ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սողոմոնի տաճարը

Սողոմոնի տաճարը
28.08.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
(սկիզբը` նախորդ համարում)
Այսպիսի վարագույրներ և դռներ կային նաև սրահի ու սրբարանի միջև։ Տաճարի ամենանվիրական մաս` Սրբությունների սրբություն կարող էր տարին մեկ անգամ մտնել քահանայապետը` Քավության օրը` աղոթքի մեջ Աստծո սուրբ ու նվիրական անունն արտասանելու իրավունքով։ Վարագույրի ուղիղ առջևում ակացիայի փայտից պատրաստված ոսկեպատ սեղան կար` խնկարկության սեղանը, որի վրա ամեն առավոտ ու երեկո խունկ էր ծխեցվում։

Այստեղ` սրբարանում էին զետեղված նաև տասը ոսկյա սեղանները (Վկայության խորանի մեկ Առաջավորության հացի սեղանի փոխարեն, որի վրա ամեն շաբաթ օր 12 նկանակ էր դրվում, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր 12 ցեղերից մեկին), որոնց վրա, բացի Առաջավորության հացերից, դրվում էին նաև պաշտամունքի համար անհրաժեշտ ոսկյա գործիքները (մոմ կտրելու մկրատներ, լծակներ, դրանդիկներ, մոմակալներ, ճրագակալներ, տաշտեր և ափսեներ)։ Այս սեղաններից յուրաքանչյուրի առաջ զետեղված էին մաքուր ոսկուց ձուլված յոթթևյան աշտանակները (թվով տասը` Վկայության խորանի մեկի փոխարեն)։
Սրբարանին արևելյան կողմից հարում էր սրահը, որի շքամուտքի աջ և ձախ կողմերում կանգնեցվեցին երկու ձուլածո պղնձե սյուներ` 1,8 մ տրամագծով և 12 մետր բարձրությամբ, որոնք պսակված էին զորություն ու մեծություն արտահայտող խորհրդանշաններով` շուշանակերպ խոյակներով։ Աջը կոչվում էր Յաքում (ուղիղ կանգնած), իսկ ձախը` Վոազ (թեթև)։ «Երկու սյուների վերևից դրեց պսակներ, իսկ երկրորդ խոյակի շուրջը` կարգով շարված երկու հարյուր նռնաձև զարդեր» (Գ Թագ. 7.20)։
Տաճարին հյուսիսից, հարավից և արևմուտքից կցակառուցված էին քահանաների համար նախատեսված բազմաթիվ սենյակներ ունեցող եռահարկ շինություններ։ Յուրաքանչյուր սենյակ ուներ մեկական պատուհան` նեղ ներսից և լայն դրսից։
Տաճարը շուրջանակի շրջապատված էր գավիթներով. ամենամոտը` ներքինը, կոչվում էր քահանայից գավիթ, որը ցածր միջնորմով էր ցանկապատված (հյուսիսից, արևմուտքից, հարավից` քարով, իսկ արևելքից` մայրու փայտով), որպեսզի ժողովուրդը կարողանար անարգել հետևել սրբազան արարողությունների ընթացքին։ Այստեղ էր գտնվում նաև հիմքում քառակուսի պղնձե տախտակներով ծածկված զոհասեղանը` մեջը հող ու քար լցված. նրա մակերեսը 80 քմ էր, բարձրությունը` 4,5 մ (Բ Մնաց. 4.1)։ Գավթի կենտրոնում գտնվող զոհասեղանի վրա միշտ կրակ էր վառվում, քանզի զոհաբերությունն իսրայելական ծեսի էությունն էր։ Ոչ հեռու գտնվում էր պղնձե ծովը` հսկայական ավազանը` 8 սմ հաստությամբ, 2,3 մետր բարձրությամբ, 4,6 մետր տրամագծով և 45500 լիտր տարողունակությամբ` նախատեսված, «որ քահանաները լվացվեն դրա մեջ» (Դ Մնաց. 4.6)։ Ավազանը կանգնած էր 12 եզների վրա` 3-ական երկրի չորս ծագերով մեկ։ Բացի այդ, նույն գավթում կային տասը շարժական, այսինքն` անիվների վրա լվացարաններ` կենդանիներին լողացնելու և գործիքները լվանալու համար` 5-ական գավթի հյուսիսային և հարավային մասերում։ Ապա տարածվում էր արտաքին գավիթը` Իսրայելի գավիթը, որտեղ ժողովուրդն աղոթում էր, որը հյուսիսից, հարավից և արևելքից շրջապատված էր հոգևոր դասի և զանազան սպասքի ու իրերի համար նախատեսված շինություններով։ Բացի արևելյան կողմի գլխավոր մուտքից, այս գավիթ էին տանում ևս 4-ական մուտքեր հյուսիսից ու հարավից։ Իսրայելի գավթից այն կողմ տարածվում էր Հեթանոսների գավիթը` շրջապատված քարե պարիսպներով, որը ևս 4 մուտք ուներ։ Ի դեպ, գտնվել է Հերովդեսի տաճարի այն ցուցանակը, որը մահվան սպառնալիքով արգելում էր հեթանոսների մուտքն Իսրայելի գավիթ։
