մեկը, ինչի պատճառով էլ լուրջ բրենդ ունեցող կազմակերպությունները խուսափում են ոտք դնել Հայաստան։ Տարօրինակ է, բայց պարոն Ազիզյանն իր «աչքի գերանը» տեսնելու փոխարեն, իշխանությունների ցուցումով, գուցե և այլ շահագրգռություններից ելնելով, «ուրիշի աչքի շյուղն» է փորձում «գերան» դարձնել և՞... շփոթում է անշփոթելին։ Գուցե և «գերանը» «շյուղի» հետ շփոթելու հատկության շնորհի՞վ է պարոն Ազիզյանը «դարից երկար» նստած նույն աթոռին... Հուսանք, որ «երկրորդ սերնդի» բարեփոխումների ուղտը կչոքի նաև պարոն Ազիզյանի և նրա նմանների դռանը, ու նրանց մասնագիտական պիտանիությունը ևս կվերանայվի, որպեսզի «պետպատվերի շրջանակներում» այդ անձինք չփորձեն կրկնել «Ա1+»-ի նախադեպն ու Հայաստանը կրկին գցել եվրադատարանային խայտառակ և տհաճ շրջապտույտի մեջ։
Հավելենք միայն, որ պարոն Ազիզյանի տրամաբանությամբ, միմյանց վաղուց «հրո ճարակ» դարձրած ու մամուլի դաշտից ջնջած պետք է լինեին «թայմս» կամ «ժամանակ» բառերը պարունակող լրատվամիջոցները, իսկ «պեպսի» և«կոկա» կոլաները միմյանց «մաշկազերծելուց» բացի պետք է հոշոտեին, դիցուք, «Հայ կոլային»։ Հետաքրքիր է, նշված նմանություններն ինչպե՞ս չեն շփոթեցրել պարոն Ազիզյանին, գուցե պետպատվերի բացակայությո՞ւնն է մեղավոր։
Ինչևէ, հուսանք՝ ՏՄՊՊՀ-ն կփորձի ապացուցել պարոն Ազիզյանին, որ ուլտրամարինը, այնուամենայնիվ, կարմիր չէ, իսկ «de facto»-ն՝ «իսկական»։

Գլխավոր խմբագիր Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 10016

Մեկնաբանություններ