ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Որևէ մեկը չի դատապարտվել ժողովրդավարական ցույցի դուրս գալու համար»

«Որևէ մեկը չի դատապարտվել ժողովրդավարական ցույցի դուրս գալու համար»
12.06.2009 | 00:00

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
«Մինչ հանրությունն ու քաղաքական ուժերն անչափ լուրջ դեմքով փորձում են նախագահի մոտ հիմնավորել այն, ինչը и ежу понятно, մամուլում լույս տեսավ համաներման փաստաթուղթը` կարճ և կոնկրետ: Դա վերջնակա՞ն տարբերակն է»,- հարցով դիմեցինք արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ։
-Եթե վերջնական փաստաթուղթը պատրաստ լիներ, այն կներկայացվեր Ազգային ժողով,- ասաց վերջինս:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ձերբակալված պատգամավորների վրա համաներումը կտարածվի՞: Եվ ապա` նրանք կկորցնե՞ն իրենց անձեռնմխելիությունը, մանդատները:
-Դա պայմանավորված կլինի համաներման որոշման բովանդակությամբ: Համաներման ակտը երբեք չի փոխկապակցվում անձի պետաիրավական կարգավիճակի, այդ թվում` անձեռնմխելիության ինստիտուտի հետ: Այսինքն` կլինեն հոդվածներ, որոնց վրա կտարածվի համաներումը, կլինեն հոդվածներ, որոնց վրա` ոչ: Համաներման էությունն էլ հենց այն է, որ ոչ թե կարգավիճակն է հիմք համարվում, այլ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, դատապարտյալի սոցիալական վիճակը, հաշմանդամության կարգը, տարիքը (գիտեք` ավագ տարիքը, որպես կանոն, միշտ հաշվի է առնվում), պատերազմական, ռազմական գործողություններին, այդ թվում և` արցախյան մարտերին մասնակցելու հանգամանքը և այլն: Դուք չեք կարող մատնանշել որևէ համաներում, որը փոխկապակցված լինի պետական կարգավիճակի հետ:
-Բոլոր դեպքերում, եզրակացությունը միանշանակ է. Սասունը, Մյասնիկը, Հակոբը կհամաներվեն։ Դե, գոնե որպես արցախյան գոյամարտի հերոսներ, եթե հնարավոր է «փոխկապակցել» հերոս և համաներում «կարգավիճակները», անկախ նրանից` քանի տարի նրանց «կդատապարտի» հայոց «ամենաանկախ» դատարանը:
-Դուք դարձյալ խոսում եք մի բանի մասին, որը դեռ գոյություն չունի: Երբ փաստաթուղթը կլինի, ինքներդ կտեսնեք` որքանով է այն տարածվում Ձեր մատնանշած անձանց վրա, որքանով` ոչ: Փաստաթուղթը մշակման գործընթացում է, ավելին` այն գտնվում է նախնական փուլում: Եղածն ընդամենը նախագիծ է, ինչի մասին այս պահին խոսելը ճիշտ չէ:
-Իսկ ի՞նչ ժամկետներում կարող ենք սպասել «բուն» համաներմանը:
-Շատ սեղմ ժամկետներում:
-Այդ ժամկետում տղաներն ազա՞տ կարձակվեն, թե՞ հիմք կդրվի գործընթացի սկզբին:
-Հիմք կդրվի գործընթացին:
-Իսկ ե՞րբ այն կավարտվի:
-Մեկ-երկու ամսվա ընթացքում` առավելագույնը: Ես նշեցի առավելագույն ժամկետը, որովհետև միշտ էլ ժամկետներ են սահմանվում և՛ դատարանի, և՛ նախաքննության մարմինների, այս դեպքում նաև` քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների համար, որպեսզի վերջիններս կարողանան իրատեսական ժամկետում մի քանի հարյուրի հասնող գործեր պատրաստել:
-Մի քանի հարյուր մարդ կհամաներվի՞: Ի դեպ, մինչև այդ փաստաթուղթը չլինի, արդարադատության համակարգը չի՞ կարող գործընթացն սկսել:
-Իհարկե` ոչ:
-Բայց մենք տվյալներ ունենք, որ ինչ-ինչ պատրաստություններ, խոշոր շարժեր, բոլոր դեպքերում, արդարադատության նախարարությունում տեղի են ունենում:
-Ընդամենը ներկայացվում է վիճակագրություն, որովհետև հանրապետության նախագահը նախաձեռնել է գործընթաց, ինչը մեզ պարտավորեցնում է, ըստ իր հանձնարարության, ներկայացնելու անհրաժեշտ տեղեկատվություն` վիճակագրական և վերլուծական: Դա հնարավորություն կտա պարզելու համաներման առավել հիմնավորված սահմանները:
-Եվ, այնուհանդերձ, պարոն Դանիելյան, չե՞ք կարծում, որ անկախությունից ի վեր սա մեր ամենախուճուճ համաներումը կլինի: Առաջներում հայտարարվում էր համաներում և` վերջ, իսկ հիմա, չգիտես որտեղ, երբ, ումով` մի անվերջանալի գործընթաց է սկսվել:
-Ո՛չ, ամենևին այդպես չէ: Գործընթացն այնքան իրավաչափ է, որ ինձ համար ամենևին հասկանալի չէ ո՛չ Ձեր մտահոգությունը, ո՛չ էլ գնահատականը: ՀՀ նախագահը հայտարարում է համաներում կատարելու իր պատրաստակամության մասին` փոխկապակցելով այն հանրության հնարավոր նախաձեռնության հետ, ու հենց դա նշանակում է, որ մենք գործ ունենք ժողովրդավարության արդի տարրերով ուղեկցվող իրավաչափ գործընթացի հետ: Մանավանդ այս դեպքում երբեք չեն կարող նպաստավոր պայմաններ ստեղծվել իբրև թե նորանոր հանցագործությունների համար, ինչի առնչությամբ նույնպես անհարկի մտահոգություններ հնչեցին: Ինչո՛ւ: Այն պարզ պատճառով, որ հանրապետության նախագահը համաներման առաջարկություն է ներկայացնելու` ընտրելով նույն այն ժամկետը, որով ինքը նման հայտարարությամբ հանդես է եկել: Այսինքն` առաջարկությունը կհամընկնի հայտարարության ժամկետի հետ և չի տարածվի հայտարարությունից հետո տեղի ունեցած հանցագործությունների վրա: Իսկ եթե համաներման առնչությամբ քայլեր ձեռնարկելիս նաև հանրության դիրքորոշումն է անհրաժեշտ ճշգրտել (իսկ Հանրային խորհուրդն այն կառույցն է, որ կարող է հանդես գալ այդպիսի նախաձեռնությամբ, ընդ որում, ոչ միայն համաներման, այլև հասարակության համար էական սոցիալ-քաղաքական նշանակության ցանկացած խնդրի առնչությամբ), ապա այս դեպքում համաներման սկսված գործընթացն էլ ավելի իրավաչափ է դառնում: Նկատի ունեցեք այն հանգամանքը, որ այս դեպքում առավել մեծ է պատասխանատվությունը:
-Բա ո՞նց էինք առաջներում «յոլա գնում» առանց Հանրային խորհրդի:
-Դե, հենց ողջ խնդիրն էլ այն էր, որ մեր երկրում իրականացվող քաղաքականությունը չի խուսափում ժողովրդավարական միանգամայն նոր, բայց և պատասխանատու ինստիտուտներից: Նոր մոտեցումը ժողովրդավարական լծակների, քաղաքական կառավարման նոր մոդելի կիրառման վառ օրինակ է: ՈՒզում եմ ասել, որ այսպիսի ինստիտուտների ներդրումը մեկ-երկու օրվա խնդիր չէ, դրանց ձևավորման համար անհրաժեշտ են քաղաքական համապատասխան կամք, նպաստող ավանդույթներ և այլն:
-Ի դեպ, ժողովրդավարության մասով. կտարածվի՞ համաներումը մարտի մեկին իր ձայնին տեր կանգնելու համար ժողովրդավարական ցույցի, իր իրավունքի համար պայքարի դուրս եկածների վրա:
-Նախ, որևէ մեկը չի դատապարտվել իր ձայնի համար ժողովրդավարական ցույցի դուրս գալու համար, ցավում եմ, որ խույս ենք տալիս իրերն իրենց անուններով կոչելուց, իսկ թե ում վրա կտարածվի, դա ցույց կտա որոշումը:
-Իսկ ի՞նչ է սպասում փախուստի մեջ եղողներին, կտարածվի՞ համաներումը նրանց վրա` ըստ Ձեզ:
-Կտարածվի այնքանով, որքանով համաներումը կտարածվի այն հոդվածների վրա, որոնցով իրենք մեղադրվում են, եթե սահմանված ժամկետում փախուստի մեջ գտնվողները ներկայանան:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ

═/other" rel="nofollow">Այլ
14.11.2024