«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՎ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅՈՒՎ
09.10.2009 | 00:00

Թուրքիայի քաղաքական հավակնությունները Եվրասիայում ամրապնդվեցին նրա տնտեսության բուռն զարգացմամբ 1990-ականների սկզբին, երբ փլուզվում էր խորհրդային համակարգը, և հետխորհրդային պետությունները տնտեսական անկում էին ապրում։ ՀՆԱ-ի աճը Թուրքիայում իրական գնողունակությունը հասցրեց 6 հազար դոլարի բնակչության մեկ շնչի հաշվով։ Իսկ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետություններին Թուրքիայի տրամադրած վարկերը 2007-ին կազմեցին 1,5 մլրդ դոլար։ Թուրքական ընդհանուր տնտեսական ծրագրերի արժեքն այդ տարածաշրջաններում կազմում է 4,5 մլրդ դոլար, նրա տնտեսական, մշակութային և քաղաքական ներկայությունը Կենտրոնական Եվրասիայում ապահովելու համար ստեղծվեցին միջազգային զարգացման թուրքական գործակալությունը և արվեստների ու մշակույթի կենտրոնը։
Թուրքիան մեծ ակտիվություն չի ցուցաբերել Հարավային Կովկասի պետությունների ընտրական ու քաղաքական գործընթացներում, ինչը պայմանավորված էր Թուրքիայի ներսում և նրա արտաքին քաղաքականության մեջ առկա զգալի խնդիրներով։ Սակայն ակտիվ քաղաքականության բացակայությունը չէր նշանակում դիրքորոշման բացակայություն։ Թուրքիան խիստ մտահոգ է զարգացող գործընթացներով և նրան ամենից առաջ անհանգստացնում է իր դերի նվազման հեռանկարն ԱՄՆ-ի ռազմավարության մեջ, նոր հենման կետերի և տարածաշրջանային գործընկերների որոնումն ԱՄՆ-ի կողմից, որոնք կարող էին մի կողմ մղել Թուրքիային ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ։ Այդ կապակցությամբ Թուրքիան ներկայումս որոշակիորեն այլ կերպ է դիտարկում Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունն ամրագրելու ԱՄՆ-ի ձգտումները։ Վաշինգտոնը ցույց է տալիս իր մտադրությունները Վրաստանում և Ադրբեջանում բազավորման ոչ մեծ կետեր ստեղծելու առումով, որոնք պետք է այլընտրանք հանդիսանան Թուրքիայի տարածքում առկա բազաներին։ Իրաքյան օպերացիայի ընթացքում ձեռք բերած քաղաքական ու ռազմական փորձառությունը ցույց տվեց, որ թուրքական Ինջիրլիկում գտնվող ամերիկյան ավիաբազան այլևս չի կարող ունենալ այն նշանակությունը, ինչ նախկինում։ Ամերիկյան զորքերի դուրսբերումը Եվրոպայից և նրանց առաջխաղացումը դեպի Բալկաններ ու Լեհաստան հաստատում են Թուրքիայի այն մտահոգությունները, որ ամերիկյան ուժերն իր տարածքում նույնպես կկրճատվեն կամ, առհասարակ, դուրս կբերվեն։ Ամերիկյան վերահսկողության հաստատումն Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի նկատմամբ ԱՄՆ-ին թույլ կտա անտեսել Թուրքիայի նախկին գեոռազմավարական դերը տարածաշրջանում և աշխարհում։ Ամերիկյան զինված ուժերի կողմից Վրաստանի և Ադրբեջանի տարածքում գտնվող օդանավակայանների, նավահանգիստների և այլ օբյեկտների օգտագործումը հանգեցնում է Թուրքիայի աշխարհաքաղաքական «շրջանցմանը»։ Ելնելով դրանից` ԱՄՆ-ը չէր ցանկանա թուրքական ռազմաքաղաքական ներկայության չափազանց մեծացումը Վրաստանում և հատկապես Ադրբեջանում։ ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունն Իլհամ Ալիևին և սահմանափակ ճնշումը ադրբեջանական ընդդիմության վրա կարող են բացատրվել Վաշինգտոնի ցանկությամբ` թույլ չտալ պրոթուրքական քաղաքական ուժերի հզորացումն Ադրբեջանում, ամենից առաջ ի դեմս «Մուսավաթ» կուսակցության։ Թուրքիան, իր հերթին, չի ցանկանում ամերիկյան ազդեցության մեծացումը Բաքվի վրա, ինչի արդյունքում նվազում է իր դերը, և Թուրքիայի այդ դիրքորոշումը բավական հակասական է, եթե դիտարկենք նրա ռազմավարական շահերն ավելի անորոշ հեռանկարում։ Իհարկե, Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ի էքսպանսիան տարածաշրջանում կնպաստի Ռուսաստանին Հարավային Կովկասից ամբողջությամբ դուրս մղելու իր մտադրություններին։ Սակայն մոտ հեռանկարում` մինչև հինգ տարվա կտրվածքով, ԱՄՆ-ի ռազմական ներկայության ամրապնդումը տարածաշրջանում չի բխում Թուրքիայի շահերից։