Տաճարի մուտքն արևելքից էր` Ձիթենյաց լեռան դեմ հանդիման, որը Մորիա լեռան զառիթափ լանջով վերընթաց տանում էր նախ արտաքին գավիթ, այդտեղից մի քանի աստիճան վեր` ներքին գավիթ, որտեղից էլ մի քանի աստիճան վեր` արդեն Տաճարի սրահ։ Եվ թեև Տաճարի բոլոր մասերի կատարյալ և ստույգ նկարագրությունը դժվարին գործ է, բայց եղածն էլ բավարար է հիմնական եզրակացություն անելու համար. այն իրապես փառահեղ և վեհաշուք էր իր ճարտարապետական լուծումներով, նրբագեղությամբ, ներքին ճոխ և անկրկնելի հարդարմամբ` ոսկով, արծաթով ու զարդանախշերով և կատարման եղանակներով, իրապես Աստծուն վայել տուն։ Բայց ինքը` Սողոմոն իմաստունը, օծման արարողության ժամանակ ծնկի եկած աղոթելիս տարակուսած խոստովանում է. «Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքը և երկնքի անսահմանությունները Քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը»։ Ապա Սողոմոնը Տիրոջից թախանձագին խնդրում է ողորմել իսրայելացիներին, ներել նրանց մեղքեր գործելիս, խնդրում նաև լսել այստեղ եկած հեթանոսների աղոթքները. «որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն Քո անունը, երկյուղ կրեն Քեզնից, ինչպես Իսրայելի Քո ժողովուրդը, և իմանան, որ Քո անվամբ է կոչվել իմ կառուցած այս տունը» (Գ Թագ. 8.43)։
Իսկ երբ քահանաներն ուսերի վրա ՈՒխտի տապանակը Սրբությունների սրբություն էին տանում Տաճարի աստիճաններով երգեցիկ խմբերը գործիքային նվագակցության ներքո երգեցին Դավթի 23-րդ սաղմոսը, ինչը շարունակվեց մինչ այն պահը, երբ տապանակը զետեղվեց Տաճարի ամենանվիրական մասում, և ապա Տիրոջ փառքը լցրեց Տաճարը, այնպես որ «քահանաներն ամպի պատճառով չէին կարողանում սպասավորություն անել, քանզի Տիրոջ փառքը լցվել էր տունը» (Գ Թագ. 8.10)։
Տերը գիշերը հայտնվեց Սողոմոնին և տեսիլքի մեջ ասաց, որ եթե Իսրայելի որդիներն ընթանան արդարության շավիղներով, ապա նրանց խաղաղություն կպարգևի, իսկ եթե ոչ` «Իմ անվան համար սրբագործված այս տունն աչքից կգցեմ, Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի։ Եվ եթե այս բարձր տան կողքից ամեն անցնող զարմանալով ու սուլելով հարց տա, թե` «Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկրին ու այս տանը», ապա նրան պիտի պատասխանեն. «Քանի որ նրանք լքեցին իրենց Տեր Աստծուն...» (Գ Թագ. 9.7-9)։
Ցավոք, այդպես էլ պատահեց. Սողոմոնն իր թագավորության վերջում, ճոխությունից կուրացած, կռապաշտության մեջ ընկավ. իր բազմաթիվ հեթանոս կանանց դրդմամբ, ի պատիվ կուռքերի նույնիսկ Երուսաղեմի Տաճարում զոհեր մատուցեց, իսկ Երուսաղեմի մատույցներում կռատներ կառուցեց։ Երկիրը տակնուվրա եղավ, իսկ նրա որդու` Ռոբովամի օրոք, որը ևս մեղանչեց, երկիրը բաժանվեց հյուսիսային և հարավային թագավորությունների։
