«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
01.12.2009 | 00:00

Աթենքում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը, որի շրջանակում հերթական հանդիպումն են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
Անցած տարի Հելսինկիում կայացած նույն հանդիպմանն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություն, որտեղ, ողջունելով Մայնդորֆի հռչակագիրը, ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարները կոչ էին անում շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում ու մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Կոչ էր արվել նաև ձեռնամուխ լինել խաղաղության համաձայնագրի մշակմանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել զինադադարն ամրապնդելու համար:
ԼՂ հակամարտության վերաբերյալ նմանատիպ հայտարարություն ակնկալվում է նաև այս հավաքից. դա, սակայն, ամենևին չի խանգարի Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը շարունակելու հանդես գալ սպառնալիքներով և ռազմատենչ հայտարարություններով:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` նախարարական հանդիպման շրջանակում նախատեսվում է նաև Նալբանդյան-Դավուդօղլու հանդիպում, որի օրակարգում լինելու է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը:
Ի դեպ, այդ հարցը լինելու է նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի` դեկտեմբերի 6-7-ին ԱՄՆ կատարելիք այցի օրակարգում: Դժվար չէ կռահել, որ ամերիկյան կողմը կհորդորի «ողջամիտ ժամկետներում» վավերացնել արձանագրությունները: Թուրքական մամուլի բնորոշմամբ էլ, «Թուրքիան Սպիտակ տանը նկատել կտա, որ քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդրում առաջխաղացում չկա, արձանագրությունների վավերացումը դժվար է լինելու»: Ամերիկյան «հորդորի» կամ ճնշման չափն էլ թերևս կախված կլինի մյուս հարցերում Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնություններից:
Այս կապակցությամբ հատկապես ուշագրավ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ընդամենն օրեր առաջ արած հայտարարությունը. «Թուրքիայի ղեկավարության արած հայտարարությունները, մեզ տված նրանց խոստումները ցույց են տալիս, որ առանց ԼՂ հիմնախնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել»:
Ի հավելումն` Թուրքիայի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Յըլմազն էլ հայտարարել էր, որ հանձնաժողովում հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը կախված է Ադրբեջանից: «Դրանք չեն քննարկվի հանձնաժողովում, եթե Ադրբեջանն ինչ-որ բանից դժգոհ լինի: Եթե Իլհամ Ալիևն ասի, որ գործերը հասել են որոշակի կետի, խնդիրները սկսում են լուծվել և հասունացել է ժամանակը, որ մենք էլ որոշ քայլեր անենք, այդ ժամանակ էլ մենք այդ արձանագրությունները մտցնելու ենք հանձնաժողովի օրակարգ»,- ասել էր թուրք պատգամավորը:
Հայկական կողմն էլ թեև արձանագրություններն ուղարկել է Սահմանադրական դատարան, սակայն դեռ սպասում է:
Առայժմ կարծես սպասողական վիճակ է նաև Թուրքիայում…
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