Հարկ է ընդգծել, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ԱՄՆ-ի ձևավորված տարածաշրջանային անվտանգության համակարգում։ Թուրքիան վճռական պատասխան գործողությունների դիմեց այն պահին, երբ ի հայտ եկան Իրանի սպառնալիքներն Ադրբեջանի նկատմամբ` Կասպից ծովի նավթահանքերի շահագործման հետ կապված։ Թուրքիան կապված է Ադրբեջանի ու Վրաստանի հետ անվտանգության ոլորտին առնչվող համապատասխան պայմանագրերով։ Այդ իսկ պատճառով ամերիկա-թուրքական հակասություններն առայժմ քողարկված բնույթ ունեն, ու Թուրքիան շահագրգռված չէ, որ դրանք դառնան բացահայտ։ Հենց դրանով էլ պայմանավորված է Թուրքիայի փաստացի անգործությունը ստեղծված իրավիճակում։ Միաժամանակ Թուրքիան արդեն ունի զարգացած գործակալական ցանց և ազդեցության գործակալներ Վրաստանի, Ադրբեջանի և նույնիսկ Հյուսիսային Կովկասի իշխանական, քաղաքական և ուժային կառույցներում։ Ակնհայտ է, որ Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջաններում քաղաքական ու տնտեսական ազդեցություն ձեռք բերելու չհաջողված փորձերը Թուրքիան հաշվի կառնի, և նրա քաղաքականությունն այդ տարածաշրջաններում կդառնա ավելի բարդ ու բազմակողմանի։ Թուրքիան իր ողջ ժամանակակից պատմության մեջ նախադեպը չունեցող տնտեսական, քաղաքական ու պետական ճգնաժամի մեջ է և անընդունակ իրականացնելու ակտիվ քաղաքականություն մի քանի աշխարհաքաղաքական ուղղություններով միաժամանակ։ Փորձագետների գնահատմամբ, Թուրքիայում այդ իրավիճակը կտևի 5-7 տարի, և սա` լավագույն դեպքում։ Նշվում են նաև այլ ժամկետներ (12-15 տարի), ինչը նույնպես հնարավոր է, եթե երկրում արձանագրվի սոցիալական անկայունության աճ։ Ըստ բազմաթիվ ամերիկյան վերլուծաբանների ու փորձագետների, Թուրքիայի քաղաքական ու ռազմական էլիտան չի ձգտում ընդլայնել երկրի տարածքը և հավատարիմ է Մուստաֆա Քեմալի սկզբունքներին` կոմպակտ տարածքային պետություն ունենալու մասին։
Սակայն հենց նույն ամերիկյան փորձագետների առանձին ռեպլիկները պարզաբանում են, որ թուրքական էլիտայի ոչ ձևական դոկտրիններում կան տարածքային խնդիրներ։ Թուրքիան 7 տասնամյակ սպասել է ԽՍՀՄ-ի փլուզմանը և նախապատրաստվել աշխարհաքաղաքական թռիչքի դեպի Արևելք։ Միաժամանակ Թուրքիան ժամանակ շահելու փորձառություն ունի և պատրաստ է վերապրել անբարենպաստ փուլը` էքսպանսիայի նոր հնարավորություններին նախապատրաստվելու համար։ Բոլոր դեպքերում չկա ոչ մի նախանշան, թե Թուրքիան հրաժարվել է դեպի Արևելք հնարավոր էքսպանսիայից։ Այդ գաղափարը լայնորեն արտահայտված է թուրքական քաղաքական գրականության մեջ, քաղաքական ու ռազմական գործիչների հայտարարություններում, կոնկրետ քաղաքական քայլերում։ Սակայն Թուրքիան, ուսումնասիրելով Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Կասպից ծովի տարածաշրջաններում ստեղծված պայմանները, հասկացել է, որ առանց ռազմական ներկայության ոչ մի տերություն, այդ թվում` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, չեն կարող այստեղ հույս ունենալ լուրջ դիրքերի ապահովման։ Թուրքիան այդ տարածաշրջաններում մշակում է իրատեսական ռազմական համագործակցության և ռազմական ներկայության ծրագրեր, և այդ առումով կարևոր նշանակություն ունի Աֆղանստանում թուրքական զորամիավորման, ինչպես նաև թուրքական ռազմական հրահանգիչների գործունեության փորձը Վրաստանում և Ադրբեջանում։ Թուրքիայում հասկացել են, որ անհրաժեշտ է մշակել տարբեր մոտեցումներ այս տարածաշրջանների պետություններում ռազմական ներկայության համար, հաշվի առնելով նրանց հարաբերություններն այլ խոշոր տերությունների հետ, գործող քաղաքական ռեժիմների կողմնորոշումներն ու սոցիալ-տնտեսական պայմանները։ Թուրքիան ընդունակ է իրագործելու այդ ծրագրերը միայն ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության ռեժիմում և ՆԱՏՕ-ի որոշակի հավանության պայմաններում։ Սակայն, ամերիկյան ու թուրքական ռազմավարությունների տարբերությունից բացի, առկա է նաև Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում նրանց տնտեսական ու քաղաքական շահերի տարբերություն։ Չնայած ԱՄՆ-ն «իջեցրել» է տարածաշրջանների պետությունների նկատմամբ ժողովրդավարության հետ կապված պահանջների նշաձողը, սակայն չի կարող բացարձակապես հրաժարվել դրանից։ Մինչդեռ Թուրքիայի շահերն ու նպատակները հնարավորություն են տալիս նրան գործնականում անտեսելու այդ հանգամանքը, քանի որ Թուրքիան ինքն էլ աչքի չի ընկնում իրական ժողովրդավարությամբ։ Մինչդեռ ամերիկյան վերլուծական հանրության մեջ բավականին համառ ու հետևողական պնդումներ կան Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում ժողովրդավարության զարգացման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ։
ԱՄՆ-ն ու Թուրքիան գործնականում երբեք չեն պլանավորել, որ Անկարայի ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայում իրականություն կդառնա, նույնիսկ Աֆղանստանում իրականացվող ռազմական օպերացիայի փուլում։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն ուներ որոշակի մտադրություններ թուրքական սահմանափակ զորախմբերը Ղրղզստանում և ՈՒզբեկստանում օգտագործելու հետ կապված այն ժամանակ, երբ այդ երկրների կառավարող ռեժիմները ենթարկվեցին իսլամ արմատականների ագրեսիային։ Այդ փուլում, սակայն, Թուրքիան տրամադրված չէր մասնակցելու իսլամ արմատականների դեմ գործողություններին, քանզի չէր ցանկանում Կենտրոնական Ասիայում հանդես գալ ընդդեմ որևէ քաղաքական, առավել ևս կրոնա-քաղաքական շարժման։ Այս խնդիրը մանրամասն չի ուսումնասիրվել, քանի որ վերոնշյալ խնդիրները կենտրոնասիական երկրները կարողացան լուծել Ռուսաստանի ու մասամբ Չինաստանի աջակցությամբ, ԱՄՆ-ին էլ այդ ամենը միանգամայն բավարարում էր։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան շահագրգռված էին, որ Ռուսաստանը ներքաշվի նոր պատերազմի մեջ այդ տարածաշրջանում։ Այնուհանդերձ, Թուրքիան կենտրոնասիական բոլոր պետությունների մայրաքաղաքներում ունի ռազմական կցորդներ, բավական ուժեղ գործակալական ցանց, փորձում է ստեղծել պրոթուրքական լոբբիստական խմբեր ու քաղաքական կուսակցություններ, որոնք կաշխատեին այդ երկրների և Թուրքիայի ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդման օգտին։ Ղազախստանում և ՈՒզբեկստանում տարբեր ժամանակներում գործել են նաև թուրքական ռազմական հրահանգիչներ։
Նախկինում ԱՄՆ-ը հետաքրքրված էր Թուրքմենստանի հետ ռազմական համագործակցությամբ, ինչը պայմանավորված էր բնական գազի տեղափոխումն իրականացնելու ծրագրերով և այդ կենտրոնասիական պետության վրա Իրանի ազդեցության բացառմամբ։ ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական փորձագետները լրջորեն համարում էին, որ Թուրքմենստանը, համարվելով ռազմական առումով ոչ ինքնաբավ պետություն, լուրջ ճնշման կենթարկվի Ռուսաստանի և Իրանի կողմից։ Միաժամանակ ԱՄՆ-ին մտահոգում էր Թուրքմենստանի դեմ աֆղանական թալիբների ռեժիմի հնարավոր ագրեսիան և, ըստ որոշակի տեղեկության, ԱՄՆ-ն առաջարկել է Թուրքմենստանին անվտանգության երաշխիքներ։ Չնայած