«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱՂԹԵԼՈՒՆ ԽԱՆԳԱՐԵՑ ՄՐՑԱԿԻՑԸ

ՀԱՂԹԵԼՈՒՆ ԽԱՆԳԱՐԵՑ ՄՐՑԱԿԻՑԸ
20.10.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում չսովորեցինք ֆուտբոլ խաղալ, և դա փաստ է, որը գրանցված է նաև ՈՒԵՖԱ-ի մակարդակով: Եվ որովհետև ֆուտբոլ խաղալ չգիտենք, մնում է սովորել ատամները սեղմած, պարտադիր երջանիկ ժպիտով շնորհավորել մրցակցին, որ մեզնից լավ խաղալ սովորել է ու գիտի, թեպետ անցյալ դարասկզբին, համենայն դեպս, մեր պնդմամբ ու մեր արխիվների վկայությամբ, մենք ենք այդ գործը նրան սովորեցրել:
«Ա1+» չլիներ, նրան պետք էր հնարել». անցյալ տասնամյակի քաղաքական բառարանի թևավոր խոսքերից էր, հիշո՞ւմ եք: Ֆուտբոլ չլիներ, ֆուտբոլը ևս պետք էր հնարել, ավելի ճիշտ` պատրվակ դիվանագիտության համար, որ ուզում էր, երազում էր կայանալ ու փնտրում էր հնարավորություն: Գտավ` ի դեմս ֆուտբոլի, որ աշխարհի լավագույն թիմերը, գոնե նրանց մարզիչների վկայությամբ, խաղում են գլխով, այլ ոչ թե ոտքով` հակառակ ոտքի գնդակ անվանման:
Հոկտեմբերի 14-ին Բուրսայում մենք խաղացինք, ինչպես կարողացանք: Հաղթելուն խանգարեց մրցակիցը, որ թեև ինքն էր մեր բախտակիցն ու չի շարունակի աշխարհի գավաթի համար պայքարը, բայց ուժեղ է մեզնից օբյեկտիվորեն: Խանգարեց, ընդունենք թե չընդունենք, մեր պատմությունը: Խանգարեց, խոստովանենք թե չխոստովանենք, մեր քաղաքականությունը: ՈՒ, ընդհանրապես, այդ օրը մեր 11 ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել ոչ միայն ֆուտբոլ խաղալու, այլև համայն հայության խոսքը խոսելու թուրքերի հետ, որ իրենք էլ չգիտեն` դադարե՞լ են մեր դարավոր ոսոխը լինելուց, թե՞ ոչ: Չմեղադրենք ֆուտբոլիստներին, նրանց վրա ծանրանում էր ոչ միայն մթնոլորտային ճնշումը, այլև այնպիսի մի ճնշում, որի անունը դեռ նույնիսկ հնարված չէ, բայց որը խելահեղ ծանր է երկրի ձգողականության ուժից: Չմեղադրենք մրցակցին, որ հաղթեց ու ոչ միայն այն պատճառով, որ հաղթողներին չեն դատում, նրանց հաճախ նույնիսկ դատապարտում են, այլև այն պատճառով, որ չհաղթել չէր կարող` իր ուսերին ևս ծանրացած էր նույնպիսի մի ճնշում, որը ևս անուն չունի... Ավարտվե՞ց ֆուտբոլային դիվանագիտությունը: Իհարկե` ոչ: Խաղը շարունակվում է: Հուսանք` մինչև հաղթական ավարտ: Բայց հասկանանք` ի՞նչն է մեզ համար հաղթական ավարտ համարվելու: Ահա այստեղ է, որ մենք շարունակում ենք մեր ավանդական` մասնատվածությունը, մեր ավանդական ինքներս մեզնից խելոք լինելու ջանքը, որը ոչ մի լավ արդյունքի դեռ չի հանգեցրել, բայց միշտ խանգարել է:
«Մեր քաղաքականությունը չի կարող լինել հակաթուրքական, մեր քաղաքականությունը պետք է լինի պրոհայկական»` վերջապես հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսեց ու ասաց ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Վերջապես ասվեց հիմնականը: «Մենք, բարելավելով հարաբերությունները Թուրքիայի հետ, ընդլայնում ենք մեր տնտեսական, քաղաքական զարգացման հնարավորությունները, Թուրքիան ունի նույն խնդիրը, որի լուծումը