Հարավային թագավորության այս տիրակալի` Ռոբովամի օրոք, Սողոմոնի մահից 5 տարի անց, Եգիպտոսի փարավոն Սավսակիմը (Շեշենոկը` Եգիպտոսի 22-րդ լիբիական հարստության հիմնադիրը) հարձակվեց Երուսաղեմի վրա և կողոպտեց Տաճարը. «Վերցրեց Տիրոջ տան, ինչպես նաև արքայի տան բոլոր գանձերը» (Գ Թագ. 14.26)։ Բ Մնացորդաց գրքում առավել հանգամանալից է խոսվում փարավոնի այս ավազակային ասպատակության մասին (Բ Մնաց. 12.1-12)։ Հնագիտությունը ևս հաստատում է այս իրողության հավաստիությունը։ Եգիպտական Կառնակի (ժամանակակից Լուքսորից ոչ հեռու) կիսավեր մեհյանում մի բարձրաքանդակ կա, որի վրա արձանագրված է Սավսակիմ փարավոնի այս հաղթանակը։ Ամոն դիքը 156 հրեաների` սարսափի հետքերը երեսներին և կապկպված, տանում է այս փարավոնի առաջ, որը նրանց մազերից բռնելով` մահակով մահվան է մատնում։ Գերյալների մարմինների վրա արձանագրված են գրավյալ պաղեստինյան քաղաքների անունները։ 1939 թվին Թանիսում հայտնաբերվեց այդ փարավոնի մումիան մաքուր ոսկով պատված արծաթե սարկոֆագում. հավանաբար, սա Երուսաղեմից կողոպտված այն նույն ոսկուց էր։
Երբ հռոմեացի զորահրամանատար Տիտոսը Ք. հ. 70 թվին գրավեց ապստամբած Երուսաղեմը, նույնպես կողոպտեց և ավերեց Տաճարը, որը մինչ այդ հիմնահատակ քանդել էր Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան և վերականգնել Զորոբաբելը` Իսրայելի մեծ իշխանը, ապա Հերովդես թագավորի օրոք վերակառուցվելով` ընդարձակվել։ Ի նշանավորումն այդ հաղթանակի` Հռոմում կառուցվեց Տիտոսի հաղթական կամարը, որի բարձրաքանդակներից մեկի վրա պատկերված են ոսկյա յոթթևյան աշտանակը և Առաջավորության հացի սեղանը` հպարտությամբ և ցնծությամբ տանող հռոմեացիների ուսերի վրա։ Ի դեպ, սա Տաճարի սրբազան կահավորանքի ցայսօր պահպանված միակ պատկերն է։ Այսօր Տաճարից մեն-միայն մնացել է Ք. ա. 20 թվին Հերովդեսի ձեռամբ կառուցված հզոր պարսպի արևմտյան պատը։ Տիտոսը դիտավորյալ չքանդեց այս հատվածը` հռոմեացի զինվորների մեծությունը գալիք սերունդներին ցույց տալու համար, որոնք կարողացան հիմնահատակ ավերել այսպիսի մի ամեհի պարիսպ։ Բյուզանդացիների օրոք հրեաներին թույլատրվում էր տարին մեկ անգամ` Տաճարի ավերման անսփոփ օրը այցելել և ավերակների վրա ողբալ տեղի ունեցածի և աղոթելու համար։ ՈՒստի և այդ պատը ցայսօր կոչվում է նաև Ողբի պատ։
Այսօր Մորիա լեռան վրա այն նույն տեղում, ուր ժամանակին փառահեղորեն դեպի երկինք էր խոյանում Սողոմոնի Տաճարը` Իսրայելի հոգևոր կենտրոնը և 12 ցեղերի քաղաքական միասնության խորհրդանիշը, որը, ըստ սրբազան ավանդության, այն վայրն էր, որտեղ Աբրահամը պետք է իր որդի Իսահակին զոհաբերեր, որը Դավիթը գնեց մի հերուսացուց և երդվեց այդտեղ Տիրոջ համար Տաճար կառուցել, միանգամից երկու մզկիթ կա։ Դրանցից առաջինի` Ժայռի տաճարի կամարների ներքո գտնվում է Մորիա լեռան հռչակավոր ժայռը` հենց այն վայրը, որի վրա Աբրահամը ցանկանում էր զոհել իր որդուն, սակայն մահմեդականները կարծում են, որ դա Իսմայելն է եղել` Աբրահամի առաջնեկը և արաբների նախահայրը։ Բացի այդ, նրանք հավատում են, որ իրենց մարգարեն` Մուհամեդը, այս ժայռից է երկինք համբարձվել։ Մյուսը` ալ-Ակղսան (այսինքն` հեռավոր մզկիթը) գտնվում է տեղանքի հարավային մասում` Սողոմոնի պալատի վայրում և կառուցել է առաջին մզկիթը կառուցողի` Աբդուլ Մալիքի որդին` խալիֆ Վալիդը։ Ալ-Ակղսան հավաքական աղոթքի վայր է, իսկ Ժայռի Տաճարը` անհատական, որը կարևորությամբ զիջում է միայն Մեքքայի Քաաբին և Մեդինայի մարգարեի դամբարանին, այսինքն` երրորդն է բովանդակ մահմեդական աշխարհում։