Ղրղզստանի հետ ԱՄՆ-ի ավելի սերտ հարաբերություններին, որը, ի դեպ, Թուրքմենստանի հետ համադրելի պետություն է գրեթե բոլոր ցուցանիշներով, այդպիսի առաջարկություն Բիշքեկին ամերիկացիները երբեք չեն արել։ Կենտրոնասիական պետությունների ու Թուրքիայի համագործակցությունը ռազմական ոլորտում չի կարող ունենալ հաջող ու բազմակողմանի զարգացում առանց ԱՄՆ-ի լիարժեք նյութական ու քաղաքական աջակցության։ Թուրքիան չունի միջոցներ այդ պետություններին էական օգնություն տրամադրելու համար, իսկ նրանց անվտանգությունը պահանջում է պետական սահմանի պաշտպանության գլոբալ միջոցառումներ, հակաօդային պաշտպանության համակարգի ու անվտանգության հատուկ ուժերի ստեղծում։ Մինչդեռ Թուրքիան համոզված չէ, որ իր զգալի ծախսերը կենտրոնասիական երկրներին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու առումով, իրականում կհանգեցնեն իր տնտեսական ու քաղաքական ազդեցության մեծացման։
Այնուհանդերձ, որոշակի կանխատեսումներ կարելի է անել Կենտրոնական Ասիայում թուրքական ռազմական ներկայության առումով։ Այդ գնահատականները կձևավորեն ԱՄՆ-ի ռազմաքաղաքական վերլուծաբանները։ Հաշվի առնելով Թուրքիայի իրական տնտեսական ու քաղաքական պայմանները, Թուրքիան չի կարող հավակնել մոնոպոլ ազդեցության այդ տարածաշրջանում և պետք է սահմանափակվի միայն ռազմակրթական ոլորտում ցուցաբերվող աջակցությամբ։ Սակայն այդ համագործակցությունը կարող է հանգեցնել թուրքական զինվորականների ազդեցության մեծացմանը Կենտրոնական Ասիայում։ Թուրքիայի մասնակցությունն Աֆղանստանում նկատելիորեն բարձրացրել է նրա հեղինակությունը տարածաշրջանի պետություններում, և ԱՄՆ-ը Թուրքիան դիտարկում է իբրև աշխարհիկ պետության ու հասարակության օրինակ ու մոդել կենտրոնասիական և մերձավորարևելյան պետությունների համար, դա ավելի կարևոր է ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից, քան Թուրքիայի ռազմական ներկայության մեծացումը Կենտրոնական Ասիայում։ Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ հանդերձ, ԱՄՆ-ը միանգամայն լրջորեն է վերաբերվում նրան վերահսկելու խնդրին։ Ամերիկյան վարչակազմում կան միանգամայն որոշակի մոտեցումներ Թուրքիայի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու ուղղությամբ, և այդ վերահսկողությունը նաև ենթադրում է տարածաշրջաններում թուրքական քաղաքականության մշտական սրբագրում։ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիայի ռազմական էլիտային, միաժամանակ հասկանալով, որ նրա համար բնութագրական են լայն արտաքին քաղաքական հավակնությունները, անսպասելի ու անկանխատեսելի քայլերը։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը միշտ հասկացնում է Թուրքիային, որ նրա հավակնությունները երբևէ չեն բավարարվելու։
Թուրքիայի քաղաքականությունը, այդ թվում` ռազմական քաղաքականությունը Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, չի կարող հաշվի չառնվել և սրբագրումների չենթարկվել` ելնելով այդ տարածաշրջաններում եվրոպական քաղաքականության ողջ կոմպլեքսից` հատկապես Հարավային Կովկասում։ Թեկուզ և եվրոպական հանրությունը Հարավային Կովկասում, առավել ևս Կենտրոնական Ասիայում չի տիրապետում օպերացիոն կառավարման համակարգի, եվրոպացիները, միևնույն է, ուժեղ ազդեցություն ունեն Կենտրոնական Եվրասիայի բոլոր գործընթացների վրա։ Հարավային Կովկասի պետությունները Եվրամիությունը դիտարկում է իբրև «Մերձավոր հարևաններ», այդ թվում` «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում։ Եթե ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել Թուրքիան իբրև մերձավորարևելյան երկիր, և նրա դերը Եվրոպայում ավելին չէ, քան