ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Սաակաշվիլին վազեց երկու նապաստակի հետևից և ինքն իրեն գցեց ծուղակը»

«Սաակաշվիլին վազեց երկու նապաստակի հետևից և ինքն իրեն գցեց ծուղակը»
19.08.2008 | 00:00

ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀ, ԵՐԵՔ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁ
1989-ից սկսած, շուրջ երեք տարի, ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ զբաղվել է հարավկովկասյան հակամարտությունների խնդրով, նախ՝ որպես «Ղարաբաղ» կոմիտեի, այնուհետև ՀՀՇ վարչության անդամ։ Քանի որ գործի բերումով այդ տարիներին հաճախ է եղել Վրաստանում, Հարավային և Հյուսիսային Օսիայում, Աբխազիայում, շփվել տեղի իշխանությունների հետ, անշուշտ, լավատեղյակ է թե՛ վրաց-օսական, թե՛ վրաց-աբխազական հակամարտությունների նախապատմությանը, ուստի խնդրեցինք նրան այդ առնչությամբ որոշ մանրամասներ փոխանցել մեր ընթերցողներին։
-Եթե բանը հասավ նախապատմությանը, ստիպված եմ շատ ավելի հետ գնալ, կոնկրետ՝ 1921 թվի փետրվար, երբ Խորհրդային Ռուսաստանի 11-րդ բանակը մտավ Վրաստան՝ փաստացիորեն զրկելով վերջինիս անկախ պետության կարգավիճակից,- մանրամասնեց պարոն Վարդանյանը։- Ստեղծվեց Խորհրդային Վրաստանի Հանրապետությունը, որի կազմում ընդգրկվեց Աբխազիան՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով, իսկ վրաց-օսական երկարամյա պատմություն ունեցող թնջուկն էլ «հանգուցալուծվեց» սողոմոնյան ոճով. Օսիան ինքնավար մարզի կարգավիճակ ստացավ, սակայն թողնվեց Վրաստանի կազմում։ Ընդ որում, այս «քարտեզագրությունն» անելիս բացարձակապես հաշվի չնստեցին ո՛չ աբխազների, ո՛չ օսերի հետ։ Հետագա տասնամյակների ընթացքում Խորհրդային Վրաստանի իշխանությունները հետևողականորեն ձգտում էին ասիմիլացնել ինչպես աբխազներին ու օսերին, այնպես էլ ազգային մյուս փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին ու հույներին, և ստեղծել ժողովրդագրական առումով միատարր Վրաստան։ 1991-ին, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանը կրկին անկախություն ձեռք բերեց, վրաց-օսական և վրաց-աբխազական հակամարտությունները նոր սրությամբ գլուխ բարձրացրին՝ հայտնվելով միջազգային ատյանների սեղանին։
-Ռուսաստանյան դիվանագիտական, քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցները Վրաստան-Աբխազիա-Օսիա դարավոր թնջուկը տեղավորում են վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտության շրջանակներում, մինչդեռ Արևմուտքն ու Եվրոպան այն դիտարկում են ռուս-վրացական կոնֆլիկտի հարթության մեջ։ Այս երկու բնորոշումներից, Ձեր կարծիքով, ո՞րն է ճշմարիտը։