հնարավորություն կտա նրան դառնալու ԵՄ-ի լիիրավ անդամ», սա էլ ասաց Տիգրան Սարգսյանը: Ասաց շատ անկեղծ, ինչպես քաղաքականության մեջ կարողանում ենք անկեղծանալ միայն հայերս: Եվ քանի որ անկեղծացել էր, նաև ասաց. «Եղել են կոնսուլտացիաներ և՛ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, և՛ ԵՄ-ի հետ, և՛ Միացյալ Նահանգների հետ, և՛ եվրոպական առանձին պետությունների հետ: Չափազանց կարևոր է, որ այսօր աշխարհի գլոբալ խաղացողների շահերն այդ առումով համընկնում են. բոլորը շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեջ, քանի որ սա որակապես բարելավում է իրավիճակը տարածաշրջանում»: Դա, իհարկե, գիտեինք բոլորս, բայց ասաց վարչապետը: ՈՒ բացատրեց. «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները միայն սահմանի բացմամբ չեն պայմանավորված, դրանք շատ ավելի բարդ հարաբերություններ են: Առաջին հերթին` դրանք բարոյահոգեբանական և մշակութաբանական հարաբերություններ են, որտեղ և՛ մենք` հայերս, ունենք բարդույթներ, և՛ թուրքերն ունեն բարդույթներ, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով և առաջին հերթին` ցեղասպանության գործոնով: Շատ դժվար է դուրս գալ այդ հարթությունից, երբ խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին: Այդ բեռը մենք բոլորս զգում ենք և կրում ենք մեզ վրա: Բնականաբար, Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտումը բարդություններ է ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում: Բարոյահոգեբանական և մշակութաբանական հարթությունում մեր նպատակը հետևյալն է` հասնել արդարության: Համաձայն սրա` մեր օրակարգային ճանապարհը հետևյալն է. ոչ միայն աշխարհի տարբեր պետություններ պետք է ճանաչեն ցեղասպանության հարցը, այլև հենց ինքը` Թուրքիան պետք է ճանաչի այդ փաստը: Սա առանձին հարթություն է: Բայց մենք 21-րդ դարում պարտավոր ենք մտածել ոչ միայն այս հարթության մեջ, այլ նաև քաղաքական հարթության մեջ, որովհետև մենք ունենք անկախ պետություն, մենք ունենք պարտավորություններ մեր 3 միլիոն բնակչության առջև և մենք պարտավոր ենք այնպիսի խելամիտ քաղաքականություն վարել, որը կբերի մեր պետության ուժեղացմանն ու մեր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովմանը:
Ժամանակակից աշխարհում սահմանի փակ լինելը նոնսենս է: Սահմանի փակ լինելը խոչընդոտում է բնականոն տնտեսական գործընթացներին: Այն պետությունները, որոնք այդպիսի ռեժիմ են կիրառում, առաջին հերթին հարվածում են իրենց տնտեսությանը: Սա քաջ գիտակցում են և՛ Թուրքիայում, և՛ Հայաստանում: Սեփական հարևանի հետ նորմալ տնտեսական հարաբերություններ ունենալը ձեռնտու է ոչ միայն Հայաստանին, այլև Թուրքիային»: Ավելի պարզ հնարավոր չէ: Պետք էլ չէ: Պետք չէ ուրիշների համար, հայերիս պետք է, որովհետև... Որովհետև մեզ համար ցանկացած հարց իր լուծումները պետք է գտնի միանգամից մի քանի հարթության մեջ, որից հետո, հարկավ, մենք կշարունակենք որոնել այլ լուծումներ` մենթալիտետ կա, ավանդույթ կա, աշխարհի վերջը հո չի՞...