գործիքը, ապա Հարավային Կովկասն ԱՄՆ-ը դիտարկում է իբրև եվրոպական տարածաշրջան, ինչն էլ որոշակիորեն ուժեղացնում է եվրոպական քաղաքականությունն այստեղ։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի նպատակներն ու խնդիրները Հարավային Կովկասում անհրաժեշտ է դիտարկել եվրոպական քաղաքականության պրիզմայով։ Համենայն դեպս, Թուրքիան ստիպված կլինի հաշվի նստել Եվրամիության հետ իր կովկասյան քաղաքականության մեջ, մանավանդ եթե հույսեր ունենա, որ երբևէ կընդգրկվի Եվրամիություն։ Միևնույն ժամանակ եվրոպական քաղաքականությունը Հարավային Կովկասում կարող է հակասել Թուրքիայի ռազմավարական շահերին արդեն մոտակա հեռանկարում։
Վրաստանի հետ Թուրքիան ակտիվ աշխատանք է տանում ռազմական կադրերի և ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների պատրաստման ուղղությամբ։ Կա համագործակցություն պետական, այդ թվում` ծովային սահմանի պաշտպանության ուղղությամբ, ռազմաօդային ուժերի կատարելագործման, գլխավոր շտաբի գործունեության և զրահատանկային ու կապի զորամասերի նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ։ Թուրքիայի ու Վրաստանի միջև կան պայմանավորվածություններ համատեղ զորամիավորումներ ստեղծելու մասին` ռազմավարական կոմունիկացիաների, նավահանգիստների, նավթամուղների, երկաթուղիների, օդանավակայանների պահպանության նպատակով։ Թուրքիան համակարգում է Ադրբեջանի զինված ուժերի գործունեությունը ռազմակրթական, օպերատիվ աշխատանքի, մինչև գնդերի մակարդակում զորավարժությունների անցկացման, զինված ուժերի ընդհանուր բարեփոխման, ռազմաօդային և ռազմածովային ուժերի վերստեղծման, ռազմական հետախուզության ոլորտներում, նպատակ ունենալով ոչ մեծ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը։ ԱՄՆ-ը դեմ է Ադրբեջանի զինված ուժերի գործնական ենթակայացմանը Թուրքիային ու այս պետությունների ռազմաքաղաքական ինտեգրացիային բացառապես երկկողմ ձևաչափով, ինչպես նաև Նախիջևանում Թուրքիայի գլխավոր շտաբի մշտական ներկայացուցչություն ստեղծելուն։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը հավանություն է տալիս Ադրբեջանում, հատկապես Նախիջևանում թուրքական մարտական ուղղաթիռների էսկադրիլիա տեղակայելուն, ինչը ժամանակավոր բնույթ ունի և չի ներառում մշտական բազավորման նպատակ հետապնդող միջոցառումներ։ ԱՄՆ-ն ու Թուրքիան մշակել են համատեղ գործողություններ Իրանի ու Ադրբեջանի միջև լուրջ ռազմական կոնֆլիկտ առաջանալու դեպքում, ինչը ենթադրում է թուրքական ռազմաօդային ուժերի և դեսանտային բրիգադների օգտագործումը։ ԱՄՆ-ը, սակայն, խիստ զգուշանում է Թուրքիայի ռազմական միջամտությունից Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսվելու պարագայում և անթույլատրելի է համարում այդպիսի միջամտությունը։ Միաժամանակ ԱՄՆ-ը, անկասկած, զգուշանում է թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի ինքնուրույն զարգացումից, քանի որ դա կարող է պայմաններ ստեղծել ռազմական հակամարտությունների շղթայական ռեակցիայի համար։
Թուրքիայի կողմից իր դիրքերի վերագնահատումն ակնհայտ է հատկապես Եվրասիայում։ Թուրքիան պարզապես չի ձգտում իրեն ներկայացնել իբրև աշխարհիկ և հանդուրժողական կառուցվածք ունեցող իսլամական պետություն, այլ փորձում է գտնել տարածաշրջաններում իրավիճակի վրա ազդելու միջոցներ։ Սակայն, հետևելով սերտ անձնական հարաբերությունների ձևավորմանն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջև, Անկարայում պետք է հասկանան, որ իրենց նպատակներին հասնելու համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են յոլա գնալ նաև առանց Թուրքիայի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