-Երկուսն էլ ճիշտ են։ Այն տարբերությամբ, որ երբ խոսում ենք վրաց-աբխազական կամ վրաց-օսական հակամարտության մասին, նկատի պետք է ունենանք կոնֆլիկտի դարավոր էթնիկական արմատները, իսկ երկրորդ դեպքում՝ քաղաքական և տնտեսական։ 1990-ից մինչև այսօր անկախ Վրաստանի երեք նախագահներն էլ՝ Գամսախուրդիա, Շևարդնաձե, Սաակաշվիլի, իրենց պետության տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում են փորձել հանգուցալուծել հակամարտությունը՝ պարբերաբար բախվելով մի կողմից աբխազների ու օսերի, մյուս կողմից` վերջիններիս թիկունքին կանգնած ռուսների հետ։ Չմոռանանք, որ հենց Գամսախուրդիայի իշխանության օրոք նոր թափ առավ վրաց ազգայնամոլական շարժումը՝ «Վրաստանը միայն վրացիների համար» կարգախոսով։ Այդ շրջանում Վրաստանի իշխանությունները համոզված էին, թե որպես ինքնիշխան պետություն ավելի հեշտ կարող են ազատվել աբխազական և օսական ինքնավարությունների բալաստից և հարցը լուծել բացառապես ուժային մեթոդներով։
-Բայց չէ՞ որ հենց 1991-ի Աբխազիայի Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ էր, որ Գամսախուրդիայի վարչախումբն օգնեց աբխազներին` ԳԽ-ում մեծամասնություն ձեռք բերելու և ինքնավար հանրապետության նախագահ ընտրելու աբխազ Արձինբային։ Սա հակամարտությունը կարգավորելու ուժայի՞ն մեթոդ էր։
-Դա դիվանագիտական քայլ էր Գամսախուրդիայի կողմից, որի նպատակը նախ` ժամանակ շահելն էր, իսկ որ ամենակարևորն է՝ Վրաստանի ծրագրած հետագա քայլերի նկատմամբ Աբխազիայի իշխանությունների և հենց աբխազների չեզոք վերաբերմունքի ձեռքբերումը, ինչին Գամսախուրդիան, փաստորեն, հասավ։ Աբխազների հակազդեցությունից իրեն ապահովագրած Գամսախուրդիան լուծարեց Հարավային Օսիայի ինքնավար մարզը, սակայն տեղի իշխանություններն ու օս ժողովուրդն ընդվզեցին այս կամայականության դեմ՝ Օսիան հռչակելով անկախ հանրապետություն։ Հենց այստեղ էլ Վրաստանն անցավ ուժային մեթոդներով օսերին խեղճացնելու քաղաքականությանը։
-Բայց Վրաստանն այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, կանոնավոր բանակ դեռ չուներ։
-Չուներ, այդ պատճառով էլ կամավորներ հավաքագրվեցին, որոնք մեծ խմբերով շարժվեցին դեպի Ցխինվալ։ Դա պակաս ուժ չէր, քան որևէ կանոնավոր զորք։ Հարավային Օսիային օգնության եկան և՛ ռուսական կայազորները, և՛, այսպես կոչված, Լեռնային ժողովուրդների կոնգրեսը, որը նպատակ ուներ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների միավորմամբ ստեղծելու Ռուսաստանից անկախ պետություն և Սուխումը հռչակելու մայրաքաղաք։ Գամսախուրդիային թվում էր, թե իր հավաքագրած զինուժի ահից օսերը լեղապատառ կճողոպրեն Հյուսիսային Կովկաս ու ծնկի կգան, ինչպես 1989-ին ադրբեջանցիներին թվում էր, թե միայն աղդամցի խաժամուժը բավական է Արցախը ծնկի բերելու համար։ Օսերը, սակայն, բազմաթիվ զոհեր տալու թանկ գնով կարողացան Վրաստանին զինադադար պարտադրել, ինչի թիվ մեկ երաշխավորը Ռուսաստանն էր։ Գամսախուրդիայից հետո իշխանության եկած Շևարդնաձեն չկարողացավ զսպել գայթակղությունը և նույնատիպ կամավորական զորախմբով հարձակվեց Աբխազիայի վրա։ Սկզբում նրանց հաջողվեց հասնել հաջողության և գրավել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը՝ գրավյալ տարածքներում զբաղվելով զանգվածային թալանով և սպանություններով։ Աբխազներին օգնության եկած ռուսներին, կովկասյան մյուս ազգերին հաջողվեց պարտության մատնել վրացիներին, ինչը նրանց վրա բավականին թանկ նստեց։ Աբխազների վրեժից վախեցած՝ Գալիի համարյա ամբողջ վրաց բնակչությունը փախավ Աբխազիայից։ Այսպիսով, Հարավային Օսիան և Աբխազիան վերանվաճելու փորձերն անհաջողության մատնվեցին։ Ավելորդ չէ նշել, որ վրաց հասարակությունն այս երկու երկրամասերն էլ համարում է Վրաստանի անքակտելի մասը, իսկ այն նախագահը, ում կհաջողվի վերադարձնել դրանք, բառացիորեն ազգային հերոս կհռչակվի։