«Ինչպես ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին էր այսօր ասում, որ եկել էր հատուկ Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելու, ընդհանրապես, ֆուտբոլի հանդիպումները մեծ մարզական իրադարձություն են, բայց փորձը ցույց տվեց, որ ֆուտբոլը կարող է լինել իրադարձություն ոչ միայն սպորտի իմաստով, այլև կարևոր հնչողություն ստանալ, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ, երբ կայացավ Հայաստան-Թուրքիա խաղը Երևանում, որը, փաստորեն, սկիզբ հանդիսացավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի: Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ասում էր, որ եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ինձ մեկ տարի առաջ չհրավիրեր ֆուտբոլային խաղին, արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այս առաջընթացը կունենար այս մեկ տարվա ընթացքում»,- Բուրսայում Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ: Որովհետև չէր կարող շնորհավորել մեր ֆուտբոլիստների հաղթանակը, չէր կարող շնորհավորել թուրքերի հաղթանակը ևս: «Սա կբացի այն միակ դուռը, որը երկար տարիներ մեր երկու երկրներին, ժողովուրդներին բաժանել էր, և հնարավորություն կտա հիմքեր դնելու հարաբերությունների զարգացման համար: Այս մասին էին զրույցները, որ կայացան այսօր երկու նախագահների միջև` սկզբից ընդլայնված ձևաչափով, ապա դեմ առ դեմ հանդիպումներում»,-նշեց ԱԳ նախարարը:
Բայց նրա հետ բոլորովին համաձայն չէ վաղուց նրա հրաժարականը պահանջող ՀՅԴ-ն։ Հոկտեմբերի 16-ին հայ-թուրքական արձանագրությունների դեմ գործակցող կուսակցությունների և ՀՅԴ-ի հանրահավաքում ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ հայտարարեց, թե նոր իրավիճակ է ստեղծվել, և թիվ 1 խնդիրը «պայքարի ալիքը համահայկականի հասցնելն է»: Նրա գնահատականով` եթե իշխանությունները շարունակեն խորանալ այս գործընթացում, հայտնվելու են հակահայկական ծրագրերը սպասարկողի դերում: «Եվ, բնականաբար, մենք այդպիսի իշխանությունների հանդուրժել չենք կարող: Այդ դեպքում իրենք պետք է հեռանան»: Տեսնո՞ւմ եք` ինչ հեշտ է: Արդեն կա համահայկական մեկ նպատակ` տապալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այս գնով: «Մենք գնում ենք սահմանադրական, օրինական ճանապարհով: Մենք մեր ժողովրդին արկածախնդրության չենք տանելու, սադրանքների չենք տանելու, մեր ամեն մի քայլը լինելու է պատասխանատու և հաշվարկված»: Առաջին իսկ քայլից Արմեն Ռուստամյանն ընկնում է երազանքների գիրկը` առաջարկելով Սահմանադրական դատարան դիմել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: Այսինքն` ամեն ինչ ասված է և՛ դիմումի, և՛ ընթացքի, և՛ որոշման մասին: Նույն` երազախաբության ժանրից է նրա առաջարկած երկրորդ քայլը` թակել ամեն մի պատգամավորի դուռն ու բացատրել, որ սա պարզ քվեարկություն չէ: «Ամեն մի պատգամավորը», նախ, կարող է դուռը չբացել, հետո կբացի ու ամեն ինչի հետ կհամաձայնի, հետո կգնա ու կքվեարկի, ինչպես պետք է: Չի օգնի նույնիսկ անիծված լինելու հեռանկարը, ինչպես կարծում է քաղաքական փաստարկները սպառած ու անեծքի ժանրին ապավինած Արմեն Ռուստամյանը: Բայց նա միամիտ չէ, նա գիտի, որ այդ քայլերը 0 արդյունքի են բերելու, ու առաջարկում է չեղյալ հայտարարել արձանագրությունները: Եվ որովհետև դա չեն անի այս իշխանությունները, պետք է նոր Ազգային ժողով, նոր կառավարություն, նոր նախագահ: Բայց չկարծեք, թե Արմեն Ռուստամյանը պահանջում է նախագահի հրաժարական: Իհարկե` ոչ: Որովհետև «դա ամենահեշտ գործն է»: Որովհետև ՀԱԿ-ը դա պահանջել է ու գնացել մի կողմ նստել: Իսկ ՀՅԴ-ն երբեք չի անի այն, ինչ ՀԱԿ-ն առաջարկել է: Սկզբունքորեն: Նույնը կասի, բայց չի անի: Սկզբունքորեն: Ո՞րն է սկզբունքը: Սկզբունք ունենալը: Աբսո՞ւրդ է: Ո՛չ, իհարկե, ո՛չ: Մեր կյանքն է: ՈՒ մեր այս կյանքում մեր միակ ելքը ազգային իշխանություն ձևավորելն է: «Ազգային իշխանությունը նա է, որ գալիս է իշխանության և երկրի զարգացումն է ապահովում, և իր շահերը չի զիջում: Թե չէ ամենահեշտ ճանապարհն է Ղարաբաղը տանք, լավ ապրենք, մեր իրավունքները զիջենք թուրքերին, լավ ապրենք: Ինչ մեծ խելք է պետք դրա համար որ», շատ իրավացիորեն զարմանում է Արմեն Ռուստամյանը: Այնքան իրավացիորեն, որ մոռանում է իր կուսակցության կոալիցիոն անցյալն ու ընտրությունների անցկացման հայկական ավանդույթները, որոնց հաստատման մասնակիցներից է:
«Ժառանգությունը» ևս պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը, որովհետև հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները «ապօրինի են, կորզվել են խաբեությամբ և պարտադրանքով, ստորագրվել են կեղծված ընտրությունների արդյունքում ժողովրդին պարտադրված և մարտի 1-ի արյան բեռը կրող իշխանության կողմից. այդպիսի իշխանությունն իրավունք չունի վճիռ արձակել Հայաստանի ժողովրդի և համայն հայության անունից», ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 12-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ Հայաստանի Ազգային ժողովը հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը կսկսի Թուրքիայի խորհրդարանում քննարկվելուց և որոշում կայացնելուց հետո: Եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, կհայտնվի դժվարին կացության մեջ միջազգային հանրության առաջ:
ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն արձանագրությունների ստորագրումը համարել է «ցյուրիխյան ուրացում», համոզված, որ Հայաստանին պարտադրվում է սահմանը բացելու դիմաց ուրանալ ցեղասպանության փաստը, բայց Հայաստանը վերստին բաց սահման չի ստանում, որովհետև Թուրքիան և՛ մինչև ստորագրումը, և՛ ստորագրումից հետո սահմանի բացումը շարունակում է կապել ղարաբաղյան խնդրում առաջընթացի հետ:
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը կարծում է, որ, ինչպես ինքը բազմիցս հայտարարել է, ղարաբաղյան կարգավորման իրավիճակը դրական է, արտաքին գործերի նախարարները և նախագահները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել: Հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ էլ նշել է, որ թուրքերը մեծ աջակցություն են ցուցաբերել ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին: Լենմարկերը չի բացատրել երկու հանգամանք. արտաքին գործերի նախարարների ու նախագահների հանդիպումներն ի՞նչ արդյունք են տվել` մեկ, և թուրքերն ի՞նչ աջակցություն են ցուցաբերել ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանին:
Էլի չբերեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բախտը: Նա միակն է, որը մինչև այսօր ո՛չ մի տեսակետ չի հայտնել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ինչը հնարավոր լիներ համարել խորհրդարանի նախագահի պաշտոնական կարծիք: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ ՄԵՀՄԵԹ ԱԼԻ ՇԱՀԻՆՆ ասել է, որ եթե թուրքերն ուզում են տարածաշրջանում խաղաղություն տիրի, հարկադրված են լուծել իրենց հարևանների հետ խնդիրները: Այդ շրջագծում նա չի բացառել միջխորհրդարանական կապերը Հայաստանի և Թուրքիայի միջև. «Ես ցանկանում եմ, որ դա լինի»,- ասել է Շահինը: Այնուհանդերձ, Հովիկ Աբրահամյանի համար մխիթարական մի կետ էլ կա. Շահինը նաև ասել է. «Դեռ այդ կետից հեռու ենք գտնվում»: Գուցե և բերի Հովիկ Աբրահամյանի բախտն ու այդ կետին չհասնի: Տարբեր պատճառներով:
Չի բերել Թուրքիայի ղեկավարների բախտը. Բաքվում Թուրքիայի դեսպանատան առաջ այրել են Թուրքիայի նախագահի, վարչապետի ու արտաքին գործերի նախարարի նկարները: Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի վարած քաղաքականության դեմ: Նրանք կոչ են արել չբացել Հայաստանի հետ սահմանը և վանկարկել են. «Թուրքիա, մի՛ վաճառիր Ղարաբաղը հայերին»:
Իր հերթին քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն է Թուրքիային սպառնացել Բաքու-Ջեյհան նավթամուղը չգործարկել. թող Թուրքիան գազ գնի իր ընկերներից` Ռուսաստանի հայերից: Նա դավաճանություն է որակել Հայաստանի հետ սահմանի բացումը, «ինքնին դավաճանություն»` երկու տարի Ադրբեջանի թիկունքում հայերի հետ բանակցելը: Բա որ իմանար` Բուրսայում ՀՀ նախագահի պատվին տրված ընթրիքին մատուցել են Անկարայից հատուկ բերված ուտեստներ, որ պատրաստել էր Աբդուլլահ Գյուլի տիկինը... Դավաճանության դավաճանություն:
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում ելույթ է ունեցել Իլհամ Ալիևը: Ծրագրային ելույթ: Նա փառաբանել է իր երկրի տնտեսական հաջողությունները 2009 թ.` հակառակ ֆինանսատնտեսական ճգնաժամի: Փառաբանել է տարածաշրջանի ամենաուժեղ` ադրբեջանական բանակը, հիշեցնելով, որ պատերազմը չի ավարտվել, իսկ բանակցություններն արդյունք չեն տալիս Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Հայկական կողմը ժամանակ ձգելու քաղաքականություն է վարում, ինչը նորություն չէ, որոշակի վճռական պահերի հայերը փորձում են քննարկման թեմա դարձնել արդեն համաձայնեցված հարցերը: Նա հայտարարել է, թե մի քանի տարի առաջ էր դեռ համաձայնեցված, որ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած ադրբեջանական օկուպացված տարածքներից: Բանակցությունների ընթացքում երբևէ, նույնիսկ 100 տարի հետո, չի քննարկվելու Լեռնային Ղարաբաղի անկախության խնդիրը: Միջազգային նորմերն ու սկզբունքները թելադրում են, որ ադրբեջանական օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն, հարկադրված բռնագաղթվածները վերադառնան հայրենի հողերը, նաև Ղարաբաղ: Հետո խաղաղարար ուժերը կկատարեն իրենց առաքելությունը` Ադրբեջանը չի առարկի: Լեռնային Ղարաբաղին կարող է հատկացվել ժամանակավոր կարգավիճակ, բայց դա չի նշանակելու անկախություն: Իլհամ Ալիևը, իհարկե, անդրադարձել է և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, պնդելով, թե Ադրբեջանը երբեք թույլ չի տա Հայաստանին` մեկուսացումից դուրս գալ: «Եթե Հայաստանը լքի օկուպացված հողերը, մենք պատրաստ ենք բացել հաղորդակցուղիները, և այդ ժամանակ տարածաշրջանում կարող է ստեղծվել խաղաղություն ու համագործակցություն, ապահովվել անվտանգություն», ասել է Ադրբեջանի նախագահը: ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ դեռ հոկտեմբերի 12-ին Մոսկվա մեկնելուց առաջ էր պատասխանել Ալիևի այս մտքերին, որ նա բարձրաձայնել էր և քիշնևյան հանդիպումից հետո: ՀՀ նախագահն ասել է. «Ինձ համար զարմանալի են նրա արտահայտած մի քանի մտքեր. ես չգիտեմ, թե ում հետ է Ադրբեջանի նախագահը համաձայնեցրել, եթե նկատել եք` նրա հայտարարության պարբերություններից մեկում որոշակի անորոշություններ կան. նա չի ասում` երբ, որտեղ»: Այսինքն` եթե ինչ-որ համաձայնություններ եղել են իրենից առաջ, Սերժ Սարգսյանը չի՞ ընդունում: «Ադրբեջանի նախագահի հետ տարածքներ վերադարձնելու մասին հարց չենք քննարկել: Նա դժգոհ է բանակցությունների ընթացքից և արդյունքից, որովհետև մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի միջանկյալ և վերջնական կարգավիճակի հարցը: Իսկ եթե նա դժգոհ է, ես նրան ոչնչով օգնել չեմ կարող»,- ասել է ՀՀ նախագահը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