Սակայն հավատացյալ հրեաները հավատում են, որ Եզեկիելի մարգարեական տեսիլքում նկարագրված Տաճարը և Տաճարում մատուցվող զոհաբերությունների սրբազան ծեսը վերականգնվելու են, ուստի և օրը երեք անգամ ջերմեռանդորեն աղոթում են այդ բանի համար։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Ինձ թվում է, որ մարդկային ցեղի մանկության գիրքը միշտ կլինի լավագույնը յուրաքանչյուր մարդու մանկության համար։ Փոխարինել այդ գիրքը մեկ ուրիշով, ըստ իս, անհնար է։ Նրա մեջ ամեն ինչ, յուրաքանչյուր բառ ճշմարիտ է, ինչպես հայտնությունը, և ճշմարիտ, ինչպես արվեստը։ Աստվածաշնչի բովանդակությունը ծավալվում է երեխայի առջև` իբրև կենդանի ու վեհասքանչ կտավ, որը նա երբեք չի մոռանա։ Ամեն բան որքա՜ն հասկանալի ու պարզ է մանավանդ երեխայի համար, միևնույն ժամանակ որքա՜ն խիստ է ու լուրջ... Չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին կլիներ կրթությունն առանց այդ գրքի։ Աշակերտին նոր աշխարհ բացահայտելու և անուսին գիտելիք սիրել տալու ամենահարմար գիրքն Աստվածաշունչն է։ Խոսքս վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր այն չեն ընդունում իբրև հայտնություն։ Չկա, համենայն դեպս, ես չգիտեմ մեկ այլ ստեղծագործություն, որն այդքան սեղմ պոետիկ ձևի մեջ ներառեր մարդկային մտքի բոլոր կողմերը, ինչպես Սուրբ Գիրքն է։ Բնության երևույթներին առնչվող բոլոր հարցերը բացատրված են այս գրքով, մարդկանց միջև, ընտանիքի, պետության, կրոնի բոլոր տարրական հարաբերություններն առաջին անգամ գիտակցվում են ըստ այս գրքի։ Մտքերի ընդհանրացումը և մանկական պարզ ձևով ընկալված իմաստությունն առաջին անգամ այս գրքի հմայքով են հափշտակում աշակերտի միտքը։ Դավթի սաղմոսների քնարականությունը ոչ միայն ներգործում է մեծահասակ աշակերտների մտքի վրա, այլև ավելին` յուրաքանչյուրն առաջին անգամ այդ գրքից է ճանաչում էպոսի ողջ թովչանքն իր անզուգական պարզության և զորության մեջ։ Ո՞վ չի արտասվել Հովսեփի պատմությունից ու եղբայրների հետ նրա հանդիպումից, սրտի թալկացումով ո՞վ չի պատմել կապված ու վարսերը կտրած Սամփսոնի պատմությունը, որը թշնամիներից վրեժ լուծելով` ինքն էլ նրանց հետ զոհվում է ավերված պալատի փլատակների տակ։ Եվ սրա նման հարյուրավոր այլ տպավորություններ, որոնցով մենք դաստիարակվել ենք, ինչպես մայրական կաթով... Նրանք, ովքեր ժխտում են Աստվածաշնչի դաստիարակչական նշանակությունը` ասելով, թե Սուրբ Գիրքը սպառել է իրեն, թող հորինեն այնպիսի գիրք, այնպիսի պատմություններ, որոնք կբացատրեն բնության երևույթները, կամ էլ` ընդհանուր պատմությունից կամ երևակայությունից ինչ-ինչ բաներ, որոնք կընկալվեն այնպես, ինչպես սուրբգրային պատումները։ Այնժամ մենք կհամաձայնենք, որ Սուրբ Գիրքը սպառել է իրեն։ Ես կրկնում եմ իմ` թերևս անձնական փորձի վրա հիմնված համոզմունքը. առանց Աստվածաշունչ Մատյանի անհնար է երեխայի և մարդու զարգացումը մեր հասարակության մեջ, ինչպես որ այդ անհնար կլիներ հունական հասարակության մեջ առանց Հոմերոսի։ Աստվածաշունչը տարրական և մանկական ընթերցանության միակ գիրքն է։ Սուրբ Գիրքը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ իբրև նմուշ պետք է ծառայի բոլոր մանկական ձեռնարկների և ընթերցանության գրքերի համար։
Լև ՏՈԼՍՏՈՅ
Ռուս գրող

Դիտվել է՝ 6591

Մեկնաբանություններ