-Անկախ Վրաստանի երրորդ նախագահ Սաակաշվիլին այդ ազգային հերո՞սն էր ուզում դառնալ, երբ մեկ գիշերում հողին հավասարեցրեց հարավօսական ութ գյուղ։
-Թերևս։ Ի տարբերություն Շևարդնաձեի, որն Արևմուտքի ու Ռուսաստանի հետ կարողանում էր քիչ թե շատ կոմպլեմենտար քաղաքականություն վարել, Սաակաշվիլին ընտրեց բացահայտ ամերիկամետ և կոշտ հակառուսական քաղաքականության ուղին։ Նա կարողացավ կարգի բերել բանակն ու մեծացնել սեփական երկրի ռազմական ներուժը։ Այդուհանդերձ, որքան էլ ուժեղ լինի վրացական բանակը, այն ի զորու չէ դիմակայել ռուսական ռազմական ուժին, և եթե Վրաստանն իր ապագան կապում է Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ՝ որպես իր անկախության պահպանման զորեղ երաշխավորների, պետք է կարողանար հրաժարվել Աբխազիան ու Հարավային Օսիան վերադարձնելու մտքից ու դրանք զիջեր Ռուսաստանին։ Բայց Սաակաշվիլին այլ ուղի ընտրեց՝ վազեց երկու նապաստակի հետևից և ինքն իրեն գցեց ծուղակը։
-Այսի՞նքն։
-Վրացական զորքին Ցխինվալը գրավելու հրաման տալով՝ Սաակաշվիլին կարծում էր, թե Ռուսաստանը կբավարարվի միայն հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ մտցնելով, որտեղ Վրաստանը դաշնակիցներ ունի, հետևաբար նաև՝ անհանգստանալու շատ քիչ պատճառներ։ Սակայն իր հաշվարկներում Վրաստանի նախագահը չարաչար սխալվեց. Ռուսաստանի պատասխան քայլն այնքան անսպասելի էր, որ Սաակաշվիլին տառացիորեն կորցրեց գլուխը՝ մեկը մյուսի հետևից թույլ տալով նորանոր սխալներ։ Շատ հետաքրքիր էր Վլադիմիր Պուտինի արձագանքը. մռայլ տեսքով, բայց ներքին մեծ հրճվանքով նա հայտարարեց, թե Ռուսաստանն իր քաղաքացիներին վտանգի մեջ մենակ չի թողնի, և որ վրացական զորքերն անհապաղ պետք է դուրս բերվեն Ցխինվալից (ի դեպ, այն փաստը, որ Հարավային Օսիայի մայրաքաղաքը ռուսներն սկսել են անվանել Ցխինվալ՝ օսական ձևով, ոչ թե Ցխինվալի՝ վրացական տարբերակով, ավելորդ անգամ ընդգծում է, որ չճանաչված այս հանրապետությունն այլևս Վրաստանին չի պատկանում)։
-Ի՞նչ «շահեց» Վրաստանը կայծակնային այս պատերազմի վերջնարդյունքում։
-Բացի այն, որ վրացական բանակը մեծ թվով մարդկային զոհեր ու ռազմական տեխնիկայի կորուստներ տվեց, Վրաստանը զրկվեց իր հենարաններից Հարավային Օսիայում և Աբխազիայում, որտեղ հիմնովին տեղավորվեցին ռուսական զորքերը։ Ինչ վերաբերում է այս երկու չճանաչված հանրապետություններին, պատերազմի արդյունքում նրանք բարոյական իրավունք ձեռք բերեցին հայտարարելու, որ հետագայում Վրաստանի հետ կբանակցեն միայն անկախության հարցի շուրջ։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 5117

Մեկնաբանություններ